Անկախ կարգավորումը՝ որպես Հայաստանում էժան ռոումինգ ծառայության առանցքային գործոն

  • Ամսաթիվ: 11/05/21
  • Կիսվել:

Առաջիկա տարիների ընթացքում Արևելյան գործընկերության այլ երկրներ մեկնող հայաստանցիներն աստիճանաբար ավելի քիչ կծախսեն ռոումինգ ծառայության վրա՝ շնորհիվ «EU4Digital» նախաձեռնության աջակցությամբ տարածաշրջանային ռոումինգի համաձայնագրի: Այնուամենայնիվ, այս համաձայնագրի ստորագրումը, որը նախատեսված է 2021 թ. աշնանը, միայն սկիզբն է, քանի որ դրա հաջողելը մեծապես կախված կլինի ստորագրող երկրների առաջիկա տարիների աշխատանքից:

Համաձայնագիրը ստորագրող երկրների (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա) համար նախատեսում է առաջիկա մի քանի տարվա ընթացքում ռոումինգի սակագների իջեցում: 2026 թ. ավարտի դրությամբ արևելյան գործընկեր երկրներում ռոումինգի սակագները պետք է նվազած լինեն 87 տոկոսով:

2021 թ. ընթացքում ստորագրող երկրների կառավարությունները պետք է անհրաժեշտ փոփոխություններ կատարեն օրենքներում և կարգավորումներում՝ ռոումինգի արժեքը նվազեցնելու համար: Այնուհետև՝ հաջորդ տարվա սկզբից, Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի՝ հայաստանցիներին աստիճանաբար թույլ տալով ավելի քիչ վճարել բջջային ռոումինգ ծառայության համար:

Կարգավորող մարմինների անկախությունն՝ ամեն ինչից վեր

Այնուամենայնիվ, բոլոր երկրները դեռ շատ աշխատանք ունեն անելու այս համաձայնագրի լիարժեք իրականացման համար: EU4Digital-ի հեռահաղորդակցության կանոնների հարցերով թիմի ղեկավար Անդրեյս Դոմբրովսկիսի խոսքով՝ լավ կազմակերպված կարգավորող համակարգը, ներառյալ՝ անկախ ազգային կարգավորողի ստեղծումը, մատակարարների միջև ազատ ու արդար մրցակցություն, ինչպես նաև ծառայություններից օգտվողների հզորացում ու պաշտպանություն ապահովող կարգավորող համակարգ կառուցելու անկյունաքարն է:

Հայաստանյան ազգային կարգավորող մարմինը՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ), ֆունկցիոնալ առումով անկախ է: Որպես բազմաթիվ ոլորտներ կարգավորող մարմին՝ այն պատշաճ հիմքեր ունի մատչելի լայնաշերտ ցանցի զարգացման ոլորտում ԵՄ լավագույն պրակտիկաների արագ և արդյունավետ ներդրման համար՝ նախատեսված ԵՄ կարգավորող համակարգով ու նոր ընդունված ԵՄ կապակցելիության գործիքակազմով:

This image has an empty alt attribute; its file name is Andrejs_6017c77073bcd-5-683x1024.jpg
Անդրեյս Դոմբրովսկիս

«Կարգավորող մարմինը պետք է անկախ լինի ոչ միայն շուկայից: Այն իր գործունեությունը պետք է իրականացնի՝ անկախ քաղաքականությունից և քաղաքականություն մշակողներից: Սա կարևոր տարր է՝ օրենքով երաշխավորված անկողմնակալ որոշումների կայացման գործընթացն ապահովելու համար», – բացատրում է Դոմբրովսկիսը:

Նա հավելում է, որ անկախ ազգային կարգավորող մարմնի գործողությունները հավասարակշռելու են շուկայի մասնակիցների կողմից ծառայությունների մատուցման հեռանկարները և ծառայություններից օգտվողների շահերը: Կարգավորողներին պետք է անկողմնակալ միջամտության իրավասություն տրվի՝ շուկայի և սպառողների իրավունքների խախտման դեպքում:

«Ազգային կարգավորող մարմինը պատասխանատու կլինի տարածաշրջանային ռոումինգի համաձայնագրում ներառված պարտավորությունների առնչությամբ որոշումներ կայացնելու համար: Հետևաբար, դրանք առանցքային դեր ունեն սպառողների կողմից սույն համաձայնագրի առավելություններից օգտվել կարողանալու հարցում», – նկատում է հեռահաղորդակցության կանոնների հարցերով փորձագետը:

Դոմբրովսկիսը շեշտում է, որ քաղաքականություն մշակողները և օրենսդիրները մեծ ազդեցություն կունենան այս գործընթացի վրա՝ ապահովելով, որ կարգավորող մարմինը բավարար լիազորություններ ստանա: EU4Digital-ի փորձագետը համոզված է, որ եթե տարածաշրջանային ռոումինգի համաձայնագրի իրագործումը պահանջում է փոփոխություններ կատարել ազգային օրենսդրության մեջ, ապա դա անհրաժեշտ է անել:

