Թվային փոխակերպումը կայուն տնտեսական աճի, մարդկային կապիտալի զարգացման եւ կառավարման բարելավման հիմնական կատալիզատորներից է Արեւելյան գործընկերության երկրների համար: Եվրոպական միությունը ձգտում է թվային ուսուցման հնարավորությունների տրամադրման միջոցով պարարտ հող ապահովել Արեւելյան գործընկերության (ԱլԳ) մեկ միլիոն քաղաքացիների թվային հմտությունների զարգացման համար, «EU4Digital» ծրագրի թվային հմտությունների թիմն էլ այդ նպատակների իրագործմանն ուղղված գործունեություն է ծավալում: Նշված գործունեության ուղղություններից մեկը թվային խզվածքի հաղթահարումն է փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) համար նախատեսված թվային կոմպետենցիաների շրջանակի միջոցով: Այս ուղղությամբ EU4Digital-ը նպաստում է տարածաշրջանային «EU4Digital ակադեմիա» հարթակի զարգացմանը, որի նպատակն է ապահովել հմտությունների ուսուցում, ինչպես նաեւ մենթորական ծրագրերի դյուրացման համար երկրներին հատուկ մեթոդաբանությունների մշակում։ «EU4Digital» ծրագիրն աջակցում է նաեւ թվային հմտությունների տարածաշրջանային ցանցի աշխատանքին:
Հիմնվելով ԱլԳ երկրներում DESI-ին (Թվային տնտեսության եւ հասարակության համաթիվ) համապատասխան թվային հմտությունների բացերը չափելու եւ կանխատեսելու մեթոդաբանության մշակման ուղղությամբ «EU4Digital» ծրագրի I փուլի աշխատանքի վրա՝ այլեւս ակտիվ է EU4Digital DESI աքսելերատորը: Ակնկալվում է, որ DESI աքսելերատորի աջակցությամբ Արեւելյան գործընկերության երկրները կստեղծեն DESI ցուցանիշների ամբողջական փաթեթ եւ կկարողանան ինքնուրույն եւ կայուն կերպով իրականացնել ցանկացած մեթոդաբանական փոփոխություն: Սրա համար անհրաժեշտ են ուժեղ ազգային վիճակագրական գրասենյակներ եւ ստուգատես անցած տվյալների հավաքագրման համակարգային մեխանիզմներ: Այս կարողությունների շնորհիվ Արեւելյան գործընկերության երկրները կկարողանան ավելի ճշգրիտ թվային արդյունքներ ներառել իրենց ազգային ռազմավարություններում՝ աջակցելով փաստերի վրա հիմնված քաղաքականության պլանավորմանը: Ի հավելումն, քանի որ DESI-ն ավելի սերտ է կապված լինելու ԵՄ թվային տասնամյակի հետ, հինգ տարի անց ԱլԳ երկրները պետք է կարողանան տվյալների հավաքագրումն իրականացնել միասնական եղանակով եւ ԵՄ փորձին համահունչ:
Թվային տնտեսության եւ հասարակության համաթիվը (DESI) գործիք է, որը նախատեսված է Եվրոպական միության տնտեսությունների եւ հասարակությունների թվայնացման աստիճանը գնահատելու համար: Եվրոպական հանձնաժողովը 2014 թվականից այն օգտագործում է անդամ պետությունների թվային առաջընթացը չափելու համար։ Այն անդամ պետություններում թվային կատարողականի ամենալայն կիրառվող համաթիվն է: DESI-ն ցուցանիշների փաթեթ է՝ նախատեսված չորս հիմնական ոլորտների զարգացմանը հետեւելու համար՝ մարդկային կապիտալ, միակցվածություն (թեեւ այս չափումը EU4Digital-ի DESI աքսելերատորով նախատեսված չէ), թվային տեխնոլոգիաների ինտեգրում եւ թվային հանրային ծառայություններ:
