Հայկական «Զիլ գուլպաներ» բրենդը ներկայացել է Գերմանական eBay վաճառքի օնլայն հարթակում պարզ ու արագ եղանակով: Այս հնարավորությունն ընկերությանն ընձեռել է «EU4Digital» նախաձեռնության գործարկած էլեկտրոնային կոմերցիայի (eCommerce) պիլոտային ծրագիրը, որը գործարկվել է Եվրոպական միության կողմից։ Ինչ արդյունքեր է գրանցել պիլոտային ծրագիրը, և ինչ է նշանակում դրա ընդլայնումը Հայաստանի համար:
Ի՞նչ է «EU4Digital»-ի էլեկտրոնային կոմերցիա (eCommerce)պիլոտային ծրագիրը
«EU4Digital» նախաձեռնության շրջանակում Եվրոպական միությունը ձգտում է մեծացնել էլեկտրոնային առևտրաշրջանառությունը Հայաստանի հետ: Այս նպատակին հետամուտ՝ 2021 թվականի մայիս-հունիս ամիսներին փորձարկվեց մի նորարարական լուծում՝ միտված Արևելյան գործընկերության երկրներում գործող փոքր և միջին ձեռնարկությունները, առաքիչ օպերատորներին և մաքսային մարմինները միավորելուն։
Պիլոտային «eCommerce» ծրագիրը, ենթադրում է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Գերմանիայի միջև էլեկտրոնային կոմերցիայի վերաբերյալ տվյալների ավտոմատ փոխանակման համար անհրաժեշտ գործիքակազմի ապահովում:
«EU4Digital» նախաձեռնության էլեկտրոնային կոմերցիայի ծրագրում Հայաստանի ներկայացուցիչը ՀՀ ազգային փոստային օպերատորն է՝ ՀայՓոստը, որը հանդես է գալիս որպես կապող օղակ հայ ձեռնարկատերի և ԵՄ-ի միջև:
«Նախաձեռնության շրջանակում ստեղծվել է մի հարթակ, որը հայ արտադրողներին և գործարարներին թույլ է տալիս վիրտուալ պահեստ ներմուծել իրենց արտադրանքի տվյալները: Այնուհետև, դրանք ավտոմատ եղանակով հասանելի են դառնում ԵՄ տարածքում գործող վաճառքի օնլայն հարթակների, փոստային օպերատորների և մաքսային մարմինների համար: Սրա շնորհիվ դուրս է մնում վաճառողների կողմից տվյալների բազմակի մուտքագրման և մաքսային փաստաթղթերի պատրաստման անհրաժեշտությունը»,- պատմում է ՀայՓոստի կոմերցիոն տնօրինության ծրագրերի զարգացման փորձագետ Քրիստինե Ղուլյանը:
Արևելյան գործընկերության երկրներում ընտրվել են տեղական ընկերություններ, որոնց արտադրանքը պիլոտային ծրագրի իրականացման համար պետք է ներկայացվեր գերմանական eBay-ում: Հայաստանի պարագայում այդ հնարավորությունն ընձեռվել է «Զիլ գուլպաներ» բրենդին:
«Զիլ գուլպաներ»-ը՝ դեպի ԵՄ շուկա
«Զիլ գուլպաներ»-ը
«Զիլ»-ը բազմաոճ գուլպաների առցանց խանութ է, որը ներկայացնում է տրամադրություն հաղորդող տեսականի՝ կոտրելով Հայաստանում տարածված «ձանձրալի» ու միագույն գուլպաների կարծրատիպը:
«Զիլ գուլպաներ»-ի համահիմնադիր Հայկ Աբազյանի խոսքով՝ գուլպաների դիզայնը և արտադրությունը կազմակերպում են Չինաստանի իրենց գործընկերների հետ՝ մեկ առ մեկ ընտրելով ինքնատիպ պատկերներով տեսակները: Փաթեթավորման մեջ պահպանել են հայատառ անվանումը՝ ավելի գրավիչ բրենդավորման համար:
«Զիլը մեր առօրյա խոսքից փոքր-ինչ դուրս մղված բառ էր: Փորձեցինք այն նորից ժամանակակից խոսակցական լեզու մտցնել՝ ձգտելով այս բառն ասոցացնել հենց մեր գուլպաների հետ»,- ասում է Հայկ Աբազյանը:
Նրա խոսքով՝ ընկերությունն աշխատում է օնլայն վճարման համակարգերով: Սա ևս պատճառ դարձավ, որ նրանք, տեղեկանալով ծրագրի մասին, ցանկացան փորձարկել վիրտուալ պահեստը՝ որպես էլեկտրոնային առևտրի լայն հարթակների հետ կապի նորարար լուծում:
«Արտահանման մասին վաղուց էինք մտածում, սակայն այդ ուղղությամբ աշխատելու համար շատ ժամանակ էր անհրաժեշտ: Ինչ-որ առումով դա մեզ համար գլխացավանք էր դարձել, մինչդեռ «EU4Digital» նախաձեռնությունը և ՀայՓոստը հեշտացրեցին մեր աշխատանքը՝ մի շարք գործողությունների ավտոմատացման շնորհիվ»,- հավելել է Հայկ Աբազյանը:
Ինչպե՞ս ընթացավ պիլոտային ծրագիրը
Քրիստինե Ղուլյանը
Պիլոտային ծրագրի մեկնարկին «Զիլ գուլպաներ» ընկերության ներկայացուցչի ներկայությամբ ՀայՓոստի աշխատակիցները վիրտուալ հարթակ են ներմուծել արտադրանքի տվյալները: Դրանք համապատասխանեցված են ԵՄ և միջազգային պահանջներին, և միայն մեկ անգամ է պետք մուտքագրել, մինչդեռ այլ պարագայում տվյալները փոստային ծառայությանն ու մաքսային մարմնին են տրամադրվում յուրաքանչյուր վաճառքի ժամանակ: Միջսահմանային գործարքների փոստային և մաքսային ծառայությունների համար անհրաժեշտ փաստաթղթերը ստացվում են վիրտուալ պահեստի միջոցով:
«Գործընթացը թեստավորելու համար բավական էր մեկ ապրանքի ֆիզիկական առաքումը դեպի Գերմանիայի պահեստ, որն էլ իրականացրեց ՀայՓոստը: Այդտեղից էլ ապրանքն արդեն այլ բեռնափոխադրողի շնորհիվ հասել է գնորդին: Գուլպաները արդյունավետ կերպով առաքվել են գնորդին, իսկ ապրանքի տվյալները պահպանվել են վիրտուալ պահեստում՝ հետագա վաճառքների պարագայում օգտագործելու համար»,- մանրամասնում է Քրիստինե Ղուլյանը՝ հավաստելով, որ թեստավորումը հաջող է ընթացել:
«Այժմ տեխնիկական ադապտացման փուլում ենք. փորձում ենք այս վիրտուալ պահեստի հարթակը լիարժեքորեն համապատասխանեցնել մեր ներքին ծրագրերին, որպեսզի ավելի սահուն կերպով կարողանանք աշխատել տեղեկատվության փոխանցումների հետ»,-ասում է Քրիստինե Ղուլյանը:
Վիրտուալ պահեստը տեղական գործարարների համար փոխում է խաղի կանոնները. մեկ անգամ մուտքագրելով ապրանքը պահեստում՝ դրանք կարող են վաճառվել ցանկացած միջազգային օնլայն խանութում ինչպիսին eBay-ն է կամ Etsy-ը, իսկ ստանդարտացված տվյալները թույլ կտան փոստային ծառայություններին կազմակերպել առաքում և կապահովեն անխոչընդոտ մաքսային միջսահմանային գործընթացներ:
Ի՞նչ է ծրագիրը տալիս Հայաստանին
Պիլոտային ծրագրի մեկնարկին նախագիծը համակարգել է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն: ՊԵԿ-ի նախագծերի ղեկավար Կարեն Մարտիրոսյանը կարևորել է ԵՄ-ի և Արևելյան գործընկերության երկրների միջև էլեկտրոնային առևտրի զարգացման շնորհիվ հավելյալ արժեքի ստեղծումը:
«Անդրսահմանային առևտրի ոլորտում հիմնական խոչընդոտներից է կոմերցիոն գործարքների և բեռն ուղեկցող փաստաթղթերի թղթային շրջանառությունը, մինչդեռ էլեկտրոնային համակարգերն երկրների միջև ստեղծում են փոխվստահության մթնոլորտ: Մեկ այլ խոչընդոտ է նաև գործարարների պակաս տեղեկացված լինելն անհրաժեշտ փաստաթղթերից և պահանջներից: Եվրոպական շուկան ստանդարտներով հագեցած ու բավականին խիստ շուկա է, որտեղ մուտք գործելը մարտահրավեր է նաև խոշոր խաղացողների համար»,- պարզաբանում է Կարեն Մարտիրոսյանը:
«Էլեկտրոնային առևտրի և տվյալների փոխանակման էլեկտրոնային համակարգերի ներդրման պարագայում բոլոր այս խոչընդոտները վերանում են, քանի որ համակարգն ի սկզբանե նախագծվում է օրենսդրության պահանջներին համապատասխան և գործարարին «հուշում է» անհրաժեշտ տեղեկատվության, պարտադիր լրացման դաշտերի և ձևաչափերի մասին»,- հավելում է նա՝ ողջունելով EU4Digital պիլոտային ծրագիրը որպես կարևոր քայլ հայկական ՓՄՁ-ներին աջակցելու ուղղությամբ:
«Այս ծրագիրը թույլ է տալիս հայկական փոքր և միջին բիզնեսին առանց շուկաների և օրենսդրության ուսումնասիրման, գործընկերներ գտնելու, տարբեր հարթակներում արտադրանքը ներկայացնելու համար անհրաժեշտ լրացուցիչ ռեսուրսների ներգրավման մուտք գործել եվրոպական շուկա: Բացի այդ, շահում է նաև հայկական սփյուռքը. պիլոտային ծրագրի շրջանակում դրական արձագանք ստացանք Գերմանիայի հայ համայնքից, որը մինչ այս ցանկանում էր օգտվել հայկական արտադրանքից, սակայն այն դժվարամատչելի էր իրենց համար»,- մանրամասնում է Կարեն Մարտիրոսյանը:
Ինչպես են շահում ձեռնարկատերերը
Գործընթացի իրականացումը «ՀայՓոստ»-ում
Շարունակելով խոսել ծրագրի առավելությունների մասին՝ Քրիստինե Ղուլյանն էլ ընդգծում է անդրսահմանային գործընթացների արագացման հանգամանքը:
«Վիրտուալ պահեստի միջոցով տվյալները փոստային օպերատորին են ուղարկվում ինքնաշխատ եղանակով, որի հիման վրա էլ վաճառողը ստանում է կոդը»:
Վերջինս վաճառողներին անհրաժեշտ է փոստային բաժանմունքում ցույց տալու համար, որպեսզի նրանք կարողանան ապրանքը նույնականացնել ավտոմատ փոխանակված տվյալների հետ, որն արդեն առկա է համակարգում:
«Բացի այդ, վաճառքի տարբեր հարթակներում հաշիվներ բացելու անհրաժեշտություն չկա, սա ևս հոգում է համակարգը, իսկ այդ հարթակներից գնում կատարելու դեպքում՝ գումարն ավտոմատ փոխանցվում է մեր վաճառողների հաշվին»,- ասում է Քրիստինե Ղուլյանը:
Նա հավելում է, որ հոկտեմբերին նախաձեռնորղները ծրագիրն անմբողջապես կհանձնեն ՀայՓոստին, որից հետո կլինի լիարժեք գործարկում՝ այն հասանելի դարձնելով նաև այլ ՓՄՁ-ների:
Ծրագրով հետաքրքրվող գործարարները կարող են միանալ դրան՝ դիմելով ՀայՓոստի կոմերցիոն տնօրինություն ( էլ. հասցե՝ business@haypost.am):
Պիլոտային ծրագրում ընդգրկված «Զիլ գուլպաներ» ընկերության փորձն էլ Հայաստանի և ԵՄ-ի միջև էլեկտրոնային առևտրի հոսքերի արդյունավետ օպտիմալացման ապացույցն է:
«Կոնկրետ մեր պարագայում նոր շուկաների նվաճումն ու պահանջարկի աճը հնարավորություն կտա հետագայում պատվիրել նաև սեփական դիզայնով գուլպաներ: Այլ արտադրողներին խորհուրդ կտամ անպայման ընդգրկվել ծրագրում, քանի որ այն թույլ է տալիս խնայել ժամանակ և ընդլայնել իրացման շուկան, ինչը ցանկացած գործարարի համար ամենակարևորն է»,- հավելում է Հայկ Աբազյանը:
Էլեկտրոնային առևտրի խոչընդոտները
«EU4Digital»-ի էլեկտրոնային առևտրի ուղղության ղեկավար Ռուտա Սալվիտե-Տամոսյունիենեի խոսքով՝ ծրագրի նպատակը ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիների ու բիզնեսի համագործակցության համար հեշտ ճանապարհներ ստեղծելն է:
«Մենք փորձում ենք մշակել լուծումներ և ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք կօգնեն Արևելյան գործընկերության երկրներին ավելի մոտեցնել ԵՄ-ին: Մեր աշխատանքի մաս է կազմում նաև կոնկրետ լուծումների թեստավորումը, որոնք արդեն իսկ գործում են ԵՄ տարածքում և պետք է փոխադրվեն Արևելյան գործընկերության երկրներ: Պիլոտային ծրագիրը հենց այս մասին էր՝ ինչպես խթանել էլեկտրոնային առևտուրն ու վերացնել խոչընդոտները, որպեսզի ԵՄ շուկան մատչելի դառնա հատկապես փոքր և միջին ձեռնարկությունների համար»,- մանրամասնում է նա:
Ռուտա Սալվիտե-Տամոսյունիենեն ընդգծում է, որ էլեկտրոնային առևտրի թեման էլ ավելի կարևորվեց Covid-19 համավարակի հետևանքով. եթե գնորդների համար առցանց առևտուրն այդքան էլ նոր երևույթ չէր, փոքր և միջին բիզնեսի համար այն մարտահրավեր էր:
«EU4Digital ծրագրի մեր գործընկերները սովոր էին վաճառել իրենց արտադրանքը դասական եղանակներով, մինչդեռ համավարակը պարտադրեց անցել էլեկտրոնային առևտրի, որի էկոհամակարգին ծանոթանալը շատ գործարարների համար հեշտ չէր»,- հավելում է նա:
«Արևելյան գործընկերության երկրներում էլեկտրոնային առևտրին չնպաստող տիպիկ օրինակներ են կանխիկ վճարումներն ու առաքումը: Գնորդները սովոր են վճարել ապրանքի համար առաքումից հետո, մինչդեռ էլեկտրոնային առևտրի պարագայում գնորդը պետք է վճարի նախապես, ստանա իր ապրանքը, որից հետո հնարավոր է վերադարձ և փոխհատուցում»,- նշում է EU4Digital նախաձեռնության ներկայացուցիչը:
Նա հավելում է, որ ԵՄ տարածաշրջանում գործող առցանց առևտրի հիմնական հարթակները գործընկեր երկրների ձեռնարկատերերի կողմից չեն օգտագործվում տեղեկացվածության պակասի և ԵՄ շուկա մուտք գործելու բարձր գնի պատճառով. հատկապես փոքր ընկերություններն իրենց չեն կարող թույլ տալ ռեսուրսներ ծախսել ԵՄ էլեկտրոնային վաճառքի էկոհամակարգի ուսումնասիրության համար:
«Այլ խոչընդոտ է այն, որ տեղական էլեկտրոնային վաճառքի հարթակները հարմարեցված չեն անդրսահմանային առևտրի համար, օրինակ, գների եվրոյով ներկայացված չլինելու կամ ապրանքի անգլերեն անվանման բացակայության տեսանկյունից: Բացի այդ, առաքման միջին ժամանակահատվածը Արևելյան գործընկերության երկրներում ավելի երկար է, քան Եվրոպայում: Այս բոլոր խոչընդոտները վերացնելու համար էլ մենք ստեղծեցինք վիրտուալ պահեստ, որն էլ հաջողությամբ փորձարկվեց eCommerce պիլոտային ծրագրում»,- ամփոփում է Ռուտա Սալվիտե-Տամոսյունիենեն:
Զարգացում և ընդլայնում
Էլեկտրոնային առևտրի խթանմանն ուղղված այս մոդելի զարգացումը շարունակվում է պիլոտային ծրագրում ընդգրկված բոլոր երկրներում՝ լուծումը զարգացնելու վերաբերյալ տվյալ երկրների որոշման հիմքով:
Հայաստանի պարագայում ծրագրի զարգացման պատասխանատուն ՀայՓոստն է:
«ՀայՓոստը Հայաստանի ամենախոշոր լոգիստիկ ծառայություններ իրականացնող կազմակերպությունն է, այն ունի ՀՀ-ում ամենամեծ ցանցը՝ 850 փոստային բաժանմունք, որոնք թույլ են տալիս արագ կազմակերպել Հայաստանի ցանկացած կետում գործունեություն ծավալող ձեռնարկատիրոջ ապրանքի ընդունումը բաժանմունք և Հայաստանից արտահանումը: Ինչպես նաև, լինելով ամբողջ գործընթացի համակարգողը՝ սկսած ապրանքի թվային ներմուծումից մինչև ապրանքի փաստացի փոխադրում, ՀայՓոստը իրականացնում է վերահսկողություն և նպաստում գործընթացի սահուն և որակյալ իրականացմանը»,- նշում է Քրիստինե Ղուլյանը:
Նա հավելում է, որ նախագծում նոր ձեռնարկատերերի ներգրավումը սկսելու են պոտենցիալ մասնակիցների պահանջմունքների բացահայտմամբ՝ ԵՄ-ի հետ էլեկտրոնային առևտրի զարգացման համար:
«Այս պարագայում ՀայՓոստի առաջնային նպատակը ոչ թե շահույթի հետապնդումն է, այլ հայ արտադրողին աջակցելը: Հանդիսանալով փոստային կապի ազգային օպերատոր՝ ՀայՓոստը կրում է պատասխանատվություն ինչպես երկրի, այնպես էլ արտահանման զարգացման համար»,- ամփոփում է Քրիստինե Ղուլյանը:
Գայանե Ենոքյան
The eCommerce pilot was launched by EU4Digital in May-June 2021, when SMEs from the pilot countries placed their goods for sale in Germany and after purchase automatically exchanged product data with delivery operators and customs. Through its EU4Digital initiative, the European Union supports eTrade facilitation and harmonisation among Eastern Partner countries and with the EU, by promoting common frameworks for eCommerce, eCustoms and eLogistics, and working towards Digital Transport Corridors.
Մեր կայքում օգտագործվում են քուքիներ՝ կայքի հետ Ձեր աշխատանքը բարելավելու, կայքի նավիգացիայի արագացման և կայքի օգտագործումը վերլուծելու համար: Սեղմելով «Ընդունել բոլոր քուքիները» կոճակի վրա՝ Դուք համաձայնություն եք տալիս մեր կողմից քուքիների օգտագործմանը:
Մեր կողմից օգտագործվող քուքիների մասին ավելին իմանալու կամ Ձեր քուքիների կարգավորումները փոփոխելու համար ծանոթացեք Քուքիների քաղաքականությանը:
Ֆունկցիոնալ քուքիներ
Ֆունկցիոնալ քուքիները կարևոր են կայքի գործառնության համար: Այս քուքիները մեզ օգնում են նաև չափել կայքի կատարողականը և բարելավել կայքի հետ Ձեր աշխատանքը, ինչպես նաև հիշել Ձեր կողմից ընտրած յուրաքանչյուր կարգավորում:
If you disable this cookie, we will not be able to save your preferences. This means that every time you visit this website you will need to enable or disable cookies again.
Գովազդային / Թիրախավորման քուքիներ
Գովազդային / թիրախային քուքիները մեր կողմից օգտագործվում են օգտվողի գործողություններին և այցելություններին հետևելու համար, որպեսզի մենք կարողանանք մատուցել ավելի անհատականացված ծառայություն: Գովազդային քուքիների դեպքում դրանք սահմանվում են երրորդ կողմերի կողմից, որոնց հետ մենք իրականացնում ենք գովազդային արշավներ: Այդ քուքիները մեզ թույլ են տալիս մատուցել Ձեզ վերաբերող գովազդներ: Սրանք ընտրովի քուքիներ են, և օգտատերերը ցանկացած պահի կարող են հրաժարվել դրանցից: