«Կանայք տվյալագիտության մեջ» (Women in Data Science) նախաձեռնությունը միջոցառումներ կանցկացնի Երևանում և Աշտարակում

  • Ամսաթիվ: 25/04/20 մինչև 25/04/20
  • Կիսվել:

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը (ՁԻՀ)` որպես Սթենֆորդի համալսարանի «Կանայք տվյալագիտության մեջ» (WiDS) նախաձեռնության նոր գործընկեր, Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի (ՆԼՏԿ) հետ գործընկերությամբ այս գարնանը երկու միջոցառում կանցկացնի «Կանայք տվյալագիտության մեջ» թեմայով:

«WiDS Ashtarak» և «WiDS Yerevan» միջոցառումները կկայանան ապրիլի 25-ին: Միջոցառումները նպատակ ունեն խթանել տվյալագիտության ոլորտում գործող կին գիտնականների դերակատարությունն ու հասարակական կյանքում նրանց ներգրավվածությանը: Ներկայացված թեմաներն ընդգրկում են ոլորտների լայն շրջանակ. տվյալների էթիկայից և գաղտնիությունից մինչև առողջապահություն, տվյալների վիզուալացում և այլն:

«Կանայք տվյալագիտության մեջ» (WiDS) համաշխարհային նախաձեռնությունը ամենամյա մեկօրյա տեխնիկական համաժողով է, որը հնարավորություն է ընձեռում լսել ամենատարբեր ոլորտներում տվյալագիտության վերջին ուսումնասիրությունների ու կիրառությունների մասին: Նախաձեռնությունը մեկնարկել է 2015 թվականի նոյեմբերին Սթենֆորդի համալսարանում և ներկայում անցկացվում է աշխարհի 50 երկրի շուրջ 150 քաղաքում։

ՁԻՀ նախագծերի ղեկավար Ամալյա Եղոյանը Հայաստանում կազմակերպվող «Կանայք տվյալագիտության մեջ 2020» համաժողովների դեսպանն է։ Նա ասում է, որ կազմակերպիչներն առնվազն 100 մասնակցի ներկայություն են ակնկալում Երևանում և Աշտարակում անցկացվելիք միջոցառումներից յուրաքանչյուրում:

«Հայաստանում Լեհաստանի դեսպանատան օժանդակությամբ՝ 2019թ. նոյեմբերին հայաստանյան պատվիրակության կազմում Վարշավայում մասնակցեցի «Perspektywy Women in Tech Summit 2019» համաժողովին: Այնտեղ ծանոթացա WiDS կոնֆերանսի համահիմնադիր Մարգո Գերիտսենի հետ, ում հետ բանակցությունների արդյունքում որոշում կայացվեց, որ ՁԻՀ-ը կարող է դառնալ WiDS-ի դեսպանը Հայաստանում»,- պատմել է Ամալյա Եղոյանը:

Կանանց ներգրավվածության ավելացումը բարձր տեխնոլոգիաների ոլորտում Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի հիմնական առաքելություններից մեկն է: «Կանայք տվյալագիտության մեջ» համաշխարհային նախաձեռնությունը հրաշալի հնարավորություն է՝ այս նպատակի իրականացման առումով:

Մամուլի հաղորդագրություն

Միջոցառումներ

Ցուցադրել բոլորը