DESI ցուցանիշների փաթեթի ներդրումն Արեւելյան գործընկերության երկրներին զգալի հնարավորություններ կընձեռի թվային զարգացման ոլորտում։ Նախ, այն թույլ է տալիս գնահատել ռազմավարական եւ ներդրումային նախաձեռնությունների ազդեցությունը թվային տնտեսության եւ հասարակության զարգացման վրա ինչպես տարածաշրջանային, այնպես էլ ազգային մակարդակներում: Արեւելյան գործընկերության երկրներում DESI ցուցանիշների հավաքագրման եւ չափման հասունության ներկայիս մակարդակը թույլ չի տալիս համապարփակ համեմատություն իրականացնել Արեւելյան գործընկերության երկրների եւ ԵՄ երկրների միջեւ: Ներդաշնակեցված տվյալների չափումը թույլ կտա առանձին երկրների առաջընթացը համեմատել ԵՄ-ում արձանագրվածի հետ: Այն նաեւ թույլ կտա չափել առաջընթացը թվային փոխակերպման այնպիսի առաջնահերթ ուղղություններում, ինչպիսիք են թվային հմտությունները, միակցվածությունը, գործարարությամբ զբաղվելիս թվային տեխնոլոգիաների ներդրումը եւ պետական թվային ծառայությունների մշակումն ու օգտագործումը: Ավելին, DESI-ի ներդրումը Արեւելյան գործընկերության երկրներին ԵՄ անդամ երկրների հետ նույն ուղղությամբ շարժվելու հնարավորություն է ընձեռում՝ շնորհիվ ընդհանուր շրջանակների օգտագործման, ինչպիսին «Թվային տասնամյակի քաղաքականության ծրագիր 2030»-ն է՝ դրանով իսկ հիմք ապահովելով գլոբալ թվային շուկաներին ինտեգրվելու համար:
EU4Digital-ի «Թվային հմտություններ» թեմատիկ ուղղությունն իր DESI աքսելերատորի գործունեությունը մեկնարկել է 2023 թվականի մայիսի 30-ին: EU4Digital-ի DESI աքսելերատորի հիմնական նպատակն է դյուրացնել Արեւելյան գործընկերության երկրներում Թվային տնտեսության եւ հասարակության համաթվի ներդրումը եւ նրանց կողմից DESI ցուցանիշների փաթեթի ընդունումը: Աքսելերատորի գործունեությունը կներառի DESI-ի չորս չափումներից երեքը՝ մարդկային կապիտալ, թվային տեխնոլոգիաների ինտեգրում եւ թվային հանրային ծառայությունների ինտեգրում, մինչդեռ միակցվածության մասով տվյալների ամբողջական հավաքագրումն արդեն իսկ իրականացվում է EU4Digital-ի մեկ այլ թեմատիկ ուղղության միջոցով:
Առաջին փուլում EU4Digital-ը վերլուծում է Արեւելյան գործընկերության երկրներում տվյալների հավաքագրման ընթացիկ եւ նախատեսվող գործելակերպերի միջեւ բացերը: Մենք կմշակենք գործառնական առաջարկություններ տարածաշրջանային եւ ազգային մակարդակների համար՝ ԵՄ մեթոդաբանություններին համահունչ DESI ցուցանիշների ամբողջական հավաքագրման ուղղությամբ շարժվելու համար: Նշված առաջարկությունները կախված կլինեն երկրներում DESI ցուցանիշների հետ կապված տվյալների հավաքագրման ներկա վիճակից: Արեւելյան գործընկերների շահագրգիռ կողմերին պետք է տրվի սեփական ներդրումն ունենալու եւ հաշվետվությունները վավերացնելու հնարավորություն:
DESI աքսելերատորը նաեւ կտրամադրի աջակցություն եւ կարողությունների զարգացում DESI փաթեթի ընդունումը խթանելու համար: Այսպես, Արեւելյան գործընկերության երկրները կներգրավվեն ԵՄ անդամ պետությունների հետ կարողությունների զարգացման եւ փորձի փոխանակման միջոցառումներում՝ կազմակերպելով DESI ցուցանիշների չափման վերաբերյալ դասընթացներ ու խորհրդատվություններ եւ զարգացնելով տվյալների հավաքագրման եւ չափման գործընթացում ներգրավված հաստատությունների կարողությունները: Հիմնական ուշադրության կենտրոնում են լինելու ազգային մակարդակում իրականացվող դասընթացներն ու խորհրդատվությունները, ինչպես նաեւ տարածաշրջանային միջոցառումները: DESI աքսելերատորը ֆինանսավորում չի տրամադրում, սակայն այն կտրամադրի ամբողջական մեթոդաբանական աջակցություն եւ համապատասխանեցված լավագույն պրակտիկաներ DESI ցուցանիշների հավաքագրման համար:
Տվյալների առկայությունը առանցքային դեր է խաղում Արեւելյան գործընկերության երկրներում թվային փոխակերպման ռազմավարությունների մշակման եւ եվրոպական մակարդակի ռազմավարությունների հետ դրանց ներդաշնակեցման գործում: EU4Digital-ի DESI աքսելերատորի գործունեության մի մասը կենտրոնացած է Արեւելյան գործընկերության երկրներում առկա թվային հմտությունների, բիզնեսի եւ կառավարության թվայնացման եւ հարակից ցուցանիշների հավաքագրման բացերը չափելու հստակ եւ հակիրճ մեթոդաբանության մշակման վրա: Այստեղ հաշվի կառնվի յուրաքանչյուր երկրի փորձը եւ կընտրվի համապատասխան մեթոդաբանություն:
Թվային առաջընթացի չափման ներդաշնակեցված մոտեցումը թույլ է տալիս բացահայտել թվային հմտությունների ուղղությամբ առկա թերությունները եւ բիզնեսի ու պետական կառավարման մակարդակներում թվայնացման գործընթացում եղած բացերը: Սա կօգնի «բալասան» գտնել եւ գնահատել տարածաշրջանային ու ազգային նախաձեռնությունների ազդեցությունը: Ազգային մակարդակի զարգացման ռազմավարությունների հարմարեցումը ԵՄ գործելակերպերին համապատասխան չափվող կոնկրետ տվյալներին կօգնի նաեւ բացահայտել խնդրահարույց ոլորտները եւ առաջարկի ու պահանջարկի բացերը: Թեեւ DESI-ն կոմպոզիտային համաթիվ է, այն իր հաշվարկներում օգտագործում է կոնկրետ ցուցանիշների չափումներ. սա կարող է հանգեցնել որոշումների կայացման գործընթացների բարելավմանը թվային տնտեսության եւ հասարակության որոշակի ոլորտներում, ինչպիսիք են համացանցից օգտվողների հմտությունները, գործարարությամբ զբաղվելիս թվային տեխնոլոգիաների կիրառումը, թվային տեխնոլոգիաների ներդրման ինտենսիվությունը եւ թվային կառավարության զարգացումը: Ներդաշնակեցված տվյալների չափումը նաեւ հնարավորություն է տալիս համեմատել թվային զարգացման մասով Արեւելյան գործընկերության երկրների եւ ԵՄ երկրների անհատական առաջընթացը:
«EU4Digital» ծրագրի «Թվային հմտություններ» թեմատիկ ուղղությունը մշակել է «EU4Digital ակադեմիա» (EU4Digital Academy) ծրագրի ստեղծման հայեցակարգ, որն առցանց ուսուցման հարթակի միջոցով կնպաստի Արեւելյան գործընկերության երկրներում թվային կարողությունների եւ հմտությունների բարելավմանը։ Կրթատեխնոլոգիական լուծումներով ապահովված այս թվային հարթակը 500,000 ՓՄՁ-ներին աջակցություն տրամադրելու եւ ԱլԳ 1 միլիոն քաղաքացիների թվային կարողությունները զարգացնելու ԵՄ հանձնառության մի մասն է: Հայեցակարգով նախատեսվում է ԵՄ-ում էլեկտրոնային կոմերցիայի, թվային շուկայավարման եւ բիզնեսի թվայնացման թեմաներին վերաբերող բարձրորակ բովանդակություն առաջարկել Արեւելյան գործընկերության յուրաքանչյուր երկրի տեղական լեզուներով: Այդ ուսումնական բովանդակությունը ստացվում է ինչպես ուսումնական բովանդակության տեղական մատակարարներից, այնպես էլ եվրոպական եւ համաշխարհային հեղինակավոր մատակարարներից ու տրամադրվում է առցանց հարթակի միջոցով, անվճար հիմունքներով: «EU4Digital ակադեմիա» ծրագրի ընդհանուր նպատակն ու խնդիրն է բարձրացնել ՓՄՁ-ների մրցունակությունը թվային տնտեսությունում եւ բարելավել Արեւելյան գործընկերության երկրների քաղաքացիների թվային հմտությունները: