Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն էլեկտրոնային առողջապահությունը սահմանում է որպես «առողջապահական նկատառումներով տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) օգտագործում»: Առողջապահության ոլորտի մասնագետներն, իհարկե, մոտակա ժամանակներում չեն փոխարինվի տեխնոլոգիաներով, բայց տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործումը կարող է օգտակար լինել բազմաթիվ առումներով.
- Հիվանդակենտրոն մոտեցման խթանում, որը հանգեցնում է նրան, որ հիվանդները դառնում են բանիմաց եւ կարողունակ.
- Բուժաշխատողները հնարավորություն են ստանում իրենց ուշադրության մեծ մասը կենտրոնացնել հիվանդի, այլ ոչ թե ձեւաթղթերի լրացման վրա.
- Հիվանդները ստանում են որակյալ խնամք, քանի որ թվային տեղեկատվության ստեղծումը, պահպանումը եւ փոխանակումը թույլ է տալիս խուսափել կլինիկական ընթացակարգերի կրկնությունից.
- Առցանց գրանցման շնորհիվ կրճատվում է հիվանդների սպասելաժամանակը.
- Դեղագործները հնարավորություն են ստանում նվազագույնի հասցնել իրենց թղթաբանական բեռը՝ էլեկտրոնային դեղատոմսի (ePrescription) ծառայության օգտագործման շնորհիվ.
- Առողջապահական տվյալների վերլուծությունն օգնում է նորարարություններին.
- Աջակցում է հիվանդությունների կանխարգելմանը:
Առանցքային տարրն էլեկտրոնային բժշկական քարտն է (ԷԲՔ), որը թույլ է տալիս խնամքի դեպքերի մասին տեղեկատվություն հավաքել տարբեր առողջապահական ծառայություններ մատուցողներց: Արդյունքում յուրաքանչյուր անհատի համար ստեղծվում է մեկ համալիր էլեկտրոնային բժշկական քարտ, որը հեշտացնում է տարբեր առողջապահական հաստատությունների եւ մասնագետների միջեւ թափանցիկ համագործակցությունը։ Էլեկտրոնային առողջապահության նպատակը ճիշտ ժամանակին եւ ճիշտ տեղում հիվանդների առողջության մասին տեղեկատվության հասանելիության ապահովումը եւ այդպիսով առողջապահական ծառայությունների շարունակականության ու որակի երաշխավորումն է՝ առողջապահության հետ կապված արդյունքների բարելավման համար:

ԵՄ-ը գործ ունի նույն հիմնական առողջապահական խնդիրներից շատերի հետ, որոնք նկատվում են ԱլԳ երկրներում, ինչպիսին, օրինակ, բնակչության ծերացումն է, ինչն էլ, իր հերթին, հանգեցնում է առողջապահական ծառայությունների լավարկման եւ արդիականացման նույնատիպ անհրաժեշտության:
Եվրոպական հանձնաժողովը թվային միասնական շուկան հռչակել է որպես իր հիմնական գերակայություններից մեկը, իսկ թվային առողջապահական ծառայություններն այս ռազմավարության մաս են կազմում: ԵՄ-ն արդեն իսկ ընդունել է բժշկական սարքավորումների, առողջապահական տվյալների պաշտպանության եւ տարածման, թվային նույնականացման եւ տվյալների երկրորդային օգտագործման վերաբերյալ օրենսդրություն, որը հիանալի միջավայր է ապահովում ԵՄ էլեկտրոնային առողջապահության ծառայությունների համար: ԵՄ շատ երկրներ արագ գտնվեցին եւ ընդունեցին էլեկտրոնային առողջապահության ռազմավարություններ, ինչը հանգեցրեց քաղաքական հանձնառության եւ էլեկտրոնային առողջապահական ծառայությունների արագացված ու լավ կազմակերպված զարգացման։ ԱլԳ երկրները, սակայն, առաջ են շարժվում՝ շնորհիվ էլեկտրոնային առողջապահության բազմաթիվ առանձին, բայց սակավ համաձայնեցված ծրագրերի:
Ավելին, ԵՄ-ն իրականացրել է myHealth@EU նախաձեռնությունը։ Այն էլեկտրոնային դեղատոմսերի դուրսգրման եւ հիվանդների ամփոփագրերի անդրսահմանային առողջապահական ծառայությունների հնարավորություն է ստեղծում առանձին անդամ պետությունների միջեւ։ Առաջիկայում երեւան կգան էլեկտրոնային առողջապահության ավելի շատ ծառայություններ: Այժմ ԵՄ-ում նկատվում է առողջապահական տվյալների երկրորդային օգտագործման ուղղությամբ շարժման միտում՝ դրանով իսկ էլեկտրոնային առողջապահության ենթակառուցվածքները պատրաստելով արհեստական բանականությանը, գենոմային տվյալների վերլուծությաը եւ անհատականացված բժշկությանը: ԵՄ մակարդակով դա պետք է իրականացվի HealthData@EU նախաձեռնության օգնությամբ։

«EU4Digital» ծրագրի «Էլեկտրոնային առողջապահություն» թեմատիկ ուղղությունը գնահատում է առողջապահական տվյալների կառավարման վիճակը ԱլԳ երկրներում եւ մշակում ուղեցույցներ, որպեսզի առողջապահական տեղեկատվության փոխանակման եւ կառավարման հնարավորությունները համահունչ լինեն ինչպես ԵՄ լավագույն փորձին, այնպես էլ ԱլԳ երկրների իրողություններին: Կատարյալ դեպքում սա նշանակում է, որ տվյալները համապատասխանում են միեւնույն նորմերին եւ փոխգործելի են տարբեր կազմակերպությունների, շահագրգիռ կողմերի եւ նույնիսկ երկրների միջեւ:
Այս փոխգործելիությունը հանգեցնում է հիվանդների ավելի լավ խնամքի՝ անկախ նրանց գտնվելու վայրից։ Էլեկտրոնային առողջապահության ուղղությամբ EU4Digital-ի գործունեության առանցքում գտնվող ասպեկտներից մեկն էլ առցանց համագործակցության հարթակն է, որն ԱլԳ երկրների շահագրգիռ կողմերին հնարավորություն է տալիս կիսվել իրենց երկրների լավագույն փորձով: Սա հատուկ տարածք է, ուր փորձագետները կարող են մուտք գործել՝ համատեղ աշխատելու եւ հաղորդակցվելու հանուն էլեկտրոնային առողջապահության հետագա զարգացման:
Բացի այդ, EU4Digital-ը նպաստում է ԱլԳ երկրների մասնակցությունը ԵՄ նախաձեռնություններին, որոնք ուղղված են նորարարությունների խթանմանն ու նորագույն լուծումների ներդրմանը՝ հեռավար բժշկական խորհրդատվական ծառայությունների մատուցում, ախտորոշման բարելավման համար տվյալների վերլուծություն, խելացի տնային տեխնոլոգիաներ, սոցիալական եւ ակտիվության ծրագրեր: EU4Digital-ը նաեւ նպաստում է ԱլԳ երկրների մասնակցությանը Ակտիվ եւ առողջ ծերացման եվրոպական նորարարական գործընկերությանը (EIP on AHA)։ Այն ունի վերեւում նշված խնդիրների մեծ մասի առնչությամբ եվրոպական երկրներում իրականացված լավագույն պրակտիկաների ռեպոզիտորիա։

Փոխգործելիությունը տարբեր համակարգերի, կազմակերպությունների կամ երկրների՝ առողջապահական տեղեկատվությամբ փոխանակվելու եւ այն իմաստալից օգտագործելու ունակությունն է: Դրա համար մասնակիցները պետք է ճիշտ մեկնաբանեն համատեղ օգտագործվող տեղեկատվությունը, ինչը ենթադրում է նույնական չափորոշիչների ու գործընթացների օգտագործում՝ էլեկտրոնային առողջապահական ծառայություններ մատուցելու համար:
Փոխգործելիությունը կարեւոր նշանակություն ունի առողջապահության հատվածում, քանի որ այս ոլորտը տարասեռ է ու բարդ եւ ընդգրկում է բազմազան դերակատարների՝ սկսած մատակարարներից մինչեւ հիվանդների բարդ խմբեր, որոնք կարող են գրանցվել եւ այցելել բազմաթիվ առողջապահական հաստատություններ: Ավելին, առողջապահական համակարգերը հաճախ բաղկացած են լինում թերինտեգրված մասնավոր ու հանրային ծառայությունների յուրօրինակ խառնուրդից։
Առողջապահական ծառայություն տրամադրողը կարող է առաջարկել կոնկրետ տեսակի ծառայություններ, եւ այդպիսով գործ ունենալ հիվանդների ենթաբազմության ու նրանց մասին տեղեկությունների հետ, ինչը հաստատությունների միջեւ լավ զարգացած փոխգործելիություն է պահանջում` հիվանդի ընդհանուր պատկերով կիսվելու համար:
ԵՄ անդամ պետությունների միջեւ միջազգային առողջապահական համագործակցությունը հաճախ տուժում է օգտագործվող էլեկտրոնային առողջապահության բառարանի տարբերություններից։ Սա հանգեցնում է նրան, որ նույն հասկացությունները տարբեր կերպ են մեկնաբանվում, ինչը խանգարում է արդյունավետ անդրսահմանային համագործակցությանը: Փոխգործելիության պակասը տարբեր խնդիրներ է առաջացնում քաղաքացիների համար, երբ վերջիններս փորձում են առողջապահական ծառայություններ ստանալ տարբեր հաստատություններում եւ երկրներում: Փոխգործելիության բարելավումը կարող է դրական ազդել ԱլԳ երկրներում մատուցվող առողջապահական ծառայությունների շարունակականության ու որակի վրա՝ նպաստելով բնակչության երջանկության եւ առողջության լավացմանը:

«EU4Digital» ծրագրի «Էլեկտրոնային առողջապահություն» թեմատիկ ուղղության կողմից ստեղծված էլեկտրոնային առողջապահության համագործակցության հարթակը հատուկ մասնավոր կապուղի է, ուր կարող են մուտք գործել ԱլԳ երկրներից էլեկտրոնային առողջապահության փորձագետները եւ նպաստել տարածաշրջանային համագործակցությանը: Այն օգնում է մասնագետներին ստեղծել էլեկտրոնային առողջապահության ընդհանուր ուղեցույցներ, իսկ ապագայում՝ ծառայություններ: Այս հարթակը նպաստում է տարածաշրջանում էլեկտրոնային առողջապահության զարգացման եւ ներդաշնակեցման միջազգային նախաձեռնություններին:
Հարթակում տեղ է գտել հարուստ բովանդակություն օրացույցից եւ հանդիպումների կառավարման գործիքներից մինչեւ ուղեցույցային նախագծեր եւ տեղակայման ծրագրեր: Պորտալն առաջարկում է փաստաթղթերի ամպային ռեպոզիտորիա եւ համագործակցության գործիքներ, ինչպես նաեւ կստեղծի առանց կոդերի էջեր՝ տարբեր խմբերի համար օգտագործողի առանձին տարածությունների շրջանակներում: Այս հարթակը նպաստում է փորձագետների միջեւ գիտելիքների փոխանակմանը՝ ըստ իրենց երկրներում նրանց իրականացրած նախաձեռնությունների: Սա թույլ է տալիս արագացնել եւ լավարկել տարածաշրջանում իրականացվող բարեփոխումները` ընդգծելով ամենաարդյունավետ օրինակներն ու գործընկերներին հնարավորություն ընձեռելով խուսափել հարեւան երկրներում տեղ գտած փորձություններից:

ԱլԳ երկրները խրախուսվում են մասնակցել Ակտիվ եւ առողջ ծերացման եվրոպական նորարարական գործընկերությանը (EIP on AHA), որն իրականացվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից: Ծրագիրն ունի փոխգործակցության բազմաթիվ մակարդակներ՝ սկսած էլեկտրոնային առողջապահության ոլորտում նորարարությունների մասին տեղեկատվական հոդվածներից՝ մինչեւ միջոցառումների հաճախում եւ ավելի ակտիվ դերեր, ինչպիսին, օրինակ, «Action Group» եւ «Reference Site» ծրագրերին մասնակցությունն է:
«EIP on AHA» ծրագրին մասնակցությունը խթանում է տեղեկատվության փոխանակումը եւ գործնական կապերի հաստատումը։ Օրինակ, «Reference Site» ծրագրի մասնակիցը կարող է տեղեկանալ ԵՄ անդամ կոնկրետ պետությունում ներդրված լուծման մասին եւ ծրագրի միջոցով դիմել այն իր տարածաշրջանում ներդնելու համար, կամ հակառակը: Ողջունվում է տարբեր մակարդակի սուբյեկտների մասնակցությունը՝ անհատներից մինչեւ կազմակերպություններ, այդ թվում՝ պետական կառույցներ, մասնավոր հատվածի ընկերություններ, գիտահետազոտական հաստատություններ եւ հասարակական կազմակերպություններ:
Մեկ այլ նախաձեռնություն է myHealth@EU -ն, որը կենտրոնացած է ԵՄ-ում էլեկտրոնային անդրսահմանային առողջապահական ծառայությունների պիլոտավորման եւ ներդրման վրա։ Գործող մոդելը ներառում է հիվանդների ամփոփագրերի տրամադրման եւ էլեկտրոնային դեղատոմսերի դուրսգրման ծառայություններ՝ որպես ապագայի տեսլական ունենալով դրանում ներառել լաբորատոր արդյունքներ, բժշկական պատկերներ, տարբեր զեկույցներ եւ այլն։ Ներկա պահին քննարկվում է ԵՄ անդամ չհանդիսացող իրավասու երկրներին ընդգրկելու հնարավորությունը։ Այսպիսով, ԱլԳ երկրները հետագայում կարող են մասնակցել MyHealth@EU-ին:

Ապագայի առողջապահության բնորոշիչը հիվանդների անընդհատ շարժունակությունն է՝ մատակարարից՝ մատակարար, երկրից՝ երկիր, ինչպես նաեւ բժշկական խնամքի ապահովման շարունակականությունն ու հիմնավորված որոշումների կայացումը՝ հանուն հիվանդի առողջության հետ կապված դրական արդյունքների: Էլեկտրոնային առողջապահության անդրսահմանային ենթակառուցվածքները եւ էլեկտրոնային դեղատոմսերն արտերկրում ճանապարհորդող յուրաքանչյուր քաղաքացու հնարավորություն կտան իրենց համար նշանակված դեղորայքը ձեռք բերել գտնվելու վայրի դեղատներից: Բժշկական ամփոփագրերի փոխանակումն էլ բուժաշխատողներին կօգնի հասկանալ հիվանդների բժշկական պատմությունը եւ կայացնել ապացույցների վրա հիմնված կլինիկական որոշումներ։
EU4Digital-ի էլեկտրոնային առողջապահության թիմը նպատակ ունի մշակել չափորոշիչներ եւ ուղեցույցներ՝ Արեւելյան գործընկերության երկրներում անդրսահմանային առողջապահությունը խթանելու համար, ինչը հնարավոր է միայն ընդհանուր փոխըմբռնման եւ համագործակցության պարագայում: Որպեսզի դա տեղի ունենա, թիմը պատրաստել է ԱլԳ երկրներում էլեկտրոնային առողջապահության ներկայիս վիճակի վերաբերյալ վերլուծություն եւ սահմանել յուրաքանչյուր երկրի առջեւ ծառացած մարտահրավերներն ու առաջնահերթությունները: Արդյունքում՝ մշակված ուղեցույցների փաթեթը հիմք կհանդիսանա տարածաշրջանում էլեկտրոնային դեղատոմսի (ePrescription) եւ հիվանդների ամփոփագրերի ծառայությունների տրամադրման համար:
