Արտակարգ իրավիճակների արձագանքման փորձարկման ուղղությամբ համագործակցությունը և «Eduroam» (Education roaming (կրթական ռոումինգ)) անլար ինտերնետ կապի ռոումինգի ծառայության օպտիմիզացումը կազմում են հայկական և գերմանական հետազոտական և կրթական ազգային ցանցերի (NREN)՝ ASNET-AM և DFN կազմակերպությունների միջև վերջերս ստորագրված երկու համաձայնագրերի հիմքը:
Կազմակերպությունների ներկայացուցիչները հանդիպել են Բեռլինում: Հանդիպումը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Արևելյան գործընկերություն Connect» (EaPConnect) նախագծի շրջանակներում կազմակերպված մենթորական դաշինքի մաս էր կազմում:
Ինչպես նշել է «EaPConnect» նախագծի համաղեկավար և DFN-ի գլոբալ կապերի հարցերով ավագ մենեջեր Լեոնի Շաֆերը, մենթորական սխեման նախաձեռնվել է գործնական տեխնիկական համագործակցության հնարավորություններ ստեղծելու նպատակով. «Սա ստեղծվել է որպես հավասարների միջև համագործակցություն: Անհրաժեշտություն է առաջացել համագործակցել ոչ միայն ղեկավարների, այլև՝ փորձագետների մակարդակում, ինչպես նաև ավելի տեսանելի դարձնել Արևելյան գործընկերության NREN-ների գործունեությունն ու վերջիններիս ներգրավել GÉANT-ի ապագա նախագծերում: «EaPConnect» համագործակցության ծրագիրն ունի փորձարարական բնույթ: Այն փորձագիտական մակարդակում ուսումնասիրում է ապագա համագործակցությունը և հիմնվել է «մեկը՝ մեկին» սկզբունքով՝ համագործակցության աստիճանը խորացնելու և համոզվելու համար, որ ծրագրի գործընկեր NREN-ն ունի հատուկ իր համար առանձնացված գործընկեր»:
Երկուստեք փոխանակում
Արևելյան գործընկերության երկրները (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա) ներկայացնող գործընկերներն այս գործընթացում պարզապես «սպառող» լինելու ցանկություն չունեն. «Մենք չափազանց մեծ աջակցություն ենք ստացել այլ NREN-ների կողմից: Այժմ կցանկանայինք «պարտքը» հետ վերադարձնել: Մենք նույնպես ներդրում ունենալու ցանկություն ունենք»,- ասել է ASNET-AM-ի ներկայացուցիչ Սերգեյ Աբրահամյանը:
Տեխնիկական փորձով փոխանակվելուց զատ, գաղափար կա ծանոթանալ նաև այլ երկրների փորձին. մասնավորապես՝ ինչպես են նրանց NREN-ներն հաղթահարում համանման մարտահրավերները:
Ուսումնասիրություն և համաձայնեցում Հունվարի 24-ից 25-ը DFN-ը հյուրընկալել էր ASNET-AM-ի հինգ ներկայացուցիչների՝ երկօրյա ինտենսիվ հանդիպումների ու քննարկումների համար: Իրենց NREN-ների կառուցվածքի և գործառնության վերաբերյալ կարճ ակնարկներով փոխանակվելուց հետո նրանք քննության առան առկա մարտահրավերներն ու համատեղ նախագծերի հնարավորությունը՝ կիբերանվտանգության, վստահության և ինքնության, ինչպես
նաև ցանցի մշտադիտարկման ոլորտներում: Յուրաքանչյուր թեմայի վերաբերյալ տեղի էին ունենում խմբային քննարկումներ, իսկ միջոցառումը եզրափակվեց հաջորդ քայլերի «ճանապարհային քարտեզի» հաստատմամբ:
Խումբը համաձայնեց համագործակցել արտակարգ իրավիճակների արձագանքման փորձարկման, Firewall on Demand-ի և DDoS պաշտպանության, ծրագրակազմի մշակման և փորձարկման ուղղությամբ: Նրանք խոսեցին համապատասխան ISO ստանդարտների, ինչպես նաև կրթական ռոումինգի «Eduroam» ծառայության մասին՝ կիսվելով դրա լավագույն օպտիմիզացման վերաբերյալ մոտեցումներով:
Ուկրաինական URAN-ի և կիպրական CYNET-ի միջև ներկայում քննարկումներ են ընթանում EaPConnect-ի երկրորդ մենթորային փոխազդեցության հնարավորության վերաբերյալ: Ապագայում EaPConnect-ի գործընկերների և եվրոպական այլ NREN-ների միջև հնարավոր են այլ զուգավորումներ:
«EaPConnect» ծրագիրը նպատակ ունի տարածաշրջանային հետազոտական և կրթական ցանց ստեղծել Եվրոպական միության Արևելյան գործընկերության երկրներում, մասնավորապես` Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում: Ծրագրի համընդհանուր նպատակը թվային խզման մեղմացումը, ներտարածաշրջանային կապակցելիության բարելավումը և գլոբալ հետազոտական ու կրթական համագործակցություններում տեղի գիտաշխատողների, ուսանողների և գիտնականների մասնակցությունը դյուրացնելն է: