Գլխավոր էջ / Մնալ տեղեկացված / Վերջին նորություններ
Թվային տեխնոլոգիաներն այլեւս ունեն կենտրոնական նշանակություն. EU4Digital-ի ղեկավար կոմիտեի 2023 թ. նիստի արդյունքները
Ամսաթիվ: 20/11/23
Թվային տեխնոլոգիաներն այլեւս առանցքային նշանակություն ունեն Արեւելյան գործընկերության (ԱլԳ) առօրյա կյանքում, ուստի ռազմավարական պլանավորման, քաղաքականության ու օրենսդրության համապատասխանեցման, ինչպես նաեւ ներդրումների համակարգված մոտեցումն այժմ կարեւոր է: Սա 2023 թվականի նոյեմբերի 15-ին առցանց անցկացված EU4Digital-ի ղեկավար կոմիտեի 5-րդ տարեկան հանդիպման հիմնական ուղերձն էր:
Հանդիպմանը միացել էին շուրջ 100 բարձրաստիճան մասնակիցներ Արեւելյան գործընկերության երկրներից՝ Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա եւ Ուկրաինա, ինչպես նաեւ «EU4Digital» նախաձեռնությունից եւ Եվրոպական հանձնաժողովի Հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինությունից (DG NEAR)։ Նրանք վերլուծեցին «EU4Digital» ծրագրի շրջանակներում ԱլԳ տարածաշրջանի թվային փոխակերպման հետ կապված աշխատանքն ու առաջնահերթությունները ազգային եւ եվրոպական մակարդակներում: «EU4Digital» ծրագրի երկրորդ փուլի նպատակն է մեծացնել դիմակայուն թվային փոխակերպմանն ուղղած ԵՄ աջակցությունը, թվային միասնական շուկայի առավելությունները տարածել դեպի Արեւելյան գործընկերության երկրներ եւ նպաստել այդ երկրներում դիմակայուն թվային տնտեսությունների եւ հասարակությունների զարգացմանը:
Հանդիպումը բացեց DG NEAR-ի Արեւելյան գործընկերությունում տնտեսական զարգացման եւ թվային անցման հարցերով թիմի ղեկավար Ժերալդ Օդազը: Անդրադառնալով վերջին տարվա աշխարհաքաղաքական եւ տեխնոլոգիական փոփոխություններին, ինչպես նաեւ նոյեմբերի 14-ին կայացած Արեւելյան գործընկերության թվային համաժողովի ընթացքում քննարկված թեմաներին, նա ասաց, որ թվային տեխնոլոգիաները, անկասկած, առանցքային դեր ունեն մեր այսօրվա կյանքում եւ քաղաքական քննարկումներում: Այնպիսի գործոնները, ինչպիսիք են տնտեսության բոլոր ոլորտներում գեներատիվ արհեստական ինտելեկտի արագ աճն ու տարածումը, էլեկտրոնային կոմերցիայի անընդհատ աճող շուկան եւ ամբողջ աշխարհում տվյալների տրաֆիկի ավելացումը, մշտական թարմացումներ են պահանջում թվային ենթակառուցվածքների եւ կառավարման մեջ։
Թվային տեխնոլոգիաները գործնականում դառնում են յուրաքանչյուր խոշոր տնտեսական եւ քաղաքական բանավեճի թեմա: Սա բոլոր երկրներում տնտեսական աճի հիմնական վեկտորն է։ Փոփոխություններն այնքան արագ են տեղի ունենում, որ մենք ստիպված ենք մշտապես հարմարեցնել օրենսդրական դաշտը՝ զարգացումներից հետ չմնալու համար:
Ժերալդ Օդազ, DG NEAR-ի Արեւելյան գործընկերությունում տնտեսական զարգացման եւ թվային անցման հարցերով թիմի ղեկավար
