«EU4Digital» ծրագիրն Արևելյան գործընկերության երկրներում թվային հմտությունների և աշխատատեղերի ազգային կոալիցիաների ստեղծմանն իր աջակցության շրջանակներում մշակել է թվային հմտությունների ազգային կոալիցիաների վերաբերյալ ուղեցույցների շարք:
Եվրոպական հանձնաժողովն առաջին «Թվային հմտությունների և աշխատատեղերի կոալիցիա»-ն գործարկել է 2013 թվականի մարտ ամսին՝ համախմբելով Եվրոպայում թվային հմտությունների անբավարարության ուղղությամբ միջոցներ ձեռնարկող պետություններին, ընկերություններին, սոցիալական գործընկերներին, ոչ առևտրային կազմակերպություններին և կրթական ծառայություններ տրամադրողներին: Ընդհանուր առմամբ, թվային հմտությունների և աշխատատեղերի ազգային կոալիցիաները (ազգային կոալիցիաներ) օգնում են թվային հմտությունների հետ կապված գործողությունների համակարգմանը, իրազեկվածության մակարդակի բարձրացմանը և այդպիսի կոալիցիաներ ստեղծած բոլոր երկրների միջև լավագույն պրակտիկաների փոխանակմանը: Հաշվարկվել է, որ 2018 թվականի հոկտեմբերի դրությամբ ԵՄ կոալիցիայի գործունեությունը հասանելի է դարձել 10.9 միլիոն մարդու համար:
Ընդհանուր հաշվով արդեն 24 ազգային կոալիցիա է ստեղծվել ԵՄ-ում, և երկուսն էլ՝ Արևելյան գործընկերության երկրներում (Հայաստան և Ուկրաինա): Նախատեսվում է, որ ավելի շատ ազգային կոալիցիաներ կստեղծվեն 2020 թվականի ընթացքում: Թվային հմտությունների և աշխատատեղերի իռլանդական կոալիցիան, որը գործարկվել է 2017 թվականին, հաճախակի է հիշատակվում որպես կայացած ազգային կոալիցիայի օրինակ, որն ունի հստակ սահմանված նպատակներ և լայն ընդգրկում:
«Թվային հմտությունների և աշխատատեղերի իռլանդական կոալիցիան շատ օգտակար նախաձեռնություն է՝ այս նպատակին ծառայելու համար: Այն միավորում է Իռլանդիայում թվային հմտությունների անբավարարության խնդրի լուծման ուղղությամբ աշխատող ընկերություններին, սոցիալական գործընկերներին, շահույթ չհետապնդող կազմակերպություններին և կրթական ծառայություններ մատուցողներին՝ լավագույն փորձով և հնարավորություններով կիսվելու ու բոլոր մակարդակներում թվային գրագիտությունը և ՏՀՏ հմտությունները բարելավելու ուղղությամբ նոր գաղափարներ գեներացնելու համար»,- ասում է Թվային հմտությունների և աշխատատեղերի իռլանդական ազգային կոալիցիայի համակարգող Մերի Քլիրին:
«Ազգային կոալիցիան մեզ նաև հնարավորություն է տալիս աշխատանք տանել ԵՄ այլ անդամ երկրների շահագրգիռ կողմերի հետ, որպեսզի ընդլայնենք մեր հեռանկարը և ավելացնենք այն նախաձեռնությունների շրջանակը, որոնք կարող են ընդօրինակելի լինել Իռլանդիայի համար: Մենք նաև ուրախ ենք և հպարտ, որ սեփական գաղափարները կիսում ենք եվրոպական կոալիցիայի մեր գործընկերների հետ, քանի որ մեր համատեղ աշխատանքի իմաստն այն է, որպեսզի յուրաքանչյուր ոք ունենա թվային տնտեսության և հասարակության մեջ արդյունավետ և գործուն կերպով դրսևորվելու կարողություն: Թվային հմտությունների պահանջարկը գլոբալ երևույթ է և շարունակում է աճել ինչպես Իռլանդիայում, այնպես էլ՝ մնացած Եվրոպայում: Մենք պետք է ստեղծարար գտնվենք մեր այն ռազմավարություններում, որոնք օգտագործում ենք այդ հմտությունները զարգացնելու և բարելավելու համար»:
Ներկայումս ստեղծված ազգային կոալիցիաներ կան Արևելյան գործընկերության երկու երկրներում՝ Հայաստանում (2017թ.) և Ուկրաինայում (2019թ.): Մյուս երկրներում ազգային կոալիցիաների ստեղծման շուրջ քննարկումներն ընթացքի մեջ են: Վերջիններում ազգային կոալիցիաների ստեղծումը հեշտացնելու և Հայաստանում ու Ուկրաինայում գործող ազգային կոալիցիաների կառավարմանն ու առաջխաղացմանն աջակցելու համար «EU4Digital» ծրագրի շրջանակներում մշակվել են Թվային հմտությունների ազգային կոալիցիաների ուղեցույցներ, որոնք ամփոփ կերպով ներկայացնում են ազգային կոալիցիաների ստեղծման և կառավարման հիմնական գործողություններն ու սկզբունքները:
Ուղեցույցներում ներկայացված են ազգային կոալիցիայի ստեղծման և վարման հիմնական քայլերն, այդ թվում՝
- Ազգային կոալիցիայի հավանական անդամների շրջանակի սահմանում.
- Ազգային կոալիցիայի նպատակների սահմանում.
- Գործողությունների ծրագրի մշակում.
- Ազգային կոալիցիայի կառավարում.
- Ազգային կոալիցիայի առաջխաղացում:
Ուղեցույցները ներառում են նաև մի շարք օգտակար հղումներ, որոնք տեղեկատվություն են տալիս ազգային կոալիցիաների, ԵՄ կոալիցիայի անդամների կանոնադրության, ռեսուրսների ու լավագույն պրակտիկաների, ինչպես նաև վճարների կատարման, դրանց դիտարկման և կառավարման համար նախատեսված ԵՄ կոալիցիայի գործիքի վերաբերյալ:«EU4Digital» նախաձեռնության ներքո Եվրոպական միությունն աջակցում է Արևելյան գործընկերության երկրներում թվային հմտությունների ռազմավարությունների իրականացմանը՝ հանդես գալով թվային հմտությունների և աշխատատեղերի ազգային կոալիցիաների, ինչպես նաև
ՓՄՁ-ների ու միկրոձեռնարկությունների կոմպետենցիաների շրջանակի ստեղծման օգտին:
Իմանալ ավելին
EU4Digital. Թվային հմտությունների ազգային կոալիցիաների ուղեցույցներ
Եվրոպական հանձնաժողով. Ազգային կոալիցիաներ
Եվրոպական հանձնաժողով. Թվային հմտությունների և աշխատատեղերի կոալիցիաներ
Եվրոպական հանձնաժողով. Թվային հմտությունների և աշխատատեղերի կոալիցիաները՝ հակիրճ
Թվային հմտությունների և աշխատատեղերի կոալիցիաների անդամների կանոնադրություն
Թվային հմտությունների ռեսուրսներ և լավագույն պրակտիկաներ Թվային հմտությունների և աշխատատեղերի կոալիցիայի վճարների դիտման հարթակ