Վերածննդի դարաշրջանի երաժշտական հնարքներն ու առաջատար տեխնոլոգիաները միահյուսվել են՝ միմյանց կապելով Հայաստանը և Իտալիան

  • Ամսաթիվ: 11/12/19
  • Կիսվել:

Երբ 17-րդ դարի կոմպոզիտորները երաժշտություն էին ստեղծում՝ այն Վենետիկի Սուրբ Մարկոսի տաճարում հնչեցնելու համար, նրանք չէին կարող պատկերացնել, որ իրենց նորարարական երաժշտական հնարքները 21-րդ դարում հնարավոր կդարձնեն ռեկորդային 5000 կիլոմետր հեռավորության վրա համաժամ համերգը: Կամ որ դրանք երաժշտական կապ կստեղծեն Վենետիկի հայկական սփյուռքի և հենց Հայաստանի միջև:

ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Արևելյան գործընկերության կապ» (EaPConnect)  ծրագրի գործընկեր համարվող երկու լավագույն երգչախմբեր երաժշտական կամուրջ են ստեղծել Վենետիկի (Իտալիա) և Երևանի (Հայաստան) միջև` «LoLa» (low latency, իմա՝ ցածր հապաղում) տեսաձայնային համակարգի ու առաջատար կրթական և հետազոտական ցանցերի օգնությամբ: Երկու երկրներում գտնվող երեսունհինգ ակապելլա երգիչներ Արևելյան գործընկերության Էլեկտրոնային ենթակառուցվածքների 4-րդ համաժողովի՝ EaPEC 2019-ի տպավորիչ բացման միջոցառման շրջանակներում, որը կրում էր «Կապը մշակույթի հետ» խորագիրը, հանդես եկան համաժամ ելույթով: Սա «LoLa» տեխնոլոգիայի կիրառմամբ առաջին ելույթն էր Հայաստանում:

Կամրջելով հեռավորությունը

Չնայած նրան, որ Երևանն ու Վենետիկը միմյանցից հեռու են «ընդամենը» 3400 կմ, երկու երգչախմբերի միջև թվային ազդանշան փոխանցող ցանցերի երկարությունը կազմում էր շուրջ 5000 կմ՝ անցնելով յոթ երկրների՝ Իտալիայի, Շվեյցարիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Ուկրաինայի, Վրաստանի և Հայաստանի տարածքով: Սա LoLa-ի բոլոր համերգների հաղթահարած ամենաերկար հեռավորությունն է ներկա դրությամբ:

Նման հեռավորությունը տեխնիկական խնդիրներ է առաջացնում երաժշտական փոխազդեցության համար, քանի որ ավելի մեծ հեռավորությունը հանգեցնում է ցանցերի միջև թվային ազդանշանի փոխանցման ավելի մեծ «հապաղման» կամ ուշացման: Նույնիսկ եթե ազդանշանն աշխատում է լույսի արագությամբ (200,000 կմ/վրկ), ֆիզիկայի օրենքներն ասում են, որ այն չի կարող ավելի արագ հաղթահարել տարածությունը: Այնպես է պատահել, որ 17-րդ դարի վենետիկյան կոմպոզիտորները պայքարում էին համանման խնդրի, այն է՝ օդում ձայնի արագության պատճառով առաջացած հապաղման հետ, քանի որ նրանց երգչախմբերը հաճախ ցրված էին Սուրբ Մարկոսի տաճարի ներսի ընդարձակ տարածության մեջ, բայց ստիպված էին մեկ համակարգված ձայն ապահովել իրենց լսարանի համար: Պատահական կերպով, Սուրբ Մարկոսի տաճարի հապաղումը գրեթե նույնական է Վենետիկից Երևան ցանցի հապաղման հետ. մոտ 40 միլիվայրկյան: Վերոնշյալ կոմպոզիտորները, այդ թվում՝ Մոնտեվերդին, Գաբրիելին և Կրոչեն, հորինել են երաժշտական հնարքներ, որոնք նախատեսված են եկեղեցական միջավայրերում նմանատիպ հապաղումների համար: Նրանց հնարքներն հետագայում օգտագործվել են մոտ 400 տարի անց՝ «Կապը մշակույթի հետ» համերգն իրականություն դարձնելու նպատակով՝ օգնելով երկու երգչախմբերին հանդես գալ համատեղ ելույթով՝ առանց որևէ ընկալելի հապաղման:

Համագործակցություն և կապ

«Կապը Մշակույթի հետ» միջոցառմանը հնչեց վենետիկյան կոմպոզիտորներ Ջովաննի Կրոչեի և Անդրեա Գաբրիելիի ու հայ կոմպոզիտոր Կոմիտասի հեղինակած երաժշտությունը: «Հովեր» պետական կամերային երգչախմբի կողմից Երևանում և «Կապելլա Մարչիանա»-ի մենակատարների կողմից Վենետիկում մատուցված համերգն ի ցույց դրեց ներդաշնակ միջսահմանային համագործակցությանն աջակցելու ուղղությամբ թվային տեխնոլոգիաների ներուժը: Համերգը Հայաստանի (ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ) և Իտալիայի («GARR» կոնսորցիում) ազգային հետազոտական և կրթական ցանցերի միջև համագործակցային աշխատանքի գագաթնակետն էր, որն իրականություն դարձավ Տրիեստի Ջ. Տարտինիի անվան կոնսերվատորիայի և Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի աջակցությամբ: Համերգն ու Արևելյան գործընկերության Էլեկտրոնային ենթակառուցվածքների համաժողովը կազմակերպվել էին ԵՄ կողմից ֆինանսավորվող «EaPConnect» ծրագրի և 2019 թվականի սեպտեմբերի 24-ից 26-ը Երևանում հյուրընկալվել էին ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի կողմից:

Փորձերի և ելույթի շնորհիվ այս համագործակցությանը հաջողվեց նաև կապեր հաստատել Հայաստանի և Վենետիկի հայ համայնքի միջև: Վենետիկն այս միջազգային համերգի գործընկեր վայր էր ընտրվել քաղաքում հայկական մշակութային կարևոր ժառանգության, ինչպես նաև տեղում ակնառու հայ համայնքի առկայության համար: Վենետիկում համերգն ունկնդրելու հրավերները տարածվել էին տեղի հայ համայնքի անդամների շրջանում, իսկ այս միջոցառման համար «Կապելլա Մարչիանա»-ի դիրիժոր Յուստինե Ռապաչիոլին, ով երգչախմբի 700-ամյա պատմության ընթացքում առաջին կինն է այդ կարգավիճակում, ունի հայկական ծագում: Հուսադրաբար, այս համագործակցության արդյունքում հաստատված հարաբերությունները շարունակություն կունենան

«Ինձ դուր է գալիս այն միտքը, որ մենք ստեղծեցինք երաժշտական կամուրջ, երկխոսություն, և այսպիսի կամուրջները հենց այն են, ինչը մեզ այսօր իսկապես պետք է աշխարհում»,- ասաց Յուստինե Ռապաչիոլին:

LoLa-ն, հետազոտական և կրթական առաջատար ցանցերի հետ զուգակցմամբ, աշխարհագրականորեն ցրված երաժիշտներին, պարողներին, դերասաններին և այլ արվեստագետներին հնարավորություն է տալիս միասին աշխատել իրական ժամանակում՝ առանց էական խաթարման կամ հապաղման: Տեխնոլոգիան 2010 թվականին իր հանրային ցուցադրությունից ի վեր կիրառվում է Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայիում և այլուր տեղակայված երաժշտական դպրոցներում՝ դասավանդման, վարպետության դասերի, փորձերի և ներկայացումների համար: Այժմ այն հասանելի է Արևելյան գործընկերության երկրներում՝ շնորհիվ «EaPConnect»  ծրագրի:

«LoLa» նախագծի հետազոտությունների ու մշակման թիմը Տրիեստի Ջ. Տարտինիի անվան կոնսերվատորիայի ու հետազոտությունների և կրթության իտալական «GARR» ցանցի միջև համագործակցության արդյունքն է:

Լրացուցիչ տեղեկություններ

«EaPConnect» ծրագրի կայքէջ

«Կապը մշակույթի հետ» համերգի ամբողջական ձայնագրությունը, որը հասանելի է GARR TV-ի կայքէջում:

Յուստինե Ռապաչիոլիի մասնակցությամբ «GARR» կոնսորցիումի կողմից պատրաստված «Կապը մշակույթի հետ» համերգի տեսահոլովակը, ինչպես նաև EaPConnect-ի կողմից պատրաստված EaPEC 2019-ի վերաբերյալ տեսանյութը երկուսն էլ հասանելի են YouTube-ի EaPConnect playlist  տեսացանկում:

Հեղինակ՝ Լաուրա Դամֆորդ Այս նյութն առաջին անգամ հրապարակվել է «EaPConnect» ծրագրի կողմից:

Հաջողակ պատմություններ

Հայկական գուլպաների վաճառք Գերմանիայում. «EU4Digital»-ը՝ eCommerce-ի միջոցով ԵՄ շուկան մոտեցնում է հայ գործարարին

Հայկական «Զիլ գուլպաներ» բրենդը ներկայացել է Գերմանական eBay վաճառքի օնլայն հարթակում պարզ ու արագ եղանակով: Ա…

Իմանալ ավելին

Թվային հմտությունների խթանում. EU4Digital թվային առաքելությունը Հայաստանում

Երևանի Լեոնիդ Ազգալդյանի անվան թիվ 200 դպրոցի դասասենյակներից մեկում շուրջ 15 դպրոցականներ կպած են իրենց համակ…

Իմանալ ավելին

Ցուցադրել բոլորը