Ի աջակցություն այս նպատակների՝ «EU4Digital. աջակցելով թվային տնտեսությանը և հասարակությանն Արևելյան գործընկերությունում» ծրագիրը՝
- ռոումինգի գնագոյացման ընդհանուր մոտեցում կմշակի և կներդնի ԱլԳ տարածաշրջանում.
- կամրապնդի էլեկտրոնային հաղորդակցության ազգային կարգավորող մարմինների կազմակերպական և ֆինանսական անկախությունը.
- կաջակցի Արևելյան գործընկեր 6 երկրներում 700 ՄՀց հաճախությամբ տիրույթի ազատականացման շուրջ համակարգված մոտեցմանը:
Համաշխարհային բանկի կողմից իրականացվող «EU4Digital Broadband» ծրագիրը ևս աջակցում է հեռահաղորդակցության ոլորտում «EU4Digital» նախաձեռնության նպատակներին՝ արագացնելով լայնաշերտ կապի զարգացումը ԱլԳ տարածաշրջանում` ԵՄ համանման ռազմավարությունների հանգույն լայնաշերտ կապի ազգային ռազմավարությունների մշակմամբ:
«EU4Digital» նախաձեռնության հեռահաղորդակցության ցանցն (EaPeReg) իր գործունեության համար սահմանել է հինգ հենասյուն.
- Օրենսդրական մոտարկում և ԱԿՄ-ների անկախության խթանում.
- Սպեկտրային համակարգում.
- Ռոումինգի սակագների ներդաշնակեցում.
- Առաջավոր փորձի համեմատական ուսումնասիրություններ.
- Լայնաշերտ կապի զարգացում:
Հեռահաղորդակցության կարգավորումների ոլորտում նշված նպատակների իրագործման միջոցով Եվրամիության աջակցությունը հստակ օգուտներ կբերի Արևելյան գործընկերության տարածաշրջանի քաղաքացիներին ու բիզնեսներին՝ ռոումինգի ավելի ցածր սակագների, ավելի ուժեղ կարգավորումների, որոնք հիմք կդառնան ավելի մեծ մրցակցության և ավելի շատ ներդրումների համար, սպառողների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև նոր անլար լայնաշերտ կապի հնարավորությունների ու 5G-ի տեսքով: