Երաժշտության կախարդանքն ու թվային կապի հրաշքը մեկտեղվել էին LoLa (ցածր հապաղումային) տվյալների փոխանցման տեխնոլոգիայի օգտագործմամբ առցանց միջոցառմանը: Տեխնոլոգիան տրամադրվել էր ԵՄ կողմից ֆինանսավորվող EU4Digital-ի «EaPConnect» ծրագրի միջոցով: 2021 թ.-ի մարտի 19-ին առցանց հեռարձակված «Համավարակի և հեռավորության հաղթահարում LoLa-ի միջոցով» համերգի կայացմանն աջակցեցին Հայաստանի և Ֆրանսիայի ազգային հետազոտական և կրթական ցանցերը (ԱՀԿՑ-ներ)՝ ASNET-AM-ն ու RENATER-ը:
Միջոցառման ընթացքում թավջութակահարներ Մարին Ռոդալեկը` «PIANOANDCO» մշակութային ասոցիացիայից, և Անդրանիկ Աղաջանյանը՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից, միասին հանդես եկան իրական ժամանակում կատարումներով՝ չնայած միմյանցից հազարավոր կիլոմետրերի հեռավորության վրա գտնվելուն: Մարինը, ով գտնվում էր Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի Մեխանիկայի և ակուստիկայի լաբորատորիայում (Մարսել, Ֆրանսիա), և Անդրանիկը, ով գտնվում էր ASNET-AM-ի տարածքում (Երևան, Հայաստան), միասին կատարեցին հատված Ժակ Օֆենբախի մի ստեղծագործությունից այնպես, կարծես դա անում էին նույն սենյակում:
Համերգը պայմանավորված էր այն գաղափարով, որ լավ կլիներ միջազգային կապեր հաստատել՝ անկախ կորոնավիրուսային սահմանափակումներից: Համերգը ցույց տվեց այն ներուժը, որն ունեն ԱՀԿՑ-ների կողմից առաջարկվող տեխնոլոգիաներն ու բացառիկ ծառայությունները՝ լոքդաունի որոշ ասպեկտներ հաղթահարելու, ինչպես նաև աշխարհագրորեն սփռված արվեստի գործիչների ու կատարողների միջև վիրտուալ համագործակցության կամուրջներ հաստատելու տեսանկյունից: Մարսելի և Երևանի միջև հաջող կապը հնարավոր դարձավ առաջատար, բարձր թողունակությամբ հետազոտական և կրթական ցանցերի շնորհիվ` LoLa տեխնոլոգիայի համակցությամբ: LoLa-ն մշակվել է Տրիեստի Ջուզեպե Տարտինիի անվան երաժշտական կոնսերվատորիայի կողմից՝ իտալական «GARR» ԱՀԿՑ-ի հետ համագործակցությամբ, իսկ Հայաստանում ներկայացվել է EaPConnect-ի առաջին ծրագրի շրջանակներում՝ ASNET-AM-ի հետ համագործակցությամբ: Վերջինս գործում է ՀՀ ԳԱԱ ԻԱՊԻ (Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ) ներքո:
Մարսելի և Երևանի միջև կապն առաջին անգամ փորձարկվեց մարտի 2-ին, որին շուտով հաջորդեցին փորձերը: Միջոցառումը սերտ համագործակցություն է հաստատել ֆրանսիական և հայկական ԱՀԿՑ-ների, ինչպես նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ու PIANOANDCO-ի միջև: Մասնակիցները հուսով են, որ այդ համագործակցությունը կշարունակվի և կզարգանա:
Հայաստանում LoLa-ի ներդրումից ի վեր ASNET-AM-ի տեխնիկական թիմն ակտիվորեն ներգրավված է տարբեր աշխատաժողովներում և միջազգային միջոցառումներում. 2018 թ.-ի eMasterclass-ը (էլեկտրոնային վարպետության դասը)՝ Հայաստանի և Էստոնիայի միջև, 2017 թ.-ի «Երաժշտություն առանց սահմանների» նախարարական համերգը և 2019 թ.-ի «Կապը մշակույթի հետ» համերգը, որտեղ օգտագործվեց 7 երկրներով անցնող ռեկորդային 5,000 կմ ցանց:
Ինչպես նշված բոլոր միջոցառումները, «Համավարակի և հեռավորության հաղթահարում LoLa-ի միջոցով» համերգը ևս ցույց տվեց, որ գիտության ու տեխնոլոգիաների և մշակույթի միջև առկա է հաջող կոնվերգենցիա, ինչպես նաև ի ցույց դրեց թվային տեխնոլոգիաների՝ ներդաշնակ միջսահմանային համագործակցությանն աջակցելու ներուժը:
«EU4Digital. Հետազոտական և կրթական համայնքների միացում» ծրագրի (EaPConnect) նպատակը ԵՄ-ի և արևելյան գործընկեր երկրների հետազոտական և կրթական համայնքների միացումն ու թվային անջրպետի նվազեցումն է: Ծրագիրն ընդլայնելու է ցանցային ենթակառուցվածքները` երկրների միջև գիտական փոխանակումն ընդլայնելու, հետազոտությունների և կրթության (R&E) ոլորտում միջազգային համագործակցության բարելավմանն ուղղված նոր ծառայություններ առաջարկելու, R&E էկոհամակարգերում ազգային հետազոտական և կրթական ցանցերն (ԱՀԿՑ-ներ) ամրապնդելու, ինչպես նաև միջոցառումների, դասընթացների և այլ նախաձեռնությունների միջոցով գիտելիքների ու հմտությունների պաշարի և համագործակցային աշխատանքի միջավայրի ստեղծման համար: