Գլխավոր էջ / Մնալ տեղեկացված / Վերջին նորություններ
Մարդկային գործոնը թվային փոխակերպման գործընթացում. Արեւելյան գործընկերության թվային համաժողով – 2023
Ամսաթիվ: 20/11/23
Դիմակայուն թվային փոխակերպման ճանապարհին անհրաժեշտ է հաշվի առնել մարդակենտրոն կարիքներն ու օգուտները։ Այս եզրահանգմանն են եկել 2023 թվականի նոյեմբերի 14-ին EU4Digital-ի կազմակերպած Արեւելյան գործընկերության (ԱլԳ) թվային համաժողովի մասնակիցները։ Միջոցառման «Թվային ռազմավարական ինքնավարություն. թվային տեխնոլոգիաների օգտագործում՝ հասարակությունների եւ տնտեսությունների հզորացման նպատակով» խորագիրը հնարավորություն տվեց ուսումնասիրելու, թե ինչպես կարող են թվային միակցվածությունն ու արհեստական բանականության (ԱԲ) նման բեկումնային տեխնոլոգիաները խթանել նորարարությունները՝ դիմակայուն կառավարում, տնտեսություն եւ հասարակություն ապահովելու գործում։
ԱլԳ տարածաշրջանի եւ արեւելյան գործընկեր երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի թվային ապագան նույնպես կախված է մարդկային գործոնից՝ ներդրումներից, համագործակցությունից, փոխադարձ համաձայնագրերից, օրենսդրությունից եւ ընդհանուր ստանդարտներից: Ազգային եւ տարածաշրջանային ռազմավարություններում այս ասպեկտների հաշվի առնումը միայն կարող է աջակցել այնպիսի նպատակների իրագործմանը, ինչպիսիք են թվային կապի ենթակառուցվածքի բարելավումը, առցանց ծառայությունների հասանելիության ավելացումը, թվային հմտությունների, աշխատատեղերի եւ առեւտրի աճը խթանելը եւ թվային էկոհամակարգի ապահովումը արդյունավետ կիբերանվտանգության միջոցով:
Առցանց համաժողովին միացել էին շուրջ 200 մասնակիցներ՝ Արեւելյան գործընկերության երկրների, «EU4Digital» նախաձեռնության եւ Եվրոպական հանձնաժողովի Հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության (DG NEAR) բարձրաստիճան ներկայացուցիչների հետ միասին՝ քննարկելով դիմակայուն թվային փոխակերպման վերաբերյալ ազգային եւ եվրոպական ռազմավարությունները, մարտահրավերները եւ գործողությունները: Հիմնական հրավիրյալ բանախոս Օտտ Վելսբերգը, ով Էստոնիայի կառավարության տվյալների գծով տնօրենն է, կիսվեց իր երկրում քաղաքացիակենտրոն ճանապարհով արհեստական բանականության օգտագործման եւ տվյալների կառավարման զարգացման վերաբերյալ ոգեշնչող մոտեցումներով։
Համաժողովը բացեց Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության (DG NEAR) Արեւելյան հարեւանության եւ հաստատությունների կառուցման հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը: Նա ասաց, որ «իրապես տպավորված է», թե մինչ օրս ինչ ձեռքբերումներ է արձանագրել EU4Digital-ն Արեւելյան գործընկերության շահագրգիռ կողմերի հետ համագործակցության ուղղությամբ՝ ԵՄ միասնական թվային շուկայի հետ ներդաշնակեցման, թվային համայնքի կառուցման եւ ԵՄ չափանիշներին համապատասխանեցման առումով: Այնուամենայնիվ, նա նշեց, որ կարեւոր է վերջնականացնել ռոումինգի եւ սպեկտրի համաձայնագրերը եւ շարունակել տարածաշրջանի համար ԵՄ Տնտեսական եւ ներդրումային ծրագրի շրջանակներում ֆինանսավորումը, որպեսզի համագործակցությունը մարդկանց կյանքն իրապես բարելավող արդյունքներ ապահովի։
Մենք երկար ճանապարհ ենք անցել, բայց պետք է ավելացնենք մեր ջանքերը թվային փոխակերպման գործում:
Լոուրենս Մերեդիթ, Արեւելյան հարեւանության եւ հաստատությունների կառուցման հարցերով տնօրեն, DG NEAR
Միջոցառումը նախագահում էր DG NEAR-ի Արեւելյան գործընկերությունում տնտեսական զարգացման եւ թվային անցման հարցերով թիմի ղեկավար Ժերալդ Օդազը: Նա ասաց, որ «ԵՄ սկզբունքներին համահունչ թվային փոխակերպման հասնելը բազմաթիվ օգուտներ կբերի քաղաքացիներին եւ գործարարներին»: Հասարակությունների եւ տնտեսությունների մերձեցումը եւ առցանց հանրային ծառայությունների արդյունավետության եւ թափանցիկության բարձրացումը «նաեւ թույլ կտա տարածաշրջանին բացահայտել արհեստական բանականության նման նորագույն տեխնոլոգիաների ողջ ներուժը, որը որոշիչ դեր է խաղում մեր տնտեսությունների աճի ու մրցունակության բարձրացման հարցերում»: Բայց ընդունելով, որ նման տեխնոլոգիաները ռիսկից զերծ չեն, նա ավելացրեց, որ տվյալների օգտագործման կարգավորուՖմը եւ նորարարությունները խթանող արհեստական բանականության մասին օրենքների մշակումն «անհրաժեշտ նախապայմաններ են՝ մեր տեխնոլոգիական առավելություններն ավելացնելու եւ թվային ինքնիշխանության մակարդակը բարձրացնելու հարցերում՝ միաժամանակ սահմանափակելով ռիսկերը»:
Էստոնիայի կառավարության տվյալների գծով տնօրեն Օտտ Վելսբերգն իր հիմնական զեկույցում բացատրեց, որ 1,3 միլիոն բնակչությամբ այս փոքրիկ երկրի տվյալների տնտեսությունն ամենաառաջադեմն է Եվրոպայում ՀՆԱ-ի ծավալով: 2018 թվականին Էստոնիան սկսեց կենտրոնանալ արհեստական բանականության վրա՝ զարգացնելու հիմնական կոմպետենցիաները եւ որոշելու, թե ինչպես հետագայում աշխատել այս տեխնոլոգիայի հետ: Այժմ, արհեստական բանականության ոլորտում իր երրորդ ռազմավարությունը պատրաստելով, Էստոնիան բախվել է համապատասխան հմտությունների պակասի դժվարին խնդրի հետ: «Մենք պետք է ապահովենք, որ արհեստական բանականության ներդրումը լինի մարդակենտրոն եւ վստահելի: Մեր մոտեցումն է կառավարել տվյալները՝ հաշվի առնելով քաղաքացիների շահերը: Սա վերաբերում է տվյալների հասանելիությանը եւ բաց լինելուն, տվյալների կառավարմանը, գաղտնիությանը եւ այլն»: Հիմնարար սկզբունքն այն է, որ եթե կառավարությունը ներդրումներ է կատարում արհեստական բանականության մեջ, այն պետք է հասանելի լինի քաղաքացիների համար: Բոլոր քաղաքացիների համար վիրտուալ հանրային ծառայությունների մատչելիություն ապահովելու եւս մեկ կարեւոր ասպեկտ է այն, որ էստոներենը խոչընդոտ չդառնա այդ գործում: «Այս ամենը հնարավոր դարձնելու համար կարեւոր է կենտրոնանալ տվյալների վրա՝ որպես գործիք», – ասաց նա: «Մեր ռազմավարությունը համայնքամետ մոտեցումն է, այն է՝ վերաօգտագործել արդեն հասանելի ծառայություններն ու գործիքները, սկսել փոքրից եւ ավելորդ անգամ չբարդացնել»:
Թվային ենթակառուցվածքներից՝ թվային նորարարություններ
Թվային միակցվածությունը դիմակայուն թվային փոխակերպման առաջին կառուցվածքային տարրն է: Համաժողովի ուշադրությունը տեղափոխելով կապի ենթակառուցվածքների վրա՝ EU4Digital-ի ծրագրային թիմի ղեկավար Արտուրաս Պիլիպոնիսն (EY) անդրադարձավ մինչ օրս «EU4Digital» ծրագրի շրջանակներում արեւելյան գործընկեր երկրների կողմից իրականացված աշխատանքին: «Երկրները բարելավում են շուկան հասկանալու, տվյալներ հավաքելու եւ դրա հիման վրա համապատասխան որոշումներ կայացնելու իրենց կարողությունները»: Մշակումներն ուղղված են գերարագ, մատչելի, անվտանգ լայնաշերտ հասանելիության զարգացմանը, բայց «միեւնույն ժամանակ դեռ շատ անելիքներ կան՝ ապահովելու համար, որ նորարարությունների, թվային էկոհամակարգերի եւ թվային տնտեսության հիմքում ընկած լինի թվային միակցվածությունը», – ասաց նա:
Այնուհետեւ արեւելյան գործընկեր երկրների ներկայացուցիչները ամփոփ կերպով ներկայացրեցին իրենց ազգային հաղորդակցության ռազմավարությունները, թվային խզվածքի վերացմանն ուղղված նախաձեռնությունները եւ իրենց նպատակներին հասնելու ճանապարհին հանդիպող մարտահրավերները։
- Մոլդովայի Հանրապետության տնտեսական զարգացման եւ թվայնացման նախարարության պետական քարտուղար Միհայ Լուպասկուն քննարկման ներկայացրեց երկրի թվային փոխակերպման ռազմավարությունը, որի իրականացումը մեկնարկել է վերջերս։ Ռազմավարությունում նշված հիմնական առաջնահերթություններից են կապի հասանելիության եւ մատչելի ինտերնետի առկայությունը բոլոր քաղաքացիների համար։ Ամենակարեւոր խնդիրներն են բնակչության թվաքանակի նվազումը, որը ենթակառուցվածքներում խոշոր ներդրումները դարձնում է տնտեսապես ոչ ձեռնտու, ցանցի ընդլայնման եւ նոր տեխնոլոգիաների ուղղությամբ ներդրումներ կատարելու հարցում ծառայություններ մատուցողների ցածր կարողությունը, ինչպես նաեւ վերջին գնաճի հետեւանքով քաղաքացիների գնողունակության անկումը: Ռազմավարության նպատակներից են մինչեւ 2025 թվականը բնակչության 80%-ին, իսկ մինչեւ 2030 թվականը՝ բնակչության 90%-ին լայնաշերտ ինտերնետով ապահովելը: Նշված նպատակներին հասնելու համար Մոլդովայի իրավակարգավորող դաշտը կներդաշնակեցվի էլեկտրոնային հաղորդակցության վերաբերյալ ԵՄ իրավական դաշտի հետ, իսկ հեռահաղորդակցության ծառայություններ մատուցողներից կպահանջվի նվազեցնել կապի ցանցերի ծախսերը, ընդ որում՝ վերջիններս այդ հարցում աջակցություն կստանան։ 2024 թվականի հունվարի 1-ից հասանելի կլինեն Մոլդովայի եւ ԵՄ երկրների միջեւ ռոումինգի իջեցված սակագները։
- Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գեւորգ Մանթաշյանն իր խոսքում կարեւորեց «մարդ-մարդ» եւ «բիզնես-բիզնես» փոխազդեցությունները, բարձրաձայնեց բարձր որակավորում ունեցող աշխատուժի անհրաժեշտության «թեժ թեման», ինչպես նաեւ խոսեց մարդկային կապիտալի զարգացման եւ արտերկրից տաղանդների ներգրավման ուղղությամբ ներդրումներ կատարելու կառավարության նախաձեռնությունների մասին։ Ունենալով կենսունակ ստարտափ էկոհամակարգ եւ մեծ ուշադրություն դարձնելով թվային կրթության վրա՝ Հայաստանը թվային անջրպետը դիտարկում է «փիլիսոփայական եւ նույնիսկ հոգեւոր» տեսանկյունից: Երկիրը լի է խանդավառությամբ եւ շահագրգռված է համագործակցելու ու փորձարկելու թվային տեխնոլոգիաներ եւ հարթակներ։ Թվային կապը եւ ենթակառուցվածքի որակը առանցքային նշանակություն ունեն հասարակական նպատակներին հասնելու, ինչպես նաեւ առեւտրի, շուկայի հասանելիության եւ տնտեսության համար: Ավելի որակյալ ենթակառուցվածքը եւ ժամանակակից տեխնոլոգիաները կօգնեն արագացնել ստեղծագործական գործընթացը եւ էլ ավելի կխթանեն ստարտափ էկոհամակարգի զարգացումը։
- Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության Լայնաշերտ կապի ենթակառուցվածքների վարչության պետ Յուրի Մացիկը խոսեց թվային կապի հասանելիության վրա ռուսական ագրեսիայի ազդեցության մասին՝ երկրի կառուցվածքային զարգացմանը զուգահեռ: Մինչեւ ընթացիկ հակամարտության սկիզբը երկրի 98%-ն ապահովված էր կապի հասանելիությամբ, 8300 բնակավայրերի 2,7 միլիոն բնակիչ էլ առաջին անգամ ստացել էր 4G կապի հասանելիություն։ 2021 թվականին կառավարության ծրագրով գերարագ ինտերնետային կապով ապահովվել էին 3000 գյուղերի ավելի քան 1 միլիոն բնակիչներ, ինչպես նաեւ ավելի քան 7000 սոցիալական հաստատություններ։ Այժմ ՏՀՏ ցանցերը մասամբ կամ ամբողջությամբ ոչնչացվել են, ՏՏ եւ հեռահաղորդակցության ոլորտները դարձել են հազարից ավելի կիբեր հարձակումների թիրախ, ոչնչացվել է ավելի քան 600 օպերատորների ենթակառուցվածք: Հեռահաղորդակցության ոլորտը վերականգնելու համար անհրաժեշտ է մոտ 2 միլիարդ դոլար, իսկ հուսալի էլեկտրամատակարարման բացակայությունը մեծ խոչընդոտ է: Նպատակ կա արդիականացնել եւ վերակառուցել կապի ցանցերը՝ բարելավելու դիմակայունությունը, կայունացնելու եւ պաշտպանելու ինտերնետ հասանելիությունը, բարելավելու կիբերանվտանգությունը եւ Ուկրաինայի ու Սեւ ծովի միջոցով թվային կամուրջ ապահովելու Եվրոպայի եւ Ասիայի միջեւ:
- Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարության կապի, տեղեկատվության եւ ժամանակակից տեխնոլոգիաների վարչության գլխավոր մասնագետ Գյուլնազ Բոկուչավան նշեց, որ աշխարհագրական եւ ֆինանսական խնդիրները կապի հասանելիության նախագծերի ամենամեծ խոչընդոտներից են, որոնք քաղաքային եւ գյուղական կամ լեռնային շրջանների միջեւ թվային բաժանումը դարձնում են մշտական խնդիր։ Երկրի լայնաշերտ կապի զարգացման 2020-2025 թվականների ռազմավարությունը նախատեսում է երեք ուղղություն՝ մրցակցային ճնշման ավելացում, ներդրումների ներգրավում, հմտությունների ձեւավորում։ «Log-in Georgia» ծրագրի միջոցով արդեն իսկ ներդրումներ են կատարվում ազգային լայնաշերտ ցանցի ընդլայնման ուղղությամբ՝ արագ եւ հուսալի ինտերնետ ծառայություններ մատուցելու Վրաստանի գյուղական շրջաններին: Նախարարությունը հանդես է գալիս որպես որոշումներ կայացնող մարմին, որը համակարգում է թվայնացման համար միջոցների հատկացումը եւ ակտիվորեն իրականացնում է տարատեսակ գործողություններ։ Միջազգային կապի հասանելիության ուղղությամբ ներդրումները կարեւոր նշանակություն ունեն։ Ներդրումների ներգրավման ծրագիրը ներառում է թվային հանգույց եւ տարածաշրջանային տվյալների կենտրոններ, ինչպես նաեւ ավելի քիչ խիտ բնակեցված տարածքներում տեղական ցանցերին աջակցելու գործողություններ: Թերսպասարկվող տարածքներում թվային հետաքրքրությունը խթանող ծրագրերը խրախուսում են տեղի բնակիչներին օգտագործել թվային գործիքներ եւ տնտեսական հնարավորություններ են ընձեռում հեռավոր շրջաններում ապրողներին: Վրաստանը ներդաշնակեցնում է իր օրենքները ԵՄ օրենսդրության հետ, իրավական եւ տեխնիկական շրջանակները թույլ են տալիս նվազեցնել ծախսերը, իսկ 2023 թվականին ընդունվել է ենթակառուցվածքների համատեղ օգտագործման մասին օրենքը, որը խթանում է թվային ցանցերի եւ ծառայությունների բարելավմանն ուղղված միջոցառումները:
- Ադրբեջանի թվային զարգացման եւ տրանսպորտի նախարարության ռազմավարական վերլուծության, նորարարության եւ թվայնացման բաժնի ավագ խորհրդատու Ջեյհուն Հաջիեւը ներկայացրեց «Առցանց Ադրբեջան» նախագիծը։ Այն գալիս է փոխարինելու հին ADSL տեխնոլոգիան նոր, ավելի էժան տեխնոլոգիայով եւ ձգտում է բարելավել քաղաքացիների բարեկեցությունը գերարագ ինտերնետի հասանելիության, ինչպես նաեւ հեռավոր շրջանների մարդկանց կողմից կապի ծառայությունների օգտագործումը մեծացնելու նորարար լուծումների միջոցով: Ծրագիրը հիմնված է պետություն-մասնավոր գործընկերության եւ համագործակցության վրա եւ ապահովում է «հովանոց», որի շրջանակներում իրականացվում են տարբեր նախաձեռնություններ, այդ թվում՝ մինչեւ 2024 թվականի վերջը բոլոր տնային տնտեսություններին նվազագույնը 25 մեգաբիթ/վրկ արագությամբ ինտերնետ հասանելիություն ապահովելու ծրագիրը: Դրան նախապատրաստվելու համար շրջաններում տարվել են թվային գրագիտության եւ վարքագծի բացահայտման ուղղությամբ աշխատանքներ։ Ադրբեջանը վերջերս նաեւ ստեղծել է հեռահաղորդակցության անկախ կարգավորող մարմին՝ Տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների գործակալությունը: Վերջինիս գործունեությունը ներառում է կարգավորող վերահսկողություն եւ սպեկտրի կառավարում` որակյալ, մատչելի, հասկանալի, հուսալի եւ սպառողների վրա կենտրոնացած հեռահաղորդակցության եւ փոստային ծառայություններով թվային տարածք ստեղծելու համար:
Լրացուցիչ տեղեկատվություն
Սա Արեւելյան գործընկերության համար EU4Digital-ի կազմակերպած երրորդ ամենամյա թվային համաժողովն էր: Դրանից հետո՝ 2023 թվականի նոյեմբերի 15-ին, կայացավ EU4Digital-ի ղեկավար կոմիտեի փակ հանդիպումը: Այս երկու միջոցառումները հիմնականներից են, որոնք անցկացվում են Եվրոպական միության (ԵՄ) եւ Արեւելյան գործընկերության (ԱլԳ) համատեղ թվային օրակարգի քննարկման համար։ Այս ամենամյա միջոցառումները կոչված են ամրապնդելու «EU4Digital» ծրագրի եւ Արեւելյան գործընկերության ու ԵՄ անդամ երկրներից նրա շահագրգիռ կողմերի միջեւ հարաբերությունները: Այս կերպ շահագրգիռ կողմերը հնարավորություն ունեն մեծացնել իրենց ներգրավվածությունը նախագծում եւ ազդել դրա արդյունքների վրա:
Թվային համաժողովի պրեզենտացիան եւ տեսանյութը հասանելի կլինեն համաժողովի կայքում:
Թվային համաժողովի եւ ղեկավար կոմիտեի հանդիպման կարեւորագույն դրվագները կլուսաբանվեն EU4Digital-ի տեղեկագրի հատուկ թողարկումում: Նման թարմացումները էլեկտրոնային փոստով ստանալու համար խնդրում ենք բաժանորդագրվել տեղեկագրին:
Հետեւեք մեզ Twitter-ում՝ @EU4Digital, հավանեք եւ տարածեք ձեզ դուր եկած գրառումները՝ օգտագործելով #EU4Digital, #EasternPartnership եւ #DigitalTransformation հեշթեգերը:
- Ադրբեջան
- Հայաստան
- Մոլդովայի Հանրապետություն
- Ուկրաինա
- Վրաստան
- EaPConnect
- Էլեկտրոնային առողջապահություն
- Էլեկտրոնային առևտուր
- Էլեկտրոնային վստահություն
- Թվային հմտություններ
- Հեռահաղորդակցության կանոններ
- ՏՀՏ նորարարություն
Հավելյալ նորություններ
-
20/04/2024
ԵՄ-Հայաստան գործընկերության խորհուրդը դրական է գնահատել EU4Digital եւ EaPConnect ծրագրերի ազդեցությունը
2024 թվականի փետրվարին Բրյուսելում կայացած ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի հինգերորդ նիստի ժամանակ մասնակի…
Իմանալ ավելին -
12/04/2024
Տեղի է ունեցել հայ եւ բելգիացի պաշտոնյաների հանդիպում՝ բարձր տեխնոլոգիաների եւ ՏՏ ոլորտներում համագործակցությունը քննարկելու համար
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ապրիլի 9-ին ընդունել է ՀՀ-ում Բելգիայի Թա…
Իմանալ ավելին -
11/04/2024
5G մասնավոր ցանցերի զարգացման վերաբերյալ ԵՄ լավագույն փորձի մասին զեկույցը հասանելի է ներբեռնման համար
«EU4Digital» ծրագրի փորձագետները «Հեռահաղորդակցության կանոններ» թեմատիկ ոլորտում գործունեության շրջանակներում…
Իմանալ ավելին
20/04/2024
ԵՄ-Հայաստան գործընկերության խորհուրդը դրական է գնահատել EU4Digital եւ EaPConnect ծրագրերի ազդեցությունը
2024 թվականի փետրվարին Բրյուսելում կայացած ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի հինգերորդ նիստի ժամանակ մասնակի…
Իմանալ ավելին12/04/2024
Տեղի է ունեցել հայ եւ բելգիացի պաշտոնյաների հանդիպում՝ բարձր տեխնոլոգիաների եւ ՏՏ ոլորտներում համագործակցությունը քննարկելու համար
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ապրիլի 9-ին ընդունել է ՀՀ-ում Բելգիայի Թա…
Իմանալ ավելին11/04/2024
5G մասնավոր ցանցերի զարգացման վերաբերյալ ԵՄ լավագույն փորձի մասին զեկույցը հասանելի է ներբեռնման համար
«EU4Digital» ծրագրի փորձագետները «Հեռահաղորդակցության կանոններ» թեմատիկ ոլորտում գործունեության շրջանակներում…
Իմանալ ավելին