Ռոումինգի հարցերով շահագրգիռ կողմերի հանդիպում

  • Ամսաթիվ: 06/11/19
  • Կիսվել:

2019 թվականի նոյեմբերի 12-ին Վիլնյուս քաղաքում (Լիտվա) կանցկացվի ռոումինգի հարցերով շահագրգիռ կողմերի հանդիպում՝ տարածաշրջանային ռոումինգի համաձայնագրի ստորագրման հնարավորությունները քննարկելու նպատակով:

Միջոցառումը՝ որպես «EAPeReg» ցանցի (Արևելյան գործընկերության էլեկտրոնային հաղորդակցության կարգավորողների ցանց) Ռոումինգի հարցերով փորձագիտական աշխատանքային խմբի (ՌՓԱԽ) համանախագահ, կկազմակերպի Լիտվայի Հանրապետության հաղորդակցության ոլորտի կարգավորող մարմինը (ՀԿՄ)՝ ՌՓԱԽ նախագահության ու Կապի և տեղեկատվայնացման պետական կարգավորման ազգային հանձնաժողովի (ԿՏՊԿԱՀ) հետ համագործակցությամբ և Եվրոպական միության աջակցությամբ:

Միջոցառման հիմնական նպատակը Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առջև ստանձնած պարտավորությունների լույսի ներքո տարածաշրջանային ռոումինգի համաձայնագրի կնքման շուրջ առաջարկվող իրավական շրջանակների տարբերակները պատասխանատու նախարարությունների հետ քննարկելն ու Արևելյան Գործընկերության (ԱլԳ) բոլոր վեց երկրների համար առավել ընդունելի տարբերակը գտնելն է:

Միջոցառման շրջանակում կներկայացվեն ՌՓԱԽ գործունեությունն ու տարածաշրջանային ռոումինգի համաձայնագրի ճանապարհային քարտեզի իրականացման, ինչպես նաև «Թվային տնտեսություն» խորագրով ԱլԳ 3-րդ նախարարական հանդիպման ընթացքում Արևելյան գործընկերության և Եվրոպական միության միջև ընդհանուր ռոումինգի տարածություն ստեղծելու հնարավորության շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների ուղղությամբ արձանագրված առաջընթացը:

Միջոցառումներ

Ցուցադրել բոլորը