Թվային փոխակերպումն արագորեն փոխում է տնտեսական դաշտը: Նորագույն տեխնոլոգիաները մեծապես ազդում են աշխատաշուկայի և կրթության անհրաժեշտության վրա` առավել թվային աշխատանքի և կենսակերպի համար: COVID-19 համավարակը պարզեցրել է բազմաթիվ կազմակերպությունների, ՓՄՁ-ների և նույնիսկ պետական մարմինների թվային փոխակերպումը, որոնք այժմ իրենց ծառայություններն առաջարկում են առցանց: Ավելին, համավարակն ընդգծել է թվային տնտեսության և հասարակության այն ոլորտները, որոնք բարելավման կարիք ունեն, ինչպես նաև՝ պատշաճ թվային հմտությունների կարևորությունը:
Որոշ դեպքերում անհրաժեշտ է լրացուցիչ ենթակառուցվածք` ապահովելու ծառայության արդյունավետ անցումն առցանց միջավայր, ուստի ըստ անհրաժեշտության ստեղծվել են համապատասխան հարթակներ և վեբ-լուծումներ: Մեծ հավանականություն կա, որ հեռավար աշխատանքը և թվային ծառայությունները սովորական երևույթ կմնան տնտեսության որոշ ճյուղերում: Այնուամենայնիվ, պետական և մասնավոր ծառայություններ առաջարկելու ավելի թվային ոճի ուղղությամբ շարժումը հստակ ի ցույց դրեց ինչպես ընդհանուր բնակչության, այնպես էլ պետական ծառայողների շրջանում թվային հմտությունների պակասը: Սա կամ հանգեցնում է թվային ծառայությունների ներդրման հետ կապված ուշացումների, կամ էլ խոչընդոտում է դրանց հաջող օգտագործմանը:
Դեպի թվայնացված ծառայությունների անցումը մեկ անգամ ևս մեծացրեց թվային անջրպետը և հստակ ցույց տվեց, որ նույնիսկ թվային ենթակառուցվածքների ու հմտությունների ներկայիս զարգացումների պարագայում դեռևս կան հասարակության բազմաթիվ անապահով անդամներ, ովքեր ունակ չեն ներգրավվել թվային տնտեսության և հասարակության մեջ: Ուստի անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրություն դարձնել նրանց հզորացմանը՝ ինչպես ԵՄ-ում, այնպես էլ արևելյան գործընկեր երկրներում: ՄԱԿ-ը հայտարարել է, որ թվային տեխնոլոգիաներն ունակ են ամրապնդելու և նույնիսկ արագացնելու անհավասարությունները, և մենք վտանգում ենք հետին պլան մղել աշխարհի բնակչության գրեթե կեսին, որոնց մեծամասնությունը մինչ օրս չունեն ինտերնետ հասանելիություն չունեցող կանայք են:
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ թվային գրագիտությունը պետք է հիմնարար դեր ունենա բոլորի համար: Այնուամենայնիվ, ընդհանուր ազգաբնակչության թվային հասունությունը ԵՄ անդամ առանձին երկրների և արևելյան գործընկեր երկրների միջև շոշափելիորեն տարբերվում է: Թվային տնտեսության և հասարակության համաթիվը (DESI) ցույց է տալիս, որ ԵՄ-ի տասը չափահաս բնակչից չորսն ունեն տարրական թվային հմտությունների պակաս: Բացի այդ, ձեռնարկությունների ավելի քան 70 տոկոսը պատշաճ թվային հմտություններ ունեցող անձնակազմի պակասը նշել են ներդրումների համար խոչընդոտների թվում: Արևելյան գործընկեր երկրները ևս առնչվում են նման խնդրի հետ, իսկ բնակչության հիմնական թվային հմտությունների մակարդակը համեմատաբար ցածր է: Օրինակ, Կովկասյան բարոմետրի կողմից 2019 թվականին իրականացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ Վրաստանի բնակչության 47 տոկոսը չունի համակարգչից օգտվելու հիմնական գիտելիքներ: Հայաստանում ևս նմանատիպ իրավիճակ է նկատվում. բնակչության 34 տոկոսը 2019 թ. դրությամբ չուներ տարրական թվային հմտություններ: 2019 թվականին Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության կողմից իրականացված հետազոտությունը ցույց է տալիս, որ Ուկրաինայի բնակչության 53 տոկոսն ուներ հիմնականից ցածր թվային հմտություններ, իսկ 15.1 տոկոսը չուներ որևէ թվային հմտություն:
Որպեսզի բոլոր քաղաքացիներն օգտվեն թվայնացումից և տիրապետեն թվային հասարակությունում մասնակցելու համար անհրաժեշտ հմտությունների, Եվրոպական հանձնաժողովը նախատեսում է գոյություն ունեցող նախաձեռնությունների (օրինակ՝ Եվրոպական հմտությունների օրակարգի և Թվային կրթության գործողությունների ծրագրի) օգնությամբ եվրոպական քաղաքացիների առնվազն 80 տոկոսին զինել հիմնական թվային հմտություններով: Հանձնաժողովն, ի թիվս այլ նպատակների, առաջարկել է թվային կողմնացույց՝ 2030 թվականի համար ԵՄ թվային հավակնությունները կոնկրետ ժամկետներում կյանքի կոչելու նպատակով: Հիմնական նպատակները խմբավորված են չորս ուղղությամբ.
