Իմ հայրենի քաղաքն ապրելու լավագույն վայրն է. դասընթացներ երիտասարդների համար՝ հանուն մարզերի թվային ապագայի

  • Ամսաթիվ: 02/05/19
  • Կիսվել:

Հայաստանում կայուն մարզային զարգացումը կախված է մայրաքաղաք Երևանի և մարզերի միջև զարգացման տարբերության հաղթահարումից երիտասարդների համար այնպիսի հմտությունների տրամադրմամբ, որոնցով նրանք կարող են նպաստել տեղական տնտեսական աճին: Երկրի երկրորդ մեծ քաղաքում՝ Գյումրիում գործող «Դիջիթըլ Փոմըգրանեթ» ՏՏ ընկերությունում աշխատանքի է անցել երիտասարդ մասնագետներ, որոնք մասնակցել են Եվրոպական Միության օգնությամբ հնարավոր դարձած վերապատրաստական դասընթացների: Հայաստանի տնտեսական ճկունությունը կախված է մայրաքաղաքի և մարզերի միջև տնտեսական զարգացման տարբերության հաղթահարումից: Դրան հասնելու ուղիներից մեկը մարզերում բարձր տեխնոլոգիաների զարգացման խթանումն է և աջակցությունը երիտասարդներին ձեռք բերելու հմտություններ ՏՏ ոլորտում մասնագետների աճող պահանջին համահունչ: Փոքր և միջին ձեռնարկությունների համար վեբ և մոբայլ տեխնոլոգիաների մշակմամբ զբաղվող «Դիջիթըլ Փոմըգրանեթ» ընկերությունը (ԴՓ) նոր աշխատակիցներ ունի, ովքեր անցել են դասընթացներ համաձայն ընկերության կարիքների՝ «Տեխնոլոգիական զարգացման խթանումը Շիրակի մարզում» ծրագրի միջոցով, որ համաֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից՝ «ԵՄ-ը հանուն բիզնեսի» նախաձեռնության շրջանակում: 
Ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն 26-ամյա Գայանե Առաքելյանը Գյումրուց է, քաղաք, որ հայտնի իր արվեստներով ու արհեստներով, Հայաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Շիրակի մարզում: 2013թ.-ին հիմնադրումից մեկ տարի անց ԱՄՆ և Բրազիլիայից ներդրումներով հայկական այս ընկերությունը տեղափոխվեց Գյումրու տեխնոլոգիական կենտրոն (ԳՏԿ): «Գյումրին հանգիստ քաղաք է՝ ինժեներիայի, արտիստիկ մոտեցման ու տեխնիկական կրթության ամուր ավադույթներով: Այդ ամենը բարենպաստ հիմք է ՏՏ ոլորտի զարգացման համար, բայց մասնագետների բացակայությունը եղել և մնում է մարտահրավեր մարզերում գործող ընկերւթյունների համար»,- ասաց Գայանեն:ՏՏ ոլորտում աշխատանքի հնարավորությունները հաճախ մնում են չլրացված, քանի որ որակյալ մասնագետները լքում են մարզերն իրենց կարիերան՝ մայրաքաղաքում շարունակելու համար: «Ընկերությունները լավ պայմաններ ու աշխատավարձ են առաջարկում, բայց մարդիկ պարզապես չեն ցանկանում մարզում մնալ»,- ասաց Գայանեն: «Մեզ համար ԵՄ աջակցությամբ և «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան»-ի կողմից իրականացվող ծրագիրն ամենահաջողված մոդելն էր մյուս դասընթացների համեմատությամբ, քանի որ այն անմիջապես թիրախավորում էր բիզնեսի կարիքները»:
Եվրոպական Միության և Հայաստանի տարածքային կառավարման ու զարգացման նախարարության ֆինանսավորմամբ և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի ու Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի իրականացմամբ «Տեխնոլոգիական զարգացման խթանումը Շիրակի մարզում» ծրագրի նպատակն է աջակցել մարզի տնտեսական զարգացմանը՝ տեղի գործազուրկ երիտասարդներին հմտություններ սովորեցնելով և ՏՏ համայնքի գործարար զարգացմանն աջակցությամբ:
23-ամյա գյումրեցի Մհեր Կարապետյանը, ստանալով քարտեզագրության և կադաստրային գործ մասնագիտացում Գյումրու մանկավարժական ինստիտուտում, հասկացավ, որ պետական հաստատությունում աշխատելու հեռանկարն իր համար գրավիչ չէ: Իսկ գրավում ու դուր էին գալիս համակարգիչներն ու տեխնոլոգիաները: Ուստի կրթությանը զուգահեռ սկսեց հետևել իր նախասիրություններին ու սովորեց JavaScript:«Լսել էի դասընթացների մասին, դիմեցի և վեց ամսից արդեն կարող էի ընտրել, թե որտեղ անցնեմ աշխատանքի: Մենք աշխատում էինք գործնական հանձնարարությունների վրա, թեստեր էինք անում ու քննություններ հանձնում», ասաց Մհերը: Դասընթացներն ավարտելուց քիչ անց նա սկսեց աշխատել ԴՓ-ում. Մհերի մասնագիտացումը մոբայլ ծրագրավորումն է Dart ծրագրավորման լեզվով, որ լայնորեն չի կիրառվում Հայաստանում: «Դասընթացներն ու գործնական աշխատանքը կամուրջ էին ընկերությունների ու մասնակիցների միջև, որ հիմնարար գիտելիք, հմտություններ էին ձեռք բերում ու կապ հաստատում բիզնեսի հետ», ասաց Մհերը: «Այս պահին ես ծրագիր չունեմ լքելու Գյումրին ու մարզը, բայց ո՞վ գիտե…»: Ըստ Մհերի, սկսնակի և կարիերայի զարգացման առումով միջին մակարդակի քայլերի համար մարզը բավարար է, բայց եթե ավելի մեծ ծրագրերում ու թիմերում աշխատելու ցանկություն ու կարողություն կա, ապա մարզում միջավայրն ու բազմազանությունն այսօր սահմանափակ են:ԴՓ-ը ծրագրում ներգրավված էր մեկ տարի՝ 2017թ.-ի նոյեմբերից: «Ծրագրի շնորհիվ երիտասարդ մասնագետներն անվճար դասընթացների մասնակցեցին 6 ամիս ժամանակով, աշխատեցին նաև մենթորների հետ, ինչը մենք համարում ենք ամենակարևոր փուլը: Դասընթացի ավարտին չորս մասնակից միացավ մեր թիմին», ասաց Գայանեն: «Մենթորները ընկերության ավագ մասնագետներից էին, որ աշխատեցին կոնկրետ ծրագրի վրա: Այդպիսով օգտագործված մոդելն ամենահարմարն էր, ուստի համագործակցությունը ևս հաջողվեց»:
Ընկերության անձնակազմի հետ հանդիպումները և պարբերական այցելությունները գրասենյակ նոր եկածներին հնարավորություն ընձեռեց զգալու, որ աշխատանքի անցնելուց ընդամենը մեկ քայլ էին հեռու: ԵՄ աջակցությամբ ծրագրում մի քանի ընկերություն էր մասնակցում, ուստի ինչ-որ պահի ձևավորվեց սկսնակ մասնագետների բազա: Արդյունքում, ըստ Գայանեի, «Հնարավորություն ունեցանք ևս 4 մասնագետի ներգրավելու մեր աշխատանքում, թեև նրանք նախապես աշխատել էին այլ ընկերությունների ու մենթորների հետ»:ԵՄ աջակցությունը չէր սահմանափակվում դասընթացներով և մենթորությամբ. աջակցություն էր տրամադրվում նաև դասընթացներն ավարտած նոր աշխատակիցների աշխատանքային պայմանների ապահովման համար, օգնություն, որ հատկապես գնահատելի է ստարտափերի համար, որոնք սովորաբար գրասենյակային տարածք ու սարքավորումներ սկզբում միշտ չէ, որ ունենում են: 
Ծրագրի ընդհանուր նպատակն էր աջակցել մասնակիցներին կատարելու իրենց առաջին քայլերը նոր աշխատանքի ուղղությամբ դրական միջավայրում, ավագ մասնագետների մենթորությամբ: 28-ամյա Միշա Ավետիսյանը դասընթացներին միացել է իրեն հարմար աշխատանքի փնտրտուքի տարբեր փորձերից հետո: Աշխատանք գտնելու մոտիվացիայով էլ տնտեսագետ Միշան դիմեց դասընթացին: Նա խոտովանում է. «Նախկինում երբեք որևէ առնչություն չեմ ունեցել ՏՏ ոլորտին, իսկ հիմա ես Node.js վեբ ծրագրավորող եմ»: Նա դասընթացների մասին լսել է հեռուստատեսությամբ, դիմել ու անցել քննությունները: Ու թեև այլ ընկերության հետ էր մասնակցում դասընթացին, վերջինն այդ պահին նոր աշխատատեղ չուներ, ուստի Միշան ու մեկ այլ մասնակից աշխատանքի անցան ԴՓ-ում: Միշան գտնում է, որ ԵՄ աջակցությունը երիտասարդությանը Շիրակի մարզում մեծապես կարևոր է: «Այդ հնարավորության շնորհիվ ես այսօր աշխատանք ունեմ», ասաց Միշան, ավելացնելով. «Բուհն ավարտելուց հետո երկու տարի ես Հայաստանից Ռուսաստան մեկնող աշխատանքներին հազարավոր միգրանտներից մեկն էի: Այսօր ես այստեղ՝ Գյումրիում եմ աշխատում»:  
Միշան վստահ է. «Եթե երիտասարդներն աշխատանք ունենան, չեն լքի մարզը կամ Գյումրին: Միշտ էլ ավելի լավ է քո հայրենի տանը լինել, այն միջավայրում, որ դու գիտես, քանի դեռ կարող ես հոգալ քո կարիքները»: Արտերկրում աշխատանքի փորձն ունենալով՝ Միշան ուրախ է Գյումրի վերադառնալու համար. «Ես վստահաբար կարող եմ ասել, որ ավելի հեշտ է ու հարմարավետ լինել քո հայրենի քաղաքում՝ դիմակայելու ավելի քիչ մարտահրավերների ու խնդիրների՝ ի համեմատություն հիմնահարցերի, որ դու պետք է հաղթահարես, եթե տեղափոխվել ես թեկուզ Երևան: Իմ հայրենի քաղաքն ապրելու լավագույն վայրն է»:


Հաջողակ պատմություններ