Եվրոպական կրթական հիմնադրամը (ԵԿՀ), փնտրելով թվային կոմպետենցիաների զարգացման դասավանդման և ուսումնառության առաջավոր փորձի օրինակներ, հայտարարում է մրցույթ, որը բաց է բոլոր մասնագիտական ուսուցման հաստատությունների, համալսարանների, ուսումնական կենտրոնների և ծառայություն մատուցողների համար:
ԵԿՀ Նորարությունների և հմտությունների մրցույթը բաց է մասնագիտական ուսուցման բոլոր դպրոցների և քոլեջների, ինչպես նաև համալսարանների, ուսումնական կենտրոնների ու կրթական ծառայություններ մատուցող պետական և մասնավոր կազմակերպությունների համար, որոնք նախնական ու շարունակական մասնագիտական կրթություն և ուսուցում են առաջարկում ԵԿՀ գործընկեր երկրներում (վերջիններիս թվում՝ Արևելյան գործընկերության բոլոր վեց երկրներում):
Ինչի՞ն է ուղղված ԵԿՀ Նորարարությունների և հմտությունների մրցույթը
Համաշխարհային աշխատաշուկայի անընդհատ փոփոխվող պահանջարկի պայմաններում մարդիկ ստիպված են ձեռք բերել նոր հմտություններ, փոխել աշխատատեղեր ու նոր հաստիքներ զբաղեցնել իրենց ողջ կարիերայի ընթացքում: Սա պայմանավորված է տարբեր գործոնների համադրությամբ, ինչպիսիք են՝ տեխնոլոգիական ձեռքբերումների արագացումը, տնտեսությունների թվայնացումը, գլոբալիզացիան, ժողովրդագրությունը, միգրացիան և կլիմայի փոփոխությունը: Թեև այս փոփոխությունների ողջ ուժգնությունն ու վերջնական հետևանքները դեռևս ամբողջությամբ հայտնի չեն, և դրանց ազդեցությունը երկրից երկիր կտատանվի, կրթության և ուսուցման համակարգերը կարիք ունեն այնպիսի կարողությունների, որոնց միջոցով հնարավոր կլինի զարգացնել դասավանդողներին, կրթական ծառայություն մատուցողներին և ուսումնառություն ստացողներին աջակցող ու աշխատաշուկաներին անհրաժեշտ հմտություններով ապահովող ծառայություններ և գործիքներ:
Ի՞նչն է 2020 թվականի մրցույթի ուշադրության կենտրոնում Թվային տեխնոլոգիաները փոխակերպում են մեր հասարակությունները: ԵՄ առանցքային կոմպետենցիաներից մեկը համարվող թվային կոմպետենցիան ավելի ու ավելի օգտակար է դառնում մեր կյանքի գրեթե բոլոր ասպարեզներում, մասնավորապես՝ զբաղունակության և մասնագիտական կարիերայի աճի ոլորտում: Թվային փոխակերպումն այս կամ այն չափով տեղի է ունենում ամենուր: ԵԿՀ-ն իր գործընկեր երկրներին աջակցում է իր իսկ առաջարկած հնարավորություններն
օգտագործելու հարցում՝ ՄԿՈՒ համակարգի ընթացիկ բարեփոխումների համատեքստում արձագանքելով թվային տեխնոլոգիաների հետ կապված մարտահրավերներին:
Այս համատեքստում, ԵԿՀ-ն փնտրում է թվային կոմպետենցիաների զարգացման դասավանդման և ուսուցման առաջավոր փորձի օրինակներ: Հիմնական չափանիշները թվային կոմպետենցիաների զարգացման ուսումնական ծրագրի մշակումն ու նոր / նորարարական մոտեցումներն են: Առաջավոր փորձի օրինակների ընտրությունը կիրականացվի` հաշվի առնելով ազգային, տարածաշրջանային կամ կազմակերպական համատեքստը և այդ համատեքստին տվյալ օրինակի համապատասխանությունը:
Ընտրված օրինակները տեղեկատվական հիմք կապահովեն ԵԿՀ հետագա աշխատանքի համար և դասավանդողներին, ուսումնական ծրագրերի գծով մասնագետներին, վերապատրաստական ծառայություններ մատուցողներին ու քաղաքականություն մշակողներին կապահովեն իրենց իսկ աշխատանքի համար անհրաժեշտ գաղափարներով և հնարավորություններով:
Ո՞րն է Եվրամիության դերը
ԵՄ-ն աջակցում է թվային կոմպետենցիաների զարգացմանը` քաղաքացիների, կրթության ոլորտում ներգրավված մասնագետների և կազմակերպությունների համար տեղեկատվական շրջանակների (DigComp 2.1, ներառյալ DigComp Into Action-ը, DigCompEdu-ն և DigCompOrg-ը), ինչպես նաև դպրոցների համար ինքնագնահատման գործիքի (SELFIE) մշակմամբ: Դրանք պրակտիկ մասնագետների ու քաղաքականություն մշակողների համար ոգեշնչման աղբյուր են՝ ուսուցման կոնկրետ արդյունքների և առաջընթացի մակարդակների օրինակներով: Թվային կրթության գործողությունների ծրագիրը կոնկրետ գործողություններ է ձեռնարկում և աջակցում է կրթության ոլորտում տեխնոլոգիաների կիրառմանն ու թվային կոմպետենցիաների զարգացմանը: Քաղաքականության մակարդակում թվային կոմպետենցիան 2006 թվականից ի վեր հանդիսանում է ԵՄ քաղաքացիների ցկյանս ուսումնառության ութ հիմնական կոմպետենցիաներից մեկը՝ հիմք ստեղծելով առանձին քաղաքականության մշակման համար (մանրամասների համար տե՛ս Թվային հմտությունների և կոմպետենցիաների ու թվային և առցանց ուսուցման վերաբերյալ ԵԿՀ դիրքորոշումն ու Ցկյանս ուսումնառության հիմնական կոմպետենցիաների մասին Եվրոպական խորհրդի հանձնարարականը (2018)):
Ինչպե՞ս մասնակցել
Խնդրում ենք ներկայացնել ձեր առաջավոր փորձը՝ լրացնելով հետևյալ հայստի ձևը՝ http://ETF.APPLY.sgizmo.com/s3/ :
Ընտրության ընթացակարգ
ԵԿՀ նոր մրցույթի եզրափակիչ փուլի երկու մասնակիցները նախապես կընտրվեն ԵԿՀ ընտրող հանձնաժողովի կողմից և 2020 թվականի նոյեմբերին կայանալիք ԵՄ մասնագիտական հմտությունների շաբաթվան նախորդող ամսվա ընթացքում կմասնակցեն առցանց հանրային քվեարկության: