EU4Digital-ի կազմակերպած հանդիպմանը կարևորվել են թվային հմտությունների ոլորտում ձեռքբերումներն ու նպատակները

  • Ամսաթիվ: 12/10/20
  • Կիսվել:

«EU4Digital» նախաձեռնության ղեկավար կոմիտեի՝ հոկտեմբերի 5-ից 9-ի ընթացքում կայացած երկրորդ տարեկան նիստի շրջանակներում 2020 թվականի հոկտեմբերի 8-ին անցկացված բարձր մակարդակի հանդիպմանը ներկայացվել են «EU4Digital» ծրագրի «Թվային հմտություններ» թեմատիկ ուղղության ձեռքբերումներն ու հետագա նպատակները:

Ավելի քան 60 մասնակիցներին, այդ թվում՝ Արևելյան գործընկեր երկրների նախարարությունների, ԵՄ պատվիրակությունների և ԵՄ հաստատությունների ներկայացուցիչներին ողջունեց EU4Digital-ի թիմի ղեկավար պրն. Արթուրաս Փիլիպոնիսը:

«Թվային հմտություններ» թեմատիկ ուղղության ներկայացուցիչները ներկայացրեցին մի շարք գործողությունների, այդ թվում` Թվային հմտությունների բացերի չափման և կանխատեսման մեթոդաբանության մշակման, Արևելյան գործընկեր երկրներում ՓՄՁ-ների և միկրոձեռնարկությունների համար թվային կոմպետենցիաների շրջանակի մշակման ուղղությամբ իրենց արձանագրած առաջընթացը, ինչպես նաև Արևելյան գործընկեր երկրներում Թվային հմտությունների և աշխատատեղերի ազգային կոալիցիաների ստեղծման ուղղությամբ ընթացիկ աջակցությունն ու առաջընթացը:

«Թվային հմտություններ» թեմատիկ ուղղության հետագա նպատակներն են.

  • Թվային կոմպետենցիաների շրջանակի և չորս աշխատանքի նկարագրությունների օգտագործման ուղեցույցների մշակման ավարտ: Ուղեցույցները ներառում են հրահանգներ այն մասին, թե ինչպես կիրառել Էլեկտրոնային կոմպետենցիաների եվրոպական շրջանակն ու Քաղաքացիների թվային կոմպետենցիաների շրջանակն Արևելյան գործընկեր երկրների ՓՄՁ-ների ու միկրոձեռնարկությունների նկատմամբ՝ ներկայացնելով օգտագործման մի շարք դեպքեր:
  • Արևելյան գործընկեր երկրներին հետագա աջակցության ցուցաբերում ազգային կոալիցիաների ստեղծման և վարման գործում, այդ թվում՝ գործող ազգային կոալիցիաների վարմանն ու կառավարմանը նվիրված դասընթացների անցկացման, այդ ուղղությամբ ԵՄ լավագույն պրակտիկաների փոխանցման և առաջարկությունների ներկայացման միջոցով:

Քաղաքականություն մշակողների և դասընթաց անցկացնողների համար դասընթացների, ճանաչողական այցերի, համաժողովների, ինչպես նաև թվային հմտությունների թեմաներով խթանման արշավների կազմակերպում:

Թեմատիկ նստաշրջանի ընթացքում քննարկվեց նաև թվային հմտությունների ոլորտում 2021 թվականից հետո հնարավոր բարելավումների վերաբերյալ «EU4Digital» ծրագրի տեսլականը, այդ թվում՝ թվային հասունության չափումների ընդլայնումը, թվային հմտությունների ոլորտային նախաձեռնության բարելավված համակարգումը, ինչպես նաև ԵՄ շրջանակների և գործիքների օգտագործումը՝ Արևելյան գործընկեր երկրների տարբեր թիրախային խմբերի համար թվային հմտությունների բարելավումը շարունակելու նպատակով:

«Թվային հմտություններ» թեմատիկ ուղղության ներկայացուցիչների շնորհանդեսից հետո EU4Digital-ի Թվային հմտությունների ցանցի համակարգող Մարի Զաքարյանը, ով ներկայացնում էր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, ներկայացրեց խնդրո առարկայի շուրջ իր ցանցի մոտեցումը: Նա նշեց, որ EU4Digital-ի կողմից իրականացվող աշխատանքն անչափ գրավիչ է՝ արտաքին փորձագետների ներգրավման շնորհիվ: Այն նաև հարթակ է տրամադրում երկրներին` թվային հմտությունների վերաբերյալ իրենց պատկերացումներով կիսվելու համար:

Թվային հմտությունների ցանցից ստացված արձագանքներին հաջորդեց Եվրոպական կրթական հիմնադրամի (ԵԿՀ) թվային հմտությունների և ուսուցման հարցերով ավագ մասնագետ Ալեսանդրո Բրոլպիտոյի շնորհանդեսը, ով համառոտ կերպով նկարագրեց Արևելյան գործընկեր երկրների մասնագիտական ուսուցման և կրթության ոլորտում թվային հմտությունների և առցանց ուսուցման հետ կապված քաղաքականությունների և նախաձեռնությունների քարտեզագրման ուղղությամբ ԵԿՀ-ի վերջին աշխատանքները:

Թեմատիկ նստաշրջանը եզրափակվեց քննարկմամբ և հարցուպատասխանով: Երկրների ներկայացուցիչները մասնակիցներին տեղեկացրեցին թվային հմտությունների ոլորտում իրենց առաջընթացի, առաջնահերթությունների և ծրագրերի մասին, ինչպես նաև վերահաստատեցին թվային հմտությունների ոլորտում առկա բացերի հաղթահարման ուղղությամբ շարունակական ջանքերի կարևորությունը:

EU4Digital-ի ղեկավար կոմիտեի երկրորդ տարեկան նիստը կազմակերպվել էր «EU4Digital» ծրագրի կողմից` վիրտուալ նստաշրջանների շարքի ձևաչափով, որոնց շրջանակներում դիտարկվեցին ծրագրի շրջանակներում ձեռք բերված արդյունքները և քննարկվեցին թվային հատվածում Արևելյան գործընկերության առաջիկա առաջնահերթությունները:

Նորություններ

Ցուցադրել բոլորը