1) Թվայնապես հմուտ քաղաքացիներ և գերհմուտ թվային մասնագետներ. մինչև 2030 թվականը բոլոր մեծահասակների առնվազն 80 տոկոսը պետք է ունենան հիմնական թվային հմտություններ, իսկ ԵՄ-ում պետք է 20 միլիոն մասնագետ ներգրավված լինեն ՏՀՏ ոլորտում: Միևնույն ժամանակ ավելի շատ կանայք պետք է զբաղվեն այդպիսի աշխատանքով:
2) Անվտանգ, արդյունավետ և կայուն թվային ենթակառուցվածքներ. մինչև 2030 թվականը ԵՄ բոլոր տնային տնտեսությունները պետք է ունենան գիգաբիթային կապ, իսկ բոլոր բնակեցված տարածքներում պետք է գործի 5G ծածկույթ: Եվրոպայում առաջատար և կայուն կիսահաղորդիչների արտադրությունը պետք է կազմի համաշխարհային արտադրության 20 տոկոսը: ԵՄ-ում պետք է տեղակայվեն կլիմայապես չեզոք և անվտանգ 10 000 եզրային հանգույցներ: Վերջապես, Եվրոպան պետք է ունենա իր առաջին քվանտային համակարգիչը.
3) Բիզնեսի թվային փոխակերպում. մինչև 2030 թվականը չորս ընկերություններից երեքը պետք է օգտագործեն ամպային համակարգչային ծառայություններ, մեծ տվյալներ և արհեստական բանականություն: ՓՄՁ-ների ավելի քան 90 տոկոսը պետք է հասնեն թվային ինտենսիվության առնվազն հիմնական մակարդակին: Ի վերջո, ԵՄ-ում պետք է կրկնապատկվի յունիքորնների թիվը.
4) Հանրային ծառայությունների թվայնացում. մինչև 2030 թվականը բոլոր հիմնական հանրային ծառայությունները պետք է հասանելի լինեն առցանց: Բոլոր քաղաքացիները պետք է հասանելիություն ունենան իրենց էլեկտրոնային բժշկական քարտերի նկատմամբ: Քաղաքացիների 80 տոկոսն էլ պետք է օգտագործեն էլեկտրոնային նույնականացման (eID) լուծումը:
Եվրոպական հանձնաժողովը հանձն է առել վերացնել թվային հմտությունների բացը և խթանել Եվրոպայում թվային հմտությունների մակարդակի բարելավմանն ուղղված նախագծեր ու ռազմավարություններ: Այդ նախաձեռնությունների մեծ մասը սերտորեն կապված են արևելյան գործընկեր երկրներում EU4Digital-ի ջանքերի հետ, ինչպիսիք են Թվային հմտությունների և աշխատատեղերի ազգային կոալիցիաների ստեղծումն ու DESI-ին համահունչ թվային հմտությունների բացերի չափման և կանխատեսման ընդհանուր մեթոդաբանության մշակումը: Թվային հմտությունների և աշխատատեղերի եվրոպական հարթակը նոր նախաձեռնություն է, որը գործարկվել է վերջերս՝ «Միացնելով Եվրոպան» ծրագրի շրջանակներում: Այն առաջարկում է թվային հմտությունների վերաբերյալ տեղեկատվություն և ռեսուրսներ, ինչպես նաև ուսուցման և ֆինանսավորման հնարավորություններ, որոնք կարող են օգտակար գտնվել արևելյան գործընկեր երկրների նորաստեղծ ազգային կոալիցիաների համար:
Հատկանշական է, որ թվային հմտությունների չափումն առանցքային դեր է խաղում թվային անցման զարգացումը և թվային հմտությունների բացը վերլուծելու գործում: Այդ նպատակով DESI-ն ամեն տարի պատրաստում է զեկույցներ, որոնք հետևում են տարբեր ոլորտներում անդամ պետությունների թվային ցուցանիշներին՝ առաջընթացն արձանագրելու և հետագա ջանքերի ուղղությունները սահմանելու համար: DESI-ին համահունչ թվային հմտությունների ցուցիչի չափման իրականացումն արևելյան գործընկեր երկրներին թույլ կտա համեմատել իրենց առաջընթացը, գնահատել ներդրումների արդյունավետությունը և որոշել բարելավման ենթակա ուղղությունները` իրենց թվային կոմպետենցիաների առաջընթացն ապահովելու համար: