2020 թվականի հոկտեմբերի 7-ին «EU4Digital» ծրագրի կողմից կազմակերպված վիրտուալ հանդիպման ընթացքում տեղի ունեցավ ազգային կարգավորող մարմինների (ԱԿՄ-ներ) անկախության վերաբերյալ քննարկում: Այս հանդիպումը մեկն էր այն հարակից միջոցառումներից, որոնք կազմակերպվել էին հոկտեմբերի 5-ից 9-ի ընթացքում կայացած «EU4Digital» նախաձեռնության ղեկավար կոմիտեի նիստի շրջանակներում:
Քննարկմանը միացել էին ավելի քան 50 մասնակիցներ, այդ թվում՝ Անկախ կարգավորողների և լայնաշերտ կապի հարցերով փորձագիտական աշխատանքային խմբի (ԱԿԼԿ ՓԱԽ) անդամներ, Էլեկտրոնային հաղորդակցության եվրոպական կարգավորողների մարմնի (BEREC) ներկայացուցիչներ, Եվրոպական հանձնաժողովը (DG CONNECT, DG NEAR) ներկայացնող պաշտոնյաներ, Ներդաշնակեցված թվային շուկայի (HDM) համակարգողներ, ԵՄ պատվիրակությունների և Արևելյան գործընկեր երկրներից այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ:
Միջոցառման ընթացքում EU4Digital-ի «Հեռահաղորդակցության կանոններ» թեմատիկ ուղղության ղեկավար Անդրեյս Դոմբրովսկիսը ներկայացրեց ԱԿՄ-ների անկախության գնահատման մեթոդաբանությունը, ներառյալ այն չափանիշները, որոնց հիման վրա իրականացվել է Արևելյան գործընկեր յուրաքանչյուր երկրի գնահատումը: Գնահատման չափանիշները ներառում են կառավարումը, ինչպես նաև լիազորությունների և պարտավորությունների շրջանակը: Ի հավելումն, ներկայացվեցին յուրաքանչյուր գործընկեր երկրում կարգավորող մարմինների անկախության և լիազորությունների ուղղությամբ բացերի գնահատման նախնական արդյունքները, ինչպես նաև վեր հանված բացերի վերացմանը և կոնկրետ երկրներին վերաբերող առաջարկությունների իրագործմանն ուղղված առաջիկա անելիքները:
«Ինչպես մեթոդաբանությունը, այնպես էլ բացերի գնահատման զեկույցը ԱլԳ երկրների համար նախատեսված գործիքներ են, որոնք, ըստ էության, կարող են օգտագործվել որպես ԱԿՄ-ների անկախության գնահատման ուղեցույցներ: Դրանք կարող են օգտագործվել նաև ԱլԳ տարածաշրջանում ԱԿՄ-ների անկախության ամրապնդմանն ուղղված բարեփոխումներում», – նշեց EaPeReg-ի (Արևելյան գործընկերության էլեկտրոնային հաղորդակցություն կարգավորողների ցանց) ԱԿԼԿ ՓԱԽ-ի ղեկավար Ինգա Պոպովիչին: Հաջորդիվ իր կարծիքն արտահայտեց BEREC-ի փոխնախագահ Ջերեմի Գոդֆրին. «Պատճառներից մեկը, թե ինչու է կարգավորող մարմինների անկախությունն այդքան կարևոր, այն է, որ այն հիմք է ստեղծում ոլորտում ներդրումների համար: Կարգավորող մարմիններն իսկապես օժտված են բավականին լայն լիազորություններով, իսկ նրանց կայացրած որոշումներն էապես ազդում են շուկայի մասնակիցների տնտեսական շահերի վրա»:
Նա նաև հայտնեց, որ BEREC-ը պատրաստ է աջակցություն ցուցաբերել. «Սա իսկապես տպավորիչ և կարևոր աշխատանք է, և BEREC-ն, անշուշտ, կշարունակի հետագա աջակցություն ցուցաբերել»:
ԱԿՄ-ների անկախությունը «EU4Digital» ծրագրի «Հեռահաղորդակցության կանոններ» թեմատիկ ոլորտի երեք հիմնական թեմաներից մեկն է: EU4Digital-ը նպատակ ունի ամրապնդել էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի ԱԿՄ-ների կազմակերպական և ֆինանսական անկախությունը: Գործողությունների ներկայիս փուլում ավարտին են մոտենում յուրաքանչյուր երկրի համար ԱԿՄ-ների անկախության և լիազորությունների մասով բացերի վերաբերյալ զեկույցների պատրաստման աշխատանքները: Մինչև 2020 թվականի տարեվերջ նախատեսվում է նաև գործողությունների ծրագրեր պատրաստել յուրաքանչյուր երկրի համար՝ վերոնշյալ զեկույցների արդյունքների հիման վրա: