2021 թվականի դեկտեմբերի 14-15-ին Եվրոպական հանձնաժողովի հետ համագործակցությամբ և վերջինիս տեխնիկական աջակցության և տեղեկատվության փոխանակման գործիքի` ԹԱՅԵՔՍ-ի շրջանակներում կայացավ «Հաճախականության տիրույթների համատեղ օգտագործումը 5G ցանցերի համատեքստում» թեմայով տարածաշրջանային աշխատաժողովը, որի նպատակն էր ուսումնասիրել ռադիոհաճախականության տիրույթների համատեղ օգտագործման ոլորտում ԵՄ անդամ երկրների լավագույն փորձը, ինչպես նաև հաճախականության տիրույթների աճուրդի ուղղությամբ վերջիններիս ձեռնարկած միջոցները:
Երկօրյա աշխատաժողովի ընթացքում Արևելյան գործընկերության երկրները ներկայացնող մասնակիցները ծանոթացան հաճախականության տիրույթների համատեղ օգտագործման ոլորտում Ռադիոհաճախականության քաղաքականության խմբի (ՌՀՔԽ) աշխատանքին, ԵՄ տարբեր երկրներում 5G-ի հետ կապված լիցենզավորման պարտավորություններին, հաճախականության տիրույթների համատեղ օգտագործման ԵՄ կարգավորումներին, «լիցենզավորված համատեղ օգտագործման հասանելիություն» (LSA) մոդելին և այլն: Աշխատաժողովը կայացավ 2021 թվականի դեկտեմբերի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած Արևելյան գործընկերության վեցերորդ գագաթնաժողովին զուգահեռ, որտեղ ԵՄ-ի, ԵՄ անդամ երկրների և Արևելյան գործընկերության երկրների ղեկավարներն ընդունեցին համատեղ հռչակագիր, որն ընդգծում է 5G ցանցերի անվտանգության ապահովման կարևորությունը՝ այն համապատասխանեցնելով ԵՄ համակարգված մոտեցմանը, իսկ այդ նպատակով աջակցություն կցուցաբերվի Տարածաշրջանային սպեկտրի համաձայնագրի (ՏՍՀ) իրականացմանը։