EU4Digital-ի ծրագրային թիմի ղեկավար Արտուրաս Պիլիպոնիսը (EY) բարձրացրեց թվային տեխնոլոգիաների՝ որպես «բրենդի» դիրքերն ամրապնդելու գաղափարը։ Նա առանձնացրեց հաղորդակցումն ու իրազեկության բարձրացումը՝ որպես EU4Digital-ի եւ շահագրգիռ կողմերի կատարած աշխատանքի կարեւոր մաս: Ներկայացնելով հեռահաղորդակցության կանոնների, թվային վստահության, էլեկտրոնային կոմերցիայի, էլեկտրոնային առողջապահության, թվային հմտությունների եւ ՏՀՏ նորարարությունների ոլորտների վերջին զարգացումները՝ նա նշեց, որ միայն վերջին օրացուցային տարում ի հայտ են եկել մի շարք բոլորովին նոր զարգացումներ:
EU4Digital ծրագիրն ունի խիստ դինամիկ բնույթ: Որոշ միջոցառումներ ավարտվել են, մյուսներն ակտիվ փուլում են, իսկ ուրիշներն էլ դեռ նոր են սկսվում։ Մենք համագործակցում ենք ոչ միայն Արեւելյան գործընկերության երկրների, ԵՄ պատվիրակությունների եւ Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների, այլ նաեւ բազմաթիվ այլ հաստատությունների եւ միջազգային դոնոր կազմակերպությունների հետ։ Մենք շնորհակալ ենք ձեզ եւ հույս ունենք շարունակել այս աշխատանքը:
Արտուրաս Պիլիպոնիս, EU4Digital-ի ծրագրային թիմի ղեկավար (EY)
EU4Digital-ի ծրագրերը
EU4Digital-ի շրջանակներում գործող հիմնական ծրագրերից մեկը «EU4Digital. Հետազոտական եւ կրթական համայնքների միացում (EaPConnect)» ծրագիրն է, որն իրականացվում է GÉANT-ի՝ եվրոպական ազգային հետազոտական եւ կրթական ցանցերի (ԱՀԿՑ) համագործակցության կողմից։ «EaPConnect» ծրագրի ղեկավար Իրինա Մեթյուզը ներկայացրեց առօրյա կյանքի վրա ազդող հետազոտություններում թվային տեխնոլոգիաների կենտրոնական նշանակության գործնական օրինակներ՝ եղանակի կանխատեսումը Հայաստանում, երկրաշարժերի կանխատեսումն Ադրբեջանում եւ առողջապահական լուծումները Մոլդովայում: Նա ենթադրում է, որ Վրաստանի կլիմայի փոփոխության հետազոտական ենթակառուցվածքը կբախվի տվյալների մշակման մեծ պահանջարկի հետ, քանի որ թեման հաստատապես ամրապնդվել է երկրի քաղաքական օրակարգում: Մյուս կողմից, նա նաեւ ցույց տվեց, թե ինչպես է թվային տեխնոլոգիաների վրա ազդում մարդկային գործոնը. GÉANT համայնքի նախաձեռնած դրամահավաքի եւ այլ աջակցության շնորհիվ ուկրաինական ԱՀԿՑ-ի համար ձեռք է բերվել էլեկտրաէներգիայի գեներատոր՝ մեղմելու էլեկտրաէներգիայի դեֆիցիտը եւ ապահովելու գիտական եւ կրթական հաստատությունների հաղորդակցությունը՝ անկախ Ռուսաստանի հետ շարունակվող հակամարտությունից:
DG NEAR-ի Ուկրաինայի աջակցության խմբի ղեկավար Տանել Տանգն անդրադարձավ մարդկային ոչ այնքան ցանկալի վարքագծին՝ կիսվելով տարածաշրջանում կիբերհարձակումների եւ կիբերհանցագործությունների դեմ պայքարի երկու նախագծերի մասին լուրերով: Եվրոպայի խորհրդի հետ համատեղ իրականացվող «CyberEast» ծրագիրն օգնում է երկրներին համապատասխանել Բուդապեշտի կիբերհանցագործությունների մասին կոնվենցիային եւ կենտրոնանում է էլեկտրոնային ապացույցների օգտագործման վրա՝ կիբերհանցագործությունները հայտնաբերելու եւ հետապնդելու համար: «EU4Digital: Cybersecurity East» ծրագիրը բարելավում է կիբերհարձակումների նկատմամբ տեխնիկական եւ ընդհանուր պատրաստվածությունը՝ անդրադառնալով կառավարման եւ իրավական ասպեկտներին, կրիտիկական տեղեկատվության եւ ենթակառուցվածքների պաշտպանությանը, ինչպես նաեւ ճգնաժամերի կառավարման եւ գործառնական կարողություններին: Ծրագրի նոր փուլը ներկայումս գտնվում է նախապատրաստական փուլում։
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին EU4Digital-ի հովանու ներքո գործող երկու նոր ծրագրեր, որոնց մասին բոլոր տեղեկությունները հայտնի կդառնան առաջիկա ամիսներին։ Համաշխարհային բանկի Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի, Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Ամերիկայի թվային զարգացման պրակտիկայի մենեջեր Միշել Ռոժին նկարագրեց լայնաշերտ կապի ոլորտում ռազմավարությունների մշակման EU4Digital-ի նախաձեռնության երկրորդ փուլը։ Նախաձեռնության՝ 2018-ից 2020 թվականներին իրականացված առաջին փուլի շրջանակներում ջանքերը ներառում էին բացերի ուսումնասիրություն եւ համեմատական վերլուծություն, կանոնակարգման բարելավումներ, գիտելիքների փոխանակում եւ ներդրումային հնարավորությունների բացահայտում: Նոր փուլը նպատակ ունի տարածաշրջանի համար Տնտեսական եւ ներդրումային ծրագրի, ինչպես նաեւ ԵՄ «Գլոբալ դարպասներ» ռազմավարության շրջանակներում լրացուցիչ պետական եւ մասնավոր ներդրումներ մոբիլիզացնել լայնաշերտ կապի զարգացման ծրագրերում, եւ այս գործունեությունը համապատասխանեցնել լայնաշերտ կապի զարգացման ազգային ծրագրերին: DG NEAR-ի թվային անցման եւ տնտեսական զարգացման ծրագրերի ղեկավար Տիբո Շառլեն նշեց, որ 2024 թվականին նախատեսվում է մեկնարկել ԱլԳ տարածաշրջանում թվային ստարտափների ինկուբացիայի աջակցման ծրագիր՝ 20 մլն եվրո բյուջեով։ Այն հիմնվելու է «EU4Digital» ծրագրի առաջին փուլում իրականացված ստարտափ էկոհամակարգի հասունության մակարդակի գնահատման վրա եւ աշխատելու է ազգային նորարարական հաստատությունների, ինկուբատորների եւ սկսնակ ընկերությունների հետ՝ բիզնեսի զարգացման, ԵՄ շուկաների եւ էկոհամակարգերի հետ մերձեցման, ինչպես նաեւ ազգային եւ տարածաշրջանային կառույցների հզորացման ուղղությամբ՝ ստեղծելու ներդրումներ ընդունելուն պատրաստ շահութաբեր ստարտափներ։
Արեւելյան գործընկերության երկրների առաջնահերթությունները
Ղեկավար կոմիտեի հանդիպման վերջին մասում Արեւելյան գործընկերության երկրների եւ ԵՄ պատվիրակությունների ներկայացուցիչները քննարկեցին թվային փոխակերպման ոլորտում իրենց վիճակն ու առաջնահերթությունները:
- Ուկրաինա
Ներկայացված էր ի դեմս Օլգա Կրեվսկայի (Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարություն) եւ Սվետլանա Դիդկիվսկայի (Ուկրաինայում ԵՄ պատվիրակություն)
Ինտեգրված էլեկտրոնային նույնականացման համակարգի, ինչպես նաեւ կիբերանվտանգության եւ վստահության ծառայությունների արդիականացումը առաջնահերթություն է: 19 միլիոն ուկրաինացիներ արդեն իսկ օգտվում են մոտ 120 էլեկտրոնային պետական ծառայություններից։ Հետազոտական կենտրոնների, մասնավոր գործընկերների, միջազգային դոնոր կազմակերպությունների մասնակցությամբ եւ այլ փորձագետների աջակցությամբ կմշակվի նորարարության ազգային ռազմավարությունը։ Ուսումնական հաստատությունների, ուսանողների եւ ուսուցիչների համար շուտով հասանելի կդառնա MRIIA հավելված – հարթակը՝ ի ապահովումն մարդկային կապիտալի միջոցով թվային տնտեսության ամրապնդման։ Արդեն իսկ գործարկվել է թվային գրագիտության բարելավման եւ վերապատրաստման կառավարական հարթակը։ Տեխնիկական համագործակցության ծրագրի միջոցով ԵՄ-ն աջակցություն է տրամադրում Թվային փոխակերպման նախարարությանը եւ ազգային կարգավորող մարմնին՝ թարմացնելու եւ իրականացնելու թվային տնտեսության ոլորտում ԵՄ Ասոցացման համաձայնագրով ստանձնված պարտավորությունները: Այստեղ շատ կարեւոր է աշխատել Թվային տնտեսության եւ հասարակության համաթվի (DESI) ներդրման ուղղությամբ: - Մոլդովա
Ներկայացված էր ի դեմս Վիտալի Բոբոկի (Մոլդովայի տնտեսական զարգացման եւ թվայնացման նախարարություն) եւ Միրոսլավ Բոժիչի (Մոլդովայում ԵՄ պատվիրակություն)
Եվրոպական հանձնաժողովի կողմից Մոլդովայի հետ ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու առաջարկով պայմանավորված՝ երկիրը կշարունակի արագացնել իր թվային փոխակերպումը: Գլխավոր առաջնահերթությունը շարունակում է լինել ԵՄ միասնական թվային շուկային ինտեգրումը՝ ՏՀՏ ոլորտը կարգավորող դաշտը զարգացնելու եւ ամրապնդելու, թվային հաղորդակցության ենթակառուցվածքները բարելավելու, թվային տնտեսության զարգացումը խթանելու, թվային հանրային ծառայությունների որակը բարձրացնելու եւ ազգային օրենսդրությունը եվրոպականի հետ համապատասխանեցնելու միջոցով։ - Հայաստան
Ներկայացված էր ի դեմս Գեւորգ Մանթաշյանի (Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղեկալ) եւ Դավիթ Ավագյանի (Հայաստանում ԵՄ պատվիրակություն)
Ներկայումս թարմացման փուլում է գտնվում երկու տարի առաջ հաստատված թվայնացման ռազմավարությունը՝ հաշվի առնելով թվային հարթակների տվյալների հիման վրա ընդունված որոշումները, ինչպես նաեւ ավելացվել է թվայնացման ոլորտի պետական ֆինանսավորումը։ Հարեւան երկրների լավագույն փորձը ողջունելի է, իսկ ռոումինգի եւ այլ թեմաների հետ կապված հարցերի ներդաշնակեցումը՝ կարեւոր: Ստարտափների եւ այլ ընկերությունների համար լայնաշերտ կապի ենթակառուցվածքի հասանելիության ապահովումը կենսական նշանակություն ունի նրանց աճի եւ լավագույն ռեսուրսների ձեռքբերման համար: - Վրաստան
Ներկայացված էր ի դեմս Էկա Կուբուսիձեի (Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարություն) եւ Լիզ Վանվիմելբեկեի (ատաշե – թիմի ղեկավար, «Կանաչ գործարք», Տնտեսական եւ ներդրումային ծրագիր)
