Ուկրաինայում թվային շուկաների ներդաշնակեցումը կհանգեցնի մրցակցության աճին, ինչն ավելի մատչելի գներով և առավել լայն ընտրությամբ բարելավված առցանց ծառայություններ է ենթադրում: Այն կներգրավի ներդրումներ, կխթանի առևտրի ու զբաղվածության ծավալների աճին՝ նպաստելով երկրի սոցիալական և տնտեսական զարգացմանը:
EU4Digital-ի թիրախային նպատակներից մեկը մինչև 2020 թվականը Արևելյան գործընկերության երկրների շրջանում համընդհանուր ռոումինգ տարածության ձևավորումն է: Դա նշանակում է, որ տարածաշրջանի ներսում ճանապարհորդող ուկրաինացիները կստանան ավելի էժան գներով հեռազանգելու հնարավորություն, ինչպես նաև հատուկ աջակցություն է ենթադրում թվային հմտությունների զարգացման ուղղությամբ՝ զարգացող ոլորտների պահանջներին բավարարելու համար: Այն նաև բարենպաստ պայմաններ կստեղծի նորարարությունների ու ստարտափերի համար:
Միջսահմանային էլեկտրոնային առևտրի (eTrade) ուղղությամբ աջակցությունը կդյուրացնի արտահանման ընթացակարգերը, կնվազեցնի սահմանային հետաձգումները և կբարձրացնի գործողությունների անվտանգության ու թափանցիկության մակարդակը՝ խթանելով Ուկրաինայում թվային տնտեսության զարգացմանն ու սպառողների համար մատչելի ծառայությունների շրջանակի ու որակի բարելավմանը: Էլեկտրոնային առողջապահության (eHealth) մասով, Ուկրաինայի առողջապահության համակարգը, խնամքի մասնագետները և, ի վերջո, հիվանդները կօգտվեն ազգային իշխանությունների հետ համագործակցության արդյունքում մշակված էլեկտրոնային առողջապահական ծառայությունների, տվյալների փոխանակման և առողջապահական գրառումների վերաբերյալ ուղեցույցներից:
EU4Digital-ը լրացնում է ԵՄ-ի՝ Ուկրաինային ուղղված երկկողմանի աջակցությանը՝ տեղական իշխանությունների համար էլեկտրոնային կառավարման լուծումների ներդրման և վարչական ծառայությունների փոխգործունակության զարգացման, ինչպես նաև կիբերկայունության բարձրացման գործում, հատկապես՝ ընտրությունների նախաշեմին:
Ուկրաինան թվային փոխակերպումը սահմանել է որպես քաղաքական առաջնահերթություն, ինչի վկայումը «ProZorro» և «eHealth» համակարգերի ներդրմամբ պայմանավորված վերջին հաջողությունները, 4G բջջային ծածկույթի սփռումը, ինչպես նաև պետական և մասնավոր հատվածներում էլեկտրոնային ծառայությունների ներդրումն են: Ուկրաինայի թվայնացումն իրականացվում է փորձագիտական և գործարար հանրույթների համատեղ ջանքերի շնորհիվ: 2018 թվականին էլ կառավորությունն ընդունեց 2018-2020 թվականների համար Ուկրաինայի թվային տնտեսության և հասարակության զարգացման հայեցակարգն ու գործողությունների ծրագիրը:
Ուկրաինայի թվային օրակարգի առաջնահերթությունների թվում են թվային տնտեսության և հեռահաղորդակցության մասին օրենսդրությունը, թվային ենթակառուցվածքները (ներառյալ՝ լայնաշերտ կապի ռազմավարությունը), էլեկտրոնային առևտրի, էլեկտրոնային վստահության և կիբեռանվտանգության ոլորտներում անկանխիկ տնտեսության ներդրման ծրագիրը, ինչպես նաև «Խելացի քաղաքներ՝ խելացի շրջաններ» նախաձեռնությունը, որի առանցքում Ուկրաինայի ապակենտրոնացումն ու երկրի շրջաններում էլեկտրոնային հմտությունների, էլեկտրոնային առողջապահության և էլեկտրոնային առևտրի իրագործումն է:
Դիտել բոլոր առնչվող ծրագրերը