eHealth տեխնոլոգիաների փոխակերպիչ ուժը ԵՄ-ում և ԱլԳ-ում

  • Ամսաթիվ: 09/12/20
  • Կիսվել:

Առողջապահության ոլորտում թվային տեխնոլոգիաների օգտագործումը փոխակերպել է առողջապահական տվյալների և առողջապահական տեղեկատվության օգտագործման եղանակը: Առողջապահությունն ավելի տվյալահեն է դարձել հատկապես COVID-19 համավարակի լույսի ներքո, մինչդեռ ոլորտի մասնագետները կարող են տվյալներն ու տեխնոլոգիաներն օգտագործել՝ ելնելով առողջապահական ծառայությունների արդյունավետությունն արագացնելու և բարձրացնելու նկատառումներից: Բայց ի՞նչ է իրականում թվային առողջապահական տեխնոլոգիան:

Մեր օրերում ծնվող յուրաքանչյուր մարդու համար ստեղծվում է բժշկական քարտ` նրանց առողջության վերաբերյալ տեղեկությունները գրանցելու և հավաքելու համար: Հիսուն տարի առաջ այն կլիներ որևէ հիվանդանոցում կամ բժշկի աշխատասենյակում պահվող ֆիզիկական քարտ, որը կպարունակեր բնօրինակ թղթային փաստաթղթեր և բժշկի ձեռագիր նշումներ: Ինչ վերաբերում է 2020 թվականին, ապա թվային տեխնոլոգիաների և առողջապահության համադրությունը յուրաքանչյուր անձի համար հնարավոր է դարձնում միավոր թվային բժշկական քարտ ունենալը, որի նկատմամբ մուտք կարող են ունենալ բազմաթիվ առողջապահական ծառայություններ մատուցողներ և այնտեղ պահպանել հիվանդի մասին գրառումների ու սկանավորումների և հետազոտությունների արդյունքների թվային կրկնօրինակները, որոնք կարող են խմբագրվել և լրացվել տարիներ շարունակ:

«Էլեկտրոնային առողջապահությունը» (eHealth) նկարագրում է թվային տեխնոլոգիաների օգտագործումն առողջապահության բոլոր ոլորտներում՝ սկսած տնային հիվանդի խնամքից և ընտանեկան բժշկի ինստիտուտից, մինչև հիվանդանոցային միջավայր և նույնիսկ անդրսահմանային առողջապահական հնարավորություններ: Այն դուրս է գալիս ՏՀՏ լուծումներն ավանդական գործելակերպերում կիրառելու սահմաններից՝ թվային միջոցների օգտագործմամբ նորագույն լուծումներ գտնելու միջոցով նոր արժեք ստեղծելով հիվանդի և բուժծառայությունների համար: Օրինակ՝ համակարգչի ներմուծումը հիվանդանոցներ լրջագույն փոխակերպում էր: Սա բուժքույրերին և բժիշկներին թույլ տվեց արագացնել հիվանդի մասին գրառումներ կատարելու և դրանք փաստաթղթավորելու ժամանակը: Այժմ հիվանդանոցներում համակարգիչները ծառայում են ոչ միայն ավանդական գործելակերպերին օժանդակելու, այլև նոր արժեք ստեղծելու համար, ինչպիսիք են հետազոտությունների արդյունքները ստուգելիս արհեստական բանականության (ԱԲ) օգտագործումը կամ COVID-19-ով վարակվածների հետ կոնտակտավոր անձանց հետևման հավելվածները, որոնք հենվում են թվային տեխնոլոգիական և առողջապահական տվյալների նոր խառնուրդի վրա:

Martynas Daugirdas

«Նախկինում երբեք այսքան կարևոր չի եղել թվային տեխնոլոգիաների հզորության կիրառումը՝ ԵՄ և ԱլԳ տարածաշրջանների առողջապահական ծառայությունների նկատմամբ: Էլեկտրոնային առողջապահության լուծումներն օգտագործվում են և՛ հիվանդների, և՛ մասնագետների համար ավելի լավ ու արդյունավետ առողջապահական համակարգեր ստեղծելու նպատակով», – ասում է «EU4Digital» ծրագրի «Էլեկտրոնային առողջապահություն» ուղղության ղեկավար Մարտինաս Դաուգիրդասը:

Էլեկտրոնային առողջապահությունը հնարավորություն ունի շոշափելիորեն ավելացնել հիվանդների կարողությունները և դյուրացնել առողջապահական փոխազդեցությունները: Սա նշանակում է, որ մարդիկ հնարավորություն կունենան հանդիպում ամրագրել իրենց բժիշկների հետ առցանց կարգով, վարել էլեկտրոնային բժշկական քարտ, ստանալ թվային դեղատոմսեր կամ առողջության վիճակի և առողջության պահպանման մշտադիտարկման թվային հավելվածներ օգտագործել իրենց հեռախոսում: Վերջիններս քաղաքացիներին թույլ են տալիս ավելի լավ ներգրավվել իրենց բուժման գործընթացում և նախկինից ավելի արագ հասանելիություն ստանալ ռեսուրսների նկատմամբ:

Պրակտիկ բժիշկը թվային առողջապահական համակարգեր օգտագործելիս ի վիճակի է ավելի անհատականացված և ճշգրիտ կերպով արձագանքել հիվանդի առողջապահական կարիքներին: Ավելի քիչ ժամանակ է ծախսվում ձևաթղթերի լրացման վրա, հնարավոր է լինում խուսափել կլինիկական ընթացակարգերի կրկնությունից, իսկ բուժծառայողը էլեկտրոնային մուտք է ստանում հիվանդի առողջության մասին տվյալների նկատմամբ: Այն նաև ապահովում է առողջապահության ոլորտի մասնագետների կողմից վերահսկողության և դիտարկման նոր հնարավորություններ, ինչպիսին յուրաքանչյուր առանձին հիվանդի պատմության և դեղատոմսերի տեսակի ավելի լավ համատեսքն է:

Էլեկտրոնային առողջապահությունը սերտորեն կապված է փոխգործելիության հետ, որն ուղղված է վերացնելու միջհամակարգային կապի և փոխանակման ապահովման խոչընդոտները: Սա նշանակում է, որ տարբեր համակարգերն ունակ են ճիշտ հասկանալ և մեկնաբանել ընդհանուր առողջապահական տեղեկատվությունը: Հաշվողական մեքենաների և թվային տեխնոլոգիաների զարգացման սկզբնական փուլում տարբեր օպերացիոն համակարգերի բազմությունը նշանակում էր, որ մի համակարգիչը կամ բժշկական սարքը չէր կարող միանալ մեկ ուրիշի հետ, ինչը տվյալների վերլուծության և փոխանցման ընթացքում հանգեցնում էր ժամանակի կորստի: Այսօր ԵՄ-ում գործող թվային համակարգերի մեծ մասը ստանդարտացված են, ինչը նշանակում է, որ մի մեքենայից մյուսը տվյալներ փոխանցելիս խնայվում են ինչպես ժամանակ, այնպես էլ՝ ջանքեր: Սա ապահովում է տվյալների շարժունակություն, ինչը նշանակում է, որ հիվանդը այլևս կապված չէ որևէ հիվանդանոցում պահվող միավոր ֆիզիկական թղթային թղթապանակի հետ, այլ կարող է իր առողջական տվյալները տրամադրել ցանկացած երկրի ցանկացած հիվանդանոցի, որտեղ դրանք հնարավոր կլինի կարդալ տեղի թվային համակարգերի միջոցով:

ԵՄ թվային միասնական շուկայի քաղաքականության շրջանակներում էլեկտրոնային առողջապահության զարգացումը դիտվում է որպես թվային փոխակերպման առանցքային ոլորտ: ԵՄ-ում մշակվող լուծումների օրինակ է էլեկտրոնային դեղատոմսերի (ePrescriptions) օգտագործումը, որոնք հիվանդին հնարավորություն են տալիս առանց բժշկից թղթային ձևաթուղթ ստանալու անհրաժեշտության ձեռք բերել նշանակված դեղամիջոցները: Փոխգործելի համակարգերի և թվային բժշկական քարտերի շնորհիվ դեղատներն ի վիճակի են ավելի հեշտությամբ ստուգել դեղատոմսերն ու սահմանափակել վարչական փաստաթղթաշրջանառությունը:

COVID-19 համաշխարհային համավարակն էլ ավելի է ամրապնդել թվային առողջապահական համակարգերի կարևորությունն ու կարիքը Եվրոպայում և Արևելյան գործընկեր երկրներում: Ֆիզիկական հանդիպումների կամ ճանապարհորդությունների սահմանափակումների պայմաններում քաղաքացիները փնտրում էին իրենց բուժծառայություն մատուցողների հետ փոխազդեցության նոր եղանակներ: Որոշ երկրներում հիվանդները կարողացել են օգտվել հեռաբժշկության հնարավորություններից, որպեսզի հեռախոսազանգի կամ ինտերնետի միջոցով հեռավար խորհրդատվություն կամ դեղատոմսեր ստանան պրակտիկ բժիշկների կողմից: Սա հատկապես օգտակար էր այն հիվանդների համար, ովքեր կասկածում էին, որ վարակվել են COVID-19-ով, քանի որ բժիշկը կարող էր հեռավորության վրա խոսել ախտանիշների մասին և հիվանդության հետագա տարածման վտանգ չստեղծել: Թվային առողջապահության հարցերով եվրոպական առաջատար փորձագետ, պրոֆեսոր Էնրիկե Մարտինսը հաջորդիվ նշում է, որ «այս համավարակը էլեկտրոնային առողջապահությանը թերահավատորեն վերաբերվող բոլոր մասնագետներին և մենեջերներին ցույց է տվել, որ հին ֆիզիկական հաստատությունների կողմից աջակցվող թղթահեն, բժշկակենտրոն մոդելը պետք է շտապ կերպով վերածվի թվային առողջապահական համակարգի»: Նույնիսկ եթե ճգնաժամի թեժացման պայմաններում փոփոխությունները կարող են ավելի սահմանափակ լինել, այս թափը կպահպանվի և կպահանջի ամուր ռազմավարություն:

Արևելյան գործընկեր երկրներում համավարակը հատկապես օգնեց ուշադրություն դարձնել ավանդական բժշկական միջավայրում թվային գործիքների հետագա օգտագործման կարիքներին: Այնուամենայնիվ, համավարակը նաև հետաձգող ազդեցություն ունեցավ էլեկտրոնային առողջապահության լուծումների առաջխաղացման ավելի բարդ ասպեկտների վրա, ինչպիսիք են ընդհանուր ստանդարտների և սահմանումների որոշումը` թվային գործիքների փոխգործելիության ապահովման համար: Պետք է հաշվի առնվեն այլ կարևոր նկատառումներ ևս` ԵՄ-ում և Արևելյան գործընկեր երկրներում այդ թվային գործիքների պատշաճ գործառնությունն ու օգտագործումն ապահովելու համար: Դրանք ներառում են տվյալների գաղտնիության և կոնֆիդենցիալության նկատմամբ ուշադրությունը՝ տվյալների պաշտպանության օրենսդրությանը համապատասխան: Դա նշանակում է նաև ապահովել գոյություն ունեցող համակարգերի անվտանգությունը, որպեսզի տվյալները պաշտպանված լինեն, և միայն վստահելի համակարգերն ու անհատները կարողանան մուտք ունենալ դրանց նկատմամբ:

Թվային տեխնոլոգիաների և առողջապահության համադրությունը նոր հնարավորություններ և լուծումներ է ապահովել հիվանդների և առողջապահական ոլորտի մասնագետների համար ու կշարունակի ավանդական առողջապահության փոխակերպումը: ԵՄ-ում և ԱլԳ-ում էլեկտրոնային առողջապահության ապագա հնարավորությունների, լուծումների ու մարտահրավերների ուսումնասիրությունը մենք շարունակում ենք մյուս հոդվածում, որը հասանելի է այստեղ:

Եվրոպական միությունը «EU4Digital» նախաձեռնության միջոցով աշխատում է Արևելյան գործընկեր երկրների հետ` աջակցելու ԱլԳ երկրների ու ԵՄ-ի միջև էլեկտրոնային առողջապահության ազգային կառուցակարգերի և ներդաշնակեցված համակարգերի ստեղծմանը: Էլեկտրոնային առողջապահության նպատակների և ոլորտում արձանագրված առաջընթացի մասին ավելին կարդալու համար այցելեք eHealth-ի թեմատիկ վեբկայք:

Հաջողակ պատմություններ

Հայկական գուլպաների վաճառք Գերմանիայում. «EU4Digital»-ը՝ eCommerce-ի միջոցով ԵՄ շուկան մոտեցնում է հայ գործարարին

Հայկական «Զիլ գուլպաներ» բրենդը ներկայացել է Գերմանական eBay վաճառքի օնլայն հարթակում պարզ ու արագ եղանակով: Ա…

Իմանալ ավելին

Թվային հմտությունների խթանում. EU4Digital թվային առաքելությունը Հայաստանում

Երևանի Լեոնիդ Ազգալդյանի անվան թիվ 200 դպրոցի դասասենյակներից մեկում շուրջ 15 դպրոցականներ կպած են իրենց համակ…

Իմանալ ավելին

Ցուցադրել բոլորը