ԵՄ անդամ երկրների կողմից վրացական էլեկտրոնային ստորագրությունների ճանաչումը թվային տնտեսության զարգացման կարեւորագույն խնդիրներից է։ Եվրոպական միության «Օգտվեք ռոումինգից ինչպես տանը» տարածքին ինտեգրումը եւս առանցքային առաջնահերթություն է: Աշխատանքներ են տարվում Վրաստանի օրենսդրությունը ԵՄ կանոնակարգերին մոտարկելու ուղղությամբ։ Թվային տնտեսության եւ տեղեկատվական հասարակության զարգացման պետական ռազմավարության մշակումը գտնվում է վերջնական փուլում։ Նպատակն է ավելի ամրապնդել երկրի՝ որպես Եվրոպան Ասիային կապող թվային տարանցիկ միջանցքի դերը։ ԵՄ-Վրաստան Տնտեսական եւ ներդրումային ծրագիրը ներառում է թվայնացման վեց հիմնական ոլորտներից երկուսը. Սեւ ծովի հատակով օպտիկամանրաթելային մալուխի անցկացում եւ գյուղական վայրերում գերարագ լայնաշերտ կապի ցանցի զարգացում: - Ադրբեջան
Ներկայացված էր ի դեմս Ջեյհուն Հաջիեւի (Ադրբեջանի թվային զարգացման եւ տրանսպորտի նախարարություն) եւ Ուլվիյա Աբդուլայեվայի (Ադրբեջանում ԵՄ պատվիրակություն)
Մշակվում են լայնաշերտ կապի եւ տվյալների կառավարման ռազմավարություններ, իրականացվել է երկորում թվային գրագիտության մակարդակի գնահատում: Առաջնահերթություններն են կայուն, աճող, մրցունակ տնտեսությունը, դինամիկ, ներառական եւ սոցիալական արդարության վրա հիմնված հասարակությունը, ինչպես նաեւ մրցունակ մարդկային կապիտալը եւ ժամանակակից նորարարական տարածքները: Սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարությունը ներառում է նաեւ թվայնացմանն առնչվող ավելի քան 60 գործողություններ, որոնց արդյունավետ իրականացումը պահանջում է լայնաշերտ կապի՝ որպես ամուր ինստիտուցիոնալ բաղադրիչի հասանելիություն: Առաջարկվել է ստեղծել տվյալների կառավարման խորհուրդ, որը կներկայացնի նախարարությունների եւ ընկերությունների, իսկ ապագայում՝ փոքր եւ միջին ձեռնարկությունների պետական եւ մասնավոր շահերը։
Ղեկավար կոմիտեն եկավ եզրահանգման, որ վերջին տարիների հաջող աշխատանքի արդյունքում թվային տեխնոլոգիաները ամուր տեղ են գտել ինչպես ազգային եւ տարածաշրջանային զարգացման ռազմավարություններում, այնպես էլ առօրյա կյանքում: Սակայն տարբեր նախարարությունների գործողությունների համակարգումը, որոնք պետք է հաշվի առնեն թվային տեխնոլոգիաները, նախարարությունների, դոնոր գործակալությունների, Արեւելյան գործընկերության երկրների եւ այլ շահագրգիռ կողմերի միջեւ կապերի պահպանումը եւ թվային փոխակերպման նպատակներին հասնելու համար ներդրումների ապահովումը կարեւոր դեր կխաղան, եթե մենք «EU4Digital ծրագրի» շրջանակներում առաջիկա տարիներին միասին աշխատենք:
Լրացուցիչ տեղեկատվություն
«EU4Digital» ծրագրի ղեկավար կոմիտեի հանդիպումը բացառապես հրավերով պաշտոնական ներքին միջոցառում է, որը բաց է պաշտոնապես նշանակված հովանավորների եւ շահագրգիռ կողմերի համար։ Այս տարեկան քննարկումները կենտրոնանում են տարածաշրջանային դրոշակակիր «EU4Digital» նախաձեռնության վրա: Սա EU4Digital-ի ղեկավար կոմիտեի հինգերորդ տարեկան հանդիպումն էր: Դրան նախորդել էր 2023 թվականի նոյեմբերի 14-ին կայացած Արեւելյան գործընկերության թվային համաժողովը: Այս ամենամյա միջոցառումները կոչված են ամրապնդելու «EU4Digital» ծրագրի եւ Արեւելյան գործընկերության ու ԵՄ անդամ երկրներից նրա շահագրգիռ կողմերի միջեւ հարաբերությունները: Այս կերպ շահագրգիռ կողմերը հնարավորություն ունեն մեծացնել իրենց ներգրավվածությունը նախագծում եւ ազդել դրա արդյունքների վրա:
Թվային համաժողովի եւ ղեկավար կոմիտեի հանդիպման կարեւորագույն դրվագները կլուսաբանվեն EU4Digital-ի տեղեկագրի հատուկ թողարկումում: Նման թարմացումները էլեկտրոնային փոստով ստանալու համար խնդրում ենք բաժանորդագրվել տեղեկագրին:
Հետեւեք մեզ Twitter-ում՝ @EU4Digital, հավանեք եւ տարածեք ձեզ դուր եկած գրառումները՝ օգտագործելով #EU4Digital, #EasternPartnership եւ #DigitalTransformation հեշթեգերը:
- Ադրբեջան
- Հայաստան
- Մոլդովայի Հանրապետություն
- Ուկրաինա
- Վրաստան
- EaPConnect
- Էլեկտրոնային առողջապահություն
- Էլեկտրոնային առևտուր
- Էլեկտրոնային վստահություն
- Թվային հմտություններ
- Հեռահաղորդակցության կանոններ
- ՏՀՏ նորարարություն
Հավելյալ նորություններ
-
20/04/2024
ԵՄ-Հայաստան գործընկերության խորհուրդը դրական է գնահատել EU4Digital եւ EaPConnect ծրագրերի ազդեցությունը
2024 թվականի փետրվարին Բրյուսելում կայացած ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի հինգերորդ նիստի ժամանակ մասնակի…
Իմանալ ավելին -
12/04/2024
Տեղի է ունեցել հայ եւ բելգիացի պաշտոնյաների հանդիպում՝ բարձր տեխնոլոգիաների եւ ՏՏ ոլորտներում համագործակցությունը քննարկելու համար
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ապրիլի 9-ին ընդունել է ՀՀ-ում Բելգիայի Թա…
Իմանալ ավելին -
11/04/2024
5G մասնավոր ցանցերի զարգացման վերաբերյալ ԵՄ լավագույն փորձի մասին զեկույցը հասանելի է ներբեռնման համար
«EU4Digital» ծրագրի փորձագետները «Հեռահաղորդակցության կանոններ» թեմատիկ ոլորտում գործունեության շրջանակներում…
Իմանալ ավելին
20/04/2024
ԵՄ-Հայաստան գործընկերության խորհուրդը դրական է գնահատել EU4Digital եւ EaPConnect ծրագրերի ազդեցությունը
2024 թվականի փետրվարին Բրյուսելում կայացած ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի հինգերորդ նիստի ժամանակ մասնակի…
Իմանալ ավելին12/04/2024
Տեղի է ունեցել հայ եւ բելգիացի պաշտոնյաների հանդիպում՝ բարձր տեխնոլոգիաների եւ ՏՏ ոլորտներում համագործակցությունը քննարկելու համար
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ապրիլի 9-ին ընդունել է ՀՀ-ում Բելգիայի Թա…
Իմանալ ավելին11/04/2024
5G մասնավոր ցանցերի զարգացման վերաբերյալ ԵՄ լավագույն փորձի մասին զեկույցը հասանելի է ներբեռնման համար
«EU4Digital» ծրագրի փորձագետները «Հեռահաղորդակցության կանոններ» թեմատիկ ոլորտում գործունեության շրջանակներում…
Իմանալ ավելին