2020 թվականի հունիսի սկզբին «EU4Digital» թիմն իր «Արևելյան գործընկերության երկրներում շուկայի գնահատում՝ «Թվային նորարարություններ և ծավալների ընդլայնում» նախաձեռնության համար» (DICS ուսումնասիրություն) ուսումնասիրության շրջանակներում վեց փուլանոց առցանց խորհրդակցություններ է անցկացրել Արևելյան գործընկերության երկրների ազգային շահագրգիռ կողմերի հետ:
Այս ուսումնասիրության նպատակն է բացահայտել բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող ստարտափների ֆինանսավորման բացերը և մշակել ֆինանսական աջակցության մեխանիզմի ու հարակից օժանդակ ծրագրերի մասին բարձր մակարդակի առաջարկություններ: Ուսումնասիրությունը ոգեշնչված է DISC նախաձեռնությամբ, որն ի սկզբանե գործարկվել է Կենտրոնական, Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայում: Խորհրդակցությունները կազմակերպվել են ուսումնասիրության արդյունքները ներկայացնելու, հիմնական առաջարկությունները հիմնավորելու և դրանք տեղայնացնելու նպատակով:
Այս քննարկումներում ներգրավվել է ազգային շահագրգիռ կողմերի լայն շրջանակ, այդ թվում.
- ներդրողներ, ստարտափներ և տարբեր կորպորատիվ սուբյեկտներ.
- աջակից կազմակերպություններ, այդ թվում՝ տեխնոպարկեր և աքսելերատորներ.
- համալսարաններ.
- տեղական և միջազգային նորարարական գործակալություններ, մարմիններ ու ծրագրեր:
Ուսումնասիրության հիմնական առարկան DISC նախաձեռնության շրջանակներում տարածաշրջանի համար նախատեսված ֆինանսական աջակցության գործիքներն ու հարակից ծրագրերն էին: Մասնավորապես, քննարկվել են յուրաքանչյուր երկրի ֆինանսավորման ջանքերի հաջորդականությունը, նպատակային ֆինանսավորման փուլերը և տեխնոլոգիական հատվածները: Թիմը ներկայացրել է նաև միջազգային արագացման համար առաջարկվող ֆինանսավորման գործիքները, դրամաշնորհային ծրագրերը և կարողությունների զարգացմանն ուղղված հնարավոր նախաձեռնությունները: Վերջապես, ուրվագծվել են էկոհամակարգի աջակցության ավելի ընդգրկուն տարբերակները և օրենսդրական ու հարկային միջավայրում հնարավոր բարելավումները: Շահագրգիռ կողմերը արժեքավոր տեղեկություններ են փոխանցել հետազոտական թիմին: Հայտնաբերվել է, որ, չնայած գոյություն ունեցող ընդհանուր տարածաշրջանային բացերին (ամենալուրջ բացերն առկա են նախասաղմնային և սաղմնային փուլերում), վեց երկրների տեղական շուկաները գտնվում են զարգացման տարբեր փուլերում և չունեն մասնավոր
ներդրումների կամ պետական աջակցության նկատմամբ հասանելիության միևնույն մակարդակը: Միջազգային ներդրողների հետաքրքրությունները նույնպես տարբերվում են տարածաշրջանում: Այնուամենայնիվ, եզրակացվեց, որ բոլոր ազգային շուկաները գտնվում են զարգացման վաղ փուլերում և անհրաժեշտ են ֆինանսական աջակցության ավելի նպատակային գործիքներ ու օժանդակ ծրագրեր` շուկայի աճը խթանելու և մասշտաբների ընդլայնման համար:
Տարածաշրջանային ուսումնասիրության՝ այս խորհրդակցությունների ընթացքում մշակված և հաստատված հիմնական արդյունքները Եվրոպական հանձնաժողովին կաջակցեն ճշգրտել սեփական ծրագրերը՝ տեղական շուկաների կարիքներին ավելի լավ արձագանքելու և տարածաշրջանում ֆինանսական աջակցության գործիքներ ու օժանդակ ծրագրեր մշակելու համար: