EU4Digital-ի ՏՀՏ նորարարությունների ֆորում – 2023-ի շրջանակում բարձրացվել են կրթության ապագայի վերաբերյալ կարեւոր հարցեր՝ ձեռնարկություններին մեր հետինդուստրիալ, թվային հասարակությանն ավելի լավ նախապատրաստելու համար: Մարտի 9-ին անցկացված եւ Արեւելյան գործընկերության (ԱլԳ) տարածաշրջանում գործող ստարտափների ու փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) աշխատակիցների թվային հմտությունների բարձրացման կարեւորությունն ընդգծած առցանց միջոցառումը երկրորդն էր ամենամյա նորարարական ֆորումների շարքում եւ ներգրավել էր ավելի քան 100 մասնակիցների: Վերջիններս տեղեկացան Եվրամիության եւ Արեւելյան գործընկերության ռազմավարական աջակցության տարբեր նախաձեռնությունների մասին, այդ թվում՝ EU4Digital-ի կրթական տեխնոլոգիաների պլատֆորմի գործունեությունը, որը մասին հայտարարվեց միջոցառման ընթացքում:
Միջոցառումը բացեց Եվրոպական հանձնաժողովի DG NEAR C1 բաժնի ղեկավարի տեղակալ Նիկոլաս Ցենդրովիչը՝ ընդգծելով, որ 2023 թվականը հայտարարվել է Հմտությունների եվրոպական տարի: Նա շեշտեց, թե որքան կարեւոր է ՓՄՁ-ների աշխատակիցների համար ունենալ բարձրորակ թվային հմտություններ, քանի որ դրանք ապահովում են տնտեսության ավելացված արժեքի մինչեւ 47%-ը: «Մենք պետք է ՓՄՁ-ներին զինենք համապատասխան գործիքակազմով՝ նրանց արտադրողականությունը բարձրացնելու համար», – ասաց նա՝ նշելով, որ անհրաժեշտ է վերացնել թվային հմտությունների ոլորտում ներդրումային բացերը, մոբիլիզացնել 1,5 միլիարդ եվրո պետական եւ մասնավոր հատվածներից եւ թվային փոխակերպման զանգվածայնացման գործում ներգրավել միջազգային դոնոր կառույցներին։ Նա մասնակիցներին հիշեցրեց ԱլԳ ստարտափ էկոհամակարգի պլատֆորմի մասին, որը գործարկվել է 2022 թվականի հունվարին կայացած առաջին նորարարական ֆորումի ժամանակ:
Եվրոպական հանձնաժողովի DG CNECT G2-ի բաժնի ղեկավարի տեղակալ Անն Բաժարը ներկայացրեց Եվրամիության՝ ՓՄՁ-ներում թվային հմտությունների զարգացմանն աջակցելու օրակարգ ունեցող մի քանի ռազմավարություններ եւ քաղաքական նախաձեռնություններ։ «Թվային կողմնացույց 2030»-ը բնակչության եւ ՓՄՁ-ների շրջանում թվային հմտությունների մակարդակի առնչությամբ հավակնոտ նպատակներ է հետապնդում եւ ներառում է գործողությունների երկու բլոկեր. աջակցություն ՓՄՁ-ների աշխատակիցների հմտությունների բարձրացման կարճաժամկետ դասընթացներին եւ աջակցություն ստարտափներին ու ՓՄՁ-ներին, որոնք զբաղվում են կրթության ոլորտում նորարարական տեխնոլոգիական լուծումներով: Եվրամիությունում թվային հմտությունների մատչելիությունն ավելի է հեշտանում տարբեր միջազգային եւ միջոլորտային համայնքների ու գործընկերությունների ստեղծման շնորհիվ, ինչպիսիք են՝ Թվային հմտությունների եւ աշխատատեղերի հարթակն ու դրա հետ սերտորեն կապված Թվային հմտությունների եւ աշխատատեղերի կոալիցիան, «ԵՄ կոդավորման շաբաթ» խիստ հաջողված նախաձեռնությունը, պետական եւ մասնավոր կազմակերպություններին միավորող «Հմտությունների պակտը», «Տաղանդների համագործակցությունը», «Digital SkillUp»-ը եւ նորարարական համագործակցության համար Թվային կրթության եվրոպական կենտրոնը: Քաղաքական գործիքներից է ԵՄ անդամ երկրների հետ թվային կրթության եւ հմտությունների վերաբերյալ կառուցվածքային երկխոսությունը, որը շուտով կհրապարակի երկու կարեւոր առաջարկություն: Վերջում նա խոսեց Թվային հմտությունների եվրոպական վկայականի, ինչպես նաեւ DigComp 2.2-ի՝ քաղաքացիների համար թվային կոմպետենցիաների շրջանակի ստեղծման ուղղությամբ ընթացիկ աշխատանքի մասին, որը դյուրացնում է թվային հմտությունների գնահատման եւ ուսումնական նյութերի մշակման գործընթացները։
Կրթական տեխնոլոգիաները եւ նորաստեղծ EdTech Hub-ը
«Տեխնոլոգիաների ներդրումն, անշուշտ, կփոխի աշխատանքի նկատմամբ մոտեցումը», – նշեց հիմնական զեկուցող EY-ի գործընկեր եւ գլոբալ ուսուցման թիմի ղեկավար Ռիազ Շահը։ Հետադարձ հայացք գցելով եւ ավելի լայն համատեքստը տեսնելով՝ կարելի է ավելի լավ հասկանալ թվային տեխնոլոգիաների ոլորտում հմտություններ ձեռք բերելու կարեւորությունը: Ավտոմատացված պահեստների, առանց գանձապահի խանութների, ինքնավար մեքենաների եւ եռաչափ տպագրության օրինակներով նա ցույց տվեց, թե ինչպես են տեխնոլոգիաները փոխակերպում աշխատանքի բնույթը: «Անձնակազմի վերապատրաստումը բացարձակ կարեւոր է», – ասաց նա: «Մեր դպրոցներից շատերը երեխաներին պատրաստում են արդյունաբերական դարաշրջանին. մենք պետք է վերանայենք երեխաների կրթությունը»՝ նրանց մեր թվային դարաշրջանին պատրաստելու համար: Սա վերաբերում է նաեւ բիզնես կազմակերպությունների ղեկավարների կրթությանը։ Նա բացատրեց, որ EY-ը նպատակ ունի վերապատրաստել իր 400,000 աշխատակիցներին EY ժետոնների սխեմայի միջոցով՝ գլոբալ, դինամիկ ուսուցման եւ փորձառության ծրագիր, որն ուշադրություն է դարձնում ոչ միայն տեխնոլոգիաների եւ բիզնեսի ոլորտներում հմտությունների ամբողջությանը, այլեւ առաջնորդական մտածելակերպին՝ առաջարկելով 5 մակարդակներից բաղկացած եւ 235 տարբեր վիրտուալ ժետոններ ստանալու հնարավորությամբ խաղային ուսուցում: Դրա մասնակիցներն արդեն իսկ վաստակել են ավելի քան 350,000 ժետոններ, եւս 300,000-ի վաստակումն ընթացքի մեջ է, ինչն անձնակազմին թույլ կտա տեխնոլոգիաների ոլորտում EY-ի MBA ծրագիրն անցնել անվճար։
EY-ի ժետոնային համակարգը կկիրառվի Արեւելյան գործընկերության ՓՄՁ-ների եւ ստարտափների համար նախատեսված EU4Digital-ի կրթական տեխնոլոգիաների նորարարական պլատֆորմում (EU4Digital EdTech Hub): «EU4Digital» ծրագրային թիմի ղեկավար Արտուրաս Պիլիպոնիսը, որը ներկայացնում է EY-ը, հայտարարեց տվյալ հարթակի մշակման գործունեության մեկնարկի մասին, որը կհեշտացնի թվային տեխնոլոգիաների եւ նորարարության հետ կապված բարձրորակ ուսումնական բովանդակության հասանելիությունը ինչպես տեխնոլոգիական, այնպես էլ ոչ ՏՏ ոլորտի ՓՄՁ-ների համար։ Նա ԱլԳ շահագրգիռ կողմերին հրավիրեց միանալ հարթակի գործառնական