#ThinkB4UClick. հոկտեմբերը Կիբերանվտանգության եվրոպական ամիսն է

  • Ամսաթիվ: 02/10/20
  • Կիսվել:

Հոկտեմբերը Կիբերանվտանգության եվրոպական ամիսն է (ECSM): 2020 թվականի արշավը կենտրոնանում է տարբեր թեմաների վրա, որոնք վերաբերում են վարքագծի փոփոխության անհրաժեշտությանը և հնարավորությունների բացահայտմանը, որոնք օգտատերերին կօգնեն ճանաչել նորագույն տեխնոլոգիաների ռիսկերը:

Յուրաքանչյուր տարի՝ հոկտեմբեր ամսվա ողջ ընթացքում, Եվրոպայում տեղի են ունենում հարյուրավոր միջոցառումներ, ներառյալ՝ համաժողովներ, աշխատաժողովներ, ուսումնական դասընթացներ, վեբինարներ, շնորհանդեսներ և այլն՝ թվային անվտանգությունը և կիբեր հիգիենան խթանելու համար:

«Մտածիր նախքան սեղմելը» (#ThinkB4Uclick). սա ECSM 2020-ի պաշտոնական կարգախոսն է: Այս հոկտեմբերին ծրագիրը կկենտրոնանա երկու թեմաների վրա, որպեսզի մարդկանց օգնի բացահայտել կիբեր սպառնալիքներն ու պատրաստ լինել դրանց:

Առաջին թեման՝ «Թվային հմտությունները», մասնակիցներին տրամադրում է տեղեկություններ էլեկտրոնային գաղտնիության հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են անձնական տվյալների պաշտպանությունը, կիբեր բուլինգը և կիբեր հետապնդումները:

Երկրորդ թեման՝ «Կիբեր կեղծիքները», առնչվում է ընթացիկ և հնարավոր կիբեր սպառնալիքներին, ինչպիսիք են ֆիշինգը, գործարար էլեկտրոնային փոստի միջոցով արատավորումը և առցանց գնումների հետ կապված խարդախությունները:

ECSM արշավը համակարգվում է Եվրոպական միության Կիբերանվտանգության գործակալության (ENISA) ու Եվրոպական հանձնաժողովի կողմից և աջակցվում է ԵՄ անդամ պետությունների ու Եվրոպայում և դրանից դուրս գործող հարյուրավոր գործընկերների (կառավարություններ, համալսարաններ, վերլուծական կենտրոններ, հասարակական կազմակերպություններ, մասնագիտական ասոցիացիաներ, մասնավոր բիզնեսներ) կողմից:

ENISA-ն համակարգում է ECSM արշավի կազմակերպումը` որպես «հանգույց» գործելով բոլոր մասնակից անդամ պետությունների և ԵՄ հաստատությունների համար, ինչպես նաև տրամադրելով փորձագիտական առաջարկներ, ստեղծելով սիներգիաներ ու խթանելով ԵՄ քաղաքացիների, բիզնեսների և պետական կառավարման մարմինների միջև ընդհանուր հաղորդակցությունը: Գործակալությունը նաև հրապարակում է նոր նյութեր և տրամադրում է փորձագիտական խորհրդատվություն կիբերանվտանգության տարբեր թեմաների վերաբերյալ:

Իմացիր ավելին՝ https://cybersecuritymonth.eu

Նորություններ

Ցուցադրել բոլորը