Գլխավոր էջ / Մնալ տեղեկացված / Վերջին նորություններ
EU4Digital-ն առաջին դասընթացն է անցկացրել ԱլԳ երկրների նորարարական կլաստերների համար
Ամսաթիվ: 30/04/24
«EU4Digital» ծրագիրը 2024 թվականի ապրիլի 18-ին կազմակերպել էր կարողությունների զարգացման եւ գործնական կապերի հաստատման միջոցառում, որին միացել էին Արեւելյան գործընկերության (ԱլԳ) 70 նորարարական կլաստերների եւ կլաստերների կառավարման նորաստեղծ կազմակերպությունների շուրջ 85 ներկայացուցիչներ: EU4Digital-ի ՏՀՏ նորարարությունների թիմը Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան ներկայացնող մասնակիցներին հավաքել էր հատուկ ուսումնական միջոցառման շրջանակներում, որն EU4Digital-ի՝ ավելի վաղ՝ այս տարվա ապրիլ ամսին հայտարարված նորարական կլաստերների համար նախատեսված նոր գործունեության մաս է կազմում։
Միջոցառման ժամանակ ներկայացվեցին ԵՄ կլաստերների լավագույն փորձի վերլուծության արդյունքները, ինչպես նաեւ շփումներ հաստատվեցին ԱլԳ կլաստերների գործադիր ղեկավարների ու Կլաստերների վերլուծության եվրոպական քարտուղարության (ESCA), Ռումինիայի կլաստերների ասոցիացիայի, Տրանսիլվանիայի ՏՏ կլաստերի եւ «AgroTransilvania Cluster»-ի ներկայացուցիչների միջեւ, որոնք կիսվեցին կլաստերների կառավարման եւ դրանց բենչմարքինգի (համեմատական վերլուծության) ոլորտում իրենց փորձով։
Դասընթացի ընթացքում EU4Digital-ի ՏՀՏ նորարարությունների թիմի ղեկավար դոկտոր Աննա Պոբոլն անդրադարձավ կլաստերներին հանդիպող ընդհանուր խնդիրներին, ինչպիսիք են կլաստերների համար հատուկ քաղաքականության եւ օժանդակ գործիքների բացակայությունը, ինչպես նաեւ կլաստերների կառավարման կազմակերպությունների համար ռեսուրսների սակավությունն Արեւելյան գործընկերության երկրներում, որոնք սահմանափակում են ԱլԳ կլաստերների զարգացումը եւ տարածաշրջանի տնտեսական աճին նպաստելու նրանց ներուժը:
ԵՄ լավագույն կլաստերների վերաբերյալ EU4Digital-ի վերլուծությունը ցույց է տալիս, որ, չնայած իրենց չափերի եւ գործունեության ոլորտների տարբերությանը, նրանց աճի ռազմավարությունը նույնն է, որը սկսվում է արտաքին կամ պետական ֆինանսական աջակցությամբ եւ զարգանալով հասնում է հավասարակշռված մոդելի: Հաջողակ կլաստերները ներգրավում են կառավարման եւ ռազմավարության հարցերով մասնագետների, օգտագործում են արտաքին փորձագետների՝ նորարարությունները խթանելու նպատակով, եւ ծառայությունները հարմարեցնում են անդամների կարիքներին՝ արդյունավետ կերպով հաղորդելով նրանց արժեքը: Ժամանակի ընթացքում ծառայությունները կարող են ընդլայնվել՝ ներառելով բրենդինգի եւ կայունությանն ուղղված աշխատանքներ: Կլաստերները կարող են նաեւ ազդել տարածաշրջանային ռազմավարությունների վրա եւ խթանել փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) թվային փոխակերպումը՝ նպաստելով դրանց հնարավոր անցմանը թվային նորարարական կենտրոնների:
ESCA-ի կառավարության հետ կապերի բաժնի ղեկավար եւ ծրագրերի ավագ ղեկավար դոկտոր Օլիվեր Զիգլերը ներկայացրեց կլաստերների կառավարման լավագույն փորձի բոլորի կողմից ընդունված եվրոպական ստանդարտը: Նա մանրամասն նկարագրեց կլաստերների բենչմարքինգի մեթոդաբանությունը, որը բացահայտում է կլաստերային կազմակերպությունների ռազմավարական եւ գործառնական բացերը եւ կատարողականի հիման վրա շնորհում է կլաստերի կառավարման գերազանցության որակի հատուկ պիտակներ: Նա նաեւ ուրվագծեց կլաստերների բենչմարքինգի ընդունելի չափանիշները եւ բացատրեց ESCA-ի դերը կառավարություններին կլաստերային քաղաքականության վերաբերյալ խորհրդատվություն տրամադրելու հարցում:
ESCA-ի բենչմարքինգի վարժության ընթացքում մենք իսկապես փորձում ենք հասկանալ, թե որտեղ եք դուք գտնվում՝ հիմնվելով հուսալի տվյալների շտեմարանի եւ Եվրոպայում գործող հարյուրավոր այլ հենանիշային կլաստերային կազմակերպությունների նմանատիպ մարտահրավերների ու լուծումների վրա, ինչն օգնում է բարձրացնել ձեր կատարողականը:
Դոկտոր Օլիվեր Զիգլեր, ESCA
Ռումինիայից ESCA-ի ոսկե պիտակակիր AgroTransilvania Cluster-ի գլխավոր տնօրեն դոկտոր, պրոֆեսոր Ֆելիքս Արիոնը ESCA-ի ոսկե պիտակավորման (Gold Labelling) փորձագիտական խմբի անդամ է: Նա կիսվեց ագրոպարենային ոլորտում հաջողակ կլաստեր ստեղծելու ոգեշնչող պատմությամբ: Պարոն Արիոնն ընդգծեց, որ ֆերմերների միջեւ ընդհանուր հետաքրքրություն գտնելը վճռական նշանակություն ունեցավ սկզբնական փուլերում։ Նա նաեւ պատմեց, թե ինչպես է աստիճանաբար ձեւավորվում կլաստերային համագործակցության ուժը՝ ոլորտի մարտահրավերներին լուծումներ գտնելու գործում ակտիվ ներգրավվածության արդյունքում՝ կիրառելով այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են խելացի մասնագիտացումը: Այժմ AgroTransilvania Cluster-ի ոսկե պիտակը ծառայում է որպես վստահության նշան՝ օգնելով նրան ներգրավվել ազդեցիկ գործընկերությունների եւ նախագծերի մեջ:
Ռումինիայից մեկ այլ ոսկե պիտակակիր Տրանսիլվանիայի ՏՏ կլաստերի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն դոկտոր Բյանկա Մունտեանը բացատրեց, թե ինչպես է կլաստերի ծառայությունների պորտֆելը ժամանակի ընթացքում զարգացել՝ օգնելով ներգրավել նոր անդամներ եւ հանգեցրել տասնապատիկ աճի: Նա կիսվեց իր մտքերով առ այն, թե ինչպես կարող է կլաստերը զարգանալ, նույնիսկ եթե երկրում չկա հատուկ ազգային կլաստերային քաղաքականություն կամ ֆինանսավորում։
Մեր՝ կլաստերների ղեկավարներիս խնդիրն էր գտնել տարբեր միջազգային գործընկերությունների եւ նախագծերի կողմից ստեղծված հնարավորություններ: Մեզ հաջողվեց ազդեցություն ունենալ ԵՄ մակարդակով քաղաքականության փաստաթղթերի եւ կլաստերներին աջակցության առաջարկությունների վրա:
Դոկտոր Բյանկա Մունտեան, Տրանսիլվանիայի ՏՏ կլաստեր
Բյանկա Մունտեանին եւ Ֆելիքս Արիոնին միացավ Ռումինիայի կլաստերների ասոցիացիայի՝ CLUSTERO-ի նախագահ եւ ESCA-ի բենչմարքինգի փորձագետ Դանիել Կոշնիցան, որը միջոցառման մասնակիցներին շարունակեց ծանոթացնել կլաստերի կառավարման եւ ծառայությունների փաթեթների հիմնական ասպեկտների հետ: Դոկտոր Մունտեանը կարեւորեց կլաստերի զարգացման սկզբնական փուլերում ուժեղ ղեկավարության եւ կլաստերների հմուտ մենեջերների անհրաժեշտությունը՝ ապահովելու համար, որ կլաստերները կարողանան աջակցել իրենց անդամներին թվայնացման եւ նորարարությունների հարցերում: Կարեւոր նշանակություն ունի վերապատրաստման բյուջեն, քանի որ կլաստերի կառավարման հմտությունները զարգացման կարիք ունեն։ Դանիել Կոշնիցան նշեց, որ ֆինանսական խնդիրները կլաստերների շրջանում սովորական երեւույթ են եւ ընդգծեց ճկուն բիզնես մոդելի անհրաժեշտությունը, նույնիսկ՝ պետական ֆինանսավորման հասանելիության պարագայում։ Բանախոսները բացատրեցին, որ կլաստերները պետք է մեծացնեն իրենց ֆինանսական անկախությունը եւ առաջարկեն որակյալ ծառայություններ՝ ապահովելով անհրաժեշտ ֆինանսավորում որակյալ կադրեր ներգրավելու համար: Կարեւոր նշանակություն ունեն լավ մտածված արժեքային առաջարկը, անդամների կարիքներին հարմարեցված նպատակային ծառայությունների պորտֆելը եւ ճիշտ մշակված ռազմավարությունը:
Շատ կարեւոր մոտեցում է ձեր անդամների հետ հանդիպման համար կայուն համատեքստ ստեղծելը եւ նրանց միմյանց, ինչպես նաեւ քաղաքականություն մշակողների հետ հանդիպելու հնարավորություն ընձեռելը:
Դոկտոր Բյանկա Մունտեան, Տրանսիլվանիայի ՏՏ կլաստեր
Արտաքին համագործակցության եւ քաղաքականություն մշակողների ներգրավվածության միջոցով փորձագիտական գիտելիքների ընդլայնումը նույնպես օգտակար է: Օրինակ, ղեկավար կոմիտեի միջոցով կառավարումը վճռորոշ դեր է խաղում ռազմավարական ուղղություններ սահմանելու հարցում, իսկ հաջողությունը կախված է ռազմավարության մշակման նախնական փուլերում շահագրգիռ կողմերի ներգրավվածությունից։ Ռազմավարության ամենամյա վերանայումները եւ հատկացված բյուջեներով հստակ սահմանված գործողությունների ծրագրերն այն են, ինչով առանձնացնում են լավագույն արդյունք ցուցաբերող կլաստերները:
Կլաստերներում ձախողման եւ հաջողության միջեւ տարբերությունը կայանում է նրանում, թե ինչպես են նրանք սահմանում իրենց ռազմավարական նպատակները եւ կիրառում մասնակցային մոտեցումը:
Դանիել Կոշնիցա, Ռումինիայի կլաստերների ասոցիացիա
Ուկրաինայի կլաստերային ալյանսի գործադիր տնօրեն Ալեքսանդր Յուրչակը, համաձայնվելով ԵՄ խոսնակների հետ, նկատեց, որ ֆինանսական կայունությունն էլ ավելի բարդ խնդիր է ԱլԳ տարածաշրջանի կլաստերների համար, որտեղ պետական աջակցության բացակայության պայմաններում կլաստերներն առավելապես կախված են միջազգային նախագծերից եւ դոնորներից: Այնժամ, երբ հասուն կլաստերները կարող են ունենալ ռազմավարություններ, ավելի երիտասարդները, որպես կանոն, առավելապես գործում են ժամանակավոր հիմունքներով՝ կենտրոնանալով ծրագրի անմիջական հնարավորությունների վրա եւ հարմարվելով տարածաշրջանի անորոշության բարձր մակարդակին:
Քննարկումն ընդգծեց ԱլԳ կլաստերային կազմակերպությունների կողմից բազմաթիվ ասպեկտներում վաղ փուլերում աջակցություն ստանալու անհրաժեշտությունը. կլաստերի անդամների մոբիլիզացում, ռազմավարության մշակման գործում նրանց ներգրավում, նրանց կարիքների վեր հանում եւ համապատասխան արժեքային առաջարկների ստեղծում, արժեքային շղթաների բացերի վեր հանում եւ դրանց լրացում, անձնակազմի վերապատրաստում՝ բարձրորակ ծառայություններ մատուցելու նպատակով, միջազգային գործընկերությունների ձեւավորում եւ փորձագիտական ցանցի ընդլայնում:
EU4Digital-ը մասնակիցներին հրավիրեց ներկայացնել իրենց կլաստերային կազմակերպության ձեռքբերումներն ու կարիքները: Այս տեղեկատվությունը կօգնի խթանել լավագույն փորձը ԱլԳ տարածաշրջանում, ինչպես նաեւ բացահայտել հիմնական մարտահրավերներն ու ոլորտները, որոնք պահանջում են համակարգային աջակցություն տարածաշրջանային իշխանությունների եւ դոնորների կողմից:
Ուսումնական սեմինարի ընթացքում մասնակիցներին ներկայացվեց նաեւ առցանց հարցում, որի միջոցով կլաստերների կառավարման գործող եւ սկսնակ կազմակերպությունները կարող են գնահատել իրենց կարողությունները՝ իրենց անդամների շրջանում նորարարություններին ու թվայնացմանն աջակցելու եւ իրենց ծառայությունների գունապնակը ԵՄ ականավոր կլաստերների լավագույն փորձին համապատասխանեցնելու նպատակով: Գործիքը նախատեսված է օգնելու ԱլԳ մասնակիցներին անվճար նախապատրաստվել ESCA-ի կլաստերների կառավարման գերազանցության որակի պիտակավորման պաշտոնական գնահատմանը:
Ի՛նչ է լինելու հաջորդիվ
Կլաստերային կազմակերպությունները հրավիրվել են իրականացնելու ինքնագնահատում՝ բարելավման ենթակա ոլորտները բացահայտելու համար: EU4Digital-ը կամփոփի արդյունքները եւ դրանցով կկիսվի մասնակիցների, իշխանությունների եւ դոնորների հետ՝ աջակցելու քաղաքականությանը եւ օգնության միջոցառումներին: EU4Digital-ի նորարարական կլաստերների նախաձեռնության շրջանակներում ՏՀՏ նորարարությունների թիմը նաեւ կաջակցի կլաստերներին առաջխաղացման, գործողությունների պլանների եւ (մի շարք համապատասխան կազմակերպությունների դեպքում) ESCA-ի բրոնզե պիտակի համար դիմումներ ներկայացնելու հարցում:
Լրացուցիչ տեղեկատվություն
Կլաստերների հետազոտությունը եւ ուսուցումը կազմակերպվել են ՏՀՏ նորարարությունների ուղղությամբ «EU4Digital» ծրագրի գործունեության շրջանակներում՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագիր, որի նպատակն է ներդաշնակեցնել ԱլԳ եւ Եվրոպական միության թվային շուկաները: ՏՀՏ նորարարությունների ուղղությամբ EU4Digital-ի գործունեության նպատակն է միմյանց կապել ԱլԳ եւ ԵՄ նորարարության եւ ստարտափ էկոհամակարգերը, խթանել ԱլԳ նորարարական էկոհամակարգի շահագրգիռ կողմերի հետ գործնական կապերի զարգացումը, ԵՄ լավագույն փորձի փոխանակումը եւ գործիքների ներկայացումը, աջակցել ԱլԳ թվային ստարտափ էկոհամակարգի զարգացմանը, ինչպես նաեւ մշակել շրջանակ եւ առաջարկություններ Արեւելյան գործընկերության երկրներում նորարարական կլաստերների համար:
ՏՀՏ նորարարությունների եւ ստարտափ էկոհամակարգերի ոլորտում EU4Digital-ի գործունեության մասին ավելին իմանալու համար այցելեք մեր վեբկայքի «Փաստաթերթեր» բաժինը, ինչպես նաեւ դիտեք մեր «Գրադարան» բաժնում հասանելի «ՏՀՏ նորարարություններ» կարճ տեսահոլովակը։
- Ադրբեջան
- Հայաստան
- Մոլդովայի Հանրապետություն
- Ուկրաինա
- Վրաստան
- ՏՀՏ նորարարություն
Հավելյալ նորություններ
-
24/04/2024
Հայաստանում մեկնարկում է «Բլոկչեյն եւ Վեբ3 տեխնոլոգիաներ» մասնագիտացմամբ բակալավրի որակավորում տրամադրող կրթական ծրագիր
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարել է «Բլոկչեյն եւ Վեբ3 տեխնոլոգիաներ» մասնագիտացմամբ բակա…
Իմանալ ավելին -
20/04/2024
ԵՄ-Հայաստան գործընկերության խորհուրդը դրական է գնահատել EU4Digital եւ EaPConnect ծրագրերի ազդեցությունը
2024 թվականի փետրվարին Բրյուսելում կայացած ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի հինգերորդ նիստի ժամանակ մասնակի…
Իմանալ ավելին -
12/04/2024
Տեղի է ունեցել հայ եւ բելգիացի պաշտոնյաների հանդիպում՝ բարձր տեխնոլոգիաների եւ ՏՏ ոլորտներում համագործակցությունը քննարկելու համար
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ապրիլի 9-ին ընդունել է ՀՀ-ում Բելգիայի Թա…
Իմանալ ավելին
24/04/2024
Հայաստանում մեկնարկում է «Բլոկչեյն եւ Վեբ3 տեխնոլոգիաներ» մասնագիտացմամբ բակալավրի որակավորում տրամադրող կրթական ծրագիր
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարել է «Բլոկչեյն եւ Վեբ3 տեխնոլոգիաներ» մասնագիտացմամբ բակա…
Իմանալ ավելին20/04/2024
ԵՄ-Հայաստան գործընկերության խորհուրդը դրական է գնահատել EU4Digital եւ EaPConnect ծրագրերի ազդեցությունը
2024 թվականի փետրվարին Բրյուսելում կայացած ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի հինգերորդ նիստի ժամանակ մասնակի…
Իմանալ ավելին12/04/2024
Տեղի է ունեցել հայ եւ բելգիացի պաշտոնյաների հանդիպում՝ բարձր տեխնոլոգիաների եւ ՏՏ ոլորտներում համագործակցությունը քննարկելու համար
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ապրիլի 9-ին ընդունել է ՀՀ-ում Բելգիայի Թա…
Իմանալ ավելին