«EU4Digital» ծրագիրը դեկտեմբերի 18-ին կկազմակերպի աշխատաժողով՝ նվիրված տեխնոլոգիաների ոլորտում կանանց մենթորության ծրագրերի գործունեությանը: Սա վերջին նստաշրջանն է, որի նպատակն է մշակել գործողությունների գործնական ծրագիր` Արևելյան գործընկերության տարածաշրջանում մենթորության ծրագրերի իրականացման համար:
Տեխնոլոգիաների ոլորտում կանանց մենթորության ծրագրերի հենց սկզբից սահմանված տեղական շահառու կազմակերպություններն ակտիվորեն ներգրավվել են մի շարք աշխատանքային նստաշրջաններում՝ օգնելու, որպեսզի վերջիններս պատրաստ լինեն ստանձնել մենթորական ծրագրերի իրականացումը: Նստաշրջանները վերաբերում էին հետևյալ թեմաներին. «Կանանց դիրքը տեղական տեխնոլոգիական շուկաներում», «Կազմակերպությունների մենթորության փորձը և տեխնոլոգիաների ոլորտում կանանց ներգրավվածության մասին իրազեկվածության բարձրացմանն ուղղված այլ պրակտիկաներ», «Կազմակերպությունների՝ մենթորության ծրագիրն իրականացնելու և մենթորության վերաբերյալ ավելի խորը գիտելիքներ ստանալու պատրաստակամությունը` հաջողության դեպքերի օրինակների, արգասաբեր մենթորության ծրագրի ստեղծման բաղադրիչների և իրականացման գործնական ուղիների հետ ծանոթանալու միջոցով»:
Դեկտեմբերի 18-ին «EU4Digital» ծրագիրը՝ ԵՄ «Women Go Tech» կազմակերպության մասնագետների հետ միասին, կհամախմբի տեղական կազմակերպություններին` մշակելու այն գործողությունները, որոնք պետք է ձեռնարկվեն արևելյան գործընկեր երկրներում կանանց մենթորության ծրագրեր գործարկելու համար:
Աշխատաժողովի հիմնական նպատակը տեղական շուկաներում պիլոտային ծրագրեր սկսելու համար տեղական կազմակերպությունների կողմից պահանջվող պատրաստակամության և գործողությունների սահմանումն է: Այսպիսով, քննարկումը կծավալվի հետևյալ ուղղություններով. ծրագրի կառուցվածքի և բովանդակության ձևավորում՝ նպատակային լսարանի ու կրթական գործունեության համար, և ծրագրի ֆինանսական, մարդկային ու տեխնիկական ռեսուրսների պահանջների ձևակերպում:
Սույն աշխատաժողովի ընթացքում գործընկեր երկրների կազմակերպությունները ներկայացնող մասնակիցները կդիտարկեն գործողությունների ծրագրի մշակման համար սահմանված իրականացման կետերը: Բացի այդ, նստաշրջանը նպատակ ունի ծրագրին մասնակցող
կազմակերպությունների շրջանակներում ստեղծել նաև գործնական կապերի հաստատման և, այդպիսով, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման, նոր գործընկերությունների կամ նույնիսկ մենթորների, իմա՝ ոլորտային փորձագետների փոխանակման հնարավորություն:
Վեց երկրների ներկայացուցիչները, ովքեր դեկտեմբերի 18-ին մասնակցելու են եզրափակիչ աշխատաժողովին, ներքոնշյալներն են.
- Girls in Tech Armenia (Հայաստան).
- Azerbaijani Women in ICT Club – Femmes Digitales (Ադրբեջան).
- EPAM (Բելառուս).
- Վրաստանի նորարարությունների և տեխնոլոգիաների գործակալություն (GITA) (Վրաստան).
- Տեղեկատվական և հաղորդակցական ընկերությունների մոլդովական ասոցիացիա (ATIC) (Մոլդովայի Հանրապետություն).
- Girls in STEM (Ուկրաինա):
Սա տեխնոլոգիական ոլորտում կանանց մենթորության ծրագրի եզրափակիչ սեմինարն է: Այս նստաշրջանի արդյունքում EU4Digital–ը պետք է մինչև 2020 թվականի ավարտը ավարտուն տեսքի բերի «նոու-հաու» փաթեթը և գործողությունների ծրագիր պատրաստի: Ակնկալվող արդյունքն այն է, որ տեղական կազմակերպությունները կստանձնեն իրենց երկրներում նմանատիպ մենթորական ծրագրերի հետագա զարգացման գործը՝ հաշվի առնելով տարածաշրջանային համագործակցության ասպեկտները: