Հունվարի 27-ին կկայանա «EU4Digital» ծրագրի «Դեպի նորարարական լուծումներ՝Արևելյան գործընկերությունում ստարտափ էկոհամակարգերի զարգացման համար» խորագրի ներքո անցկացվող առաջին բարձր մակարդակի քաղաքական ֆորումը, որին իրենց մասնակցությունը կբերեն կառավարությունների ներկայացուցիչներ, ստարտափ էկոհամակարգերի առաջատար կազմակերպություններ և նորարարության ոլորտի փորձագետներ: Միջոցառումը կանցկացվի հեռավար կարգով՝ վիրտուալ հանդիպման ձևաչափով։
Այս բարձր մակարդակի քաղաքական ֆորումը նպատակ ունի հարթակ տրամադրել առաջընթացի ու մարտահրավերների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման և տարածաշրջանի զարգացման նորարարական լուծումներ գտնելուն ուղղված ապագա համագործակցության շուրջ քննարկումների համար: Այս տարի ֆորումը կկենտրոնանա Արևելյան գործընկերության երկրներում ստարտափ էկոհամակարգի զարգացմանն աջակցելու ռազմավարությունների և գործիքների ըմբռնման վրա:
Միջոցառման հիմնական լսարանը կլինեն Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչներ (DG NEAR), ազգային կառավարությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, ստարտափ էկոհամակարգի առաջատար կազմակերպություններ և ստարտափների ու ՏՀՏ նորարարությունների ոլորտի այլ ճանաչված փորձագետներ:
Ֆորումը կբացվի Եվրոպական հանձնաժողովի (DG NEAR) ներկայացուցչի ողջույնի խոսքով, որին կհաջորդի Կիևում (Ուկրաինա) գործող EO Business Incubator-ի հիմնադիր և Cornell Tech-ի (ԱՄՆ) Իրավունքի, տեխնոլոգիաների և ձեռներեցության ծրագրի հիմնադիր տնօրեն Չարլզ Քեյ Ուայթհեդի ծրագրային ելույթը: Նա կանդրադառնա տարածաշրջանի ներուժին, միակցման կարևորությանը և կկիսվի ստարտափների ու ՏՀՏ նորարարությունների բնագավառում Արևելյան գործընկերության ձեռքբերումների ոգեշնչող օրինակներով:
Միջոցառումը կկարևորի Արևելյան գործընկերության ստարտափ էկոհամակարգի նորարարական հարթակի պաշտոնական մեկնարկը, որն արդեն այսօր միավորում է 2200+ ստարտափ, 20+ վենչուրային կապիտալիստ և 135+ կորպորացիա։ Հարթակը նախատեսված է մակրոմակարդակային միտումներ ներկայացնելու և տվյալների վրա հիմնված քաղաքականության մշակման համար վստահելի տեղեկատվություն փոխանցելու համար՝ ստարտափ էկոհամակարգի զարգացման նպատակով: Այն մշակվել է Dealroom.co-ի հետ համատեղ՝ հիմնվելով Եվրոպական միության լավագույն փորձի վրա, ինչպիսին EuropeanStartups հարթակն է: Ֆորումի ընթացքում Dealroom-ի էկոհամակարգերի ղեկավար Մաթյո Դեմոլինը կներկայացնի հարթակը և այն օգուտները, որոնք այն կբերի օգտատերերի բազմաթիվ խմբերին ու Արևելյան գործընկերությանը՝ որպես տարածաշրջան:
Ֆորումը կավարտվի «Նորարարական լուծումների կարևորությունը ստարտափ էկոհամակարգերի զարգացման համար» թեմայով պանելային քննարկմամբ։ ԱլԳ երկրների կառավարությունների բարձրաստիճան ներկայացուցիչներն ու փորձագետները կծավալեն ռազմավարական քննարկում այն մասին, թե ինչպես ազգային և միջազգային մակարդակներում առկա լուծումներն ու նախաձեռնությունները կարող են օգնել արագացնել ստարտափ էկոհամակարգի զարգացումը և որոնք են ապագա հեռանկարները:
Պանելային քննարկմանը կմասնակցեն հետևյալ հարգարժան բանախոսները.
- Դավիթ Սահակյան, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ.
- Անդրեյ Կուշկա, Մոլդովայի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության Տեղեկատվական հասարակության և թվային տնտեսության տնօրինության ղեկավար.
- Ալեքսանդր Բորնյակով, Ուկրաինայի թվային փոխակերպման փոխնախարար և «Diia» նախագծի ղեկավար.
- Աննա Պոբոլ, «EU4Digital» ծրագրի ՏՀՏ նորարարությունների թիմի ղեկավար.
- Խեսուս Լոսանո, ՏՀՏ-ի և ստարտափ էկոհամակարգերի հարցերով «EU4Digital» ծրագրի ավագ փորձագետ:
Հարցուպատասխանի ընթացքում մասնակիցները կունենան ազգային ներկայացուցիչներին և այլ էկոհամակարգային դերակատարներին հարցեր տալու, ինչպես նաև իրենց կարիքներն արտահայտելու ու իրենց գաղափարներով կիսվելու հնարավորություն:
Ակնկալվում է, որ այս առաջին բարձր մակարդակի միջոցառումը ամուր հիմք կստեղծի այն ամենամյա ֆորում դարձնելու համար՝ կենտրոնանալով նորարարությունների և ստարտափների հետ կապված տարբեր թեմաների վրա:
Ֆորումի մանրամասն օրակարգին կարող եք ծանոթանալ այստեղ: