Վստահությունը նորարարությունների եւ համագործակցային գործողությունների հիմքն է: Թվային աշխարհում վստահության ամրապնդման դեր կատարող կիբերանվտանգությունն ու տեխնոլոգիաներն ունեն կարեւոր նշանակություն՝ թվային տնտեսության եւ հասարակության զարգացման ու օգտակարության համար հիմնարար պայմանների ստեղծման առումով։
Թվային վստահության ծառայությունները եւ էլեկտրոնային նույնականացման ծառայություններն օգնում են արագացնել սոցիալական ու գործարար փոխազդեցությունները եւ համարվում են ապահով ու արդյունավետ առցանց գործառնությունների անկյունաքարերը: Վստահության եւ էլեկտրոնային նույնականացման (eID) ծառայությունները լավարկում են գործընթացները եւ նվազեցնում թղթային փաստաթղթաշրջանառությունից կախվածությունը, պաշտպանում են տվյալները, նվազեցնում են գործառնական ծախսերը եւ ապահովում թվային ծառայությունների անվտանգ օգտագործում, ինչն հետագայում ավելի է նպաստում թվային տնտեսության աճին: Վստահության եւ eID ծառայությունները կարեւոր են նաեւ անդրսահմանային գործառնությունների ու աշխատանքների դյուրացման տեսանկյունից՝ նպաստելով երկրների միջեւ վստահության եւ տնտեսական կապերի ձեւավորմանը:
Էլեկտրոնային նույնականացման եւ վստահության ծառայությունների ներդրումը մեծ քայլ առաջ է դեպի թվային փոխակերպում: Երկրների կողմից էլեկտրոնային նույնականացման եւ վստահության ծառայությունների ներդրման դեպքում քաղաքացիներն ու բիզնեսները կարող են օգտվել ավելի ապահով եւ արդյունավետ թվային միջավայրից: Սա կարող է հանգեցնել տնտեսական աճի, ինչպես նաեւ բարելավել պետության կողմից մատուցվող ծառայությունները եւ քաղաքացիների մասնակցությունը:
Շատ հանրային ծառայություններ դառնում են առցանց հասանելի: Նման թվային ծառայությունների հետ շփվելիս քաղաքացիները եւ կառավարությունների ու գործարար շրջանակների ներկայացուցիչները պետք է ցույց տան, որ իրենք իսկական օգտատերեր են եւ պետք է կարողանան էլեկտրոնային եղանակով ստորագրել կամ կնքել փաստաթղթեր, ներկայացնել իշխանության մարմինների կողմից տրամադրված էլեկտրոնային ապացույցներ կամ կատարել առցանց վճարումներ: Արտերկրում նման ծառայությունների օգտագործումը պահանջում է տեխնիկական փոխգործելիություն, ինչպես նաեւ հիմնական համապատասխան կանոնների եւ պահանջների ընդհանուր ըմբռնում: Անդրսահմանային փոխգործելիության հասնելու գործում էական նշանակություն ունեն փոխադարձ ճանաչման համաձայնագրերը:
Անդրսահմանային էլեկտրոնային ծառայությունների մատուցման եւ փոխադարձ ճանաչման համաձայնագրերի պահանջի հարցերում Արեւելյան գործընկերության երկրների պատրաստվածությունը բարելավելու համար EU4Digital-ը տրամադրում է աջակցություն հետեւյալ եղանակներով.
- Էլեկտրոնային վստահության միասնական կառուցակարգի ստեղծում, որը կսահմանի հիմնարար սկզբունքները, կազմակերպչական եւ տեխնիկական խոչընդոտները եւ դրանց հաղթահարման ուղիները, թվային հնարավորությունների առկայությունը, ինչպես նաեւ էլեկտրոնային ծառայությունների հասանելիություն կապահովի օտարերկրացիների համար.
- Անդրսահմանային էլեկտրոնային ստորագրության եւ էլեկտրոնային նույնականացման ծառայությունների պիլոտավորում.
- Տվյալների կառավարման եւ փոխգործելիության ընդհանուր ուղեցույցների մշակում.
- Լավագույն փորձին համապատասխան անդրսահմանային փոխադարձ ճանաչման ազգային գործողությունների ծրագրերի մշակում:
Այս գործողությունները էական նշանակություն ունեն Արեւելյան գործընկերության երկրներում ապահով եւ վստահելի թվային միջավայրի զարգացման համար:
Արեւելյան գործընկերության երկրների համար EU4Digital-ի էլեկտրոնային նույնականացման եւ էլեկտրոնային վստահության շրջանակն ընդհանուր հիմք է ստեղծում անդրսահմանային էլեկտրոնային նույնականացման եւ վստահության ծառայությունների փոխադարձ ճանաչման համաձայնագրերի ստորագրման համար։ Շրջանակը կսահմանի ընդհանուր սկզբունքներ, գործընթացներ եւ բաղադրիչներ Արեւելյան գործընկերության երկրների միջեւ ներդաշնակեցված ու փոխադարձաբար ճանաչված էլեկտրոնային նույնականացման եւ վստահության ծառայությունների համար:
EU4Digital-ն Արեւելյան գործընկերության երկրներին կաջակցի իրականացնել փոխգործելի անդրսահմանային էլեկտրոնային նույնականացման ու աուտենտիֆիկացման պիլոտավորում՝ հիմնված ընդհանուր սկզբունքների եւ ձեւաչափերի վրա: Այս պիլոտային գործողությունները կփորձարկեն էլեկտրոնային նույնականացման սեփականատերերի՝ այլ երկրում էլեկտրոնային ծառայություններից օգտվելու հնարավորությունը: Դրանք նաեւ թույլ կտան Արեւելյան գործընկերության երկրներին գնահատել իրենց էլեկտրոնային նույնականացման ազգային ենթակառուցվածքի պատրաստվածությունը՝ հնարավորություն ընձեռելով բարձրացնել փոխգործելիությունը եւ մատչելիությունը, ինչպես նաեւ բացահայտել էլեկտրոնային նույնականացման եւ էլեկտրոնային ծառայությունների ներդրման ու կիրառման համար հնարավոր բեկումնային ոլորտները: Պիլոտային գործողությունները նաեւ կնպաստեն բազմակողմ հարաբերություններին եւ կխրախուսեն գործընկեր երկրներին հետամուտ լինել համաձայնեցված չափանիշներին ու հիմնական սկզբունքներին:
EU4Digital-ը մշակում է Եվրոպական միության եւ համաշխարհային պրակտիկաներին համահունչ տվյալների կառավարման ռազմավարության եւ ուղեցույցների հայեցակարգ: EU4Digital-ը, հիմնվելով Արեւելյան գործընկերության երկրներում առկա իրավիճակի վրա, վերջիններիս կտրամադրի նաեւ ռազմավարական եւ միասնական տվյալների կառավարման մոտեցման ներդրման վերաբերյալ առաջարկություններ: Տվյալների կառավարման նման շրջանակն Արեւելյան գործընկերության երկրներին կօգնի բարելավել որոշումների կայացման գործընթացը, խթանել նորարարությունները եւ ամրապնդել քաղաքացիների ու գործարար շրջանակների հետ վստահությունը: