Արոտավայրերի արտադրողականությունը, աղտոտիչների առկայությունը և էրոզիայի ու երաշտի նման բնական երևույթների ազդեցությունները՝ բոլորը կարող են չափվել հեռավար կարգով՝ օդային կամ արբանյակային սենսորների միջոցով: Բայց ստացվող տվյալների հսկայական ծավալի հետ աշխատանքը պահանջում է նորարարական լուծումներ և տեխնիկական աջակցություն, ինչը, իր հերթին, պահանջում է համագործակցային գործընկերություն:
Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող EU4Digital-ի «EaPConnect» ծրագրի միջոցով ապահովվող ցանցերի և ծառայությունների, ինչպես նաև ծրագրի՝ Data Cube (տվյալների խորանարդ) տեխնոլոգիական ուղղվածությամբ հայ – շվեյցարական համագործակցությանը մասնակցած հայկական գործընկերոջ շնորհիվ արժեքավոր տեղեկություններ են ստացվում Հայաստանում շրջակա միջավայրի վերաբերյալ:
Երկրի դիտարկման համակարգերի կոմիտեն (CEOS) ակնկալում է, որ մինչև 2022 թ.-ն ավելի քան 20 երկրներ ներդրած կլինեն Data Cube ենթակառուցվածքներ: Հայաստանն այն քիչ երկրներից մեկն է, որոնք ազգային մասշտաբի Data Cube ենթակառուցվածք են զարգացնում: Լինելով հետխորհրդային տարածքի ամենաարդյունաբերականացված երկրներից մեկը` այն ունի բազմաթիվ բնապահպանական խնդիրներ: Չնայած տվյալների հայկական խորանարդը դեռևս մշակման փուլում է, այն հաջողությամբ ներդրվել է որպես Երկրի դիտարկման տվյալների ամբողջական և արդիական արխիվ, որը հասանելի է http://datacube.sci.am կայքի միջոցով:
Հեղափոխական տեխնոլոգիա
Ըստ ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի (ԷՆՀԿ) Աշխարհագրական տեղեկատվական համակարգերի և հեռազննման բաժնի ղեկավար Շուշանիկ Ասմարյանի՝ տվյալների հայկական խորանարդը Երկրի դիտարկման հեռազննման և ազգային տվյալների վիզուալացման հեղափոխական տեխնոլոգիա է: Այն խոստանում է շրջակա միջավայրի շարունակական մշտադիտարկում, որը Երկրի դիտարկմամբ զբաղվող գիտնականներին հնարավորություն կտա որոշել միտումները, սահմանել ներկա պայմանները և անել կանխատեսումներ:
«Լիարժեք օգուտների մասին կկարողանանք խոսել, երբ շոշափելի արդյունքներ գրանցվեն: Բայց տվյալների ազգային խորանարդի հիմնական առավելությունն այն է, որ այն ընդգրկում է անվճար ազգային էլեկտրոնային ենթակառուցվածքները և ամպային կարողությունները` միավորելով տվյալները, վերլուծական մեթոդները և կիրառական գաղափարները, որոնք անհրաժեշտ են սոցիալական, տնտեսական ու շրջակա միջավայրի կայունությունը խթանելու և արագացնելու համար», – ասում է ԷՆՀԿ աշխարհագրական տեղեկատվական համակարգերի և հեռազննման բաժնի ղեկավար Շուշանիկ Ասմարյանը:
Երկարաժամկետ համագործակցային հարաբերություններ
ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնն ու Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը (ԻԱՊԻ) ADC4SD-ի` «Տվյալների հայկական խորանարդ՝ կայուն զարգացման համար» նախագծի գործընկերներն են, որին աջակցում է Շվեյցարիայի կրթության, հետազոտությունների և նորարարությունների պետական քարտուղարությունը: Այս նախագծում ԻԱՊԻ-ն աջակցում է Երկրի դիտարկման տվյալների պահպանմանը, դասակարգմանը, կառավարմանն ու վերլուծությանը: ԷՀՆԿ-ն և երրորդ գործընկեր Ժնևի համալսարանն էլ (UNIGE) տրամադրում են Երկրի դիտարկման վերաբերյալ փորձագիտական աջակցություն: Ինչպես փորձում են բացատրել գործընկեր կողմերը, այս հարաբերություններն ունեն սիներգետիկ բնույթ:
«ԷՀՆԿ-ն 2013 թ.-ից ակտիվորեն օգտվում է ԻԱՊԻ-ի ծառայություններից, քանի որ ԷՀՆԿ-ի համակարգչային կարողությունները բավարար չէին արբանյակներից և անօդաչու թռչող սարքերից ստացվող տվյալների մշակման և վիզուալացման համար: Մասնավորապես, ԻԱՊԻ-ի ամպային համակարգերն ապահովում են հեռավար համակարգչային ենթակառուցվածքների հասանելիություն՝ տվյալների պահպանման, մշակման և վիզուալացման համար», – բացատրում է Ասմարյանը:
Ժնևի համալսարանի ավագ դասախոս և GRID-Geneva-ում թվային ստորաբաժանման ղեկավար Գրեգորի Ջուլիանին համաձայն է. «Կարծում եմ, որ ADC4SD-ի շրջանակներում համագործակցությունը չափազանց շահավետ է գործընկերներիս համար և հիմնված է մեր երեք հետազոտական կենտրոնների ու երկու երկրների միջև շուրջ 10 տարի առաջ մեկնարկած երկարատև ու բարեկամական հարաբերությունների վրա: Մենք շատ բան ենք իմացել գերարդյունավետ հաշվարկների և բաշխված համակարգերի մասին՝ ԻԱՊԻ-ից, ինչպես նաև շրջակա միջավայրի մշտադիտարկման մասին՝ ԷՆՀԿ-ից»:
Հայաստանի օգուտները
Data Cube տեխնոլոգիան թույլ է տալիս բարդ տվյալները հետազոտել բազմաչափ եղանակով: Շվեյցարական լավագույն պրակտիկաների վրա խարսխված տվյալների հայկական խորանարդն օգտագործում է ԻԱՊԻ-ի տրամադրած ազգային էլեկտրոնային ենթակառուցվածքը, որը բաղկացած է ինչպես կապի, այնպես էլ բաշխված հաշվողական ենթակառուցվածքներից և ապահովում է միասնական համակարգչային միջավայր, որտեղ կարող են օգտագործվել տարբեր առաջադեմ տեխնիկաներ, ինչպիսիք են արհեստական բանականության ալգորիթմներն ու գերարդյունավետ հաշվարկները:
EU4Digital-ի շնորհիվ զգալիորեն ընդլայնվեց ԻԱՊԻ-ի շրջանակներում գործող Հայաստանի ազգային հետազոտական և կրթական ցանցի (ԱՀԿՑ)՝ ASNET-AM-ի հաշվողական և պահուստային ներուժը՝ վերջինիս հնարավորություն տալով լուծել մի շարք գիտական և հասարակական խնդիրներ: ASNET-AM-ի IaaS (Ենթակառուցվածքը՝ որպես ծառայություն) ամպային ենթակառուցվածքը տվյալների հայկական խորանարդին ապահովում է հնարավորություններով՝ Երկրի դիտարկման վերաբերյալ մեծաքանակ տվյալների կառավարման և բազմասպեկտր արբանյակային պատկերների տվյալների հետազոտական վերլուծության իրականացման համար` օգտագործելով ինչպես կապի, այնպես էլ բաշխված հաշվողական ենթակառուցվածքներից բաղկացած բազմաբնույթ և բազմաշերտ ամպային մոդելավորումներ:
«Անհրաժեշտ գիտելիքներ փոխանցելու համար խիստ կարևոր է նոր կարողությունների զարգացումը: Սա օգնում է հասնել այս նոր տեխնոլոգիաների ընդունմանը, ճանաչմանը և հավատարմությանը, որը կբարելավի Երկրի դիտարկման տվյալների հասանելիության և օգտագործման կարողությունը», – ասում է ԻԱՊԻ տնօրեն Հրաչյա Ասծատրյանը:
Շուշանիկ Ասմարյանի համար տվյալների ազգային խորանարդը կենսական գործիք կդառնա՝ միջազգայնորեն ճանաչված կայուն զարգացման նպատակներին (ԿԶՆ) հասնելուն Հայաստանին օգնելու գործում. «Շրջակա միջավայրի ԿԶՆ-ների հուսալի արբանյակային մշտադիտարկումը պահանջում է համակարգված, բաց և մատչելի տվյալներով Երկրի դիտարկման համակարգեր, ինչպես նաև անսահմանափակ գերարդյունավետ հաշվարկային ռեսուրսներ՝ ազգային մակարդակում տվյալները պահպանելու, մշակելու, վիզուալացնելու և տարածելու համար»:
EaPConnect
«EU4Digital. Հետազոտական և կրթական համայնքների միացում» ծրագրի (EaPConnect) նպատակը ԵՄ-ի և արևելյան գործընկեր երկրների հետազոտական և կրթական համայնքների միացումն ու թվային անջրպետի նվազեցումն է: Ծրագիրն ընդլայնելու է ցանցային ենթակառուցվածքները` երկրների միջև գիտական փոխանակումն ընդլայնելու, հետազոտությունների և կրթության (R&E) ոլորտում միջազգային համագործակցության բարելավմանն ուղղված նոր ծառայություններ առաջարկելու, R&E էկոհամակարգերում ազգային հետազոտական և կրթական ցանցերն (ԱՀԿՑ-ներ) ամրապնդելու, ինչպես նաև միջոցառումների, դասընթացների և այլ նախաձեռնությունների միջոցով գիտելիքների ու հմտությունների պաշարի և համագործակցային աշխատանքի միջավայրի ստեղծման համար: