ՏՀՏ նորարարությունների ոլորտում նեթվորքինգային միջոցառմանը ձևակերպվել են գործնական քայլեր՝ ուղղված արևելյան գործընկեր երկրներում ՏՀՏ կլաստերների միջազգայնացմանը և տեսանելիությանը

  • Ամսաթիվ: 22/12/20
  • Կիսվել:

Դեկտեմբերի 14-ին EU4Digital-ի կազմակերպած գործարար կապերի հաստատման (նեթվորքինգային) միջոցառմանը քննարկվել են ՏՀՏ նորարարությունների ոլորտում նորարարական կլաստերների և կլաստերատիպ գործարար ցանցերի կազմակերպման ու կառավարման ուղիները՝ կենտրոնանալով ԱլԳ տարածաշրջանում կլաստերների տեսանելիության բարձրացման և դրանց միջև կապի հաստատման վրա:

Վիրտուալ նեթվորքինգային միջոցառման թիրախում արևելյան գործընկեր երկրների կլաստերային էկոհամակարգերի կազմակերպություններն էին՝ դյուրացնելու Կլաստերների համագործակցության եվրոպական հարթակում (ECCP) դրանց գրանցումը և խորացնելու կլաստերների կազմակերպման ու զարգացման մասին նրանց գիտելիքները:

Հանդիպման ընթացքում ԵՄ առանցքային կազմակերպություններն ու ԱլԳ տարածաշրջանի ՏՀՏ կլաստերները ներկայացրեցին արժեքավոր առաջարկներ, կլաստերի աճի և միջազգային համագործակցության միջազգային փորձը, ինչպես նաև կլաստերային էկոհամակարգերի զարգացման հեռանկարները: Մասնակիցների թվում էին.

Միջոցառումը հավաքել էր շուրջ 60 մասնակիցների` ՏՏ ոլորտի հետ կապված 44 տարբեր կազմակերպություններից. գործարար և մասնագիտական ասոցիացիաների, բարձր տեխնոլոգիական պարկերի և տեխնոպարկերի, նախարարությունների, պետական գործակալությունների և էկոհամակարգի այլ դերակատարների ներկայացուցիչներ արևելյան գործընկեր երկրներից, ինչպես նաև Ներդաշնակեցված թվային շուկայի (HDM) ազգային համակարգողներ, ԵՄ պատվիրակություններ և ՏՀՏ նորարարությունների հարցերով փորձագիտական ցանցի անդամներ:

Միջոցառումը ներառում էր ինտերակտիվ նստաշրջաններ, որոնք նվիրված էին կլաստերների զարգացման և համագործակցության մի շարք ասպեկտների.

  • Կլաստերային քաղաքականությունը՝ միջազգայնացման համատեքստում.
  • Կլաստերների տեսանելիությունը և համագործակցությունը ԵՄ կլաստերների հետ. ECCP հարթակի ծառայությունների փաթեթն ու գրանցման գործընթացը.
  • ԵՄ և Արևելյան գործընկերության կլաստերների կազմակերպման, զարգացման և միջազգայնացման հեռանկարները:

Միջոցառումը բացեց այն վարող և EU4Digital-ի ՏՀՏ նորարարությունների ուղղության համակարգող Աննա Պոբոլը` ներկայացնելով նեթվորքինգային միջոցառման նպատակները, որից հետո Եվրոպական հանձնաժողովի (DG GROW) քաղաքականության հարցերով պատասխանատու պրն. Քրիստոֆ Գիշարը հանդես եկավ «Եվրոպական հանձնաժողով. կլաստերային քաղաքականության ԵՄ հիմնասյուները՝ միջազգայնացման համատեքստում» թեմայով պրեզենտացիայով:

Պրն. Գիշարը շեշտեց, որ կլաստերներն իրենց դրսևորել են որպես գերազանց խթանողներ, որոնք օգնում են քաղաքականության գործիքները հարմարեցնել եվրոպական արդյունաբերության կարիքներին ու հնարավորություններին և վճռական դեր են խաղում եվրոպական էկոհամակարգի արժեքային շղթաները ավելի դիմակայուն դարձնելու գործում: ԵՀ-ն կլաստերների միջև գործարար կապերի հաստատմանը և միջազգայնացմանն աջակցում է Կլաստերների համագործակցության եվրոպական հարթակի, Կլաստերների որակավորումների բարձրացման եվրոպական ծրագրի, ԵՄ-ի «Cluster Go International» գործողության և գործընկերությունների հաստատմանն ուղղված միջոցառումների միջոցով: Եվրակլաստերների առաջիկա ծրագիրը (2021-2027 թթ.) նպատակ ունի արժեքային շղթայի փոխադարձ կապեր զարգացնել ԵՄ միասնական շուկայում, զարգացնել ռազմավարական ինքնավարության բարձրացմանը նպաստող կարողություններ և արագացնել ավելի կանաչ և ավելի թվային տնտեսության անցումը: ECCP-ի ներկայացուցիչներ Յան Մաարտեն դե Վետը (նախագծերի ղեկավար) և Լյուսիա Սիլը (պրոֆիլների վավերացման պատասխանատու) հանդես եկան «Կլաստերների համագործակցության եվրոպական հարթակ. համառոտ ակնարկ՝ արժեքային առաջարկի և գրանցման գործընթացի վերաբերյալ» թեմայով հիմնական ելույթով: Բանախոսներն ընդգծեցին ECCP-ի առաջարկած օգուտներն ու ծառայությունները տարատեսակ օգտագործողների, իմա՝ ԵՄ-ի «Ձեռնարկությունների և փոքր ու միջին ձեռնարկությունների մրցունակություն (COSME)» ծրագրում ընդգրկված և դրանում չընդգրկված երկրների համար, ինչպես նաև բացատրեցին գրանցման գործընթացն ու վավերացման չափանիշները: Նրանք ընդգծեցին նաև, թե վավերացման չափանիշներին համապատասխանելու ջանքերն ինչպես կարող են անդրադառնալ ազգային նորարարամետ գործարար ցանցերի ձեռքբերումների, համաշխարհային տեսանելիության ամրապնդման և ավելի համագործակցային եղանակով հարաբերությունների կառուցման վրա: Այս չափանիշները կարող են նաև տեղեկատվական հիմք ծառայել արևելյան գործընկեր երկրների նորարարական քաղաքականություն մշակողների համար` կլաստերների զարգացման և մոնիտորինգի ազգային գործիքակազմ ստեղծելու նպատակով: Քննարկման արդյունքում կատարվեց եզրահանգում, որ ECCP-ի ծառայությունների ավելի ակտիվ օգտագործումը զգալի օգուտներ կբերի արևելյան գործընկեր երկրների շահագրգիռ կողմերին, ինչպիսին ընդլայնված համագործակցային ցանցն է, որը

նպաստում է կլաստերի արագ զարգացմանն ու նորարարություններին: ԱլԳ շահագրգիռ կողմերին առաջարկվեց նաև դիմել ECCP-ին՝ համատեղ երկկողմ նախագծերի (օրինակ՝ կլաստերների կառավարիչների կարողությունների զարգացման) հնարավորությունը դիտարկելու համար:

Միջոցառման երկրորդ նստաշրջանը նվիրված էր կլաստերների կայացման և զարգացման ուղղությամբ ԵՄ-ի և արևելյան գործընկերների գործնական փորձի ուսումնասիրմանը: Կլուժի ՏՏ կլաստերի (Ռումինիա) գործադիր տնօրեն Անդրեի Կելեմենը ներկայացրեց Կլուժի ՏՏ կլաստերի կազմակերպման, զարգացման և միջազգային ինտեգրման փորձը: Կլուժի ՏՏ կլաստերին հաջողվել է վերածվել ավելի քան 80 անդամ ունեցող ցանցի՝ առանց որևէ կառավարական աջակցության, բայց շնորհիվ Կլաստերների համագործակցության եվրոպական հարթակում ակտիվ ներկայության, Թվային ՓՄՁ-ների եվրոպական դաշինքին անդամակցության և այլ միջազգային գործընկերությունների: Կլուժի ՏՏ ցանցն աջակցում է ՏՏ ընկերությունների՝ աութսորսինգային ծառայություններ մատուցողից արժեք ստեղծող կազմակերպության փոխակերպմանը և ամրապնդում է նորարարական էկոհամակարգը՝ խելացի մասնագիտացման, կառուցվածքային փոխակերպման ու տեխնոլոգիաների փոխանցման միջոցով:

Ուկրաինական երեք նորարարական կլաստերներ էլ խոսեցին ինքնակազմակերպման և զարգացման իրենց փորձի մասին:

Նախ, Խարկովի ՏՏ կլաստերի գործադիր տնօրեն Օլգա Շապովալը կիսվեց, թե ինչպես են մշակվել կլաստերի կառավարման և գործունեության կառուցվածքը՝ ի հայտ եկող խնդիրները լուծելու համար: Կլաստերն ի սկզբանե հիմնադրվել է ՏՏ ընկերությունների սեփականատերերի կողմից, ովքեր միավորվել են իրենց բիզնես գործունեությանը խոչընդոտող խնդիրներին համատեղ դիմակայելու համար: Հետագայում ներգրավվել են լրացուցիչ շահագրգիռ կողմեր՝ կրթական հատուկ խնդիրների լուծման համար: Ներկայումս փոխադարձ ամրապնդող կլաստերային կապերի զարգացման գործում կարևոր դեր են խաղում B2B և համայնքային միջոցառումները: Ուկրաինայի արդյունաբերական ավտոմատացման ասոցիացիայի (AIAU) գլխավոր տնօրեն Ալեքսանդր Յուրչակը ներկայացրեց Ուկրաինայում բարձր տեխնոլոգիական արդյունաբերական կլաստերի զարգացման փորձը, առաջընթացը և մարտահրավերները: AIAU-ը գլխավորել է նախագծեր, որոնք միաձուլում են խելացի մասնագիտացման և կլաստերիզացիայի ռազմավարությունները` Արդյունաբերության 4.0-ում արդյունավետ նորարարության տարբեր գործիքներ համատեղելու համար: Այդ նպատակով ստեղծվել է Industry4Ukraine հարթակը՝ միավորելով արդյունաբերական ասոցիացիաները, կլաստերները և շահագրգիռ այլ կողմերի: Յուրչակը նշեց, որ բարձր տեխնոլոգիական կլաստերների զարգացման հիմնական մարտահրավերները հաղթահարելու համար հատուկ քաղաքական աջակցություն է անհրաժեշտ եղել, իմա՝ կլաստերների աջակցման կազմակերպությունների ինստիտուցիոնալացում՝ պետական մակարդակով, ուսումնական և զարգացման ծրագրեր՝  տարածաշրջանային քաղաքականության մեջ ավելի լավ ինտեգրման համար, էկոհամակարգի զարգացում (օրինակ`

արագացուցիչներ, փորձարարական հարթակներ և 4.0 կենտրոն) և ՏՏ ոլորտի հետ սիներգիայի բարելավում:

Եզրափակիչ ներկայացմամբ հանդես եկավ Ուկրաինայի կլաստերների կոմիտեի ղեկավար և Մերձկարպատյան էկոէներգետիկ կլաստերի գործադիր տնօրեն Լյուդմիլա Շիյկոն: Բանախոսը ներկայացրեց Ուկրաինայում կլաստերների զարգացման ազգային ծրագիրը, որը մշակվել է՝ պայմանավորված կլաստերների զարգացման գործընթացն ուղղորդող կենտրոնացված մարմնի անհրաժեշտությամբ: Կլաստերների կոմիտեն ստեղծել է երկրում կլաստերների զարգացման հատուկ ծրագրային ուղեցույց, որը գործողություններ է նախատեսում ինստիտուցիոնալացման, որակի ազգային համակարգի ստեղծման, ուկրաինական կլաստերների ցանցի ստեղծման և դրանց միջազգայնացման ուղղությամբ:

Ամփոփելով միջոցառումը՝ EU4Digital-ի ՏՀՏ նորարարությունների ուղղության համակարգող Աննա Պոբոլը նշեց, որ ՏՏ ոլորտի շահագրգիռ կողմերի «ներքևից վերև» և առաքելությանը միտված համագործակցությունը ապացուցել է, որ այն կլաստերի կազմակերպման և զարգացման ամենաարդյունավետ միջոցն է: Այնուամենայնիվ, պետությունը կարևոր դերակատարում ունի կլաստերների՝ որպես տնտեսական զարգացման միջոցի հզորացման և նորարարական նախագծերին աջակցման, ինչպես նաև ՓՄՁ-ների միջազգայնացման և համաշխարհային արժեքային շղթաներում դրանց ինտեգրմանն աջակցելու գործում: Ի վերջո, հարկ է ընդգծել ԵՄ և Արևելյան գործընկեր երկրների քաղաքականություն մշակողների միջև փորձի փոխանակման խիստ արդիականությունը՝ որպես ԱլԳ տարածաշրջանում կլաստերներին աջակցման ավելի լավ քաղաքականություն ստեղծելու միջոց:

***

ՏՀՏ նորարարությունների ոլորտում գործարար կապերի հաստատմանն ուղղված միջոցառումներ

ՏՀՏ նորարարությունների ոլորտում գործարար կապերի հաստատմանն ուղղված միջոցառումները նպատակ ունեն նպաստել ԱլԳ համայնքների կայացմանը ՏՀՏ նորարարությունների բնագավառում ընտրված քաղաքականության ոլորտներում: Բացի տարածաշրջանում ցանցեր ստեղծելուց, դրանք ձգտում են երկկողմ և բազմակողմ կամուրջներ հաստատել Արևելյան գործընկերությունը ներկայացնող կազմակերպությունների և ԵՄ շահագրգիռ կողմերի միջև` հետագայում համատեղ կայուն գործողությունների և նախագծերի իրականացման համար: Այս ջանքերն ուղղված են ԱլԳ տարածաշրջանի շահագրգիռ կողմերի կողմից ԵՄ համապատասխան լավագույն պրակտիկաների առավել ընդհանուր և խորացված յուրացմանն ու ըմբռնմանը: Այսպիսով, միջոցառումների շարքն ուղղված է լայն լսարանին, ներառյալ նախարարներին ու քաղաքականության համապատասխան ոլորտներում ներգրավված  գործակալություններին, ասոցիացիաներին ու ցանցերին, ՏՀՏ ենթակառուցվածքային կազմակերպություններին, ինչպես նաև ՏՀՏ նորարարությունների էկոհամակարգի այլ դերակատարներին:

Նորություններ

Ցուցադրել բոլորը