Ինչպե՞ս կարելի է ազգային մարմիններն անկախ դարձնել

Արևելյան գործընկերության էլեկտրոնային հաղորդակցության կարգավորողների ցանցի (EaPeReg) Անկախ կարգավորողների և լայնաշերտ կապի փորձագիտական աշխատանքային խմբի (ԱԿԼԿ ՓԱԽ) ղեկավար Ինգա Պոպովիչին ասում է, որ թեև ՀԾԿՀ-ն ֆունկցիոնալ առումով անկախ է, այն լրացուցիչ լիազորությունների և բավարար ռեսուրսների կարիք ունի:

This image has an empty alt attribute; its file name is Photo-724x1024.jpg
Ինգա Պոպովիչի

«Կարող ենք ասել, որ ազգային կարգավորող մարմինը (ԱԿՄ) լիովին անկախ կլինի, երբ նրան տրվեն համարժեք լիազորություններ` ապահովելու համապարփակ կարգավորումներ, որոնք ունակ կլինեն արձագանքել քաղաքացիների կարիքներին, հատկապես այս դժվարին ժամանակներում, երբ մարդիկ պետք է ապավինեն դիմակայուն ցանցերի և ծառայությունների: Հայաստանի պարագայում առաջարկվում է, որ ԱԿՄ-ին տրվեն սպեկտրիբաշխման և մշտադիտարկման իրավասություններ: Հայտնի է, որ տվյալահեն կարգավորումները օգտակար են շուկայի և, առաջին հերթին, քաղաքացիների համար: Այդ նպատակով անհրաժեշտ են համարժեք մշտադիտարկման իրավասություններ»:

Բավարար ռեսուրսները նույնպես կենսական նշանակություն ունեն, որպեսզի ԱԿՄ-ն կարողանա կատարել իր պարտականությունները: «Իրավական դաշտը պետք է բավականաչափ մարդկային և ֆինանսական ռեսուրսներ երաշխավորի, որպեսզի կարգավորղ մարմինն իր պարտականությունները կատարի ժամանակին, անկողմնակալ, ճիշտ և թափանցիկ կերպով», – ասում է Պոպովիչին:

«Այս առումով կարելի է առաջարկել մի քանի բարելավումներ, ինչպիսիք են՝ սեփական փորձագետներ հավաքագրելու ԱԿՄ-ի կարողությունը և նրանց համար վարձատրություն սահմանելու ունակությունը: ԵՄ լավագույն փորձը ցույց է տալիս, որ ԱԿՄ փորձագետները պետք է վարձատրվեն առնվազն նույն չափով, ինչ կարգավորվող մասնավոր հատվածի փորձագետները: Երբ խոսում ենք ԱԿՄ ֆինանսական ռեսուրսների մասին, մենք նկատի ունենք նաև, որ այդ ռեսուրսները պետք է ապահովեն ԱԿՄ-ի կողմից իր գործառույթներն իրականացնելու համար անհրաժեշտ գործիքներ ձեռք բերելու կարողությունը»:

ԵՄ լավագույն փորձը ցույց է տալիս, որ  անկախ ազգային կարգավորող մարմինը մրցակցային միջավայր և վերջնական սպառողների իրավունքների պաշտպանություն ապահովող կանխատեսելի կանոնների մշտական շարժիչ ուժն է:

«Ազգային կարգավորող մարմնի (ԱԿՄ) անկախությունը ԵՄ հեռահաղորդակցման համակարգի հիմնական սկզբունքն է: Որպես հեռահաղորդակցության (թվային) շուկաներում մրցակցության կարևոր խթանիչ՝ այս կարգավորողը վերջնական սպառողներին տալիս է ընտրության իրավունք, ինչը հանգեցնում է ավելի մատչելի սակագների: Բացի այդ, այն պաշտպանում և հզորացնում է վերջնական սպառողին՝ վերահսկելով շուկաները և կայացնելով թափանցիկ որոշումներ», – ասում է Ինգա Պոպովիչին:

Արևելյան գործընկերության ո՞ր երկիրը կարող է օրինակ ծառայել Հայաստանի համար

Անդրեյս Դոմբրովսկիսի խոսքով՝ իրավիճակն արևելյան գործընկեր երկրներում դեռևս միատարր կամ ներդաշնակեցված չէ:

«Ազգային կարգավորող մարմիններ առկա են 6 երկրներից 4-ում, իսկ 2-ում էլ գոյություն ունեն ազգային կարգավորող մարմիններ ստեղծելու նախաձեռնություններ, մինչդեռ որոշակի գործառույթներ, թեև ոչ անկախ հիմունքներով, բայց արդեն իրականացվում են համապատասխան գերատեսչությունների կողմից: Բոլոր երկրները հստակ հասկանում են կարգավորման անկախության ապահովման կարևորությունը», – ասում է Դոմբրովսկիսը:

Պատասխանելով Հայաստանի համար վերաբերելի օրինակների մասին հարցին՝ Ինգա Պոպովիչին ասաց, որ որպես օրինակ կարող է ծառայել վրացական կարգավորող մարմինը (ComCom):

«Կարգավորող մարմնի ինստիտուցիոնալ և ֆինանսական անկախությունը սահմանված է Վրաստանի սահմանադրությամբ: Բացի այդ, վրացական կարգավորողն ազգային օրենսդրությամբ օժտված է լայն լիազորություններով, ինչն արդյունավետ է դարձնում նրա կողմից կարգավորման իրականացումը», – ասում է ԱԿԼԿ ՓԱԽ-ի ղեկավարը:

Էլեկտրաէներգիայի, գազի, հեռահաղորդակցության, փոստի և երկաթուղու հարցերով Գերմանիայի դաշնային ցանցային գործակալության՝ BnetzA-ի միջազգային կապերի / փոստային կարգավորման գծով տնօրեն դոկտոր Աննեգրետ Գրոյբելն օգտագործում է իր երկրի օրինակը՝ բացատրելու համար, թե որքան կարևոր նշանակություն ունի ազգային կարգավորողների անկախությունն իրավական դաշտի կիրարկման համար:

«Իրենց մանդատն իրագործելու նպատակով ազգային կարգավորող մարմինները պետք է օժտված լինեն անհրաժեշտ լիազորություններով և իրավասություններով, ինչպես նաև ֆինանսական և կադրային ռեսուրսներով՝ ամենաբարձր որակի կարգավորիչ որոշումներ կայացնելու համար: Վերջապես, տնտեսական կարգավորող մարմինները պետք է ունենան առավել հարմար և համադրելի կարգավորիչ միջոցառումներն ընտրելու իրավունք` օրենսդրությամբ նախատեսված նպատակների ամբողջությունն ի կատար ածելու համար», – ասում է Գրոյբելը:

Գերմանական կարգավորողի ներկայացուցիչը համոզված է, որ նման պետական մարմինների անկախությունը մասնակիցներին հնարավորություն է տալիս գտնել հավասար պայմաններ և ստանալ ազատականացված շուկաների հնարավորություններից օգտվելու իրական հնարավորություն:

«EU4Digital» ծրագիրը նպաստում է թվային տնտեսության և հասարակության հիմնական ոլորտների զարգացմանը՝ ԵՄ նորմերին ու պրակտիկաներին համապատասխան: Ծրագիրն իրականացվում է EY-ի գլխավորած կոնսորցիումի կողմից՝ Action Global Communications-ի և CEPS-ի հետ համատեղ:

Հեռահաղորդակցության ոլորտում «EU4Digital» ծրագրի նպատակներից է միջազգային ռոումինգի հետ կապված աշխատանքին և վեց գործընկեր երկրների միջև ընդհանուր միջազգային ռոումինգի տարածքի հնարավոր համաձայնությանն աջակցությունը: Այն նաև օգնում է էլեկտրոնային հաղորդակցության ազգային կարգավորող մարմինների անկախության ամրապնդմանը, ինչպես նաև աջակցում է սպեկտրային ռեսուրսների մատչելիությանը՝ բջջային ծառայությունների հասանելիության և որակի բարելավման համար:

Տարածաշրջանային ռոումինգի համաձայնագիրը (ՏՌՀ) կապահովի կարգավորիչ շրջանակների ներդաշնակեցում և ռոումինգի գների էական իջեցում՝ Արևելյան գործընկեր վեց երկրների միջև: Դա կապի ցանցերի հաճախորդների համար ավելի մատչելի կդարձնի ռոումինգ ծառայությունից օգտվելը տարածաշրջանում: Ըստ ռոումինգի վերաբերյալ EU4Digital-ի ուսումնասիրության (2019 թ.)՝ սպասվում է միջին գնի ավելի քան 80 տոկոս իջեցում:

Հաջողակ պատմություններ

Հայկական գուլպաների վաճառք Գերմանիայում. «EU4Digital»-ը՝ eCommerce-ի միջոցով ԵՄ շուկան մոտեցնում է հայ գործարարին

Հայկական «Զիլ գուլպաներ» բրենդը ներկայացել է Գերմանական eBay վաճառքի օնլայն հարթակում պարզ ու արագ եղանակով: Ա…

Իմանալ ավելին

Թվային հմտությունների խթանում. EU4Digital թվային առաքելությունը Հայաստանում

Երևանի Լեոնիդ Ազգալդյանի անվան թիվ 200 դպրոցի դասասենյակներից մեկում շուրջ 15 դպրոցականներ կպած են իրենց համակ…

Իմանալ ավելին

Ցուցադրել բոլորը