«EU4Digital» ծրագիրը հրապարակել է «Արևելյան գործընկեր երկրներում թվային հմտությունների բացերի չափման և կանխատեսման մեթոդաբանությունը»: Այն պարունակում է Արևելյան գործընկեր երկրների թվային հմտությունների բացերի չափման և կանխատեսման գոյություն ունեցող պրակտիկաների վերաբերյալ ամփոփ նկարագրությունը, ինչպես նաև առաջարկություններ՝ ԵՄ պրակտիկաներին համապատասխանեցված չափման և կանխատեսման ընդհանուր մեթոդաբանության ներդրման վերաբերյալ:
Թվային հմտություններն այլևս անհրաժեշտություն են ոչ միայն ՏՀՏ մասնագետների և թվային փոխակերպման ենթարկվող ընկերությունների համար, այլև արագ կերպով կենսական անհրաժեշտություն են դառնում յուրաքանչյուր քաղաքացու համար, ովքեր ցանկանում են հաջող մասնակցություն ունենալ թվային տնտեսության և հասարակության մեջ: Եվրոպական միության խորհուրդն իր 2016 թվականի «Որակավորման բարձրացման ուղիներ. նոր հնարավորություններ մեծահասակների համար» նախաձեռնությամբ հռչակել էր, որ թվային կոմպետենցիաները նույնքան կարևոր են, որքան գրագիտությունն ու հաշվողական հմտությունները: Թվային գրագիտության և հմտությունների բացակայությունը կարող է նշանակալի բացառող գործոն հանդիսանալ բազմաթիվ մարդկանց համար՝ սահմանափակելով և (կամ) կանխարգելելով ՏՀՏ ներդրման միջոցով հնարավոր արտադրողական աճը:
Այնուամենայնիվ, թվային գրագիտության բարձրացումն ու հմտությունների բացերի վերացումը սկսվում են հիմնախնդրի սահմանումից: Թվային հմտությունների չափումը թվային հմտությունների բացերի ապացուցահեն սահմանման և թվային կոմպետենցիաների բարելավման նախաձեռնությունների նպատակային պլանավորման բանալին է: Չափումը կարող է օժանդակել նաև թվային հմտությունների ոլորտում սահմանված խնդիրների ուղղությամբ առաջընթացի մշտադիտարկմանը:
Թվային կապի, թվային հմտությունների, առցանց ակտիվության, բիզնեսի թվայնացման և հանրային թվային ծառայությունների ոլորտներում ԵՄ անդամ պետությունների արդյունավետության
մշտադիտարկման համար ԵՄ-ում օգտագործվում է Թվային տնտեսության և հասարակության համաթիվը (DESI): DESI-ն 2014 թվականից ի վեր չափում է ԵՄ երկրների առաջընթացը թվային տնտեսության և հասարակության ուղղությամբ, ներառյալ՝ մարդկային կապիտալի ոլորտը: DESI-ի մարդկային կապիտալի ցուցիչով չափվում են այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են թվային լուծումներով պայմանավորված հնարավորություններն օգտագործելու համար: Ավելին, ԵՄ-ում պարբերաբար չափվում են նաև աշխատուժի կողմից և կրթության ոլորտում ՏՀՏ օգտագործմանը վերաբերող մի շարք այլ ցուցանիշներ, որոնք լրացուցիչ տվյալներ են ապահովում թվային հմտությունների վերաբերյալ: Տվյալների ներդաշնակեցված չափումը հնարավորություն է տալիս համեմատել ԵՄ անդամ պետությունների միջև առաջընթացը, բացահայտել հմտությունների բացերը և գնահատել տարածաշրջանային ու ազգային նախաձեռնությունների ազդեցությունը:
«EU4Digital» ծրագրի հիմնական խնդիրը թվային հմտությունների չափման և կանխատեսման ներկա վիճակը գնահատելն ու դրանք ԵՄ պրակտիկաներին համապատասխանեցնելու համար առաջարկություններ մշակելն էր: Հրապարակված մեթոդաբանությունը պարունակում է տարածաշրջանային առաջարկությունների շարք` ուղղված Արևելյան գործընկեր երկրներում տվյալների հավաքագրման և կանխատեսման բարելավմանը:
Մեթոդաբանության մեջ արվում է եզրահանգում, որ Արևելյան գործընկեր բոլոր երկրներն իրականացնում են թվային հմտությունների վերաբերյալ որոշակի տվյալների հավաքագրում և չափման ու կանխատեսման իրենց պրակտիկաները ԵՄ մեթոդաբանությանը հետագայում համապատասխանեցնելու հետաքրքրություն են հայտնել:
Ցուցանիշների շարքի հետագա ընդլայնումը և միջպետական համադրելիության բարելավումը կարող են զգալի հավելյալ արժեք ստեղծել Արևելյան գործընկերության տարածաշրջանի այլ երկրների հետ առաջընթացի համեմատական վերլուծության համար: Համադրելիությունը հնարավոր կդառնա տվյալների հավաքագրման մեթոդների մոտարկմամբ, ներառյալ՝ ընտրանքը, հետազոտության ծրագրի կազմումը և տվյալների դասակարգումը:
Ավելին, ողջ տարածաշրջանում տարբեր ձևերով դրսևորվում է թվային հմտությունների պահանջարկի կանխատեսումը, այդ թվում՝ հմտությունների վերաբերյալ հետազոտությունների, աշխատուժի վերաբերյալ ընդհանուր կանխատեսումների, ինչպես նաև որակական մեթոդների կիրառմամբ, ինչպիսիք փորձագիտական աշխատանքային խմբերն են: Այնուամենայնիվ, թվային հմտությունների ապագա կարիքները ներկայումս գնահատված չեն տարածաշրջանային մակարդակում կամ ընդհանուր մոտեցման միջոցով, ինչը կարող էր հզոր ներդրում ունենալ կրթության և ուսուցման համակարգի՝ տարբեր տեսակի և մակարդակի թվային կարողությունների աճող կարիքներին արձագանքելու կարողության բարելավման վրա:
Այնուամենայնիվ, զեկույցում նշվում են նաև մի շարք նախապայմաններ, որոնք անհրաժեշտ է ունենալ նախքան Արևելյան գործընկեր երկրներում ընդհանուր մեթոդաբանություն ներդնելը, ինչպիսիք են տվյալների հավաքագրման և վերլուծության գործընթացում ներգրավված անձնակազմի կարողությունների զարգացումը և համապետական հարցումներ, տվյալների վերլուծություն և կանխատեսում իրականացնելու համար բավարար ռեսուրսների հատկացման անհրաժեշտությունը:
Հրապարակված զեկույցը հասանելի է այստեղ: