«EU4Digital» ծրագիրը 2021 թ.-ի ապրիլի 28-ին կազմակերպել էր վստահության և անվտանգության ցանցային միջոցառում, որը հավաքել էր արևելյան գործընկեր վեց երկրները ներկայացնող մասնակիցների` քննարկելու վստահության և անվտանգության ուղղությամբ առաջընթացն ու հետագա ծրագրերը:
Միջոցառումը սկսվեց EU4Digital-ի էլեկտրոնային ստորագրության (eSignature) պիլոտային գործողության արդյունքների ներկայացմամբ: Պիլոտավորման ընթացքում լուծումը ներդրվել է երկրների երկու զույգերի (մեկը՝ ԱլԳ երկրների (Ուկրաինա և Մոլդովա), իսկ մյուսը՝ ԱլԳ երկրի և ԵՄ անդամ պետության (Ուկրաինա և Էստոնիա) միջև) պիլոտային միջավայրերում: Էլեկտրոնային ստորագրության պիլոտային գործողությունները նպատակ ունեին փորձարկել ժամանակի դրոշմման ու վավերացման մեխանիզմներ և հավաստագրի կարգավիճակի ստուգման բաղադրիչներ ներառող էլեկտրոնային ստորագրության որակյալ լուծումը, որը նախատեսված է որակյալ էլեկտրոնային ստորագրությունների (թվային ստորագրությունների) միջսահմանային փոխադարձ ճանաչումն ապահովելու համար:
Միջոցառումը շարունակվեց Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների կողմից փոխճանաչման համաձայնագրի կնքման ուղեցույցի ներկայացմամբ: Քանզի երրորդ երկրները հաճախ գտնվում են տարբեր ելման դիրքերում, ընդգծվեց, որ փոխադարձ ճանաչման համաձայնագիրը նպատակ ունի ներկայացնել մի շարք առաջարկություններ և նվազագույն պահանջներ, որոնց մասին պետք է տեղյակ լինի որակյալ վստահության ծառայություններ մատուցող ընկերությունների և որակավորված վստահության ծառայությունների առնչությամբ ԵՄ-ի հետ փոխադարձ ճանաչում որոնող երրորդ երկիրը:
Հաջորդիվ վստահության և անվտանգության ուղղության ներկայացուցիչները ներկայացրին անդրսահմանային էլեկտրոնային ծառայությունների փոխգործելիության գնահատումը (eServices): Կենտրոնանալով անդրսահմանային էլեկտրոնային ծառայությունների փոխգործելիության վրա՝ երկրները կարող են միավորել ուժերը՝ վերացնելու թվային արգելքները և կանխելու էլեկտրոնային ծառայությունների հետագա մասնատումը: Գնահատման գործողությունների արդյունքում կմշակվի անդրսահմանային էլեկտրոնային ծառայությունների ներդրման շրջանակը` տրամադրելով ուղեցույցներ առ այն, թե ինչ պետք է արվի կարգավորման, կազմակերպական և տեխնիկական մակարդակներում` ներդաշնակեցված և փոխգործելի էլեկտրոնային ծառայություններ ապահովելու համար:
Միջոցառումն ավարտվեց էլեկտրոնային կառավարման (eGovernance) և դրա հետ կապված գնահատման գործունեության վերաբերյալ զեկույցով: Տվյալ գործողության շրջանակում առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու արևելյան գործընկեր երկրներում էլեկտրոնային կառավարման զարգացման հիմքում ընկած պայմանների գնահատմանը: Գործողության նպատակը երկրների համար էլեկտրոնային կառավարման զարգացման վերաբերյալ հատուկ առաջարկների մշակումն ու պետական կառավարման բարեփոխումների խթանման համար էլեկտրոնային կառավարման կարևորության շուրջ իրազեկության բարձրացումն է: