«EU4Digital» նախաձեռնության ղեկավար կոմիտեի շաբաթ. hեռավորությունների կամրջում՝ թվային կապերի միջոցով

  • Ամսաթիվ: 09/10/20
  • Կիսվել:

Արևելյան գործընկերության (ԱլԳ) տարածաշրջանից ավելի քան 180 բարձր մակարդակի շահագրգիռ կողմեր 2020 թվականի հոկտեմբերի 5-ին միացել էին EU4Digital-ի ղեկավար կոմիտեի երկրորդ տարեկան նիստի առաջին օրվան, որպեսզի լսեին տվյալ նախաձեռնության ներքո իրականացվող ծրագրերի մասին և քննարկում ունենային տարածաշրջանում թվային տեխնոլոգիաների վիճակի վերաբերյալ: Ղեկավար կոմիտեի նիստը տեղի ունեցավ հոկտեմբերի 5-ից 9-ի ընթացքում և այս տարի անցկացվեց վիրտուալ ձևաչափով` COVID-19-ով պայմանավորված սահմանափակումների պատճառով:

«EU4Digital» նախաձեռնությունը նպատակ ունի Եվրոպական միության միասնական թվային շուկան ընդլայնել դեպի Արևելյան գործընկերության երկրներ: Նախաձեռնության ներքո իրականացվող ծրագրերն ուղղված են լայնաշերտ ցանցի բարելավմանը, հետազոտական համայնքների միջև կապի ապահովմանը և թվային ներդաշնակության ու փոխգործունակության ապահովմանը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հեռահաղորդակցության կանոնները, վստահությունն ու անվտանգությունը և էլեկտրոնային առողջապահությունը՝ աշխատելով շոշափելի օգուտներ բերել Արևելյան գործընկեր երկրների քաղաքացիներին:

Առաջին օրը մեկնարկեց ԵՄ թվային քաղաքականության օրակարգի ներկայացմամբ, և թե ինչպես այն կարելի է տարածել Արևելյան գործընկերության վրա: Եվրոպական հանձնաժողովի Կապի ցանցերի, բովանդակության և տեխնոլոգիաների գլխավոր տնօրինության (DG CONNECT) ներկայացուցիչ Դեյվիդ Ռինգրոուզն ընդգծեց ԵՄ միասնական թվային շուկայի ձեռքբերումները, ինչպիսիք են ԵՄ-ում ռոումինգի վճարների վերացումը, սպեկտրի համակարգման բարելավումը, Եվրոպայի գերարդյունավետ համակարգչային ենթակառուցվածքների զարգացումը և արհեստական բանականության տեխնոլոգիաների կատարելագործումը: «Մեր նպատակն է ապահովել, որ Արևելյան գործընկեր երկրների 70 միլիոն քաղաքացիները կարողանան օգտվել թվային միասնական շուկայից՝ թվային շուկայի նախաձեռնությունների ներդաշնակեցման հաշվին», – նշել է պարոն Ռինգրոուզը:

COVID-19 համավարակն ուշադրություն է հրավիրել թվային տեխնոլոգիաների կարևորության վրա. Եվրոպական խորհուրդը վերջերս հավանություն տվեց ԵՄ միասնական թվային շուկայի ապագայի վերաբերյալ մի շարք եզրակացությունների` գիտակցելով այս արագ զարգացող ոլորտի կարևորությունը: Բացի այդ, Վերականգնման և դիմակայունության գործիքի շրջանակներում COVID-19 համավարակին արձագանքելու նպատակով հատկացված ԵՄ միջոցների առնվազն 20%-ը հասանելի կլինի եվրոպական հանրույթի շրջանակներում թվային փոխակերպմանն ուղղված նախաձեռնությունների համար:

Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության (DG NEAR) ներկայացուցիչ Մաթյո Բուսկեն, ով վարում էր առաջին օրվա հանդիպումները, վերահաստատեց թվային հատվածում Արևելյան գործընկերությանն ուղղված ԵՄ աջակցության կարևորությունը: Նա նշել է. «Արևելյան գործընկերության երկրների թվային փոխակերպումն ընկած է այդ երկրներում տնտեսական աճի ընդլայնման, աշխատատեղերի ստեղծման և դրանց զարգացմանը նպաստելու ուղղությամբ Եվրոպական միության ներդրումների հիմքում»: Իսկապես, դիմակայուն թվային փոխակերպմանն աջակցությունն այն հինգ հիմնական նպատակներից մեկն է, որոնք ձևավորում են Արևելյան գործընկերությանն ուղղված ԵՄ քաղաքականությունը:

Ղեկավար կոմիտեի շաբաթը ԱլԳ հիմնական շահագրգիռ կողմերին հնարավորություն ընձեռեց մասնակցել քննարկումներին և օգնել թվային ոլորտում տարածաշրջանի առաջիկա առաջնահերթությունների ձևակերպմանը: Առաջին օրը կայացած նստաշրջանների ընթացքում մասնակիցները կառուցողական երկխոսություն ունեցան ոլորտում առկա իրադրության և արձանագրված առաջընթացի վերաբերյալ:

Հաջորդ օրերի ընթացքում տեղի ունեցան ԱլԳ տարածաշրջանում սպասվող թվային առաջնահերթությունների վերաբերյալ քննարկումներ, իսկ շաբաթվա վերջում մասնակիցները խորամուխ եղան EU4Digital-ի թեմատիկ ոլորտներին առնչվող հարցերի մեջ: «EU4Digital» նախաձեռնության վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել նախաձեռնության կայքէջում:

Նորություններ

Ցուցադրել բոլորը