Հոկտեմբերի 7-ից 9-ը Երևանում կայացավ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը (WCIT), որը 83 երկիր ներկայացնող ՏՀՏ ասոցիացիաների կոնսորցիումի՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) կողմից հիմնադրված նշանակալի միջոցառում է:
ՏՏ համաշխարհային համաժողովը բաղկացած էր չորս հիմնական հիմնասյուներից. ելույթներ, ցուցահանդեսներ, B2B հանդիպումներ և սոցիալական իրադարձություններ: Տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցման ոլորտի այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են IUnetworks-ը, Digitain-ը, Betconstruct-ը, Picsart-ը, Teamviewer-ը, Ucom-ը, ինչպես նաև Թայվանի գերազանցության մրցանակը շահած ընկերությունները ներկայացել էին տեղեկատվական տաղավարներով, որտեղ կիսվում էին ՏՀՏ նորարարությունների բնագավառում իրենց փորձով և տեսլականով, ինչպես նաև ստեղծել էին կայուն կապերի հաստատման հարթակ: Համաժողովում ներգրավված էին ավելի քան 60 բանախոսներ և 2000 հյուրեր:
«Էրնստ Ընդ Յանգ Հայաստան» ընկերության ներկայացուցիչ Հեղինե Ղուկասյանը ներկա է գտնվել առողջապահության և կիբերանվտանգության թեմաներով պանելային քննարկումներին, որոնցում շոշափվել են «EU4Digital»-ի երկու հիմնասյուների՝ էլեկտրոնային առողջապահության և վստահության ու անվտանգության շուրջ վերջին զարգացումները:
«Առողջապահություն. ազդեցությունը երկու կիսագնդերում» թեմայով պանելային քննարկման ընթացքում Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի էլեկտրոնային առողջապահության թվայնացման հանձնաժողովի ղեկավար Վարդան Գևորգյանը, «Սենսոգրամ Թեքնոլոջիս» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Վահրամ Մուրադյանը, Հեռուստաբժշկության հայկական ասոցիացիայի հիմնադիր նախագահ Գեորգի Չալտիկյանը, հաշվարկային գենետիկայի մասնագետ և «IM Watson» հետազոտական կենտրոնի գործընկեր Լակշմի Փարիդան ու ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը քննարկել են բժշկության ոլորտում նորարարական տեխնոլոգիաների դերը:
Վստահության և անվտանգության հարցերով քննարկումներ տեղի ունեցան «Պաշտպանությունը, տեղեկատվությունն ու կիբերպատերազմներն ապատեղեկատվության դարաշրջանում» թեմայով պանելային քննարկման շրջանակում: Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանը և Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Ռիչարդ Քլարկը մանրամասնեցին, թե հետախուզության, տեղեկատվական տեխնոլոգիաների և կիբերպատերազմների ոլորտներում ինչպիսի կարողություններ են անհրաժեշտ բարդ մարտավարական և ռազմավարական ապատեղեկատվության դարաշրջանում, որը ոչ միայն գործում է ռազմական հարթությունում, այլև ավելի ու ավելի է աճում դրա ներկայությունը քաղաքական, տնտեսական և սոցիալական հարթություններում: