Ինչպիսի՞ն կլինի էլեկտրոնային կոմերցիան 2021 թվականին և դրանից հետո: Էլեկտրոնային կոմերցիայի վերաբերյալ EU4Digital-ի իրազեկման միջոցառմանը ներկայացվել են սպասվող փոփոխությունները

  • Ամսաթիվ: 09/06/21
  • Կիսվել:

2021 թվականի մայիսի 21-ին կայացավ «Էլեկտրոնային կոմերցիայի ոլորտում փոփոխությունները 2021 թվականին և դրանից հետո. ի՞նչ սպասել և ինչպե՞ս նախապատրաստել արևելյան գործընկեր երկրներին» թեմայով էլեկտրոնային կոմերցիայի վերաբերյալ իրազեկման միջոցառում, որը կազմակերպել էր «EU4Digital» ծրագիրը՝ կապերի հաստատմանն ուղղված գործունեության շրջանակներում:

Միջոցառմանը մասնակցում էին ավելի քան 70 տարբեր մասնակիցներ, այդ թվում՝ արևելյան գործընկեր վեց երկրների նախարարությունների, մաքսային մարմինների, փոստային օպերատորների, առևտրային հարթակների և գործարար ասոցիացիաների ներկայացուցիչներ: Միջոցառման հիմնական նպատակը հեռավար վաճառքների ոլորտում սպասվող փոփոխությունների և նոր կանոնների մասին իրազեկության բարձրացումն էր: Դրանք ուժի մեջ են մտնելու 2021 թվականի հուլիսի 1-ից՝ էլեկտրոնային կոմերցիայի համար ԱԱՀ-ի մասին Եվրոպական հանձնաժողովի 2021թ. փաթեթի շրջանակներում:

Միջոցառումը բացեց EU4Digital-ի ծրագրային թիմի ղեկավար Արտուրաս Պիլիպոնիսը, ով անդրադարձավ ներկայումս ԵՄ էլեկտրոնային կոմերցիայի դաշտը ձևավորող միտումներին և շարժիչ ուժերին: Հիմնական միտումների շարքում նշվեցին առցանց դերակատարների շրջանում մրցակցության աճը, հաճախորդի փորձի աճող կարևորությունը և պատվերների կատարումն ու առաքումը, ինչպես նաև շուկայական գերակայությունը:

Մասնակիցները ծանոթացան նաև «EU4Digital» ծրագրին, դրա գործունեության հիմնական ուղղություններին և նպատակներին (թեմատիկ ոլորտների և դրանց նպատակների մասին ավելին իմացիր այստեղ): EU4Digital-ի ծրագրային թիմի ղեկավարի տեղակալ Ռուտա Սալվիտե-Տամոսիունիենեն ուշադրություն հրավիրեց էլեկտրոնային կոմերցիայի ոլորտում գործունեության հիմնական արդյունքների վրա, որոնք են՝ էլեկտրոնային կոմերցիայի վերաբերյալ ԵՄ ելակետային զեկույցը, էլեկտրոնային կոմերցիայի ներդաշնակեցմանն ուղղված առաջարկների ցանկը, ինչպես նաև ընթացիկ պիլոտային ծրագիրն ու դրա առավելությունները:

Համաշխարհային փոստային միության խորհրդատվական կոմիտեի նախագահ և Ecommerce Europe-ի էլեկտրոնային լոգիստիկայի աշխատանքային խմբի փոխնախագահ Վալտեր Տրեզեկը ներկայացրեց մաքսային և հարկային ոլորտներում 2021 թ. հիմնական փոփոխությունները: Պրն. Տրեզեկն անդրադարձավ 2021 թ. հուլիսից ուժի մեջ մտնող կարևորագույն փոփոխություններին.

  • Բոլոր ապրանքները պետք է թվային կերպով հայտարարագրվեն նախապես (ծանրոցի ֆիզիկական առաքումից առաջ).
  • ԱԱՀ-ն պետք է գանձվի բոլոր ապրանքներից` անկախ դրանց գնից (ստորին շեմը՝ <22 եվրո).
  • Ներդրվելու է «միասնական պատուհանի» (IOSS) համակարգ` վաճառքի կետում (օրինակ` առցանց խանութում, առևտրային հարթակում) անդրսահմանային ԱԱՀ-ի գանձման հնարավորություն ընձեռելու համար.
  • Բոլոր ներմուծված առաքանիները պետք է համապատասխանեն ապրանքի անվտանգության և տրանսպորտային անվտանգության ու մաքսային հայտարարագրման պահանջներին.
  • Ցածր արժեք ունեցող առաքանիների (<150 եվրո) կրճատված տվյալների հավաքածուն հասանելի է դառնում ոչ միայն փոստի, այլև մասնավոր հատվածի սուրհանդակային, էքսպրես-առաքման և ծանրոցային օպերատորների համար:

GS1 Lithuania-ի և Տրանսպորտային նորարարությունների ասոցիացիայի խորհրդի անդամ Յան Հիտելն, իր հերթին, անդրադարձավ 2021 թ. փոփոխությունների ազդեցությանը՝ լոգիստիկ գործընթացների տեսանկյունից: Փորձագետը բացատրեց, թե նոր կանոնների ու կանոնակարգերի ուժի մեջ մտնելուց հետո ինչպիսի փոփոխություններ են կրելու արտահանման և ներմուծման գործընթացները. 2021 թ. հուլիսի 1-ից հետո լոգիստիկ ուղիները կարող են համախմբվել (այսինքն` ապրանքները կուղարկվեն անմիջապես դեպի ԵՄ նպատակակետ երկիր` ի տարբերություն ԵՄ անդամ երկիր մուտքի կետում մեծածախ հայտարարագրմանը):

EU4Digital-ի փորձագետ Վլադիմիր Կովալենկոն սպասվող փոփոխությունների և դրանց արձագանքելու համար հնարավոր լուծումների համատեքստում ներկայացրեց էլեկտրոնային կոմերցիայի ոլորտում EU4Digital-ի ընթացիկ պիլոտային ծրագիրը՝ դրա լուծումն (Տե՛ս Պատկեր 1) ու ապագա ներուժը, մասնավորապես՝ հետևյալ ուղղություններում դրա օգուտները.

  • Էլեկտրոնային կոմերցիայի էկոհամակարգի ամրապնդում և էլեկտրոնային կոմերցիայի ծավալների մեծացում.
  • Անդրսահմանային էլեկտրոնային կոմերցիայի համար առկա խնդիրների վերացում.
  • ԵՄ-ում ներդրվող էլեկտրոնային կոմերցիայի համար ԱԱՀ-ի մասին 2021թ. փաթեթի վերաբերյալ իրազեկության բարձրացում և աջակցություն դրան նախապատրաստվելուն:

Պիլոտային գաղափարի և դրա առավելությունների մասին ավելին կարող եք կարդալ այստեղ:

Ուշադրություն է հրավիրվել նաև «Ecommerce Europe» ասոցիացիային ու ԵՄ-ի և արևելյան գործընկեր երկրների միջև նմանատիպ պիլոտային նախաձեռնություններում նրա դերին: «Ecommerce Europe» ասոցիացիայի անդամ «logistic-natives e.V.»-ի ներկայացուցիչներ Ֆլորիան Սայկելը և Տորալֆ Շնայդերը խոսեցին այն հիմնապատճառների մասին, որոնց համար ասոցիացիան մասնակցում է էլեկտրոնային կոմերցիայի ոլորտում պիլոտային ծրագրին, ինչպես նաև շեշտեցին այն օգուտները, որոնք ասոցիացիան ստանում է այդպիսի նախաձեռնություններից (օրինակ՝ կապեր հաստատելու, ինչպես նաև էլեկտրոնային կոմերցիայի ոլորտում զարգացումների վերաբերյալ իրազեկության բարձրացման հնարավորությունն ու գործնական փորձի փոխանակումը): Ներկայացուցիչները նաև բացատրեցին, թե ինչպես կարող է ասոցիացիան, պիլոտային ծրագրից զատ, աջակցել բիզնեսին` ամրապնդելով համագործակցությունը և կապերի ստեղծումը:

Միջոցառումը եզրափակվեց Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունում թիմի ղեկավար Վլադիմիր Աբրամիչևի զեկույցով, ով բացատրեց, թե առցանց մանրածախ առևտրով զբաղվողները ինչպես պետք է պատրաստվեն ԵՄ առաջիկա փոփոխություններին: Նշված հիմնական քայլերից են.

  • Մարքեթինգային ռազմավարության ճշգրտում.
  • էլեկտրոնային կոմերցիայով զբաղվող առցանց կայքերի կողմից ԱԱՀ-ի սահմանում և կիրառում՝ համապատասխան դրույքաչափերով.
  • ԱԱՀ-ի հաշվետվության նոր ընթացակարգերի կիրառում՝ «մինի միասնական պատուհանին» (MOSS) եռամսյակային հիմունքներով հայտարարագիր ներկայացնելու համար.
  • Վաճառողների և գնորդների հետ պայմանագրերի վերանայում՝ թափանցիկորեն բացատրելով հարկերի հավաքագրման կարգը.
  • Գրանցում ներմուծման միասնական պատուհանում (IOSS)՝ անդրսահմանային հարկերը կառավարելու համար:

Ի եզրափակումն, հաշվի առնելով ԵՄ-ում էլեկտրոնային կոմերցիայի ոլորտում սպասվող փոփոխությունները և էլեկտրոնային առևտրի կարևորության աճը, չափազանց կարևոր է էլեկտրոնային կոմերցիայի բոլոր շահագրգիռ կողմերի (օրինակ՝ ծանրոցների առաքման օպերատորների, մաքսային և հարկային մարմինների, առցանց առևտրային հարթակների և վաճառողների) տեղեկացվածությունն ու ժամանակին նախապատրաստումը: Հնարավոր հետաձգումը կարող է լուրջ բարդություններ առաջացնել միջսահմանային առևտրում, ինչպիսիք են ուշացումները, եկամուտների կորուստները և տուգանքները:

Լրացուցիչ տեղեկատվություն: Միջոցառումը կազմակերպվել էր էլեկտրոնային կոմերցիայի ոլորտում կապերի հաստատմանն ուղղված գործունեության շրջանակներում: Բաժանորդագրվեք լրատուին և միշտ եղեք տեղեկացված:

Նորություններ

Ցուցադրել բոլորը