
Գլխավոր էջ / Բացահայտել EU4Digital-ը / Ծրագրեր / EU4Digital ծրագրեր / ԵՄ թվային ռազմավարություն
ԵՄ թվային ռազմավարություն
Թվային դարաշրջանին Եվրոպայի համապատասխանությունը մեկն է Եվրոպական հանձնաժողովի վեց քաղաքական գերակայություններից ժամանակներում, երբ համացանցն ու թվային տեխնոլոգիաները փոխակերպում են մեր աշխարհը։
2021 թվականի մարտին Հանձնաժողովն առաջարկեց «Թվային տասնամյակ»-ի ճանապարհային քարտեզը: Այս քաղաքական ծրագիրն առաջնորդվում է «Թվային կողմնացույց 2030»-ով՝ ԵՄ տնտեսության եւ հասարակության թվային փոխակերպման հասնելու ծրագրով:
«Թվային կողմնացույց»-ի նպատակն է կերտել անվտանգ մարդակենտրոն թվային էկոհամակարգ, որտեղ քաղաքացիներն օժտված են հմտություններով, իսկ բիզնեսները բարգավաճում են շնորհիվ թվային ներուժի: «Կողմնացույց»-ը ցուցանում է այս հետագծի չորս հիմնական կետերը՝ թվային հմտություններ, անվտանգ եւ արդյունավետ թվային ենթակառուցվածքներ, բիզնեսների թվային փոխակերպում եւ հանրային ծառայությունների թվայնացում:
Այս քաղաքական օրակարգը համահունչ է ԵՄ թվային ինքնիշխանության ամրապնդմանն ուղղված ԵՄ նորմերին ու չափանիշներին: Մի շարք բյուջետային գործիքներ կաջակցեն այն ներդրումներին, որոնք անհրաժեշտ են Եվրոպայի թվային տասնամյակն ամուր հիմքերի վրա կառուցելու համար:
Օրակարգը կոչ է անում ինտենսիվացնել նախորդ տասնամյակում մեկնարկած աշխատանքը՝ արագացնելու Եվրոպայի թվային փոխակերպումը՝ հիմնվելով դեպի լիարժեք գործող միասնական թվային շուկա առաջընթացի վրա:
Եվրամիության միասնական թվային շուկայի ռազմավարությունը ճանապարհ հարթեց ԵՄ անդամ երկրների միջեւ ավելի սերտ թվային ներդաշնակեցման համար: Այն հրապարակվել է 2015 թվականին՝ նպատակ ունենալով նպաստել տնտեսական աճին, ավելացնել աշխատատեղերը, խթանել մրցակցությունը, ներդրումները եւ նորարարությունները ԵՄ-ում։ Նշված ռազմավարությունը կառուցված է երեք հիմնասյուների վրա.
- Հասանելիություն. սպառողների եւ բիզնեսի համար թվային ապրանքների եւ ծառայությունների նկատմամբ ավելի լավ հասանելիություն ամբողջ Եվրոպայում.
- Միջավայր. թվային ցանցերի եւ նորարարական ծառայությունների բարգավաճման համար պատշաճ պայմանների եւ գործունեության դաշտի ստեղծում.
- Տնտեսություն եւ հասարակություն. թվային տնտեսության աճի ներուժի մաքսիմալացում:
Քանի որ թվայնացումն առաջնահերթություն է ԵՄ-ի համար, այն նաեւ առաջնահերթություն է ԵՄ ռազմավարական գործընկեր երկրների համար, ինչն հետապնդում է ավելի լավ եւ ներդաշնակեցված թվային միջավայր կառուցելու նպատակ: 2020 թվականից հետո Արեւելյան գործընկերության (ԱլԳ) քաղաքականության նպատակները ներառում են թիրախային գործողություններ, որոնք կաջակցեն միասնական թվային շուկայի զարգացմանը, այն է՝ ներդրումների իրականացում մրցունակ եւ նորարար տնտեսությունների, մարդկանց եւ գիտական համայնքների, անվտանգության ու կիբեր դիմակայունություն եւ թվային փոխակերպման ուղղությամբ:
Դեպի Արեւելյան գործընկերության երկրներ միասնական թվային շուկայի առավելությունների ընդլայնումը «EU4Digital» ծրագրի կարեւոր նպատակն է: