Եվրոպական միության և «EU4Digital» նախաձեռնության աջակցությամբ կազմակերպված «The Global Hack» հաքաթոնին 98 երկրներից ավելի քան 12,000 մասնակիցներ ներկայացրել են շուրջ 1000 գաղափար՝ ընդդեմ կորոնավիրուսի: Դրանց թվում 8 հայտ ներկայացվել է Վրաստանից, 4-ական՝ Ուկրաինայից ու Բելառուսից, 3-ական՝ Հայաստանից, Ադրբեջանից ու Մոլդովայից:
Հաքաթոնի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում էր 220,000 եվրո, իսկ ԵՄ-ն մինչև 75,000 եվրոյի չափով դրամական մրցանակներ շնորհեց հաղթող թիմերին: Հաքաթոնը կազմակերպել էին Accelerate Estonia-ն, Garage48-ը և Guaana-ն` Devpost-ի աջակցությամբ:
«The Global Hack» միջոցառումը համագործակցում էր ամբողջ աշխարհից տեխնոլոգիական ոլորտի նվիրյալների, գործարար առաջնորդների, նախագծերի ղեկավարների, մարկետինգային փորձագետների, դիզայներների և նորարարների հետ՝ ստեղծարար ու գործնական նախատիպեր մշակելու նպատակով գաղափարների և փորձերի փոխանակման համար:
Կազմակերպիչները նշել են, որ իրենք «չէին կարողանա հաջողության հասնել առանց Եվրոպական հանձնաժողովի և ՄԱԿ-ի, համաշխարհային մակարդակի մտածող առաջնորդների բանակի ու համաշխարհային սփռվածություն ունեցող լրատվամիջոցների աջակցության, ինչպես նաև ողջ աշխարհում «արգելափակված» կամավորների թիմի նվիրվածության, ովքեր իրենց ժամանակից հարյուրավոր ժամեր նվիրաբերեցին միջոցառման կյանքի կոչմանը»:
Միջոցառման համահեղինակ Քալում Քեմերոնն ասել է. «Այս ճգնաժամը հիմք է դրել իսկական համաշխարհային շարժման, որը ոչ մեկի սեփականությունը չէ, և որին բոլորը կարող են մասնակցել: Աշխարհով մեկ մեկուսացած մարդիկ զանգվածայնորեն համագործակցում են ստարտափ աշխարհի գործիքների հետ: Գործիքներ, ինչպիսիք գաղափարների նախատիպայնացման միջոցով արագ փորձարարություններն են: Նրանք գտնում են, որ կարող են լուծել իրական աշխարհի հրատապ խնդիրները, որոնք սովորաբար ընկած են կառավարությունների ուսերին: Նրանք հայտնաբերում են, որ իրենք կապված են, իսկ իրենց գաղափարները սահմաններ չունեն»:
«The Global Hack» հաքաթոնի բացարձակ հաղթողը SunCrafter-ն է՝ արևային էներգիայով ճառագայթային ախտահանման գաղափարով: SunCrafter-ի հիմքում ընկած գաղափարն այն է, որ ներկայիս ճգնաժամի պայմաններում յուրաքանչյուր մարդու լիարժեք պաշտպանությունն ապահովելու համար հիգիենիկ
լուծումը պետք է լինի ներառական և մատչելի: Ախտահանման ներկայիս մեթոդները կախված են գտնվելու վայրից, անկայուն են, պահանջում են սպասարկում կամ տեխնիկական նոու-հաու: Ճառագայթային ախտահանման հավելվածի գաղափարը մշակվել է զրոյից՝ հաքաթոնի ընթացքում: Ապացուցված է, որ հեռու ուլտրամանուշակագույն ճառագայթները (Far-UVC-Light) անվտանգ և արդյունավետ ախտահանման միջոց են, որոնք անխոչընդոտ կարող են օգտագործվել միայն ձեռքերն ախտահանելիս: Տվյալ լուծումը սպասարկման կարիք չունի, թափոններ չի արտադրում և լիովին կայուն է: Դիտեք տեսաշնորհանդեսը:
Երկրորդ տեղը զբաղեցրել է Act On Crisis-ը` ձեր մշակութային նախապատմության հիման վրա ապահով հուզական աջակցության գաղափարով:
Մինչև ճգնաժամը տասը մարդուց մեկը կարիք ուներ հոգեբանական աջակցության: Ներկա պահին 3 միլիարդ մարդու ինքնամեկուսացման պարագայում առնվազն 300 միլիոն մարդ վերապրելու է ուժեղ հուզական անհավասարակշռություն՝ պայմանավորված մեկուսացվածությամբ և գործազրկության ցուցանիշների աճով: Act on Crisis-ը հույս ունի ամեն շաբաթ օգնել առնվազն 4500 մարդու՝ մասնագետների վերահսկողության ներքո շաբաթական առնվազն 1,000 ժամ տևողությամբ անհատական տեսազանգերի կամ խմբային զրույցների միջոցով: Դիտեք տեսաշնորհանդեսը:
Երրորդ տեղը զբաղեցրել է Material Mapper-ը, որը զբաղվում է շինարարական թափոնների խնդրով` աշխարհում առաջին AI/ML կանխատեսման գործիքի միջոցով: Այն թույլ է տալիս կանխատեսել քանդման ենթակա վայրերից վերաօգտագործելի նյութերի հասանելիությունը: Դիտեք տեսաշնորհանդեսը:
Հաքաթոնի արդյունքներին ծանոթացեք այստեղ՝ https://theglobalhack.com/results