Տարածաշրջանային ռոումինգի համաձայնագիր. ինչպե՞ս է հնարավոր ռոումինգի սակագների գրեթե 90%-ով նվազեցումն Արևելյան գործընկեր երկրներում

  • Ամսաթիվ: 19/11/20
  • Կիսվել:

Մինչև 2026 թվականը սպասվում է, որ Արևելյան գործընկեր երկրներում ռոումինգի սակագները կնվազեն գրեթե 90%-ով՝ շնորհիվ տարածաշրջանային ռոումինգի համաձայնագրի, որի ուղղությամբ աշխատանքներն EU4Digital-ի աջակցությամբ ներկայում մոտենում են ավարտին:

2019 թվականի փետրվարին Արևելյան գործընկեր վեց երկրները Թվային տնտեսության հարցերով Արևելյան գործընկերության երրորդ նախարարական հանդիպման ժամանակ վերահաստատեցին տարածաշրջանային ռոումինգի համաձայնագիր (ՏՌՀ) ստորագրելու իրենց հանձնառությունը: Այս վերջին հաստատումից հետո «EU4Digital» ծրագրի հեռահաղորդակցության կանոնների հարցերով զբաղվող թիմն աշխատում է տարածաշրջանային նախաձեռնության վրա, որն ուղղված է միջազգային բջջային ռոումինգի ոլորտի կարգավորման շրջանակների ներդաշնակեցմանն Արևելյան գործընկեր երկրներում։

Աշխարհագրությունը

ՏՌՀ–ի շնորհիվ Արևելյան գործընկեր երկրների (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա) բջջային կապի օպերատորների հաճախորդները նշված վեց երկրներից ցանկացած մեկում գտնվելու ժամանակահատվածում կկարողանան օգտվել բջջային կապի ծառայություններից։

Ազդեցությունը

Ռոումինգի վերաբերյալ «EU4Digital» ծրագրի կողմից պատրաստված զեկույցը ցույց է տալիս, որ ՏՌՀ-ն զգալի օգուտներ կբերի Արևելյան գործընկեր երկրների հասարակությանը: Ակնկալվում է, որ Արևելյան գործընկեր վեց երկրներում ռոումինգի սակագները բաժանորդների համար աստիճանաբար կնվազեն հնգամյա անցումային ժամանակահատվածի ընթացքում, ինչը շուկային հնարավորություն կտա հարմարվել այդ փոփոխություններին։

Նշված ժամանակահատվածի ավարտին՝ 2026 թվականին սպասվում է, որ Արևելյան գործընկեր երկրներում ռոումինգի ծառայությունների մանրածախ գները սպառողների համար կնվազեն 87%-ով: Ընդհանուր դրական ազդեցությունը գնահատվում է 4.6 միլիոն եվրո։ Վերջին թիվն իրենից ներկայացնում է սպառողական ավելցուկի և բջջային կապի օպերատորների եկամտային կորուստների միջև տարբերությունը:

Ծառայություններ

ՏՌՀ–ն ներառում է բջջային կապի բոլոր այն ծառայությունները, որոնք սովորաբար հասանելի են ռոումինգի ծառայություններից օգտվողների համար․

  • ձայնային զանգերի կատարում և ընդունում․
  • տեքստային հաղորդագրությունների (SMS) ուղարկում և ընդունում․
  • բջջային տվյալների փոխանցման ծառայություններ։

Հետագա քայլեր

ՏՌՀ–ի ստորագրման համար դրա տեքստը պետք է Արևելյան գործընկեր երկրներից յուրաքանչյուրում անցնի ազգային վավերացման ընթացակարգերով։ ՏՌՀ-ի համար նախատեսված է հետևյալ ժամանակացույցը.

  • 2021 թվականի աշուն

Արևելյան գործընկեր երկրների պատասխանատու գերատեսչությունները նախատեսում են ստորագրել ՏՌՀ–ն։

  • 2021 թվականի ամբողջ ընթացքում

Օրենքներում և (կամ) ենթաօրենսդրական ակտերում անհրաժեշտ փոփոխությունների կատարում՝ ՏՌՀ–ի նպատակներին հասնելու և ներդրումն ապահովելու համար։

  • 2022 թվականի հունվարի 1

ՏՌՀ-ն մտնում է ուժի մեջ, ինչն Արևելյան գործընկեր երկրների քաղաքացիներին հնարավորություն կտա ավելի քիչ գումար վճարել Արևելյան գործընկեր վեց երկրների սահմաններում բջջային կապի ծառայություններից օգտվելու համար։

  • 2023-2025 թթ․

Ռոումինգի սակագների շարունակական նվազում՝ նախանշված պլանի համաձայն: Ակնկալվում է, որ այս ժամանակահատվածի ավարտին՝ 2026 թվականին, ռոումինգի ծառայությունների մանրածախ գները սպառողների համար կնվազեն 87%-ով:

  • 2026 թվականի հունվարի 1

Սպասվում է, որ բաժանորդների համար ռոումինգի ծախսերը հետագայում ևս կկրճատվեն՝ ԵՄ նոր մեծածախ դրույքաչափերի կիրառման և ներքին շուկայում հաշվարկված արդյունավետ գների ավելացման միջոցով մանրածախ սակագների սահմանման արդյունքում։

ՏՌՀ-ն ստորագրվելուն պես ռոումինգի կիրառվող սակագների էական իջեցում կապահովի Արևելյան գործընկեր վեց երկրների շրջանում: Սա թույլ կտա, որպեսզի բջջային կապի ցանցերում ռոումինգի հաճախորդներն ավելի մատչելի ծառայություններ ստանան, երբ շրջում են Արևելյան գործընկեր այլ երկրներում: Բացի այդ, ՏՌՀ-ի ներդրման համար իրավակարգավորող դաշտում անհրաժեշտ փոփոխությունների իրականացումը նույնպես քայլ առաջ կլինի նշված երկրների ազգային կարգավորող հիմքերը ԵՄ կարգավորող համակարգի հետ ներդաշնակեցնելու ուղղությամբ:

Միջազգային ռոումինգի տարածք՝ Արևելյան գործընկեր երկրների և ԵՄ անդամ պետությունների միջև

Ընդհանուր ռոումինգի տարածության ներդրման, այդ թվում՝ Արևելյան գործընկեր երկրների և ԵՄ անդամ պետությունների միջև ռոումինգի սակագների տնտեսապես կայուն նվազեցման հնարավորությունն ուսումնասիրելու հանձնառությունը ստանձնվել է Թվային տնտեսության հարցերով Արևելյան գործընկերության երրորդ նախարարական հանդիպմանը՝ 2019 թվականի փետրվարին: Ի աջակցություն այդ գործընթացին՝ համաձայնություն է ձեռք բերվել նաև քննարկումներ ծավալելու և իրագործելիության ուսումնասիրություն անցկացնելու վերաբերյալ։

Արևելյան գործընկերության նախարարների կողմից այս վերջնական հավանությանն արժանանալուց հետո «EU4Digital» ծրագիրը 2020 թվականի հոկտեմբերին մեկնարկեց ԱլԳ-ԵՄ ռոումինգի ուսումնասիրությունը, որը «Հեռահաղորդակցության կանոններ» թեմատիկ ուղղության շրջանակներում իրականացվող նոր գործողություն է: ԱլԳ-ԵՄ ընդհանուր ռոումինգի տարածության իրագործելիության հետագա գնահատման նախադրյալներից մեկն Արևելյան գործընկեր երկրների միջև ՏՌՀ-ի ստորագրումն է, որին նպաստում է նաև EU4Digital–ի թիմը:

ՏՌՀ–ի ստորագրման արարողությունը նախատեսված է 2021 թվականի աշնանը: Առաջ նայելով, եթե ԱլԳ երկրների և ԵՄ անդամ պետությունների միջև ընդհանուր ռոումինգի տարածության ներդրումն ապացուցի իր նպատակահարմարությունը, ԱլԳ-ԵՄ ուսումնասիրությունը կուղղվի դրա իրականացման համար առավել համապատասխան իրավական, տնտեսական և տեխնիկական տարբերակների փնտրտուքին։


Հաջողակ պատմություններ

Ցուցադրել բոլորը