EU4Digital-ի էլեկտրոնային առողջապահության թիմը սեպտեմբեր ամսին կկազմակերպի էլեկտրոնային առողջապահության ցանցի առցանց հանդիպում, որը նպատակ ունի համախմբել Ցանցի՝ Արևելյան գործընկերության վեց երկրների անդամներին՝ կիսվելու էլեկտրոնային առողջապահության ուղղությամբ գործունեության հիմնական արդյունքներով:
Միջոցառման առաջին մասում EU4Digital-ի էլեկտրոնային առողջապահության թիմը կկիսվի հիմնական առաջարկություններով, որոնք ներառված են էլեկտրոնային առողջապահության ներդաշնակեցման և փոխգործունակության ընդհանուր ուղեցույցներում և չափորոշիչներում: Նպատակն է առաջարկել գործունակ տարրեր` տարածաշրջանում փոխգործունակ միջսահմանային թվային առողջապահության ենթակառուցվածքներ ստեղծելու համար:
Միջոցառման երկրորդ մասը կանդրադառնա էլեկտրոնային առողջապահության միջսահմանային համագործակցության հարթակին: Հարթակը որպես համագործակցության և տեղեկատվության փոխանակման նոր տարածություն է նախատեսված էլեկտրոնային առողջապահության ցանցի շահագրգիռ կողմերի համար: EU4Digital-ի թիմը հանդիպման ընթացքում ցուցումներ կտա հարթակում բովանդակության փոխանակման վերաբերյալ, իսկ նշանակված ներկայացուցիչներին կտրամադրի այլ համապատասխան տեղեկատվություն:
Միջոցառման երրորդ մասը կանդրադառնա ԵՄ նախագծերին, ծրագրերին և նախաձեռնություններին, մասնավորապես՝ Ակտիվ և առողջ ծերացման եվրոպական նորարարական գործընկերությանն (EIP on AHA) Արևելյան գործընկերության երկրների մասնակցությանը: EU4Digital-ի թիմը կներկայացնի առաջարկություններ և ճանապարհային քարտեզ` «EIP on AHA»-ի նախաձեռնություններին երկրների մասնակցության համար, ինչպես նաև նախորդիվ անցկացված գնահատումների արդյունքները: