Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով. «WCIT 2019»-ը՝ Երևանում

  • Ամսաթիվ: 06/10/19 մինչև 09/10/19
  • Կիսվել:

Հայաստանում հոկտեմբերի 6-9-ը կկայանա Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը (WCIT), որը ներառելու է տարբեր թեմաներով քննարկումներ՝ արհեստական բանականությունից ու վիրտուալ իրականությունից մինչև խելացի քաղաքներ ու կիբերանվտանգություն, կլիմայի փոփոխություն և այլն:

Միջոցառումը ներդրումներ ներգրավելու հնարավորություն կդառնա: Այդ մասին լրագրողներին ասել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը:

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը նշանակալի միջոցառում է, որը հիմնադրվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (ՏՏԾՀԴ) կողմից: Դաշինքն իրենից ներկայացնում է 83 երկրների ՏՀՏ ասոցիացիաների կոնսորցիում, որոնք, իրենց հերթին, ներկայացնում են արդյունաբերության 90%-ը:

40 տարի շարունակ տեխնոլոգիական ոլորտի առաջնորդները՝ գործադիր տնօրեններ և ներդրողներ, քաղաքականություն մշակողներ և պետական պաշտոնյաներ, գիտնականներ և տեխնոլոգներ, հավաքվել են այս ամենամյա միջոցառմանը` քննարկելու ոլորտում առկա վիճակը, ուր է այն շարժվում և ինչ է նշանակություն դա ունի մեր ապագայի համար: Նախորդ բանախոսների թվում եղել են Բիլ Քլինթոնը, Վինթ Սերֆը, Բիլ Գեյթսը, Ջիննի Ռոմեթին, Լարի Էլիսոնը, Էնն Մալկահին, Ֆաքիր Չանդ Կոհլին և Մայքլ Դելլը:

Միջոցառմանը կմասնակցեն 2000-ից ավելի պատվիրակներ՝ ավելի քան 70 երկրներից, ինչպես նաև՝ ավելի քան 80 փորձագետ – պանելիստներ:

Այս տարի ՏՏ համաշխարհային համաժողովը կանցկացվի «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիքներ և վտանգներ» խորագրի ներքո: Համաժողովի ընթացքում հանգամանորեն կքննարկվի, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները թե դրական, թե բացասական առումներով վերափոխում մեր կյանքը, ինչ ազդեցություն են ունենում շահույթի և բարեկեցության, ապահովության և անվտանգության, ժողովրդավարության և մարդասիրության վրա։

Առանցքային թեմաների թվում են.

  • Արհեստական բանականություն
  • Էլեկտրոնային առողջապահություն
  • Կլիմայական փոփոխություն
  • Իրերի ինտերնետ (IoT)
  • Էլեկտրոնային կոմերցիա
  • Խելացի քաղաքներ
  • Ազգային թվային օրակարգեր
  • ՏՀՏ ազդեցությունը կրթության ոլորտում
  • Ստարտափեր և ինկուբատորներ
  • Թվային ներառականություն և հավասարություն
  • ՖինՏեխ
  • Հաջորդ միլիարդի միացում
  • Ապակենտրոնացում
  • Կիբերանվտանգություն
  • Կանայք տեխնոլոգիաներում

Հայաստանը Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքին (ՏՏԾՀԴ) անդամակցել է 2004 թվականին: 2014 թվականին ԻՏՁՄ-ն ձեռք է բերել  «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը Հայաստանում անցկացնելու իրավունքը:

Միջոցառումներ

Ցուցադրել բոլորը