Մնա՛ տանը. մենք տեղ կհասցնենք դեղերը: Թվային նախաձեռնությունը կենսաթոշակառուներին օգնում է հաղթահարել դժվար ժամանակները

  • Ամսաթիվ: 08/12/20
  • Կիսվել:

Կորոնավիրուսը փոխել է բոլորիս կյանքը: Նույնիսկ եթե մեզ բախտ է վիճակվել խուսափել հիվանդությունից, բոլորս ստիպված ենք եղել սահմանափակել մեր սոցիալական կապերը կամ վերաձևել դրանք: Այդուհանդերձ համավարակի ուղղակի և անուղղակի ազդեցություններն անհամաչափորեն ազդել են հասարակության մեկ խմբի՝ տարեցների վրա: Բացի կորոնավիրուսի համար առավել խոցելի խումբը լինելուց, նրանք ավելի ու ավելի շատ ժամանակ են անցկացնում տանը՝ միայնության մեջ՝ անհանգստանալով իրենց և հարազատների առողջության համար, ինչպես նաև բախվելով անորոշության հետ, քանզի չգիտեն, թե երբ կավարտվի այս ամենը:

2020 թվականի մարտ ամսին Վրաստանում եռամսյա «լոքդաուն» հայտարարվեց: Գրեթե բոլոր մասնավոր և պետական հաստատություններն անցան վիրտուալ ռեժիմով աշխատանքի, իսկ երեկոյան ժամերից մինչև առավոտ նախատեսված գործողությունները սահմանափակվեցին: Սա աննախադեպ իրավիճակ էր երկրի նորագույն պատմության մեջ: «Լոքդաունը» ցավոտ էր, բայց քանի որ սահմանափակումների անհրաժեշտությունն ակնհայտ էր, առողջապահության ոլորտի մասնագետների առաջարկություններն ընդունվեցին և ի գիտություն ընդունվեցին երկրի մեծամասնության կողմից:

Աշնանը Վրաստանում սկսվեց վարակի երկրորդ ալիքը: Ի պատասխան վարակման դեպքերի ավելացմանը՝ նոյեմբերի 26-ին վերականգնվեցին սահմանափակումները, և բազմաթիվ այլ գործողությունների հետ մեկտեղ արգելվեց նաև միջքաղաքային ու հասարակական տրանսպորտի բոլոր ձևերի գործունեությունը:

Բարդ իրավիճակում հայտնվեցին կենսաթոշակառուները, ում առողջությանը COVID-19-ը բոլորից շատ է սպառնում: Մինչ երիտասարդներն առաջին անհրաժեշտության իրերի համար անցան առցանց գնումների, տարեցների դեպքում սա այլընտրանք չէր. խումբ, որն առավել հաճախ է օգտվում առողջապահական ծառայություններից և շաբաթական առնվազն մեկ անգամ կատարում է դեղորայքի ձեռքբերում:

Տարեցների անվտանգությունն ապահովելու համար Առողջապահության նախարարությունը՝ էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցությամբ, կարճ ժամանակում մշակեց բարձր ռիսկային խմբերին դեղեր հասցնելու փոստային ծառայություններ՝ դեղատնից դեղամիջոցներ հասցնելով գնորդի մուտքի դռան մոտ:

Առաքման ծառայությունը մասն է նորաստեղծ Էլեկտրոնային դեղատոմսի հարթակի, որն ինտեգրված է Վրաստանի փոստային ծառայություններին և ընդգրկում է ոչ միայն Թբիլիսին, այլև ամբողջ երկիրը: Այս պրակտիկան հատկապես արդյունավետ է դեղերի երկարաժամկետ կանոնավոր մատակարարման հետ կապված դեպքերում, օրինակ` քրոնիկ հիվանդությունների դեպքում:

Անշուշտ, ePrescription-ն (էլեկտրոնային դեղատոմսեր) այն ոլորտներից է, որոնց ուղղությամբ Եվրոպական միությունն իր «EU4Digital» նախաձեռնության միջոցով աշխատանք է տանում Արևելյան գործընկերության տարածաշրջանում ընդհանուր ուղենիշներ հաստատելու համար` նպատակ ունենալով ապահովել համակարգի աշխատանքը սահմաններից դուրս: Արդեն հունիս ամսին Վրաստանի էլեկտրոնային դեղատոմսերի հարթակը ներկայացվեց EU4Digital-ի էլեկտրոնային առողջապահության ցանցի վիրտուալ հանդիպմանը, որը նվիրված էր COVID-19-ին և տվյալ հիվանդության վերաբերյալ վիճակագրության տվյալների փոխանակմանը, ինչպես նաև համավարակի կառավարման առնչությամբ երկրների լավագույն պրակտիկաներին:

Արևելյան գործընկերության շրջանակներում 2019 թվականից ի վեր իրականացվող «EU4Digital» ծրագիրն աջակցում է թվային տնտեսության, շուկայի և թվային հասարակության հիմնական ոլորտների զարգացմանը՝ ԵՄ նորմերին և պրակտիկաներին համապատասխան: Էլեկտրոնային առողջապահությունը ծրագրի վեց գերակա ուղղություններից մեկն է, որն աջակցում է էլեկտրոնային առողջապահական ծառայությունների տարածման և տվյալների կառավարման ընդհանուր ուղեցույցների մշակմանն ու ընդհանուր մարտահրավերների ուղղությամբ միջսահմանային համագործակցությանը:

Միխեիլ Ջանիաշվիլի

Սա մի ոլորտ է, որտեղ Վրաստանը առաջ է անցել բոլորից: Առողջապահության նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միխեիլ Ջանիաշվիլին ասում է, որ Վրաստանը մինչև համավարակի բռնկումն արդեն իսկ առողջապահական համակարգ էր ներմուծել հիվանդների էլեկտրոնային ստորագրությունների, էլեկտրոնային գրառումների և էլեկտրոնային դեղատոմսերի պրակտիկաները, ինչը դյուրացրել էր կարճ ծանուցման միջոցով լրացուցիչ ծառայություններ մատուցելու գործընթացը: Առողջապահության նախարարությունում արդեն իսկ գործող ծառայությունամետ կառուցակարգի միջոցով հնարավոր դարձավ առանց ջանք գործադրելու տարբեր ծառայությունների ակտիվացումը, ապաակտիվացումը կամ կատարելագործումը:

«Մենք կարողացանք բժշկի կողմից քրոնիկ հիվանդությունների համար էլեկտրոնային եղանակով նշանակված դեղատոմսը կապել փոստային առաքման ծառայության հետ: Մեր տվյալների շտեմարանում առկա էր այդ դեղերը ստացողների ցուցակը: Ցուցակը տրամադրվեց փոստային ծառայությանը, իսկ վերջինս ձեռնամուխ եղավ դեղերի տնային առաքմանը: Բժիշկը համապատասխան դաշտում նշում էր, որ տվյալ շահառուն պատկանում է որոշակի կատեգորիայի և դեղորայքի տնային առաքման կարիք ունի: Մնացածը փոստային ծառայության կողմից իրականացվող տեխնիկական աշխատանք էր: Այն հաջողությամբ գործել է «լոքդաունի» ընթացքում և բարեհաջող աշխատում է մինչ օրս»:

Միխեիլ Ջանիաշվիլի, Առողջապահության նախարարության ՏՏ վարչության պետ

Ջանիաշվիլին ասում է, որ Էլեկտրոնային դեղատոմսի միջոցով առաքման ծառայության գաղափարը ծնվել է համավարակով պայմանավորված արտակարգ իրավիճակի կարիքներից. «Մենք պարզապես քննարկում ունեցանք, թե ինչ կարելի է անել կարճ ժամանակում և ինչ ազդեցություն կզգան մարդիկ անմիջապես»: Արդյունքում, եռամսյա խիստ «լոքդաունի» ժամանակահատվածում տարեցները հնարավորություն ունեցան ստանալու իրենց դեղերն՝ առանց սեփական տները լքելու:

Նիա Խաչիձե

Աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարության հանրային քաղաքականության վարչության էլեկտրոնային առողջապահության մասնագետ Նիա Խաչիձեն ասում է, որ նախագիծը հնարավոր է դարձել ePrescription ծառայությունը փոստային ծառայությանը կապելու միջոցով:

«Դեղամիջոցների քանակը որոշում են բժիշկները, իսկ հիվանդները ստանում են այն, ինչ վերջիններս նշանակել են: Հիվանդն ինտերնետային կապի կարիք չունի: Ընտանեկան բժիշկը, շփվելով հիվանդի հետ, որոշում է, թե տվյալ թոշակառուն որ դեղամիջոցի կարիքն ունի և դուրս է գրում էլեկտրոնային դեղատոմս: Այս դեղատոմսը արտացոլվում է համակարգում, որտեղ այն տեսնում է նաև փոստային ծառայությունը, որն էլ այնուհետև առաքում է դեղամիջոցները: Այս նախագիծն իսկապես հաջողված է և ապացուցել է իր արժեքավոր լինելը», – նշում է Նիա Խաչիձեն:

78-ամյա Սոֆիո Մարգիևը ծրագրի շահառուներից մեկն է: Նա ապրում է Մցխեթ-Մթիանեթի մարզի Չարդախի գյուղում և ունի երկարատև դեղորայքային բուժման կարիք՝ սրտի և արյան ճնշման համար: Ծառայության գործարկումից առաջ նա ստիպված էր լինում իր տարբեր ծանոթներին խնդրել, որպեսզի իր համար դեղեր բերեն:

«Ճիշտն ասած, ես շատ ուրախացա, երբ բժիշկն առաջին անգամ զանգահարեց ինձ և ասաց, որ «լոքդաունի» պատճառով ես չեմ կարողանա դուրս գալ, և անհրաժեշտ դեղերը կառաքվեն ինձ: Ես կարիքի մեջ եմ, մենակ եմ, համարյա չեմ կարողանում քայլել, ուստի ուրախ էի. սա ինձ համար շատ հարմարավետ է: Առաջին անգամ նրանք եկան մարտի սկզբին և բերեցին դեղերի եռամսյա չափաբաժին, իսկ երկրորդ անգամ՝ հոկտեմբերի վերջին: Մինչև Նոր տարի ես ավելիի կարիք չեմ ունենա: Ես ունեմ սրտի և արյան ճնշման խնդիրներ: Նրանք բերում են բժշկի կողմից նշանակված բոլոր դեղերը: Դեղերի հետ միասին նրանք նաև դիմակներ են բերել»:

Սոֆիո Մարգիև, 78 տարեկան

Սոֆիո Մարգիև

Սոֆիոն միայնակ թոշակառու է: Նրա հարևանությամբ գտնվող տների մեծ մասը լքված է. ոչ ոք այնտեղ չի ապրում՝ օգնություն խնդրելու համար: Նա դժվարությամբ է շարժվում և հուսով է, որ նախագիծը կշարունակվի ապագայում, նույնիսկ՝ սահմանափակումները վերացնելուց հետո:

Դեղերի տնային առաքումը դժվար կլիներ, եթե չլիներ դեղատոմսերի թվայնացված տվյալների շտեմարանը: Հակառակ դեպքում այս նախագծի գործարկումը կտևեր ամիսներ, որոնց ընթացքում բարձր ռիսկային խմբերի մարդիկ դեռևս ստիպված կլինեին ֆիզիկապես այցելել դեղատներ:

«Նախագիծը գործարկվեց գարնանը, երբ հայտարարվեց «լոքդաունի» մասին: Անհրաժեշտության դեպքում այն հեշտ կլինի երկարաձգելն ու շարունակել դեղերի տնային առաքումը: Մենք կարողացանք այս ծառայությունն իրականացնել առանց լրացուցիչ ջանքերի, քանի որ էլեկտրոնային ծառայությունների տեսանկյունից մենք առաջ էինք անցել Արևելյան գործընկերության մյուս երկրներից՝ ունենալով ամուր հիմքեր: Էլեկտրոնային դեղատոմսը հնարավորություն է տալիս զարգացնել դրա հետ համատեղելի ցանկացած գաղափար, իսկ դեղերի տնային առաքումը, պարզվեց, հենց այդպիսին է», – նշում է Վրաստանում EU4Digital-ի ազգային համակարգող Նինո Էսակիան:

Նինո Էսակիա

Ինչպես ասում է Էսակիան, այս նախագիծը կարելի է զարգացնել տարբեր ուղղություններով, քանզի այլ թիրախային խմբեր նույնպես հետաքրքրված են դեղերի տնային առաքմամբ. օրինակ՝ ՁԻԱՀ-ով կամ տուբերկուլյոզով հիվանդ մարդիկ, մեկուսացած հաշմանդամները և այլն:

COVID-19 համավարակն ի ցույց է դրել թվային նախաձեռնությունների կարևորությունն առողջապահական համակարգում: Անշուշտ, տեխնոլոգիաները դարձան այս անսպասելի գլոբալ սպառնալիքին ԵՄ արձագանքի առանցքային մասը, և EU4Digital-ը նախատեսում է 2021 թվականից հետո ընդլայնել էլեկտրոնային առողջապահությանն ուղղված իր աջակցությունն Արևելյան գործընկեր երկրներում: Վրաստանը ցույց տվեց, որ ունի առավելություններից օգուտ քաղելու բոլոր հնարավորությունները, իսկ միասնական թվային տարածքը երկրին հնարավորություն կտա բարելավված խնամք ապահովել հասարակության այն անդամների համար, ովքեր դրա կարիքը բոլորից շատն ունեն:

ԵՄ-ն «EU4Digital» նախաձեռնության միջոցով աջակցում է Արևելյան գործընկեր երկրների շրջանում և վերջիններիս ու Եվրոպական միության միջև էլեկտրոնային առողջապահության ներդաշնակեցված ազգային կառուցակարգերի ստեղծմանը:

EU4Digital-ն օգուտ կբերի հիվանդներին, առողջապահական համակարգերին և ոլորտի մասնագետներին` աջակցելով էլեկտրոնային առողջապահական համակարգեր ստեղծելու ջանքերին և համագործակցություն ապահովելով ԵՄ-ի հետ ու գործընկեր պետությունների միջև:

Էլեկտրոնային առողջապահական համակարգերի բարելավումը վերջնարդյունքում կօգնի բարելավել քաղաքացիների առողջությունը, ծառայությունների արդյունավետությունը, ապահովագրական ծառայությունների օպերատիվությունը և կարգավորող դաշտը:

Էլեկտրոնային առողջապահությանն ուղղված EU4Digital-ի աջակցության մասին ավեին իմանալու համար այցելեք EU4Digital-ի վեբկայք:

Ամբողջական նյութը հրապարակվել է on.ge-ում:

Հաջողակ պատմություններ

Հայկական գուլպաների վաճառք Գերմանիայում. «EU4Digital»-ը՝ eCommerce-ի միջոցով ԵՄ շուկան մոտեցնում է հայ գործարարին

Հայկական «Զիլ գուլպաներ» բրենդը ներկայացել է Գերմանական eBay վաճառքի օնլայն հարթակում պարզ ու արագ եղանակով: Ա…

Իմանալ ավելին

Թվային հմտությունների խթանում. EU4Digital թվային առաքելությունը Հայաստանում

Երևանի Լեոնիդ Ազգալդյանի անվան թիվ 200 դպրոցի դասասենյակներից մեկում շուրջ 15 դպրոցականներ կպած են իրենց համակ…

Իմանալ ավելին

Ցուցադրել բոլորը