EU4Digital-ն անցկացրել է տարածաշրջանային դասընթաց՝ Թվային հմտությունների և աշխատատեղերի ազգային կոալիցիաների ստեղծման վերաբերյալ

  • Ամսաթիվ: 21/07/20
  • Կիսվել:

2020թ.-ի հուլիսի 13-ին «EU4Digital» ծրագիրը կազմակերպել էր վիրտուալ դասընթաց՝ Թվային հմտությունների և աշխատատեղերի ազգային կոալիցիաների ստեղծման և կառավարման վերաբերյալ:

Դասընթացի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել Ագային կոալիցիաների ստեղծման և կառավարման ուղղությամբ ԵՄ-ի լավագույն պրակտիկաներին, ինչպես նաև քննարկել Արևելյան գործընկերության երկրներում կոալիցիաների ստեղծման ուղղությամբ առաջարկություններն ու սկզբունքները: Դասընթացին իրենց մասնակցությունը բերեցին Արևելյան գործընկերության բոլոր վեց երկրներից ավելի քան 30 մասնակիցներ, ովքեր ներկայացնում էին շահագրգիռ կողմերի լայն շրջանակ՝ ներառյալ պետական հատվածը, ՀԿ-ները և մասնավոր հատվածը:

Դասընթացի շրջանակներում քննարկվեց թվային հմտությունների և աշխատատեղերի ազգային կոալիցիաների դերը՝ գործունեության չորս հիմնական ուղղություններում.

  • թվային հմտություններ՝ բոլորի համար.
  • թվային հմտություններ՝ աշխատուժի համար.
  • թվային հմտություններ՝ ՏՀՏ մասնագետների համար.
  • թվային հմտություններ՝ կրթության ոլորտում:

Դասընթացի ընթացքում ներկայացվել է Լատվիայի, Լիտվայի և Իռլանդիայի Ազգային կոալիցիաների ստեղծման ու կառավարման փորձերը: Դասընթացի շրջանակներում ելույթ ունեցան Մերի Քլիրին (Թվային հմտությունների և աշխատատեղերի իռլանդական ազգային կոալիցիա, Իռլանդական համակարգչային հանրույթ), Լորետա Կրիժնյաուսկիենեն (Association Langas į ateitį, Լիտվայի ազգային թվային կոալիցիա) և «EU4Digital» ծրագրի փորձագետներ: Դասընթացն ավարտվեց Արևելյան գործընկերության յուրաքանչյուր երկրում Ազգային կոալիցիայի ստեղծման ու կառավարման կարգավիճակի, գերակայությունների և մարտահրավերների մասին քննարկումով:

Իրենց արձագանքներում Արևելյան գործընկերության երկրները ներկայացնող մասնակիցները ողջունեցին Կոալիցիաների կառավարման և գործընթացի կարևոր քայլերի վերաբերյալ տեղեկատվությունը՝ հույս հայտնելով, որ նման դասընթացները կհանգեցնեն համագործակցության ընդլայնման՝ յուրաքանչյուր երկրում թվային հմտությունների զարգացումը ներդաշնակեցնելու նպատակով:«Անչափ կարևոր է կոալիցիայի լավ կազմակերպումը (կառուցվածքը, նպատակների սահմանումը, գործունեության պլանը), տարբեր

ոլորտներում գործող բոլոր անհրաժեշտ դերակատարների նույնականացումն ու ներգրավումը, որոնք կարող են ներդրում ունենալ հիմնական նպատակին հասնելու, առաջնահերթությունների հստակ սահմանման գործում, ինչպես նաև յուրաքանչյուր անդամի պարտականություններն ու նրանից սպասումները»,- ասաց մասնակիցներից մեկը:

Ներկայումս ստեղծված ազգային կոալիցիաներ կան Արևելյան գործընկերության երկու երկրներում՝ Հայաստանում (2017թ.) և Ուկրաինայում (2019թ.): Մյուս երկրներում ազգային կոալիցիաների ստեղծման շուրջ քննարկումներն ընթացքի մեջ են:

Այս դասընթացն անցկացվել է «EU4Digital» ծրագրի գործունեության շրջանակներում, որը ներառում է մի շարք դասընթացներ, համաժողովներ և ուսումնական այցեր` ԵՄ-ի և Արևելյան գործընկերության երկրների միջև թվային հմտություններին առնչվող թեմաների վերաբերյալ լավագույն պրակտիկաների փոխանակմանն աջակցելու համար: Դասընթացների առաջնահերթությունները սահմանվել են Թվային հմտությունների ցանցի կողմից՝ 2020 թվականի ապրիլի 29-ին կայացած վեբինարի ընթացքում:

EU4Digital-ի Թվային հմտությունների ցանցը հարթակ է ծառայում Արևելյան գործընկերության վեց երկրների միջև և ԵՄ-ի հետ առաջավոր փորձի փոխանակման, սիներգիաների խթանման ու համատեղ ներդաշնակեցման նախագծերի շուրջ գաղափարների մշակման համար: «EU4Digital» ծրագիրը տվյալ ցանցին աջակցում է մի շարք գործողությունների, այդ թվում՝ դասընթացների, աշխատաժողովների ու քաղաքականություն մշակողների և կրթական ծառայություններ մատուցողների համար դեպի ԵՄ անդամ պետություններ ուսումնական այցերի կազմակերպմանը, ինչպես նաև սատարում է Արևելյան գործընկերության երկրներում ազգային կոալիցիաների ստեղծմանը:

Նորություններ

Ցուցադրել բոլորը