ռեժիմի, կառավարման եւ սեփականության մոդելի ու գիտելիքների առաջնահերթ ոլորտների ընտրության վերաբերյալ քննարկումներին: Նա մասնակիցներին հիշեցրեց, որ այս կրթական լուծումը մշակվում է Արեւելյան գործընկերության երկրների 1 միլիոն քաղաքացու թվային հմտությունների զարգացմանն ուղղված ԵՄ-ԱլԳ քաղաքական օրակարգի համատեքստում։ «Մենք փնտրում ենք տնտեսապես ձեռնտու լուծումներ, որոնք մենք կկարողանանք կապել գործող նախաձեռնությունների հետ։ Այս գործունեության կայունությունը մեր հիմնական նպատակներից մեկն է», – ասաց նա։
Հայացք ԱլԳ երկրներից
Թեեւ նախորդ խոսնակների կողմից ներկայացված ԵՄ բազմաթիվ նախաձեռնություններ եւ հարթակներ հասանելի են ԱլԳ երկրների ՓՄՁ-ների համար, պանելային քննարկումը վեր հանեց մի քանի ընդհանուր մարտահրավերներ, իմա՝ առկա տեխնոլոգիաների կամ դրանց առավելությունների մասին անբավարար տեղեկացվածություն, վերապատրաստման կամ խորհրդատվական աջակցության բացակայություն եւ անբավարար թվային կամ բիզնես գրագիտություն։ Բացի այդ, դեռեւս կա յուրաքանչյուր երկրին հատուկ լուծումների կարիք՝ բարելավելու որակավորման բարձրացման ծրագրերի ընդգրկումն ու հասանելիությունը:
- ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից Հայկուհի Գեւորգյանը նշեց, որ ՓՄՁ-ները կազմում են Հայաստանում գործող բիզնեսների ընդհանուր թվաքանակի 98%-ը։ ՀՀ կառավարությունը մի քանի համատեղ նախաձեռնություններ է սկսել եւ համագործակցում է մասնավոր հատվածի ու հասարակական կազմակերպությունների հետ՝ թվային ոլորտում ՓՄՁ-ների հմտությունների զարգացմանն աջակցելու համար, ինչպես օրինակ՝ թվային փոխակերպման խթանմանն ուղղված «ԴիջիԹեք» համաժողովը։ Հաջողված է կանանց շրջանում թվային մարքեթինգի հմտությունների բարելավմանն ուղղված «Պլատֆորմ #5 | Վերակրթում» ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի հետ համատեղ։ Մասնավոր հատվածը եւ ոչ կառավարական նախաձեռնությունները նույնպես արձագանքում են թվային հմտությունների աճող պահանջարկին, ինչպես օրինակ՝ ստարտափների ու ՓՄՁ-ների համար նախատեսված «Իմփակտ Հաբ Երեւան» համատեղ աշխատանքային տարածք – ինկուբատորը եւ «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը», որը տրամադրում է ուսուցում եւ աջակցություն այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են ամպային հաշվարկները, մեծ տվյալները եւ արհեստական բանականությունը: Համաշխարհային բանկի աջակցությամբ Հայաստանում ստեղծված Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը տեխնիկական աջակցություն է ցուցաբերում ՓՄՁ-ներին: Բացի այդ, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշակել է գործողությունների ծրագիր, որը սահմանում է արտադրության եւ սպասարկման ոլորտի թվայնացման առաջնահերթությունները եւ ներառում է 24 ծրագիր։ Այդ ծրագրերի թիրախային ուղղություններն են էկոհամակարգերի կայացումը, կրթությունը եւ հմտությունների բարելավումը, շահառուների հզորացումը եւ թվային գործիքների ներդրումը, որոնք պետք է իրականացվեն մինչեւ 2026 թվականը:
- Ադրբեջանի նորարարությունների եւ թվային զարգացման գործակալությունից Շահին Ալիեւնընդգծեց, որ թվային հմտությունները հատկապես կարեւոր են մանրածախ առեւտրի եւ գյուղատնտեսության համար։ Ուսուցումը կարեւոր տեղ է գրավում, սակայն անհրաժեշտ է հստակեցնել օգտագործման սցենարները եւ օգնել ՓՄՁ-ներին գտնել ճիշտ գործիքներ, որոնք անհրաժեշտ են իրենց բիզնեսը զարգացնելու համար: Առաջնահերթ կարեւոր ուղղություններից են CRM-ը (հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման համակարգեր) եւ համապատասխան գործիքների թվային գրադարանը: Գործակալությունը նաեւ աջակցում է ՏՀՏ ոլորտում գործող ՓՄՁ-ներին, որոնք տեխնիկական ծառայություններ եւ տեխնոլոգիական տնօրենի ծառայություններ են մատուցում այլ ոլորտներում գործող եւ ՏՀՏ ոլորտի հետ կապված գործունեության ընթացքում խնդիրների առերեսվող ՓՄՁ-ների համար։ Թվայնացման հետ կապված ռիսկերը նվազեցնելու նպատակով Իսրայելի տեխնոլոգիական ինստիտուտի՝ Technion-ի հետ իրականացվող ծրագրի շրջանակում երեք տարվա ընթացքում կպատրաստվի կիբերանվտանգության շուրջ 1,000 մասնագետ:
- «Enterprise Georgia»-ի փոխտնօրեն Իրակլի Գաբրիաձեն հայտարարեց ՓՄՁ-ների թվայնացմանն աջակցելու նպատակով 2023 թվականի երկրորդ կեսից մեկնարկող նոր միջոցառումների մասին: Նշված միջոցառումների շրջանակում կիրականացվեն թվայնացման առավելությունների վերաբերյալ իրազեկում, ինչպես նաեւ թվային հմտությունների բարելավմանն ու թվայնացման լուծումների ներդրմանն ուղղված ջանքերի համաֆինանսավորում: Այս աջակցությունն իրականացնելու համար նախատեսվում է նպատակայնորեն վարձել թվային փոխակերպման մասնագետների՝ տեխնոլոգիահեն ծրագրեր իրականացնելու եւ ՓՄՁ-ների համար թվային հմտությունների բաղադրիչ ներառող թվայնացման պլաններ մշակելու նպատակով։ Թվային լուծումների ներդրման եւ վերապատրաստումների իրականացման համաֆինանսավորումը մեկ ընկերության համար կարող է արժենալ մինչեւ 10,000 եվրո կամ ծախսերի 90%-ը:
- Մոլդովայի Ձեռնարկատիրության զարգացման կազմակերպությունից (ՁԶԿ) Ռոդիկա Կրուդուն տեղեկացրեց, որ ՓՄՁ-ները ներկայացնում են Մոլդովայի տնտեսության մինչեւ 99%-ը, եւ կառավարությունը շատ ուշադիր է նրանց մրցունակությանն աջակցելու հարցում: Ընդունվել են մի շարք օրենքներ եւ ռազմավարություններ, իսկ իրավակարգավորող դաշտի պարզեցումը առաջնահերթություն է: ՁԶԿ-ն ունի երեք ծրագիր, որոնք ներառում են ՓՄՁ-ների աշխատակիցների հմտությունների զարգացման բաղադրիչ, որպեսզի դրանք կարողանան բավարարել իրենց շուկայի կարիքները: Վերջերս մշակվել են էլեկտրոնային կոմերցիայի, թվային մարքեթինգի եւ վաճառքի դասընթացներ ներառող նոր ուսումնական ծրագրեր, ինչպես նաեւ թվային լուծումներ՝ բարելավելու այնպիսի գործընթացները, ինչպիսիք են ներմուծումն ու արտահանումը: Մինչեւ այս ամսվա վերջ տեղի կունենա դասընթացներ անցկացնող կազմակերպությունների ընտրությունը, իսկ ֆինանսավորումն իրենց վրա կվերցնեն դոնոր կազմակերպությունները, քանի որ փորձի պակասը այս շուկան դարձնում է մրցունակ: Կազմակերպությունը նաեւ ուղիներ է ուսումնասիրում այլ գործընկերությունների միջոցով իր ծրագրերի եւ նախագծերի կայունությունը բարձրացնելու համար:
- Ուկրաինայի ձեռներեցության եւ արտահանման խթանման գրասենյակից Դենիս Բլինդաններկայացրեց ձեռներեցության եւ արտահանման խթանման լայնածավալ ազգային ծրագիրը՝ «Diia Business»-ը: «Diia» պաշտոնական պետական ապրանքանիշի եւ էկոհամակարգի շրջանակում 2021 թվականին գործարկված պորտալը որպես «մեկ պատուհան» է ծառայում բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են հիմնել իրենց սեփական բիզնեսը: Պորտալին լրացնում է աջակցության կենտրոնների օֆլայն ցանցը: Այստեղ ներկայացված են տարբեր ձեւաթղթեր, բիզնես գաղափարներ, իրավական փաստաթղթեր եւ օրինակներ՝ ծառայությունների եւ խորհրդատվության, առեւտրային հարթակների եւ կրթական ծրագրերի հետ մեկտեղ: Բիզնեսի աքսելերացիոն ծրագրերը մեկնարկել են 2023 թվականին, իսկ այլ նախաձեռնություններ թվում են կին ձեռներեցների համար նախատեսված «Տեսլական ունեցող կանանց աքսելերատորը» եւ «Խիզախ կին» ծրագիրը: Պլատֆորմից եւ ծառայություններից օգտվող կանանց թիվը գնալով ավելանում է եւ արդեն կազմում է օգտատերերի 50%-ը։
- Ուկրաինայի ստարտափ հիմնադրամից (ՈՒՍՀ) Իգոր Մարկեւիչը, ով նաեւ Ուկրաինայի գիտության եւ կրթության նախարարի խորհրդականն է, ասաց, որ երկրի ՏՏ ոլորտը անցյալ տարվա ընթացքում աճ գրանցած միակ ոլորտն է, եւ որ ուկրաինացի տեխնոլոգիական ձեռնարկատերերի 70%-ը մնացել են երկրում: ՀԿ-ների եւ կառավարության համագործակցության վրա հիմնված «ՏՏ բանակը» կենտրոնանում է կիբերանվտանգության եւ կիբերտեխնոլոգիական նախագծերի վրա: Անհրաժեշտ է նաեւ համագործակցություն մենթորների, քոուչների, կորպորացիաների եւ այլոց հետ, որպեսզի թվային հմտությունների զարգացումն օգնի արդյունաբերությանն աջակցմանը եւ Ուկրաինայի տնտեսության վերականգնմանը։
Միջազգային կազմակերպությունների նախաձեռնություններ
Եզրափակիչ նիստ – քննարկումը նվիրված էր ԱլԳ տարածաշրջանում գործող տարբեր նախաձեռնություններին, որոնք զբաղվում են թվային հմտությունների ոլորտում բացերի վերացմամբ, եւ որոնք տարածաշրջանային եւ ազգային մակարդակներում աջակցություն են ստանում միջազգային դոնորների կողմից։
- Եվրոպական կրթական հիմնադրամից (ԵԿՀ) Քրիստիեն Վան դեն Էյնդեն ուշադրություն հրավիրեց Հայաստանում եւ Ուկրաինայում ԵԿՀ-ի կողմից իրականացվող ծրագրերի վրա, որոնք բացահայտեցին թվային հմտությունների հատուկ կարիքները շինարարության, փայտամշակման եւ կահույքի արտադրության նման ոլորտներում, ինչպես նաեւ նպաստեցին տարածաշրջանային ռազմավարությունների մշակմանը: ԱլԳ տարածաշրջանի համար մեկ այլ վերաբերելի օրինակ է Արեւմտյան Բալկաններում ագրոպարենային ոլորտում ԵԿՀ իրականացրած նախագիծը, որը միավորել էր ոլորտային ընկերություններին, ուսումնական հաստատություններին եւ միջնորդներին՝ թվային հմտությունների բացերը շտկելու համար: Նա ընդգծեց առանցքային դերը, որը առեւտրի պալատների, տարածաշրջանային զարգացման գործակալությունների եւ նորարարական հանգույցների նման միջնորդ կառույցները կարող են խաղալ հմտությունների զարգացման գործում, ինչպես նաեւ ուսումնական ռեսուրսների հասանելիության կարեւորությունը, ինչպիսին մոտ ապագայում գործարկվելիք EU4Digital-ի կրթական տեխնոլոգիաների պլատֆորմն է:
- Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունից (GIZ) Նիկլաս Ռյուֆերըպատմեց Գերմանիայի կողմից ֆինանսավորվող «ՓՄՁ-ների թվային փոխակերպումը Արեւելյան գործընկերության երկրներում» ծրագրի մասին, որը կիրականացվի 2023 թվականի մարտից: Ծրագիրը կաշխատի թվայնացման ազգային ռազմավարությունների ուղղությամբ, ՓՄՁ-ներին կաջակցի ավելի որակյալ վիճակագրական տվյալներով եւ լուծումներով, ինչպես նաեւ կաշխատի կլաստերների, ասոցիացիաների եւ այլ միջնորդների հետ՝ գիտելիքի ցանցեր ստեղծելու նպատակով: Ծրագիրը կաջակցի նաեւ գործող եւ նորաստեղծ թվային նորարարությունների կենտրոններին՝ վերջիններիս տրամադրելով ուղղակի դրամաշնորհներ, ուսումնական շրջագայություններ եւ խորհրդատվություն:
- ՏՀԶԿ-ի (Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպություն) քաղաքականության վերլուծաբան Սալոմե Վիլը նկատեց, որ վերջին տարիներին ՓՄՁ-ների թվայնացումն ու հմտություններն ավելի մեծ ուշադրության են արժանանում: ՏՀԶԿ-ն տարբեր երկրների առաջարկում է վերլուծության, մոնիտորինգի ու համադրման վրա հիմնված քաղաքականության հարցերով խորհրդատվություն եւ, օգտագործելով սեփական առաջավոր փորձը, նրանց տրամադրում է տարածաշրջանային երկխոսության հարթակ եւ օգնում կարողությունների զարգացման հարցում՝ աշխատելով նախարարությունների, մասնավոր հատվածի եւ ակադեմիական ու միջազգային կազմակերպությունների հետ: Այս համակարգի շրջանակում եւ՛ տեխնոլոգիաների ներդրումը, եւ՛ թվային մշակույթը դիտարկվում են որպես թվային փոխակերպման անհրաժեշտ բաղադրիչներ, իսկ հմտությունները՝ որպես միջանցիկ տարր: 2021 թվականի տարածաշրջանային զեկույցը ցույց տվեց, որ Արեւելյան գործընկերության երկրներում թվային սարքերի օգտագործումը ցածր է ՏՀԶԿ-ի մակարդակից, որ անհրաժեշտ է պետական-մասնավոր համագործակցություն, եւ որ տեղական էկոհամակարգերն ու համայնքներն ունեն անելիք ՓՄՁ-ների համար թվային հմտությունների հասանելիության դյուրացման գործում։ Ընթացիկ ծրագրերը «ՓՄՁ քաղաքականության համաթիվ 2024»-ի շրջանակներում իրականացնում են ԱլԳ տարածաշրջանում թվային հմտությունների քաղաքականության համեմատական գնահատում, ինչպես նաեւ անհատական աջակցություն են ցուցաբերում Հայաստանին եւ Ուկրաինային։
- Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Ֆրանսիսկո Մորաես Լեյտաո Կամպոսնանդրադարձավ ախտորոշման կարեւորությունը՝ յուրաքանչյուր ոլորտի՝ ՓՄՁ-ների թվայնացման հետ կապված իրական խնդիրները հասկանալու համար: Ընկերությունների մակարդակով աշխարհում տեխնոլոգիաների ներդրման վերաբերյալ Համաշխարհային բանկի դիտարկումները թույլ են տալիս պատկերացում կազմել ԱլԳ տարածաշրջանի մասին եւ հասկանալ, թե ինչպես կարող են երկրները առաջադիմել։ Օրինակ, Վրաստանի հյուրանոցային հատվածում CRM համակարգեր օգտագործող ընկերություններն ավելի շատ են, մինչդեռ մեծածախ եւ մանրածախ առեւտրով զբաղվող ՓՄՁ-ները դրանցից սովորաբար չեն օգտվում: Նորամուծությունների փորձարկումը եւ հղացքների ստուգումը կարեւոր է՝ առավել ճիշտ եւ արդյունավետ լուծումներն առաջ մղելու տեսանկյունից։ Նա որպես դրական օրինակներ հիշատակեց Վրաստանի ազգային ինովացիոն էկոհամակարգի (GeNIE) ուսումնական ծրագիրը եւ թվայնացմանն աջակցող քաղաքականություններ մշակելու եւ փորձարկելու համար նախատեսված «Digi Trans» նախագիծը։
- Մոլդովական «Ապագայի տեխնոլոգիաներ» նախագծից Լիվիա Ցուրկանուն կիսվեց տարբեր ոլորտներում մոլդովական ընկերությունների մրցունակության բարձրացման իր փորձով: ՓՄՁ-ների եւ ստարտափների թվայնացումն առաջ մղելու համար պետք է հաշվի առնել ոչ միայն տեխնոլոգիաները, այլ նաեւ էկոհամակարգի այլ ասպեկտներ, ներառյալ ձեռնարկատերերի թվային հմտությունների բարելավումը, ֆինանսների եւ ներդրումների հասանելիությունը, ինչպես նաեւ էլեկտրոնային կոմերցիայի ոլորտում վճարումների եւ էլեկտրոնային ծառայությունների համար բարենպաստ իրավակարգավորող դաշտը։ Նա կարեւորեց թվային հմտությունների ձեռքբերման համար կրթության անհրաժեշտությունը եւ հայտարարեց. «Մենք իրապես հպարտանում ենք, որ մեզ հաջողվել է բուհերում ներդնել նորագույն տեխնոլոգիաների շեշտադրմամբ ուսումնական պլաններով նոր մագիստրոսական ծրագրեր, որպեսզի ուսանողները ստանան արդիական հմտություններ, որոնք իրենց հետագայում պետք կգան»:
Տեսնել միջոցառման ամբողջական օրակարգը։
Տեսնել բանախոսների ներկայացում – շնորհանդեսները։
- Իրակլի Գաբրիաձե, «Enterprise Georgia»
- Իգոր Մարկեւիչ, Ուկրաինայի ստարտափ հիմնադրամ
- Արտուրաս Պիլիպոնիս, EU4Digital-ի ծրագրային թիմի ղեկավար, EY
- Սալոմե Վիլ, ՏՀԶԿ միջազգային հարաբերությունների եւ համագործակցության հարցերով տնօրինություն
- Ֆրանսիսկո Մորաես Լեյտաո Կամպոս, Համաշխարհային բանկ
Լրացուցիչ տեղեկատվություն
EU4Digital-ի հետ վերջինիս կրթական տեխնոլոգիաների պլատֆորմի (EdTech Hub) ստեղծման ընթացքում համագործակցել ցանկացող կազմակերպությունները կարող են կապ հաստատել ՏՀՏ նորարարությունների թիմի հետ՝ EU4Digital@lt.ey.com էլեկտրոնային հասցեով:
Առաջին ինովացիոն ֆորումը, որն անցկացվել է «Արեւելյան գործընկերությունում ստարտափ էկոհամակարգերի զարգացման նորարարական լուծումներ» խորագրի ներքո, կայացել է 2022 թվականի հունվարի 27-ին։
Ինովացիոն ֆորումն ամենամյա հիմունքներով նորարարությունների եւ ստարտափների հետ կապված թեմաների վրա կենտրոնանալու մի շարք հնարավորություններ է ընձեռում՝ Արեւելյան գործընկերության եւ ԵՄ երկրների թվային շուկաները ներդաշնակեցնելու նախաձեռնությամբ: