EU4Digital-ի էլեկտրոնային առևտրի ցանցի 10-րդ աշխատաժողովը հունիսի 8-9-ին կրկին հավաքել էր էլեկտրոնային առևտրի ոլորտում ներգրավված մասնակիցների արևելյան գործընկեր վեց երկրներից և ԵՄ առաջատար հաստատություններից:
Մասնակիցները քննարկումներ ունեցան հետևյալ թեմաների վերաբերյալ.
- Էլեկտրոնային առևտրի ցանցի 2021-2025 թթ. գործողությունների ծրագրի վերջին թարմացումները.
- Արևելյան գործընկերության դիմակայուն թվային փոխակերպման ծրագրում ներառման ենթակա հիմնական նպատակներն ու թիրախային արդյունքները.
- EU4Digital-ի շրջանակներում էլեկտրոնային առևտրի ոլորտում իրականացվող գործողությունների, իմա՝ էլեկտրոնային առաքման (eDelivery), էլեկտրոնային կոմերցիայի (eCommerce), էլեկտրոնային մաքսային ծառայությունների (eCustoms) և թվային տրանսպորտային միջանցքի (DTC) ընթացիկ կարգավիճակը, ձեռք բերված արդյունքները և առաջիկա անելիքները:
Բացի այդ, միջոցառումը հյուրընկալել էր ԵՄ առանցքային կազմակերպությունների ներկայացուցիչների, ովքեր ներկայացրին ինչպես կարգավորման, այնպես էլ նորարարական տեսանկյունից վերջին նորությունները: Ներկայացվեցին զեկույցներ հետևյալի վերաբերյալ.
- «Միացնելով Եվրոպան» ծրագրի (CEF) կառուցվածքային բաղադրիչի՝ մեծ տվյալների թեստավորման ենթակառուցվածքի (Big Data Test Infrastructure-ի) ներածություն՝ Եվրոպական հանձնաժողովի Ինֆորմատիկայի հարցերով գլխավոր տնօրինության (DG DIGIT) ծրագրերի իրականացման թիմի ներկայացմամբ.
- Բեռնափոխադրումների էլեկտրոնային կարգավորման և ԵՄ հետագա գործողությունների վերաբերյալ թարմացումների ներկայացում՝ Եվրոպական հանձնաժողովի Շարժունակության և տրանսպորտի հարցերով գլխավոր տնօինության (DG MOVE) ներկայացուցիչների կողմից.
- Էլեկտրոնային կոմերցիայի համար 2021 թվականից ԵՄ-ում ուժի մեջ մտնող ԱԱՀ փաթեթին նախապատրաստվելու ուղղությամբ Միությունում արձանագրված առաջընթացի վերաբերյալ թարմ տեղեկատվության ներկայացում՝ Էլեկտրոնային կոմերցիայի գերմանական ասոցիացիայի կողմից:
Միջոցառումը համատեղ բացեցին EU4Digital-ի էլեկտրոնային առևտրի ցանցի համակարգող Իգոր Միխայլովսկին և «EU4Digital» ծրագրային թիմի ղեկավար Արտուրաս Պիլիպոնիսը, ովքեր ներկայացրին ցանցի երկօրյա միջոցառման
նպատակները: Դրան հաջորդեց էլեկտրոնային առևտրի ցանցի գործողությունների ծրագրի կարգավիճակին, ինչպես նաև նախասահմանված նպատակներին և թիրախային արդյունքներին նվիրված անդրադարձը: Վերջիններս ներառում են անդրսահմանային փոխգործելիության հետագա խթանումը, թվային տրանսպորտային միջանցքների ստեղծումը, սահմանային կառավարման և համակարգման ամրապնդումը, էլեկտրոնային կոմերցիայի կարգավորումների և տեխնիկական պայմանների բարելավումը:
Աշխատաժողովը շարունակվեց անդրսահմանային էլեկտրոնային առևտրի (էլեկտրոնային առաքում) թեմայի վերաբերյալ ակնարկով: Նախ, անդրսահմանային էլեկտրոնային առևտրի աշխատանքային խմբի նախագահ Կարեն Մարտիրոսյանը ներկայացրեց 2021-2025 թվականների համար նախատեսված հիմնական գործողությունները, որոնց թվում՝ արևելյան գործընկեր երկրների էլեկտրոնային առևտրի համակարգերի համար միասնական պատուհանի մոդելի ստեղծման և ծագման սերտիֆիկատի փոխադարձ ճանաչման ու փոխանակման ապահովման անհրաժեշտությունը: Զեկույցից հետո EU4Digital-ի էլեկտրոնային առևտրի ուղղության ղեկավար Ռուտա Սալվիտե-Տամոսյունիենեն ներկայացրեց էլեկտրոնային առաքման պիլոտային գործողության ամփոփումը և առաջադրված խնդիրները: Նա ընդգծեց, որ պիլոտային գործողության հիմնական արդյունքն էլեկտրոնային առաքման Peppol համաշխարհային ցանցին պիլոտային երկրների տեխնիկական և կազմակերպական միացումն է: Ցանցը գնումների տվյալների անվտանգ և հուսալի փոխանակում է ապահովում դրան անդամակցող աշխարհի ավելի քան 30 երկրների միջև: Ի լրումն, EU4Digital-ի ավագ փորձագետներ Յոնաս Զալինկևիչուսը և Ռիսարդաս Բեդուլսկիսը կիսվեցին պիլոտային գործողության ընթացքում արևելյան գործընկեր երկրների հետ համագործակցության փորձով և առաջարկեցին ուսումնասիրել CEF-ի այլ կառուցվածքային բաղադրիչներին դիմելու հնարավորությունները:
Հաջորդիվ, DG DIGIT-ի ներկայացուցիչները ներկայացրին CEF-ի մյուս կառուցվածքային բաղադրիչը՝ մեծ տվյալների թեստավորման ենթակառուցվածքը (BDTI), որը տրամադրում է տվյալներ և վերլուծական ծառայություններ, իսկ հանրային հաստատություններին հնարավորություն է տալիս փորձարարություններ անել մեծ տվյալների տեխնոլոգիաների հետ ու անցնել տվյալահեն որոշումների կայացման: Ընդգծվեց, որ BDTI-ը կարող է կիրառվել օգտագործման բազմաթիվ դեպքերում, ինչպիսիք են տեքստի վերլուծությունը, սոցիալական ցանցերի վերլուծությունը, հաճախորդների / բնակչության սեգմենտավորումը, վեբ վերլուծությունը և նույնիսկ COVID-19-ի վերաբերյալ տվյալների վերլուծությունը: Ըստ այդմ, ներկայացվեցին համավարակի հետ կապված ընթացիկ պիլոտային գործողությունների մի քանի դեպքերի ուսումնասիրություններ: Խոսքը նախևառաջ գնում է մինչև COVID-19 համավարակը, դրա ընթացքում և դրանից հետո հավաքագրված տվյալների հավաքածուների կանխատեսումային, նկարագրական և ժամանակային վերլուծության միջոցով BDTI-ի օգտագործման մասին՝ Ֆլորենցիա քաղաքին աջակցելու համար: Երկրորդ՝ վերականգնվող պլազմայի՝ որպես COVID-19-ով վարակված հիվանդների բուժամիջոցի ուսումնասիրության հարցում Արյան եվրոպական դաշինքին ու Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնին աջակցելու մասին:
Միջոցառումը շարունակվեց առաջիկա չորս տարիներին էլեկտրոնային մաքսային ծառայությունների (eCustoms) բաղադրիչի համար նախատեսված գործողությունների վերաբերյալ ակնարկով, որը ներկայացրեց էլեկտրոնային մաքսային ծառայությունների հարցերով աշխատանքային խմբի նախագահ Ավթանդիլ Չելիձեն: Նա կարևորեց մաքսային տեղեկատվության փոխանակման մեխանիզմների հետագա պիլոտավորման անհրաժեշտությունը՝ լիազորված օպերատորի ծրագրերի և այլնի փոխադարձ ճանաչման գործողությունները հնարավոր դարձնելու համար: EU4Digital-ի փորձագետ Գրետա Մատուլայտեն էլ հանդես եկավ «EU4Digital» ծրագրի շրջանակներում էլեկտրոնային մաքսային ծառայությունների ոլորտում ընթացիկ զարգացումների վերաբերյալ զեկույցով: Հայտարարվեց Բելառուսի և Լիտվայի մաքսային մարմինների միջև ԵՄ-ԱլԳ ձևաչափով պիլոտային գործողության հաջող ավարտի մասին: Նշվեց, որ դեռևս օրակարգում է ԱլԳ-ի ներսում պիլոտային երկրների զույգի շուրջ համաձայնություն ձեռք բերելու անհրաժեշտությունը: Ի լրումն, EU4Digital-ի ավագ փորձագետ Վլադիմիր Օբուչինան մանրամասնեց SEED լուծման հիմնական առավելությունները և կարևորեց դրա համատեղելիությունը ինչպես NCTS-ի (Նոր համակարգչային տրանզիտային համակարգ), այնպես էլ TRACES-ի (Առևտրի վերահսկման և փորձաքննության միասնական համակարգ) հետ:
Էլեկտրոնային լոգիստիկայի և թվային տրանսպորտային միջանցքի հարցերով աշխատանքային խմբի նախագահ դոկտոր Վալերի Վիրկովսկին ներկայացրեց ԱլԳ դիմակայուն թվային փոխակերպման ծրագրի նպատակների և թիրախային արդյունքների շուրջ իրենց առաջարկները: Որպես հիմնական նպատակ՝ նա առանձնացրեց արևելյան գործընկեր երկրների և ԵՄ-ի միջև թվային տրանսպորտային միջանցքի ստեղծման անհրաժեշտությունը: Բացի այդ, տիկին Սալվիտե-Տամոսյունիենեն Արտուրաս Պիլիպոնիսի հետ միասին ներկայացրին «EU4Digital» ծրագրի շրջանակներում թվային տրանսպորտային միջանցքի ուղղությամբ ավարտված գործողության վերաբերյալ վերջին թարմացումները: Ներկայումս համաշխարհային կազմակերպությունների և ԵՄ-ում ու արևելյան գործընկեր երկրներում շահառուների հետ ընթանում են Բալթիկ և Սև ծովերը կապող տրանսպորտային միջանցք ստեղծելու հետագա քայլերը համաձայնեցնելու ուղղությամբ քննարկումներ:
Միջոցառման առաջին օրն ավարտվեց էլեկտրոնային բեռնափոխադրումների կարգավորման վերաբերյալ թարմացումների և ԵՄ հետագա գործողությունների մասին զեկույցով, որը ներկայացրեց DG MOVE-ի ներկայացուցիչը: Էլեկտրոնային առևտրի ցանցի աշխատաժողովի երկրորդ օրը նվիրված էր էլեկտրոնային կոմերցիային: Սկզբում էլեկտրոնային կոմերցիայի հարցերով աշխատանքային խմբի նախագահ Թոֆիգ Բաբաևը համառոտ ներկայացրեց ոլորտում նախատեսվող հիմնական գործողությունները, որոնց թվում՝ արևելյան գործընկեր երկրների միջև և ԵՄ-ի հետ համապատասխան օրենսդրության, ստանդարտների, բիզնես գործընթացների և տվյալների ձևաչափերի ներդաշնակեցման անհրաժեշտությունը: «EU4Digital» ծրագրի ավագ փորձագետներ Վալտեր Տրեզեկը և Վլադիմիր Կովալենկոն ներկայացրին էլեկտրոնային կոմերցիայի ոլորտում ավարտված պիլոտային գործողության
վիրտուալ պահեստի գաղափարը և դրա առավելությունները, օրինակ՝ միաժամանակ տարբեր առևտրային հարթակներում ապրանքների ցուցակագրումը, մեկ վայրում ապրանքների տվյալների կառավարումը, վիրտուալ պահեստի միջոցով էլեկտրոնային կոմերցիային առնչվող տվյալների ավտոմատ փոխանակումը, ավելի արագ առաքումը: Ներկայումս EU4Digital-ն ավարտուն տեսքի է բերում առաջարկությունները՝ պիլոտային լուծումը արտադրական ռելսերի վրա դնելու և մասշտաբայնացնելու համար: Լուծման և տեխնիկական փաստաթղթերի հանձնումը շահառուներին տեղի կունենա 2021 թ. հունիսին: Այս պիլոտային գործողությամբ EU4Digital-ն ու պիլոտային երկրները բարձրացրին թվային էլեկտրոնային կոմերցիայի նոր եղանակների մասին իրազեկությունը, որտեղ ՓՄՁ-ների, փոստային ծառայությունների և իշխանության մարմինների միջև էլեկտրոնային կոմերցիայի վերաբերյալ տվյալների էլեկտրոնային փոխանակումն ավտոմատացված է:
Այնուհետև Էլեկտրոնային կոմերցիայի գերմանական ասոցիացիայի ներկայացուցիչը ներկայացրեց ԵՄ-ում էլեկտրոնային կոմերցիայի համար 2021 թ. ԱԱՀ փաթեթին նախապատրաստվելու ուղղությամբ արձանագրված առաջընթացի վերաբերյալ թարմացումները:
Բացի էլեկտրոնային կոմերցիային նվիրված հիմնական հանդիպումից, EU4Digital-ը կազմակերպել էր նաև էլեկտրոնային կոմերցիայի ոլորտում պիլոտային գործողության վիրտուալ ցուցադրություն, որն անցկացվում էր էլեկտրոնային առևտրի ցանցի աշխատաժողովին զուգահեռ միջոցառման ձևաչափով:
Միջոցառման ավարտին Իգոր Միխայլովսկին նշեց, որ արևելյան գործընկեր երկրների ներկայացուցիչների համար կարևոր է համագործակցել միմյանց, ԵՄ-ի և այլ պոտենցիալ դոնորների հետ` ինչպես ազգային, այնպես էլ տարածաշրջանային շահերի արդյունավետ և արգասաբեր իրացումն ապահովելու և միաժամանակ էլեկտրոնային առևտրի ցանցի հավակնություններն իրականություն դարձնելու համար: Ակնկալվում է, որ Արևելյան գործընկերության շրջանակը հետագայում ևս կաջակցի արևելյան գործընկեր երկրների և ԵՄ-ի միջև փոխադարձ առևտրին, կոմերցիային և ստանդարտների ներդաշնակեցմանը:
Միջոցառման ընթացքում ներկայացված զեկույց – շնորհանդեսները հասանելի են այստեղ:
Լրացուցիչ տեղեկատվություն: Միջոցառումը կազմակերպել էր EU4Digital-ի էլեկտրոնային առևտրի ցանցը՝ երկու տարին մեկ անցկացվող հանդիպումների շրջանակներում: Բաժանորդագրվեք լրատուին և մշտապես եղեք տեղեկացված: