Վերջին ամիսներին «EU4Digital» ծրագրի ՏՀՏ նորարարությունների թիմն իր ջանքերը կենտրոնացրել էր Արևելյան գործընկերության տարածաշրջանում միասնական օրենսդրական դաշտի խթանման ուղղությամբ, որը կնպաստեր ՏՀՏ նորարարություններին՝ հիմնվելով ԵՄ կանոնակարգերի և լավագույն պրակտիկաների վրա:
Այս նպատակին հասնելու համար «EU4Digital» ծրագիրը վեր է հանել ԵՄ-ի և Արևելյան հարևանության միջև առկա հիմնական բացերն ու յուրաքանչյուր գործընկեր երկրի համար մշակել է ազգային քաղաքականության առաջարկություններ և դրանց իրականացման գործողությունների ծրագրեր՝ համաձայն յուրաքանչյուր երկրի կողմից ընտրված հետևյալ հատուկ քաղաքականության ոլորտների.
- Թվային նորարարությունների նկատմամբ մտավոր սեփականության իրավունքի կառավարում (Հայաստան).
- ՏՀՏ նորարարությունների աջակցմանն ուղղված կազմակերպական նոր ձևեր (Ադրբեջան).
- ՓՄՁ-ների համար թվային նորարարությունների ֆինանսավորման մատչելիություն (Վրաստան, Ուկրաինա).
- ՏՀՏ նորարարությունների էկոհամակարգեր ստարտափների և սքեյլափների համար (Մոլդովա).
- Արդյունաբերության թվայնացում (ավանդական հատվածներում գործող ՓՄՁ-ների թվային փոխակերպում) (Բելառուս):
Քաղաքականության առաջարկությունները և գործողությունների ծրագրերը հիմնված են քաղաքականության յուրաքանչյուր համապատասխան ոլորտում ԵՄ պրակտիկաների վերլուծության վրա:
Սույն հոդվածում ներկայացված է ԵՄ լավագույն պրակտիկաների նկարագրությունը ՏՀՏ նորարարությունների աջակցմանն ուղղված կազմակերպական նոր ձևերի ոլորտում, որը որպես գերակա քաղաքականության ոլորտ է ընտրվել Ադրբեջանի կողմից, բայց առանձնահատուկ արձագանք ունի ամբողջ տարածաշրջանի համար:Թվային նորարարությունների էկոհամակարգերը նրանք են, որոնք ստեղծվել են մարդկանց, ստարտափների ու ընկերությունների, ինչպես նաև տարատեսակ կազմակերպությունների կողմից, որոնք էլ համագործակցում են՝ որպես թվային նորարարությունների ստեղծման և աջակցության համակարգ: Նման էկոհամակարգի նպատակը նորարարական ընկերությունների կողմից արտադրողականության բարձր մակարդակի ապահովումն է՝ պահանջվող որոշակի ծառայությունների մատուցման միջոցով: Կազմակերպական նոր ձևերը տրամաբանական քայլ են այդպիսի
էկոհամակարգերի զարգացման գործում:
Նորարարական էկոհամակարգերի զարգացման քաղաքականությունը բխում է այն գիտակցումից, որ էկոհամակարգերում արտադրողականության հիմնական աղբյուրներն են կապերի որակը (ցանցերի ստեղծում), էկոհամակարգի դերակատարների որակն (կոմպետենցիաներ և հմտություններ) ու հաստատությունների որակը (կարգավորումների որակը և երկրում նորարարությունների շրջանակային պայմանները):
Դասական տեխնոլոգիական պարկերից, բիզնես ինկուբատորներից և տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակներից զատ՝ գոյություն ունեն կազմակերպական այլ ձևեր, որոնք կարող են աջակցել թվային նորամուծություններին: Թեև ԵՄ-ում դրանք բավականաչափ կայացած են, Արևելյան հարևանության երկրներում այդպիսինները հազիվ թե հանդիպեն: ԵՄ-ում գործում և ՏՀՏ նորարարություններին աջակցում են նորարարական էկոհամակարգերում անհրաժեշտ ծառայությունների մատուցման պահանջներին լավագույնս համապատասխանող կազմակերպական նոր ձևերի հետևյալ հիմնական տեսակները.
- Նորարարական կլաստերներ.
- Արագացուցիչներ (աքսելերատորներ).
- Կոմպետենցիաների կենտրոններ.
- Թվային նորարարական հանգույցներ.
- Պետություն – մասնավոր ձևաչափով գործընկերությունների վրա հիմնված նախագծեր (բազմաթիվ շահագրգիռ կողմերով «դաշնային» նախագծեր):
Նորարական կլաստերներ
Արդյունաբերական կլաստերների ուղղությամբ Եվրոպական հանձնաժողովի քաղաքականության համաձայն՝ կլաստերը մասնագիտացված ձեռնարկությունների (հաճախ` ՓՄՁ-ների) և հարակից այլ օժանդակ դերակատարների, այդ թվում՝ ներդրողների, համալսարանների ու հետազոտական կենտրոնների տնտեսական համագործակցության ձև է:
Նորարարական կլաստերները սովորաբար սահմանվում են որպես «ընկերությունների, հարակից տնտեսական դերակատարների և հաստատությունների խմբեր, որոնք տեղակայված են միմյանց մոտ և ձեռք են բերել բավարար մասշտաբներ` մասնագիտական գիտելիքներ, ծառայություններ, ռեսուրսներ, մատակարարներ և հմտություններ զարգացնելու համար»:
Ժամանակակից կլաստերային քաղաքականությունները նպատակ ունեն բարենպաստ գործարար էկոհամակարգ ստեղծել նորարարությունների և ձեռներեցության համար, որտեղ կարող են ի հայտ գալ նոր հաղթողներ՝ նպաստելով արդյունաբերական նոր արժեշղթաների և «զարգացող ճյուղերի» զարգացմանը: Դրա համար ժամանակակից կլաստերային քաղաքականությունները հետևում են համակարգային մոտեցմանը, որը միավորում է տարբեր քաղաքականություններ, ծրագրեր և գործիքներ` այդպիսով ոչ միայն աջակցելով ցանցերի ընդլայնման
գործողություններին և ստեղծելով այդ գործողությունները կառավարող ու ՓՄՁ-ներին աջակցության ծառայություններ մատուցող կլաստերային կազմակերպություններ, այլև զարգացնում են խելացի մասնագիտացման ռազմավարություններ, որոնք ստեղծվում են՝ հաշվի առնելով ոլորտային, աշխարհագրական և քաղաքականության օրինաչափությունները:
Կլաստերային նախաձեռնությունները կազմակերպված ջանքեր են՝ ուղղված կլաստերի մրցունակության ամրապնդմանը: Դրանք բաղկացած են գործնական քայլերից, որոնք կապված են այդ կլաստերների՝ իրենց ապագան ձևավորելու նպատակով ինքնակազմակերպվելու և նախաձեռնողականություն ցուցաբերելու կարողությունների հետ: Դրանք սովորաբար որդեգրում են ուղղահայաց (ներքևից՝ վերև) մոտեցում, իրականացվում են մրցակցային գործընթացի միջոցով և հաճախ ղեկավարվում են մասնագիտացված ՓՄՁ միջնորդների կողմից, ինչպիսիք են՝ կլաստերային կազմակերպությունները. իրավաբանական անձինք, որոնք աջակցում են նորարարական կլաստերներում համագործակցության, ցանցերի ընդլայնման և ուսուցման ամրապնդմանը՝ տրամադրելով բիզնեսի աջակցման մասնագիտացված և անհատականացված ծառայություններ՝ հատկապես ՓՄՁ-ներում նորարարական գործունեությունը խթանելու համար:
Կլաստերային կազմակերպությունները վճռական դեր են խաղում որոշակի տարածաշրջանի մրցակցային առավելությունները և հարակից նորարարական հնարավորությունները սահմանելիս կառավարությանն աջակցելու հարցում՝ վերջինիս խելացի մասնագիտացման ռազմավարության և հաջորդիվ համատեղ ճանապարհային քարտեզների մշակման ու ներդրումային օրակարգերի ներդաշնակեցման նպատակով: Խելացի մասնագիտացումը ներառվել է 2014-2020թթ. համար ԵՄ համախմբման քաղաքականության մեջ՝ որպես «եվրոպական կառուցվածքային և ներդրումային հիմնադրամների աջակցության «էքս անտե (ավանս)»»: ԵՄ անդամ բոլոր երկրները և տարածաշրջանները պարտավոր էին մշակել խելացի մասնագիտացման ազգային և տարածաշրջանային հետազոտությունների և նորարարությունների ռազմավարություններ:
Կլաստերների զարգացման գործում ցանցերի հզորության շնորհիվ գոյություն ունեն կլաստերները միմյանց հետ կապող բազմաթիվ նախագծեր և նախաձեռնություններ: Օրինակ՝ Կլաստերների համագործակցության եվրոպական հարթակը (ECCP) կամ Եվրոպական կլաստերային դիտարանը:
ԵՄ պետական աջակցության կանոններն ու կլաստերային աջակցությունը ԵՄ պետական աջակցության կանոններում անդամ պետությունների կողմից հետազոտություններին, մշակումներին և նորարարություններին օժանդակելու առնչությամբ 2014թ.-ին մտցված փոփոխություններից հետո կլաստերներին տրամադրվող պետական աջակցությունն այժմ իրականացվում է համաձայն Արգելանքից ազատման ընդհանուր կանոնակարգի: Իրավական դաշտն իրենից ներկայացնում է հստակ ուղեցույց՝ անդամ պետությունների կողմից կլաստերային աջակցության ֆինանսավորման սեփական կանոնակարգերի մշակման համար: ԵՄ-ի
Գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների պետական աջակցության շրջանակը» նորարարական կլաստերները սահմանում է որպես «անկախ կողմերի (ինչպիսիք են նորարարական ստարտափները, փոքր, միջին և խոշոր ձեռնարկությունները, ինչպես նաև հետազոտություններով և գիտելիքների տարածմամբ զբաղվող կազմակերպությունները, ոչ առևտրային կազմակերպություններն ու հարակից այլ տնտեսական դերակատարները) կառուցվածքային միավորներ կամ կազմակերպված խմբեր, որոնք կոչված են խթանելու նորարարական գործունեությունը` կարողություններով կիսվելն ու գիտելիքների և փորձի փոխանակումը խրախուսելու, ինչպես նաև գիտելիքների փոխանցմանը, ցանցերի ընդլայնմանը, տեղեկատվության տարածմանն ու կլաստերում ներգրավված ձեռնարկությունների և այլ կազմակերպությունների միջև համագործակցությանն արդյունավետորեն նպաստելու միջոցով»: Ըստ նոր շրջանակի՝ նորարարական կլաստերին պետական աջակցություն կարող է տրվել, եթե այն «նպատակ ունի վերացնել շուկայում առկա խոչընդոտները, որոնք կապված են համակարգմանն առնչվող խնդիրների հետ, որոնք էլ խոչընդոտում են կլաստերների զարգացումը կամ սահմանափակում են կլաստերների ներսում և դրանց միջև փոխազդեցություններն ու գիտելիքների հոսքը: Պետական օգնությունը կարող է նպաստել այս խնդրի լուծմանը՝ նախևառաջ աջակցելով նորարարական կլաստերների համար բաց և ընդհանուր օգտագործման ենթակառուցվածքների ուղղությամբ ներդրումներին, և երկրորդ՝ օժանդակելով համագործակցության, ցանցի ընդլայնման և ուսուցման ամրապնդման ուղղությամբ կլաստերների աշխատանքներին՝ ոչ ավելի, քան 10 տարի ժամկետով»:
Աքսելերատորներ
Աքսելերատորները «հաստատուն, կոհորտայի վրա հիմնված ծրագրեր են, որոնք անցնում են սաղմնային ներդրումների, կապերի հաստատման, վաճառքների, մենթորության, կրթական բաղադրիչների փուլերով և գագաթնակետին են հասնում հրապարակային միջոցառմամբ կամ ցուցադրության օրով, որպեսզի արագացնեն իրենց աճը» (Սյուզան Քոհեն, «Ինչո՞վ են զբաղվում աքսելերատորները. բիզնես ինկուբատորներն ու հրեշտակները՝ ներսից»):
Թվային աքսելերատոր
Թվային աքսելերատորի օրինակ է EIT Digital-ի աքսելերատորը, որը սքեյլափ ընկերություններին օժանդակում է անցում կատարել «ձեռնարկությունից՝ գերիշխող ոլորտային խաղացողի»` եվրոպական արդյունաբերության խաղացողների նոր սերունդ ստեղծելու նպատակով:
EIT Digital-ի աքսելերատորն ընկերություններին օժանդակում է հետևյալ կերպ.
- Գործնական խորհրդատվություն՝ շուկա դուրս գալու ռազմավարության մշակման շուրջ.
- Հաճախորդների թիրախավորում և սեգմենտավորում.
- Ցուցադրությունների կազմակերպում՝ միջազգային միջոցառումների շրջանակներում.
- Կապերի զարգացում և գործարքների կնքում.
- Միջազգային շուկաներ դուրս գալու գիտելիքներին և «փափուկ վայրէջքին» ուղղված աջակցություն.
- Դրամահայթայթման խորհրդատվություն, ներդրողների հետ հանդիպումներին նախապատրաստում:
Աքսելերատորների համագումար
Աքսելերատորների համագումարը Եվրոպական հանձնաժողովի կողմից ստեղծված արդյունաբերական ցանց է, որը միավորում է աքսելերատորներին, ձեռներեցներին և քաղաքականության մշակողներին` Եվրոպայում վեբ ստարտափներին աջակցելու նպատակով: Կազմակերպությունն իր հովանու ներքո գործող առցանց համայնքի կառավարման միջոցով զբաղվում է վեբ ձեռնարկատիրության խթանմամբ՝ գիտելիքներով և լավագույն պրակտիկաներով կիսվելու, վեբ ստարտափների վերաբերյալ հետազոտություններ ու տվյալներ հավաքելու և միջոցառումներ ու աշխատաժողովներ կազմակերպելու համար:
EIC Accelerator Pilot (Եվրոպական նորարարական խորհրդի պիլոտային աքսելերատոր)
Enhanced EIC pilot-ը (Առաջադեմ եվրոպական նորարարական խորհուրդ pilot) շահույթ հետապնդող ընկերություններին խրախուսում է ԵՄ հարթությունում ներկայացնել իրենց առավել նորարարական գաղափարները, որոնք բարձր ռիսկային բնույթի պատճառով չեն կարող ֆինանսավորում գտնել շուկայում: ԵՄ անդամ պետություններից կամ «Հորիզոն 2020»-ին ասոցիացված երկրներից (ներառյալ Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան) որևէ մեկում տեղակայված նման ստարտափներն ու ՓՄՁ-ները ԵՄ ֆինանսավորում և աջակցություն կարող են ստանալ շուկայաստեղծ ներուժ ունեցող ճեղքումային նորարարական նախագծերի համար:
EIC Accelerator Pilot-ը փոքր և միջին բիզնեսներին առաջարկում է հետևյալ օգնությունը.
- Բիզնես նորարարական դրամաշնորհներ.
- Յուրաքանչյուր ընկերության համար մինչև 15 մլն. եվրոյի չափով կապիտալի ֆինանսավորում.
- Անվճար բիզնես ուղեկցում (քոուչինգ):
ԵՄ պետական աջակցության կանոններն ու կլաստերային աջակցությունը
Քանի դեռ աքսելերատորներն իրականացնում են «նորարարություններին ուղղված օժանդակ ծառայությունների» կամ «նորարարություններին ուղղված խորհրդատվական ծառայությունների» մատուցում, դրանց գործունեությունը կարող է կանոնակարգվել ըստ ԵՄ-ի «Գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների պետական աջակցության շրջանակի» կարգավորումների:
Կոմպետենցիաների կենտրոններ
Կոմպետենցիաների կենտրոնների (գերազանցության կենտրոններ) ընդհանուր սահմանում գոյություն չունի: Դրանք կարող են լինել կոնկրետ կազմակերպության շրջանակներում գոյություն ունեցող «գիտելիքների և ռեսուրսների եզակի պահոցներ՝ նախատեսված բազմաթիվ բիզնես ոլորտների համար», կարող են հանդես գալ որպես «պետական մարմինների, գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական հաստատությունների ու ձեռնարկությունների միջև նորարարական համագործակցության վրա հիմնված ասոցիացիաներ» կամ որպես «իրենց բնագավառում միջազգային ճանաչում ունեցող մի քանի հետազոտական խմբերի կոնսորցիում»:
ԵՄ պետական աջակցության կանոններն ու կլաստերային աջակցությունը
Քանի դեռ կոմպետենցիաների կենտրոններն իրականացնում են «նորարարություններին ուղղված օժանդակ ծառայությունների» կամ «նորարարություններին ուղղված խորհրդատվական ծառայությունների» մատուցում, դրանց գործունեությունը կարող է կանոնակարգվել ըստ ԵՄ-ի «Գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների պետական աջակցության շրջանակի» կարգավորումների: Դրանք իրականացնում են նորարարական նախագծեր և, ի աջակցություն նորարարությունների, կարող են այլ կազմակերպական ձևերի, այսինքն՝ թվային նորարարական հանգույցների զարգացման հիմք դառնալ:
Թվային նորարարական հանգույցներ
Թվային նորարարական եվրոպական հանգույցներ
Թվային նորարարական հանգույցները «մեկ պատուհան» սկզբունքով գործող ունիվերսալ կենտրոններ են, որոնք ընկերություններին օգնում են թվային տեխնոլոգիաների օգտագործմամբ ավելի մրցունակ դարձնել իրենց բիզնեսները / արտադրությունները, ինչպես նաև ապրանքներն ու ծառայությունները: Դրանք հասանելիություն են ապահովում ամենաթարմ գիտելիքի, փորձի և տեխնոլոգիաների նկատմամբ` իրենց հաճախորդներին աջակցելով թվային նորարարությունների պիլոտավորման և փորձարկման հարցում: Թվային նորարարական հանգույցներն (ԹՆՀ) անհրաժեշտության դեպքում ցուցաբերում են նաև գործարար և ֆինանսական աջակցություն՝ այդ նորարարությունները կյանքի կոչելու համար: ԹՆՀ-ն տարածաշրջանային բազմակողմ համագործակցություն է, որը ներառում է այնպիսի հաստատություններ, ինչպիսիք են՝ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական կազմակերպությունները, համալսարանները, ոլորտային միությունները, առևտրի պալատները, ինկուբատորները / աքսելերատորները, զարգացման գործակալություններն ու կառավարությունները:
Եվրոպական հանձնաժողովը ձգտում է, որպեսզի բոլոր ընկերություններն իրենց տարածաշրջանում ունենան ԹՆՀ, որի միջոցով դրանք պետք է մուտք ունենան իրենց կազմակերպություննեի և գործունեության թվայնացման համար անհրաժեշտ
կոմպետենցիաների նկատմամբ: Ավելին, գոյություն ունեցող հանգույցների կողմից ծառայությունների մատուցումը կարող է ամրապնդվել ԹՆՀ-ների համաեվրոպական ցանցի ստեղծմամբ:
Նորարարությունների և տեխնոլոգիաների եվրոպական ինստիտուտի (EIT) նորարարական հանգույցներ
EIT-ի նորարարական հանգույցների խիստ դինամիկ ցանցը զարգացվել է ԵՄ շրջանակներում ազգային ու միջսահմանային համագործակցության ապահովման և համատեղ ծրագրերի ու նախագծերի համար տարածաշրջանային էկոհամակարգերը, գործընկերների կարողությունները, գործարաններն ու դասասենյակներն առաջարկելու նպատակով:
Նորարարական հանգույցները կենտրոնանում են որոշակի ոլորտում նորարարական ապրանքների, ծառայությունների և դասընթացի մշակման վրա՝ ձեռնարկելով այդ ոլորտում առկա հիմնական մարտահրավերների հաղթահարմանն ուղղված նպատակային գործողություններ:
Բոլոր նորարարական հանգույցների առանցքային գործառույթներն են.
- Կապակցվածություն. դրանք ֆիզիկական տարածք են ապահովում՝ տեղական էկոհամակարգի ներսում փոխգործակցության համար.
- Գիտելիքի կառավարում. դրանք գործառնում են որպես գիտելիքի փոխանակման կետրոններ.
- Գործունեության կառավարում. դրանք հանդես են գալիս որպես գործունեության բազմաթիվ ձևերի կենտրոն:
Թվային նորարարական հանգույցների DIHNET.EU առցանց համայնքային հարթակ
DIHNET.EU նախագիծը հնարավորություն է տալիս համակարգել եվրոպական, ազգային և տարածաշրջանային նախաձեռնությունները, որոնք անմիջականորեն աջակցում են թվային փոխակերպմանը և թվային նորարարական հանգույցներին: Ծրագիրը, կենտրոնանալով ԹՆՀ-ների վրա, նպատակ ունի ստեղծել կայուն համաեվրոպական ցանց՝ գործող տարբեր ԹՆՀ-ների, դրանց ցանցերի և այլ հիմնական շահագրգիռ կողմերի միջև համագործակցության խթանման միջոցով: DIHNET.EU համայնքը առցանց հարթակ է մշակել ԹՆՀ-ների համար և վերջիններիս թույլ է տալիս կազմակերպել հանդիպումներ, փոխանակումներ, քննարկումներ, ինչպես նաև պարզել, թե իրենց պակասող փորձի որ մասն է հնարավոր գտնել ԵՄ այլ երկրներում:
Թվային նորարարական հանգույցների կատալոգ
Թվային նորարարական հանգույցների կատալոգն իրենից ներկայացնում է թվային նորարարությունների հանգույցների «դեղին էջեր»: Յուրաքանչյուր սուբյեկտն իր մասին տեղեկատվությունը տրամադրում և լրացնում է ինքնուրույն: Կատալոգում առկա բոլոր գրառումները ներկայում ենթարկվում են ստուգման՝ մի շարք
չափանիշների համապատասխանելու համար:
Պետություն – մասնավոր ձևաչափով գործընկերությունների վրա հիմնված նախագծեր (բազմաթիվ շահագրգիռ կողմերով «դաշնային» նախագծեր)
Թվայնացման ոլորտային ռազմավարությունն ընդգծում է, որ հիմնական տեխնոլոգիաների ներդրման համար անհրաժեշտ է բազմաթիվ շահագրգիռ կողմերի ջանքերի համախմբում՝ դաշնային նախագծերի շրջանակներում, ընդ որում՝ այդ նախագծերը պետք է իրականացվեն պետություն – մասնավոր ձևաչափով գործընկերությունների հիման վրա: Այդ նպատակով ԵՄ-ն պետություն – մասնավոր ձևաչափով գործընկերություններ (ՊՄԳ-ներ) և համատեղ ձեռնարկ է սկսել թվային տեխնոլոգիաների մի շարք առանցքային ոլորտներում, ինչպիսիք են՝ 5G տեխնոլոգիաները, մեծ տվյալները, բարձր արդյունավետության հաշվողական տեխնոլոգիաները, կիբերանվտանգությունը, ֆոտոնիկան, ռոբոտաշինությունը և էլեկտրոնային բաղադրիչներն ու համակարգերը: Պետություն – մասնավոր ձևաչափով գործընկերությունների մեխանիզմն իրավական կաղապար է ապահովում ֆինանսական, մարդկային ու ենթակառուցվածքային ռեսուրսների միավորման, ինչպես նաև կրիտիկական զանգվածի հավաքման և հետազոտությունների ու նորարարությունների մասշտաբայնացման համար, որոնք անհրաժեշտ են սոցիալական կարևորագույն մարտահրավերներին և ԵՄ քաղաքականության հիմնական նպատակներին անդրադառնալու համար:
Կարգավորում
Հետազոտությունների և նորարարությունների խրախուսման նպատակով «Եվրոպական միության գործունեության մասին» պայմանագիրը (ԵՄԳՊ) ներառում է երկու հոդված, որոնք իրավական հիմք են ծառայում հետազոտությունների և նորարարությունների ոլորտում պետություն – մասնավոր և պետություն – պետություն ձևաչափով համագործակցությունների հաստատման համար:
- ԵՄԳՊ 187-րդ հոդվածը վերաբերում է պետություն – մասնավոր գործընկերություններին, որոնց, որպես կանոն, մասնակցում են ԵՄ-ն, ոլորտային միություն(ներ)ը և այլ գործընկերներ: Այս գործընկերությունները ղեկավարվում են իրավաբանական անձանց կողմից, որոնք կոչվում են «համատեղ ձեռնարկություններ», և որոնք պատասխանատու են իրենց գործունեության տիրույթում հետազոտական օրակարգի իրականացման համար:
- ԵՄԳՊ 185-րդ հոդվածը վերաբերում է պետություն – պետություն ձևաչափով գործընկերություններին, որոնց դեպքում ԵՄ-ն ներգրավվում է ԵՄ մի շարք երկրների կողմից իրականացվող գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական ծրագրերում:
Պետություն – մասնավոր ձևաչափով բոլոր գործընկերությունները, որքանով որ դրանք ԵՀ պայմանագրի առարկա են համարվում, որակավորվում են որպես պետական պայմանագրեր կամ կոնցեսիաներ: Պետություն – մասնավոր գործընկերությունների ու «Պետական գնումների և կոնցեսիաների մասին» համայնքային օրենքի
համաձայն՝ գոյություն ունեն պետություն – մասնավոր գործընկերությունների երկու հիմնական տեսակներ.
- Ինստիտուցիոնալացված պետություն – մասնավոր գործընկերություններ, որոնք համատեղ կարգով իրականացվում են ինչպես պետական, այնպես էլ՝ մասնավոր գործընկերների կողմից՝ հանրային ծառայություններ մատուցելու նպատակով:
- Հանձնաժողովի և ոլորտային գործընկերների միջև պայմանագրային պայմանավորվածության հիման վրա կոնցեսիաների, իմա՝ պետություն – մասնավոր պայմանագրային գործընկերությունների շնորհում:
Հետագա քայլեր
ՏՀՏ նորարարություններին աջակցելու համար կազմակերպական նոր ձևերի բնագավառում ԵՄ լավագույն պրակտիկաների վերաբերյալ EU4Digital-ի ՏՀՏ նորարարությունների թիմի կողմից մշակված ամբողջական զեկույցն օգտագործվել է Ադրբեջանի համար բացերի վերլուծության շրջանակի մշակման գործում: EU4Digital-ի ՏՀՏ նորարարությունների թիմը բացերի վերլուծության հիման վրա Ադրբեջանի համար մշակել է քաղաքականության առաջարկություններ և քաղաքականության իրականացման գործողությունների ծրագիր՝ համաձայնեցված ազգային գործընկերների հետ: Գործողությունների ծրագիրը սահմանում է իրագործմանը և միջամտությանը վերաբերող վեց հիմնական առաջարկություն` կոնկրետ քայլերով և նկատառումներով: Գործողությունների ծրագիրը կարող է հիմք ծառայել հետագա գործունեության և ազգային շահագրգիռ կողմերի ներգրավմամբ հնարավոր համատեղ անկախ նախագծերի համար: «EU4Digital» ծրագրի հետագա գործողությունները (դասընթացներ, ուսումնական այցեր, ցանցային միջոցառումներ, առաջխաղացման գործողություններ և այլն) շահագրգիռ կողմերին կօգնեն բացերի վերացմանն ուղղված իրենց հետագա գործունեության մեջ:
ԵՄ լավագույն փորձի ընդօրինակումն այսպիսով կօգնի խթանել Արևելյան գործընկերության երկրներում լավ գործառնող օժանդակ կազմակերպություններով ՏՀՏ նորարարությունների և ստարտափների հասուն էկոհամակարգի զարգացումը:
Ի վերջո, ընդհանուր օրենսդրական դաշտն Ադրբեջանին հնարավորություն կտա օգտվել ԵՄ թվային միասնական շուկայից և ԵՄ անդամ երկրների գործընկերների հետ փոխանակվել ու զարգացնել նորարարական նոր գաղափարներով: