Թվային շուկաների ներդաշնակեցումն Արևելյան գործընկերության տարածաշրջանի քաղաքացիների համար շոշափելի արդյունքներ ապահովելու ուղղությամբ ԵՄ քաղաքականության հիմնական թիրախային արդյունքներից մեկն է: Այս ոլորտում ԵՄ-ի աջակցությունն ուղղորդվում է «EU4Digital» նախաձեռնության միջոցով, որը միավորում է ոլորտի առաջնահերթ գործողություններն ու ծրագրերը:
«EU4Digital» նախաձեռնությունը նպատակ ունի Եվրոպական միության միասնական թվային շուկան ընդլայնել դեպի Արևելյան գործընկերության երկրներ` զարգացնելով թվային տնտեսության և հասարակության ներուժը` տնտեսական աճի ապահովման, ավելի շատ աշխատատեղերի ստեղծման, մարդկանց կյանքի որակի բարելավման և գործարարությանն աջակցելու նպատակով: Նախաձեռնության միջոցով ԵՄ-ն աջակցում է ռոումինգի սակագների իջեցմանը, գերարագ լայնաշերտ կապի զարգացմանը՝ տնտեսական խթանման և էլեկտրոնային ծառայությունների ընդլայնման նպատակով, համակարգված կիբերանվտանգությանն ու հասարակությունում թվային կառուցակարգերի ներդաշնակեցմանը՝ լոգիստիկայից մինչև առողջապահություն, հմտությունների բարելավմանը և թվային ոլորտում աշխատատեղերի ստեղծմանը:
EU4Digital-ի միջոցով թվային շուկաների ներդաշնակեցումն օգնում է վերացնել համաեվրոպական առցանց ծառայությունների խոչընդոտները քաղաքացիների, պետական կառավարման մարմինների և բիզնեսների համար, ինչը հանգեցնում է առցանց ծառայությունների բարելավմանը՝ ավելի նպաստավոր սակագներով և ընտրության ավելի լայն հնարավորությամբ: Այն կներգրավի ներդրումներ և կխթանի առևտուրն ու զբաղվածությունը, գոյություն ունեցող ընկերությունները կաճեն ավելի արագ, իսկ ստարտափների հիմնադրումն առավել կհեշտանա՝ նպաստելով ուղեղների արտահոսքի կանխարգելմանը:
«EU4Digital» նախաձեռնության միջուկը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող եռամյա (2019-2022թթ.) «EU4Digital. աջակցելով թվային տնտեսությանը և հասարակությանը Արևելյան գործընկերությունում» կամ ուղղակի «EU4Digital» ծրագիրն է, որը, հետևելով ԵՄ նորմերին ու գործելակերպերին, խթանում է թվային տնտեսության և հասարակության առանցքային ոլորտներն ու տեղ է հասցնում թվային օրակարգի շրջանակում տարածաշրջանին ուղղված ԵՄ աջակցությունը: Ծրագիրն իր աջակցությունը կենտրոնացրել է քաղաքականության վեց հիմնական ոլորտների ուղղությամբ. «Հեռահաղորդակցության կանոններ», «Վստահություն և անվտանգություն», «Էլեկտրոնային առևտուր», «ՏՀՏ նորարարություններ», «Էլեկտրոնային առողջապահություն» և «Էլեկտրոնային հմտություններ»: Նշված ոլորտները, որոնց ուղղված է աջակցությունը, արտացոլում են վեց «EU4Digital» ցանցերը, որոնք ստեղծվել են 2016 թվականին և որոնցում ընդգրկված են ներկայացուցիչներ ԵՄ Արևելյան գործընկերության երկրներից ու ԵՄ անդամ պետություններից:
Թվային համայնքի ստեղծում. երկարաժամկետ առաջնահերթություն
EU4Digital-ը պաշտոնապես գործարկվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից՝ 2016 թվականին կայացած Թվային համայնքի վերաբերյալ Արևելյան գործընկերության նախարարական հանդիպման ժամանակ, որի շրջանակներում ձևավորվեցին EU4Digital-ի վեց տարածաշրջանային ցանցերը` առաջնահերթ թեմաների ուղղությամբ աշխատանք տանելու նպատակով:
«EU4Digital» ցանցերն աջակցում են Թվային շուկաների ներդաշնակեցման պանելի (HDM Panel) աշխատանքներին, որը ստեղծվել է 2015 թվականին՝ Թվային տնտեսության վերաբերյալ Արևելյան գործընկերության առաջին նախարարական հանդիպման ժամանակ, և համախմբում է ԵՄ անդամ պետությունների ու գործընկեր երկրների շահագրգիռ կողմերին, այդ թվում՝ պետական կառավարման մարմիններին, մասնագիտական և ոլորտային ասոցիացիաներին, կարգավորող մարմիններին, քաղաքացիական հասարակություն և ֆինանսական հաստատություններին` թվային շուկաների ներդաշնակեցման ռազմավարության մշակման, գործողությունների համակարգման և ազգային, երկկողմ ու տարածաշրջանային մակարդակներում համաձայնեցվածության ապահովման նպատակով:
Դիմակայուն թվային փոխակերպում. հիմնական առաջնահերթություն
Դիմակայուն թվային փոխակերպմանն աջակցությունը հանրային քաղաքականության հինգ առաջնահերթություններից մեկն է, որոնք առանձնացվել են Եվրոպական հանձնաժողովի կողմից՝ 2020 թվականից հետո Արևելյան գործընկերության քաղաքականության երկարաժամկետ նպատակադրումների մասին առաջարկում, որը տարածվել է 2020 թվականի մարտի 18-ին:
Ըստ Եվրոպական հանձնաժողովի՝ «ԵՄ հարևանության տարածքում ուժեղ թվային ներկայությունն աճի և կայուն զարգացման խթանման հնարավորություն կտա: Այս առումով ԵՄ-ն կշարունակի ներդրումներ կատարել գործընկեր երկրների թվային տրանսֆորմացիայի ուղղությամբ՝ ԵՄ օրենսդրությանը և լավագույն փորձին համապատասխան, և կաջակցի գերնորարարական թվային ստարտափների ընդլայնմանը տարածաշրջանում: ԵՄ-ն կշարունակի նաև աջակցել ու օժանդակել գործընկեր երկրների կիբերդիմակայունությանը»:
Այս նոր առաջնահերթությունը հիմնվում է ԵՄ-ի՝ 2017 թվականին հաստատված և Արևելյան գործընկերության քաղաքացիների համար շոշափելի արդյունքների ապահովմանն ուղղված «20 թիրախային արդյունք 2020 թվականի համար» ճանապարհային քարտեզի վրա, որտեղ թվային շուկաների ներդաշնակեցումը նշված է որպես ԵՄ-ի 20 թիրախային արդյունքներից մեկը:
EU4Digital. ԵՄ աջակցությունն ուղղորդող ընդհանուր նախաձեռնություն
Ներկայում «EU4Digital» նախաձեռնությունը միավորում է ԵՄ-ի հետևյալ առաջնահերթ գործողություններն ու ծրագրերը.
- «EU4Digital» ցանցերն Արևելյան գործընկերության երկրների և Եվրամիության անդամ պետությունների ներկայացուցիչներին համախմբում են առանցքային թեմատիկ ոլորտների ուղղությամբ աշխատանք տանելու նպատակով.
- Եռամյա «EU4Digital» ծրագիրը (2019-2022թթ.), հետևելով ԵՄ նորմերին ու գործելակերպերին, խթանում է թվային տնտեսության և հասարակության առանցքային ոլորտները.
- «EU4Digital. լայնաշերտ կապի ռազմավարություններ ԱլԳ տարածաշրջանում» (2018-2020թթ.) նախագիծն իրականացվում է Համաշխարհային բանկի կողմից՝ նպատակ ունենալով սատարել Արևելյան գործընկեր երկրների կողմից լայնաշերտ կապի ոլորտում սեփական ազգային ռազմավարությունների մշակման և իրականացման գործընթացին.
- «EU4Digital. կիբերանվտանգություն ԱՐԵՎԵԼՔ» նախագիծն ուղղված է գործընկեր երկրներում կիբեռանվտանգության ամրապնդմանը և թվային ծառայությունների նկատմամբ վստահության բարձրացմանը.
- «EU4Digital. EaPConnect» (Հետազոտական և կրթական համայնքների միջև կապի ապահովում) ծրագիրն ուղղված է ցանցային ենթակառուցվածքների ընդլայնմանը` ԵՄ-ի և Արևելյան գործընկեր երկրների հետազոտական և կրթական համայնքները միավորելու համար: