Հոկտեմբեր 9-ին կայացած վիրտուալ միջոցառման ընթացքում թվային տիրույթի ավելի քան 50 փորձագետներ, քաղաքականություն մշակողներ, ԵՄ պատվիրակությունների ներկայացուցիչներ և Արևելյան գործընկեր երկրների ազգային ներկայացուցիչներ տեղեկացան վստահության և անվտանգության ոլորտում (eId-ից՝ կիբերանվտանգություն) EU4Digital-ի գործունեության առաջընթացի մասին:
«EU4Digital» ծրագրի կողմից և EU4Digital-ի ղեկավար կոմիտեի՝ հոկտեմբերի 5-ից 9-ի ընթացքում կայացած նիստի շրջանակներում կազմակերպված նստաշրջանը վարում էին EU4Digital-ի ծրագրային թիմի ղեկավար Արթուրաս Պիլիպոնիսը և EU4Digital-ի «Վստահություն և անվտանգություն» թեմատիկ ուղղության թիմի ղեկավար Մարտինաս Դաուգիրդասը:
Ծրագրային թիմի «Վստահություն և անվտանգություն» ուղղության ներկայացուցիչները մասնակիցներին տեղեկացրեցին մի շարք գործողությունների մասով արձանագրված առաջընթացի մասին, ներառյալ` Արևելյան գործընկեր երկրներում էլեկտրոնային նույնականացման և eId-ի հասունության գնահատման փոխադարձ ճանաչումը, միջսահմանային էլեկտրոնային ստորագրության պիլոտավորումը, միջսահմանային էլեկտրոնային ծառայությունները և Արևելյան գործընկերության տարածաշրջանի համար նախատեսված կիբերանվտանգության ուղեցույցները:
Ներկայացվեցին Արևելյան գործընկեր երկրներում էլեկտրոնային նույնականացման (eID) օգտագործման, հասարակական կյանք դրա ներթափանցման և հասունության վերլուծության արդյունքները, որոնք ցույց են տալիս, որ նշված երկրները տեխնոլոգիապես էականորեն ներդաշնակեցված են, թեև կազմակերպչական առումով դեռևս զգալի աշխատանք կատարելու անհրաժեշտություն կա: «EU4Digital» ծրագիրը ներկայացրեց նաև կիբերանվտանգության ուղեցույցների արդյունքները՝ ամփոփելով Արևելյան գործընկեր երկրներում կիբերանվտանգային հնարավորությունների ամրապնդման և կիբերանվտանգային դիմակայունության տեսանկյունից վերացման ենթակա հիմնական խոչընդոտներն ու բացերը:
Միջսահմանային էլեկտրոնային ստորագրությունն այն առանցքային գործոններից մեկն է, որը հնարավոր է դարձնում դեպի Արևելյան գործընկեր երկրներ միասնական թվային շուկայի ընդլայնումը: Թեմատիկ նստաշրջանի ընթացքում EU4Digital-ի վստահության և անվտանգության թիմի ավագ փորձագետ Սերգիու Սեչելը հրամցրեց Ուկրաինայի և Էստոնիայի միջև միջսահմանային էլեկտրոնային ստորագրության պիլոտային ծրագրի միջնաժամկետ արդյունքները՝ ներկայացնելով երկու երկրների միջև էլեկտրոնային ստորագրության ստեղծումն ու ստուգումն ի ցույց դնող նախատիպային լուծումը:
Մասնակիցները քննարկեցին նաև 2021 թվականից հետո ժամանակահատվածի հեռանկարների շուրջ իրենց տեսլականը, ներառյալ` էլեկտրոնային ստորագրության պիլոտավորման և միջսահմանային էլեկտրոնային ծառայությունների պիլոտավորման ընդլայնումն Արևելյան գործընկեր բոլոր երկրներում, փոխգործունակության ազգային կառուցակարգերի ստեղծումը, միջսահմանային համագործակցության ամրապնդումը և Արևելյան գործընկեր երկրներում կրիտիկական ենթակառուցվածքների ու կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների նույնականացմանն ուղղված աջակցությունը: Նիստը շարունակեց GFA Consulting Group-ի ներկայացուցիչ, EU4Digital-ի «Կիրբերանվտանգություն ԱՐԵՎԵԼՔ» ծրագրային թիմի ղեկավար Բեսնիկ Լիմայը, ով ներկայացրեց կիբերանվտանգության ծրագրի ներկա վիճակը և առաջիկա ժամանակահատվածի պլանները:
Վստահության և անվտանգության թեմայով նստաշրջանը եզրափակվեց քննարկումներով և հարցուպատասխանով: eID-ների փոխադարձ ճանաչմանն ուղղված տարածաշրջանային գործողությունների ծրագրերի մշակման, միջսահմանային փոխադարձ ճանաչման ապահովման համար էլեկտրոնային ստորագրության շարունակականության և միջսահմանային էլեկտրոնային ծառայությունների փոխգործունակության ուղղությամբ առաջիկայում պլանավորված գործողություններով պայմանավորված՝ քննարկումները կենտրոնացան ընթացիկ գործողությունների մասով եղած առաջընթացի, առաջիկա գործողությունների մասով առաջնահերթությունների և COVID-19 համավարակի ժամակաշրջանում կիբերանվտանգության ու թվային վստահության ծառայությունների կարևորության վրա:
EU4Digital-ի վստահության և անվտանգության ցանցի հաջորդ հանդիպումն այս պահի դրությամբ նախատեսված է նոյեմբեր ամսին: Ճշգրիտ ժամկետը ենթակա է հաստատման: