ՏՀՏ նորարարական էկոհամակարգի զարգացման վերաբերյալ մայիսի 18-ին կայացած EU4Digital-ի կապերի ստեղծման միջոցառումը համախմբել էր մասնակիցների արևելյան գործընկեր վեց երկրներից և ԵՄ առաջատար կազմակերպություններից, որոնք աջակցում են նորարարական ստարտափների ու ՓՄՁ-ների համար էկոհամակարգի ձևավորմանը: Միջոցառման ընթացքում քննարկվեցին նորարարական էկոհամակարգերի զարգացման գործում փորձագիտական համայնքների և էկոհամակարգ կառուցողների դերն ու նշանակությունը:
Միջոցառմանն իրենց մասնակցությունը բերեցին ԵՄ առանցքային կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ խոսելով էկոհամակարգերի զարգացման նախաձեռնությունների և կարողությունների զարգացման ծրագրերի մասին: Նշված կազմակերպությունների թվում էին.
- «Ստարտափ Եվրոպայի» տարածաշրջանների ցանց (SERN).
- Թվային ՓՄՁ-ների եվրոպական ալյանս.
- Գերմանիայի ՏՀՏ ՓՄՁ-ների դաշնային ասոցիացիա (BITMi):
Միջոցառումն, ընդհանուր առմամբ, ներգրավեց 70 մասնակիցների և պետական ու մասնավոր հատվածի 51 կազմակերպությունների, որոնք ներկայացնում էին արևելյան գործընկեր երկրները: Քննարկումն ընթացավ բիզնեսի աջակցման կազմակերպությունների, ցանցերի և ասոցիացիաների, տեխնոլոգիական պարկերի, ինչպես նաև արևելյան գործընկեր երկրներում նորարարական էկոհամակարգերի զարգացումը համակարգող նախարարությունների և գործակալությունների ներկայացուցիչների միջև:
Միջոցառումը բացեց EU4Digital-ի ծրագրային թիմի ղեկավար Արտուրաս Պիլիպոնիսը՝ ներկայացնելով «EU4Digital» ծրագիրն ու կապերի ստեղծման միջոցառման նպատակները: Հաջորդիվ «Արևելյան գործընկեր երկրներում ՏՀՏ ձեռնարկատիրական էկոհամակարգերի և էկոհամակարգ կառուցողի դերի ըմբռնումը» թեմայով հիմնական ելույթով հանդես եկավ «EU4Digital» ծրագրի ՏՀՏ նորարարությունների թիմի ավագ փորձագետ Խեսուս Լոսանոն: Ըստ պրն. Լոսանոյի՝ ՏՀՏ նորարարական էկոհամակարգը պետական և մասնավոր սուբյեկտների միություն է, որը նպատակ ունի խթանել նորարարություններն ու նոր ընկերությունների ստեղծումը և ապահովել վերջիններիս հաջողությունը` դրանց առաջարկելով գիտելիք, կապիտալ, շուկա և ռեսուրսներ (գործիքներ): Այնուհետև, հղում անելով վերջերս մշակված «Արևելյան գործընկեր երկրներում ՏՀՏ ձեռնարկատիրական էկոհամակարգերի ստեղծման ուղեցույց. հասունության վերլուծություն և առաջարկություններ»
փաստաթղթին, նա ընդհանուր կողմերով ներկայացրեց արևելյան գործընկեր երկրների ձեռնարկատիրական էկոհամակարգերի հասունության վերլուծությունը և շեշտեց էկոհամակարգեր կառուցողների՝ որպես մասնավոր և պետական հատվածի դերակատարների ջանքերը միավորողի անհրաժեշտությունը: Նշվեց, որ փորձագիտական համայնքների դերը նույնպես շատ կարևոր է, քանի որ դրանք առարկայական գիտելիքներ են փոխանցում կառավարություններին՝ էկոհամակարգերի զարգացման տեսանկյունից ռազմավարական որոշումներ կայացնելու համար: Վրաստանի ՏՀՏ կլաստերի խորհրդի անդամ պրն. Շոթա Մուրցխվալաձեն էլ քննարկում ծավալեց շուկայում պետական հաստատությունների մասնակցության վերաբերյալ:
Միջոցառումը շարունակեց SERN-ի խորհրդի անդամ Կիարա Ֆրենչիան՝ ««Ստարտափ Եվրոպայի» տարածաշրջանային ցանցի արժեքային առաջարկը» թեմայով զեկույցով: Տկն. Ֆրենչիան պատմեց ստարտափների ու ՓՄՁ-ների էկոհամակարգի զարգացման նպատակ հետապնդող ասոցիացիաների, արագացուցիչների, ինկուբատորների, գրանցված ուսումնական կազմակերպությունների, համալսարանների, տեղական ինքնակառավարման մարմինների ու զարգացման և նորարարության գործակալությունների համար SERN-ի օգուտների մասին: Կազմակերպության ծառայությունները հասանելի են նաև արևելյան գործընկեր երկրների շահագրգիռ կողմերին` անվճար անդամակցության միջոցով: Բանախոսը պատմեց նորարարությունների գնման, նորարարություններին համար նախատեսված ֆինանսական գործիքների, աշխատավայրում նորարարությունների ներդրման և ՏՀՏ-ի ու արվեստների մեկտեղման ոլորտներում SERN-ի նախաձեռնությունների մասին, իսկ արևելյան գործընկեր երկրների կազմակերպություններին հրավիրեց շարունակել նշված թեմաների շուրջ փոխազդեցությունը ԵՄ տարածաշրջանի կազմակերպությունների հետ: Միջոցառման երկրորդ մասը նվիրված էր թվային շուկաների զարգացման ոլորտում մասնագիտացած փորձագիտական համայնքներին: Թվային ՓՄՁ-ների եվրոպական ալյանսի ներկայացուցիչներ Սեբաստիանո Տոֆալետին (գլխավոր քարտուղար), Աննիկա Լինկը (քաղաքականության հարցերով գլխավոր մենեջեր) և Յուստինա Բյելյաուսկայտեն (նախագծերի տնօրեն) ներկայացրին «Թվային ՓՄՁ-ների եվրոպական ալյանսի արժեքային առաջարկը»: Լինելով Եվրոպայի առաջին և խոշորագույն ՏՀՏ ՓՄՁ-ների ասոցիացիան` Թվային ՓՄՁ-ների եվրոպական ալյանսը ներառում է 30 անդամ – բիզնեսի աջակցման կազմակերպություն, որոնք ներկայացնում են Եվրոպայի ավելի քան 20,000 թվային ՓՄՁ-ների շահերը: Բանախոսները ներկայացրին ալյանսին անդամակցող բիզնեսի աջակցման կազմակերպություններին մատուցվող ծառայությունների հիմնական շրջանակը` քաղաքականության գործողություններից մինչև կապերի ստեղծում և ֆինանսների մատչելիություն: Մասնավորապես, բացատրվեց քաղաքականության աշխատանքային խմբերի մեխանիզմը, որը թույլ է տալիս համախմբել թվային ՓՄՁ-ներին և աջակցում թվային շուկաների վերաբերյալ ԵՄ քաղաքականություն մշակմանն ուղղված
լայն գործընկերությանը: Նման աշխատանքային խմբերի գործունեության դրական արդյունքները նախանշվեցին ստանդարտացման և արհեստական բանականության ոլորտներում օրինակներով: Ի վերջո, արևելյան գործընկեր երկրների մասնակիցներին ներկայացվեցին ԵՄ կողմից ֆինանսավորվող նախագծերին համատեղ դիմելու և եվրոպական բիզնեսի աջակցման կազմակերպությունների հետ կապ հաստատելու հետագա հնարավորությունները:
Հանդիպման վերջին մասը վերաբերում էր նրան, թե ինչպես կարող են արևելյան գործընկեր երկրների շահագրգիռ կողմերը թվային և նորարարական համայնքներ ստեղծել իրենց ԵՄ գործընկերների հետ: BITMi-ի գործառնական թիմի ղեկավար տկն. Լիզա Էրենտրաուտը ներկայացրեց «Գերմանիայի ՏՀՏ ՓՄՁ-ների դաշնային ասոցիացիայի փորձը»: Տկն. Էրենտրաուտը պատմեց, թե ինչպես է BITMi-ն ձևավորում աշխատանքային խմբեր, և ինչպես են դրանք նպաստում թվային շուկայի զարգացմանը: Նա նաև կիսվեց, թե ինչպես է Թվային ՓՄՁ-ների եվրոպական ալյանսին անդամակցությունը փոխլրացնում ազգային գործունեությունը, և ինչպես այն կարող է կրկնօրինակվել արևելյան գործընկեր երկրներում:
Դրանից հետո պրն. Սեբաստիանո Տոֆալետին կիսվեց «Իտալիայի թվային ՓՄՁ-ների ալյանսի փորձով»՝ բացատրելով թվային շուկաների զարգացմամբ հետաքրքրված տարատեսակ դերակատարների հիբրիդային անդամակցության մոդելը: Նա արևելյան գործընկեր երկրների բիզնեսի աջակցման կազմակերպություններին հրավիրեց թվային ՓՄՁ-ների եվրոպական ալյանսի միջոցով ամրապնդելու ազգային փորձը և կառուցելու միջազգային գործընկերություններ:
Միջոցառման ավարտին EU4Digital-ի ՏՀՏ նորարարությունների ուղղության ղեկավար Աննա Պոբոլը նշեց, որ արևելյան գործընկեր երկրների էկոհամակարգային դերակատարների համար կարևոր է կայացած ինստիտուցիոնալ շրջանակների հետ համագործակցությունը: Բացի այդ, կարևոր է խորացնել գործառնական և կազմակերպական մոդելների, ընթացակարգերի, գործիքների ու փորձի վերաբերյալ գիտելիքները, որոնք թվային շուկաների զարգացման և նորարարական ստարտափների ու ՓՄՁ-ների աճի առումով արդեն իսկ հաստատված են ԵՄ-ում:
Զեկույցներ
- ««Ստարտափ Եվրոպայի» տարածաշրջանային ցանցի արժեքային առաջարկ»
- «Թվային ՓՄՁ-ների եվրոպական ալյանսի արժեքային առաջարկ»
- «Գերմանիայի ՏՀՏ ՓՄՁ-ների դաշնային ասոցիացիայի փորձը»
- «Իտալիայի թվային ՓՄՁ-ների ալյանսի փորձը»
ՏՀՏ նորարարությունների ոլորտում կապերի ստեղծման միջոցառումներ
ՏՀՏ էկոհամակարգերի զարգացման վերաբերյալ միջոցառումը վերջինն էր «EU4Digital» ծրագրի ՏՀՏ նորարարությունների թիմի կազմակերպած շարքում: Մինչ այժմ կապերի ստեղծման մի շարք միջոցառումներ էին կազմակերպվել քաղաքականության տարբեր ոլորտներում, ինչպիսիք են՝ բլոկչեյն տեխնոլոգիաները, ֆինանսների մատչելիությունը, ՏՀՏ կլաստերների զարգացումը, մտավոր սեփականության կառավարումը և թվային նորարարական հանգույցների զարգացումը:
ՏՀՏ նորարարությունների ոլորտում կապերի ստեղծման միջոցառումները նպատակ ունեն նպաստել ԱլԳ համայնքների կայացմանը ՏՀՏ նորարարությունների բնագավառում ընտրված քաղաքականության ոլորտներում: Բացի տարածաշրջանում ցանցեր ստեղծելուց, դրանք ձգտում են երկկողմ և բազմակողմ կամուրջներ հաստատել Արևելյան գործընկերությունը ներկայացնող կազմակերպությունների և ԵՄ շահագրգիռ կողմերի միջև` հետագայում համատեղ կայուն գործողությունների և նախագծերի իրականացման համար: Այս ջանքերն ուղղված են ԱլԳ տարածաշրջանի շահագրգիռ կողմերի կողմից ԵՄ համապատասխան լավագույն պրակտիկաների առավել ընդհանուր և խորացված յուրացմանն ու ըմբռնմանը: Այսպիսով, միջոցառումների շարքն ուղղված է լայն լսարանին, ներառյալ նախարարներին ու քաղաքականության համապատասխան ոլորտներում ներգրավված գործակալություններին, ասոցիացիաներին ու ցանցերին, ՏՀՏ ենթակառուցվածքային կազմակերպություններին, ինչպես նաև ՏՀՏ նորարարությունների էկոհամակարգի այլ դերակատարներին: