Այսօրվանից Հայաստանից և Ուկրաինայից ընտրված ընկերություններն «EU4Digital» ծրագրի կողմից իրականացվող պիլոտային ծրագրի շրջանակներում սկսում են էլեկտրոնային առաքման (eDelivery) խողովակով փոխանակվել ստանդարտացված ապրանքագրերի տվյալներով: Այս պիլոտային ծրագիրը քայլ առաջ է արևելյան գործընկեր երկրների միջև ու ԵՄ-ի հետ միջսահմանային հաշիվ-ապրանքագրերի տվյալների անվտանգ, հուսալի, մատչելի և արդյունավետ փոխանակումն ապահովելու գործում:
Ինչպե՞ս է աշխատելու պիլոտային ծրագիրը
Պիլոտային ծրագրի ընթացքում Հայաստանը և Ուկրաինան ներկայացնող միջսահմանային գործընկերները կանոնավոր կերպով հաշիվ ապրանքագրեր դուրս գրելուն զուգընթաց eDelivery խողովակով կփոխանակեն ստանդարտացված հաշիվ ապրանքագրերի տվյալներով։ Ընդհանուր բիզնես գործընթացների և տեխնիկական ստանդարտների համախումբ ձևավորելու, ինչպես նաև հաշիվ–ապրանքագրերի սահուն փոխանակումն ապահովելու համար կօգտագործվի Peppol eDelivery ցանցը: Այն իր անդամներին թույլ է տալիս էլեկտրոնային տվյալներ փոխանակել ցանցի ցանկացած այլ անդամի հետ: Peppol-ն օգտագործվում է Եվրոպայի 30 երկրներում, ինչպես նաև Ավստրալիայում, Կանադայում, Նոր Զելանդիայում, Սինգապուրում, Հարավային Աֆրիկայում և ԱՄՆ-ում:
Մասնակից ընկերություններ և մուտքային կետի ծառայություն մատուցողներ
Պիլոտային ծրագրին մասնակցելու համար ընտրվել են հետևյալ ընկերությունները․
- Vedi-Alco` Հայաստանում ալկոհոլային խմիչքներ արտադրող առաջատար ընկերություններից մեկը, որն արտահանում է իրականացնում դեպի Եվրոպա, Ռուսաստան, ԱՄՆ և շատ այլ երկրներ, այդ թվում` Ուկրաինա․
- Alkoline՝ արագ զարգացող ընկերություն, որը բնական ալկոհոլային խմիչքների հինգ առաջատար արտադրողներից ու դիստրիբյուտորներից է Ուկրաինայում և դրա սահմաններից դուրս: Նրա բիզնես գործընկերներից մեկը Հայաստանն է:
EDIN-ը Ուկրաինայում տվյալների էլեկտրոնային փոխանակման ծառայությունների (ՏԷՓ) խոշորագույն մատակարարներից մեկն է։ Այն նույնպես շարունակել է իր ակտիվ ներգրավվածությունն ու աջակցությունը պիլոտային ծրագրին: Ուկրաինայում առաջին մուտքային կետն EU4Digital-ի աջակցությամբ ստեղծվել էր դեռևս նախորդ պիլոտային ծրագրի շրջանակներում, որն իրականացվում էր
Լեհաստանի և Ուկրաինայի միջև: Ըստ այդմ, մուտքային կետի պաշտոնական սեփականատեր դարձած «DIIA» պետական ձեռնարկությունը շարունակում է մասնակցել Հայաստանի հետ պիլոտային ծրագրին` էլ ավելի բարելավելով իր գիտելիքներն ու տեխնիկական հնարավորությունները` eDelivery-ի միջոցով ստանդարտացված ապրանքագրերի տվյալների փոխանակման համար:
Հայկական կողմում «EU4Digital» ծրագիրն աջակցել է «Peppol eDelivery» առաջին հասանելիության կետի ստեղծմանը, որը կսպասարկվի և կկառավարվի էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի՝ EKENG-ի կողմից:
eDelivery պիլոտային ծրագրի արդյունքների հետագա առաջխաղացում
Ուկրաինայի և Լեհաստանի միջև eDelivery պիլոտային ծրագրի հաջողությունը, ինչպես նաև պիլոտային երկրներում eDelivery լուծման վերօգտագործման նկատմամբ շարունակական ներգրավվածությունը և մեծ հետաքրքրությունը պիլոտային ծրագրի արդյունքների շարունակականության և կայունության հիմք են ստեղծում։
Ներկայումս միջսահմանային գործընկերների միջև թղթային հաշիվ-ապրանքագրերի փոխանակումը կարող է տևել մինչև 10 աշխատանքային օր, իսկ eDelivery-ի միջոցով դա տևում է վայրկյաններ: Գիտակցելով հետագա զարգացումների և երկրում էլեկտրոնային առաքման ներդրման կարևորությունը՝ նախարարությունն EU4Digital-ի հետ համատեղ կազմակերպել էր վիրտուալ վեբինար, որը նպատակ ուներ անդրադառնալ Ուկրաինայի հետ eDelivery պիլոտային ծրագրի արդյունքներին, ինչպես նաև քննարկել միջսահմանային մակարդակում էլեկտրոնային հաշիվների փոխանակման հնարավորություններն ու խոչընդոտները: Դրա մասին ավելին կարող եք կարդալ այստեղ:
Հետագա քայլեր
Պիլոտային ծրագրի ավարտից հետո EU4Digital–ի թիմը կներկայացնի առաջարկություններ` կապված արտադրության մեջ պիլոտային լուծումը ներդնելու, ինչպես նաև այն դեպի արևելյան գործընկեր այլ երկրներ ընդլայնելու համար անհրաժեշտ իրավական, կազմակերպական և տեխնիկական փոփոխությունների հետ։
Եթե ցանկանում եք ավելին իմանալ eDelivery-ի մասին, և թե ինչու է այն կարևոր արևելյան գործընկեր երկրների ու Եվրոպական միության համար, ապա այդ մասին կարդացեք այստեղ։