EU4Digital-ի Էլեկտրոնային առողջապահության թիմը ԵՄ-ի նախագծերում, ծրագրերում և նախաձեռնություններում Արևելյան գործընկերության երկրների ներգրավվածության դյուրացմանն ուղղված իր ջանքերի շրջանակներում իրականացրել է Ակտիվ և առողջ ծերացման եվրոպական նորարարական գործընկերության (EIP on AHA) պահոցում առկա առաջավոր փորձի վերլուծություն և գնահատել է առանձին ոլորտների նկատմամբ Արևելյան գործընկերության երկրների շահագրգիռ կողմերի շրջանում առկա հետաքրքրությունը:
Նորարարական փորձին աջակցելուց զատ, Ակտիվ և առողջ ծերացման եվրոպական նորարարական գործընկերությունը ծառայում է նաև որպես հարթակ, որը ներառում է ակտիվ և առողջ ծերացման խնդիրներով զբաղվող դերակատարների լայն շրջանակ, այդ թվում՝ կազմակերպությունների, արդյունաբերության, ներդրումային հանրության, առողջապահական և սոցիալական ծառայություն մատուցողների, գիտական շրջանակների, ինչպես նաև ազգային և տարածքային իշխանությունների ներկայացուցիչների:
Ակտիվ և առողջ ծերացման եվրոպական նորարարական գործընկերությունը համակարգում և ղեկավարում է «Funka» նախաձեռնությունը, որը նպաստում է «EIP on AHA»-ի գործիքակազմի միջոցով տեղեկատվության և լավագույն փորձի տարածմանը, ինչպես նաև «Հասարակության ծերացող հատվածի համար առողջապահության և խնամքի թվային փոխակերպում» ծրագրի (Blueprint) հեղինակն է:
Արևելյան գործընկերության երկրների հետագա մասնակցությունն այս ծրագրին փոխշահավետ կլինի ինչպես վերջիններիս ու ԵՄ-ի, այնպես էլ՝ ցանցի մյուս մասնակիցների համար, քանի որ ճանաչված առաջավոր փորձի փոխանակումը ճանապարհ է հարթում ստուգված, նորարարական լուծումները բոլոր տարածաշրջաններում տեղայնացնելու համար: Քաղաքացիների և հիվանդների համար դա նշանակում է, որ առողջապահական լուծումները կարող են ավելի արագ ինտեգրվել իրենց ամենօրյա կյանքում` արդեն իսկ ապացուցված ազդեցությամբ: Խոսքն այնպիսի լուծումների մասին է, ինչպիսիք են՝ հեռավար բժշկական խորհրդատվություններն ու առողջապահական տվյալների վերլուծության հիման վրա առողջական վիճակի գնահատումը: EU4Digital-ի Էլեկտրոնային առողջապահության թիմն իր իրականացրած վերլուծության շրջանակներում դիտարկել է ավելի քան 70 պրակտիկաներ և դրանք դասակարգել է չորս գերակա ոլորտների, որոնք համեմատելի են 2018 թվականի ծրագրի (Blueprint 2018) առաջնահերթություններին: Չորս գերակա ոլորտներն անդրադառնում են տվյալների վերլուծությանը, պրոակտիվ կանխարգելմանը,
կապակցված առողջապահության համար նախատեսված թվային լուծումներին և ինտեգրված խնամքին ուղղված թվային աջակցությանը:
- Տվյալների վերլուծությունը կենտրոնացած է բնակչության առողջության կառավարման և ռիսկերի կանխատեսման, առողջապահական տվյալների որակի և հուսալիության բարելավման, ինչպես նաև հիվանդների համաձայնության կառավարման վրա: Վերջինն անհրաժեշտ է, որպեսզի հիվանդները հնարավորություն ունենան համաձայնություն տալ իրենց տվյալների փոխանակմանը:
- Պրոակտիվ կանխարգելումը վերաբերում է հիվանդակենտրոն խնամքին և առաջավոր փորձին, ինչպես նաև առողջապահության ու թվային գրագիտության բնագավառներում բացերը սահմանափակելու հարցում քաղաքացիների և ոչ առևտրային կազմակերպությունների մասնակցության մեթոդներին ու խթանմանը:
- Կապակցված առողջապահության թվային լուծումների լավ օրինակ են հեռաբժշկության տարբերակները, որոնք հիվանդներին հնարավորություն են տալիս հեռակա կարգով կապ պահել իրենց բժիշկների հետ:
- Ինտեգրված խնամքին ուղղված թվային աջակցությունը վերաբերում է ինչպես հիվանդի ու խնամքի մասնագետների համար նախատեսված գործիքներին, այնպես էլ՝ միմյանց միջև նրանց կողմից փոխանակվող տվյալներին:
Խնդրի հաջորդ մասը կայանում էր նրանում, որպեսզի որոշվեր, թե որ առաջնահերթություններն են առավել արդիական Արևելյան գործընկերության տարածաշրջանի համար` նպատակ ունենալով նպաստել ուժեղ տարածաշրջանային, թեմատիկ ցանցային կայքերի ստեղծմանը՝ Ակտիվ և առողջ ծերացման եվրոպական նորարարական գործընկերության շրջանակներում:
Առաջնահերթությունների հաստատված կարգն այնուհետև համադրվեց լավագույն փորձերի ցանկի հետ և կազմվեց Արևելյան գործընկերության երկրների համար առաջարկությունների առաջին շարքը: Ակտիվ և առողջ ծերացման եվրոպական նորարարական գործընկերության ծրագրային գործողություններից մեկը Թվինինգ սխեման է, որը կոնկրետ վայրում կիրառված առաջավոր փորձը մեկ այլ վայրում տեղայնացնելու հնարավորություն ընձեռող ծրագիր է: Արևելյան գործընկերության երկրների համար վերջիններիս նորարարության և զարգացման հետաքրքրություններին ու նպատակներին համապատասխան ընտրված լավագույն փորձերի առաջարկությունների ներկայացումը, հետևաբար, նպատակ ունի խթանել ծրագրին այս երկրների մասնակցությունը:
Արևելյան գործընկերության տարածաշրջանի համար առավել արդիական լավագույն նորարարական պրակտիկաների որոշումը կնպաստի էլեկտրոնային առողջապահության և դրա լուծումների վերաբերյալ գիտելիքների փոխանակմանը, որոնք, ըստ էության, ուղղված են բնակչության ծերացող հատվածի կյանքի առողջ տարիների երկարացմանը և այդ անելու համար ժամանակակից տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից օգտվելուն:
Իմանալ ավելին
«Հասարակության ծերացող հատվածի համար առողջապահության և խնամքի թվային փոխակերպում» ծրագիր՝ https://ec.europa.eu/eip/ageing/blueprint_en
Ակտիվ և առողջ ծերացման եվրոպական նորարարական գործընկերություն՝ https://ec.europa.eu/eip/ageing/home_en
Ակտիվ և առողջ ծերացման եվրոպական նորարարական գործընկերության պահոց՝ https://ec.europa.eu/eip/ageing/repository_en
Funka՝ https://www.funka.com/en/