EU4Digital-ը մեկնարկել է տեխնոլոգիական ոլորտում կանանց մենթորական ծրագրերի նոր գործողություն, որի նպատակն է հաղթահարել գենդերային խզվածքը և ազգային կազմակերպություններին հնարավորություն տալ իրականացնել նման ծրագրեր իրենց տեղական տեխնոլոգիական շուկաներում:
Բարձր տեխնոլոգիաների շուկայում գենդերային խզվածքը գլոբալ խնդիր է, որը գոյություն ունի նաև Արևելյան գործընկեր երկրներում: Լուծումները հատկապես անհրաժեշտ են հիմա՝ COVID-19 համավարակի ֆոնին, որն ավելի մեծ ազդեցություն է ունեցել կանանց գործազրկության մակարդակի վրա՝ տղամարդկանց համեմատ: Արագ փոփոխություններ են անհրաժեշտ նաև աշխատանքի շուկայում, որտեղ բարձր տեխնոլոգիաների մասնագետների ավելի ու ավելի մեծ պահանջարկ է նկատվում:
Նշված խնդիրների լույսի ներքո EU4Digital-ը որոշել է ձեռնարկել գործնական քայլեր՝ գենդերային խզվածքը վերացնելու և տեղական շուկաների փոխակերպմանն աջակցելու ուղղությամբ:
Նոր մեկնարկած գործողությունը կենտրոնանում է կանանց մենթորական ծրագրերի վրա` բարձր տեխնոլոգիաների ոլորտում գիտելիքների փոխանցման նպատակով, ինչպես նաև տեղական շահառուների հնարավորությունների ընդլայնման վրա` Արևելյան գործընկեր վեց երկրներից յուրաքանչյուրում այդպիսի ծրագրեր մեկնարկելու ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու համար:
Գործողությունն իրականացվելու է եվրոպական «Women Go Tech» կազմակերպության մասնագետների հետ համագործակցությամբ, որն ունի Բալթյան և Սկանդինավյան երկրներում նմանատիպ ծրագրերի մենթորության ու գործարկման պրակտիկ փորձ:
Արևելյան գործընկեր երկրների համար տվյալ գործողութունից հիմնական օգուտներն ու արդյունքները ներառում են.
- Գործնական և տարածաշրջանի կարիքներին հարմարեցված ուղեցույց՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում կանանց մենթորական ծրագրերի համար: Ուղեցույցն անհրաժեշտ գիտելիքներ կտրամադրի ֆինանսավորման, մենթորության, ծրագրի բովանդակության, մարքեթինգի և ռեսուրսների վերաբերյալ.
- Ծրագրի իրականացման ճանապարհային քարտեզներ (գործնական գործողությունների ծրագրեր) Արևելյան գործընկեր վեց երկրների համար.
- Կարողություններով օժտված և իրենց գործին հավատարիմ տեղական կազմակերպություններ՝ սեփական երկրներում նման ծրագրեր իրականացնելու համար:
Գործողության ընթացքում ակտիվորեն ներգրավվելու և վերապատրաստվելու են տեղական շահառու կազմակերպությունները: EU4Digital-ը հստակեցրել է գործընկեր երկրներից յուրաքանչյուրում հավանական գործընկերներին և առաջիկա շաբաթներին կավարտի նրանց ներգրավման ընթացակարգերը: Ընտրված կազմակերպությունները գործնական մասնակցություն կունենան ԵՄ լավագույն պրակտիկաների տեղայնացման և տեղական շուկաների համար ուղեցույցների պատրաստման գործընթացում: Նրանք նաև կմասնակցեն գիտելիքների փոխանցման համատեղ աշխատաժողովին, որը նախատեսվում է անցկացնել 2020 թվականի նոյեմբերի վերջին / դեկտեմբերի սկզբին:
«EU4Digital» ծրագիրը և «Women Go Tech»-ը ձգտում են հասնել ոչ միայն ԵՄ գիտելիքների և պրակտիկաների փոխանցմանը, այլև տվյալ գործողության շարունակմանն ու ծրագրի պիլոտային հատվածների իրականացմանը հետագա տարիների ընթացքում: